Սիրո լեզուն

Ո՞րն է իսկական փառքը․ սեփական անձի գովքը լսե՞լը, թեկուզ արդարացի, սեփական տաղանդից գոհունակության զգացողություն ապրե՞լը, թեկուզ իրավամբ, քեզ պարտվածի խոստովանությունը լսե՞լն ու դրանից ոգևորվելը․․․ Իսկ գուցե բոլորովի՛ն, բոլորովին ուրի՞շ բան է փառավորվելը։ Ասենք՝ անհայտ մնալով թաքուն հրճվելը, որ քրոջդ պատիվն անբիծ ես պահել, կամ՝ երջանկություն ապրելը, երբ արևածագին խիղճդ քեզ շոյելով է արթնացնում։ Եվ եթե անգամ մրմռում է ծունկդ, քաղցր է և այդ վե՛րքը, որ թեպետ ցավում, բայց քեզ չի ԾԱՂՐՈՒՄ․ քեզ հե՛տ է ցավում, հենց ի՛նքն է ցավում, ցավում է, որ քոնն է, քո՛ ցավը․․․ Ինչո՞ւ ենք փառաբանում Աստծուն։ Նա հպա՞րտ է, ինչ է․ Աստված հաճո՞ւյք է զգում մեր գովեստներից։ Իսկ եթե Նա մեր փրկությա՞մբ է բերկրում, իսկ եթե հենց դա՞ է Նրա փառքը։ Եվ հենց այդ էին հասկացել Մաշտոցը, Խորենացին, Շնորհալին։ Հազարամյակներ շարունակ մարդիկ հարցնում են՝ որտե՞ղ է Աստված, ինչո՞ւ չի երևում, ինչո՞ւ ի ցույց չի դնում իր հզոր բազուկը։ Գուցե հենց այն պատճառով, որ մեր մե՞ջ է նա։ Աստված Սեր է։ Երբ սիրող մայրը գիշերվա կեսին շոյում է իր վիրավոր զավակի գլուխը, և նա, ինքն էլ չիմանալով, խաղաղվում է խոր քնի մեջ, մի՞թե մայրը կարթնացնի որդուն, որպեսի ասի, թե այդ իր, այդ իր շնորհիվ նա հանդարտվեց քնում։ Որտե՞ղ է մայրն այդ ժամին, ինչո՞ւ չի երևում որդուն․․․ Չի երևում, որովհետև չի կարող երևալ, որովհետև սավառնում է իր որդու հոգին, ուրեմն՝ ինքն էլ ամենուր է, ամենուր․․․

 

Հեղինակ՝ Գևորգ Գրիգորյան