Սյուզաննա Փիրումյան. «Իմ տունը թատրոնն է»

Հայ բալետն իր պատմության ընթացքում ունեցել է շատ առաջատար պարուհիներ, որոնք փայլել են պարային բարդ հնարքների կատարման վարպետությամբ։ Ազգային օպերայի և բալետի թատրոնի պարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Սյուզաննա Փիրումյանը նրանցից մեկն է:

Նրա օժտվածությունն ակնհայտ էր դեռևս Երևանի պարարվեստի ուսումնարանի առաջին դասարաններից։ Զուր չէ, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանն իր հիմնադրած «Պարարվեստի պետական թատրոնի» համերգներում և ներկայացումներում Սյուզաննային ներգրավում էր դեռ փոքր հասակից։ Ինչպես և պարարվեստի ուսումնարանի բազում շրջանավարտներ, պարուհին անչափ երախտապարտ է Մարտիրոսյանին այն ներդրման համար, որը նպաստել է նրա կատարողական աճին։ Արդեն ուսումնարանն ավարտելուց ու օպերայի և բալետի թատրոնում աշխատանքի առաջին տարում՝ 2001-ին, 18-ամյա Սյուզաննա Փիրումյանը հանդես եկավ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված  Լ. Ճգնավորյանի և Մ. Մավիսակալյանի «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ» վոկալ-խորեոգրաֆիկ պոեմի գլխավոր դերում, որի սցենարի հեղինակը և բեմադրիչն էր Մաքսիմ Մարտիրոսյանը։ Այստեղ հարկ է նշել Մարտիրոսյանի՝ Սուրբ Հռիփսիմեի կերպարի մեկնաբանման առանձնահատկությունները։ Երկար ժամանակ դասական բալետում գերիշխում էր պարուհու պաշտամունքը, և, ըստ այդմ, բալետի ամբողջ դրամատուրգիան և խորեոգրաֆիան ընդգծում էին հերոսուհու գերակայությանը, իսկ առաջատար պարողը կատարում էր մի տեսակ «երկրորդական, օժանդակ» դեր: Նախորդ դարասկզբից աստիճանաբար սկսեց ձևավորվել բալետի մի տեսակ, որում պարողը կենտրոնական դիրք էր գրավում: Հիշենք, օրինակ, «Սպարտակ» և «Անտունի» բալետները։ Սակայն «Սուրբ Հռիփսիմեն և Տրդատ» բալետում Մարտիրոսյանն իրականացրեց ոչ թե վերադարձ, այլ նոր շրջադարձ։ Կրկին առաջնային է պարուհին, բայց ոչ այն կարգավիճակում, որը նա ուներ դասական բալետում, այլ կերտված է որպես նախատիպ, «տղամարդկային բալետի» հերոսի սկզբունքով: Ըստ էության, մեզ թվում է, որ այդ մեկնաբանությունը գալիս է Սուրբ Հռիփսիմեի հենց այն պատկերից, որը տվել է Ագաթանգեղոսը՝ անսասան մի անձ՝ մինչև կյանքի վերջին պահը հավատարիմ իր հավատին:

Ահա կերպարային տեսանկյունից և տեխնիկապես այսպիսի դժվարագույն դեր ստանձնեց երիտասարդ պարուհի Սյուզաննա Փիրումյանը՝ կատարման ընթացքում բացահայտելով իր լավագույն որակները, որոնցից ամենակարևորը դերասանական տաղանդն է։

Բացի Մաքսիմ Մարտիրոսյանից, իր մասնագիտական նախապատրաստման գործում մեծ ներդրում ունեցող դասավանդողներից Սյուզաննան մեծ երախտագիտությամբ է հիշատակում վերջին երկու տարում իրեն դասական պար դասավանդած, անցյալ դարի 70-90-ական թթ. հանդես եկած, իր ուրույն և անկրկնելի ոճն ունեցող պարուհի Մարինա Գյուրջյանին, որը, ցավոք, 2019-ին հեռացավ մեզնից: Սյուզաննայի բեմական ճակատագրում կարևոր դերակատարություն  ունեցավ նաև Հայաստանի ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը։ Մեր թատրոնի արդեն լեգենդ դարձած ամենավառ պարողներից մեկը դարձավ Սյուզաննայի առաջին զուգընկերը հենց նույն «Սուրբ Հռիփսիմեն և Տրդատ» բալետում՝ կատարելով հայոց թագավոր Տրդատի դերը։ Սյուզաննան ջերմությամբ է հիշում իր մտավախություններն ու տագնապները. «Առաջին փորձերին ես վախի զգացում ունեի, որ պարում եմ իմ պաշտած դասավանդողի և մեծ համբավ ունեցող պարողի հետ։ Սակայն հետզհետե ամբողջ ուշադրությունս կենտրոնացրեցի նրա վարպետության և կատարողական հնարքների վրա։ Իմ հետագա ստեղծագործական կյանքում առանձնահատուկ նշանակություն ունեցավ նրա դերասանական արտահայտչականությունը։ Եվ դա դարձավ պարուհու իմ կրեդոն։ Անշուշտ, ինձ համար ամենակարևորը կերպարի բոլոր արտահայտչական երանգները հանդիսատեսին հասցնելն է և ամբողջական իմաստը»։

Սյուզաննա Փիրումյանի կերտած յուրաքանչյուր դերը, իսկ նա 2001-ից մինչև այսօր կատարել է թատրոնի ամբողջ բալետային խաղացանկի առաջատար դերերը, աչքի են ընկնում խորը ներթափանցմամբ ցանկացած կերպարի էության մեջ և շատ տպավորիչ են։ «Այնպես չպետք է լինի, որ բոլորը Կարմեն են, բոլորը Գայանե են, կամ էլ բոլորը՝ Սյուզաննա»,- ասում է պարուհին։

Եվ իրոք, ինչպե՞ս չտպավորվել և չգայթակղվել նրա պայծառ ժպիտով բեմը լուսավորող Գայանեով՝ Խաչատրյանի համանուն բալետում, Ֆրիգիայի ողբից՝ «Սպարտակում», Նինայի աղերսանքներից՝ «Դիմակահանդեսում», Ժիզելի խելագարության տեսարանից՝ Ադանի համանուն բալետում, անկաշկանդ, հանուն իր անձնական ազատության մահվան պատրաստ Կարմենից՝ Բիզե-Շչեդրինի «Կարմեն-սյուիտում»։

Սյուզաննա Փիրումյանի ստեղծագործական կերպարն ամբողջական չի լինի, եթե չընդգծենք նրա սերտ համագործությունն իր բեմական զուգընկերների հետ։ 2001-ից նա պարել և պարում է մեր թատրոնի բոլոր առաջատար մենապարողների հետ։ Սակայն արդեն երկար տարիներ բեմական անբաժան զույգ են Սյուզաննա Փիրումյանը և Հայաստանի վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը։ «Բեմական զույգի երկարատև համագործակցությունը շատ կարևոր է,-ասում է Սյուզաննան,- արդեն կես բառից, կես շարժումից ընկալում եք իրար. եթե զուգընկերներից մեկը վրիպել է, ապա մյուսն անմիջապես «թաքցնում» է այդ վրիպակը որևէ հնարքով, և հանդիսատեսը չի նկատում սխալը։ Բեմական զույգն ինքնըստիքյան համալրում է և է՛լ ավելի է խորացնում ներկայացման բովանդակությունը, ոգին և շունչը»։

2017 թվականին Սյուզաննան ավարտեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժինը: Որպես դիպլոմային աշխատանք իր համակուրսեցի Սևակ Ավետիսյանի համագործակցությամբ ներկայացրել է Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» բալետից սյուիտի և Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիայից մի հատվածի երաժշտությամբ «Անահիտ» բեմադրությունը՝ ըստ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի: Ներկայացումն ինքնատիպ էր և արժանացավ բարձր գնահատականի։ Այժմ լիարժեք բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Սյուզաննա Փիրումյանը պատրաստվում է շարունակել իր կրթությունը նույն բաժնի մագիստրատուրայում:

Եվ վերջապես, Սյուզաննայի կերպարն ամբողջանում է իր ընտանիքով։ Նա և ամուսինը օրինակելի երկարամյա զույգ են, ունեն երկու զավակ, ավագն արդեն սովորում է Երևանի պարարվեստի քոլեջում և անցյալ տարի հաջողությամբ մասնակցել է Թբիլիսիի Վախթանգ Ճաբուկիանիի անվան ամենամյա փառատոնին։

«Իմ ընտանիքը, իմ և ամուսնուս ծնողները միշտ սատարել են ինձ՝ իմ բեմական գործունեության ասպարեզում, օգնել են երեխաների դաստիարակության  հարցում։ Նրանք բոլորը հասկանում են, որ իմ իսկական տունը թատրոնն է»։

 

Նազենիկ Սարգսյան

Արվեստագիտության դոկտոր

... ... ...