Սիրելը մեծ բան չէ

Փողոցի շները միշտ փողոցներում չեն մահանում

Իսկ դու

որ մեղադրում էիր

ու ինքդ գնում

նույն ճանապարհով

ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է

հ շ շ շ շ շ շ շ շ շ շ

կամաց

հանկարծ կարթնանա

ոչ մեզ նման մարդ

 

***

Եթե աշխարհի բոլոր ծառերը

միանային իրար`

ինչպիսի մեծ մի ծառ կլիներ:

Եթե աշխարհի բոլոր կացինները

միանային իրար`

ինչպիսի մեծ մի կացին կլիներ:

Եթե աշխարհի այդ մեծ կացնով

խփեին աշխարհի այդ մեծ ծառին,

ու ծառը կտրվեր,

ընկներ ջրի մեջ`

ինչպիսի մեծ չլմփոց կլիներ:

 

***

Կյանքը ծխախոտ է

մարդը թունդ ծխող

միայն նրանից հեռանալիս է

երևում նրա

ավելորդությունը

իսկ ծխախոտի դեմ պայքարող

միակ ու հիանալի բժիշկը

խաչվելով անգամ

չփրկեց մեզ

որովհետև

կյանքը ծխախոտ է

մարդը թունդ ծխող

իսկ այս աշխարհում

ամենաքաղցր բանը

թույնն է

երբ այն տրվում է

մանր դոզաներով:

 

Գնացքը

 

Ժամում հազար կիլոմետր արագությամբ

դուրս եկավ ռելսերից

և շարունակեց ճանապարհը

կաղամբի ու շաղգամի մարգերով:

Վագոնի պատուհանը ջարդեց մի ճանճ,

նստեց իմ դիմաց

ու կես լիտր օղի խմեց…

Չե՞ք հավատում.

գնացքը դրեք ռելսերի վրա,

վագոնի պատուհանը համարեք չկոտրված,

իսկ ճա՞նճը…

Թռավ-գնաց:

 

 

Բա Ադամը, որ ազգանուն չուներ,

ի՞նչ ուներ, Եվա

 

Մարդը մեղք է,

Որ բառով է խոսում միշտ:

Օրինակ` ես.

Սլավիկ` բոլ չի,

Չիլոյանն էլ հետևից:

Մի տեսնես, թե`

Աստվա՜ծ,

Ովքե՞ր են դրանք:

 

 

Ամեն ինչ տեղն է

 

Սիրելը մեծ բան չէ.

ուղղակի

պետք է խորհրդակցել.

իսկ խորհրդակցությունը

մի օր կավարտվի,

երբ լռությունը կխփի ուսիդ

ու կասի`

գնանք:

 

 

Բոլորին

 

Մենք չենք ասում,

թե` ինչքան գիտենք.

այլ՝ ինչքան կփակվենք

մեր նեղ բնում

ու այնտեղ հող կուտենք,

ձե՛զ

լույսի հատիկներ`

մեր թաթիկներով

դուրս տալով…

 

 

Փողոցի շները միշտ

փողոցներում չեն մահանում

 

Այնպես խաղաղ էր դրսում,

այնքան ցուրտ,

որ ոռնում էր մի շուն.

մոտեցա նրան ու հարցրեցի.

շուն,

ի՞նչ կա աշխարհում.

ոչինչ, ասաց նա,

տաք տեղ եմ փնտրում:

 

 

Արգելք

 

Մենք համբուրվում էինք

ու այնքան պինդ

որ օրենքը նկատեց.

մարդիկ հավաքվեցին

որոնց

չորս պատից դուրս

համբուրվել չէր տրված.

ու մեր համբույրը

դատարան տարան: