Սթենլի Քլարք. «Մեր գլխավոր ուղերձը սերն է»

Բռնությունը մեզ հետևում է ստվերի պես

Երևանը սիրում է ջազը, և այդ սերը փոխադարձ է: Ջազի այն առանձնահատուկ տեսակը, որ հայկական ջազ անունն է ստացել, տասնամյակներ շարունակ    նրբաճաշակ երաժշտական ավանդույթ է ստեղծել, որը սիրել ու գնահատել են ջազի լեգենդները: Նրանց Հայաստանում հաճախ են հյուրընկալել: Հիմա էլ Երևանյան     5-րդ ջազային փառատոնը՝ Yerevan Jazz Fest-ը՝ ամերիկյան դեսպանատան աջակցությամբ Հայաստան այցելած լեգենդար երաժիշտների շարքում նոր հնչեղ անուն է գրանցում. Երևանում մեկ բացառիկ համերգով հանդես եկավ Գրեմմիի քառակի մրցանակակիր Սթենլի Քլարքը: Տասնամյակներ շարունակ տարբեր  երաժշտական նախագծերով ու համերգաշարերով աշխարհի ամենապահանջկոտ  համերգային հարթակները նվաճած  68-ամյա բաս կիթառահարն առաջին անգամ է Հայաստանում: Կես դարից ավելի շարունակվող իր ստեղծագործական կենսագրության ընթացքում Քլարքը համագործակցել է երաժշտական աշխարհի  ամենամեծերի հետ՝ սկսած Մայլս Դևիսից մինչև Չիկ Կորեա, Քուինսի Ջոնս, Հերբի Հենքոք, Փոլ Մաքքարթնի, Արետա Ֆրանկլին և ուրիշներ: Ի սկզբանե տաղանդավոր բաս կիթառահարը ստեղծեց երաժշտական գործիքի հնչողության իր բացառիկ՝ անկրկնելի ոճը, որով նա միակն է ջազի և ջազ-ֆյուժնի կատարողական արվեստում: Քլարքը նույնքան տաղանդավոր է նաև որպես պրոդյուսեր և կոմպոզիտոր: Նա  7 տասնյակ հոլիվուդյան հայտնի ֆիլմերի ու սիրված հեռուստասերիալների երաժշտության հեղինակ է, որոնց երաժշտությունը մեծ տարածում է գտել նաև  ֆիլմերից դուրս: Երևանյան համերգից առաջ հռչակավոր ջազմենը հանդիպեց լրագրողների հետ և սիրով ու անկեղծորեն պատասխանեց նրանց հարցերին: Քլարքն անակնկալի եկավ հայկական ջազի մասին հարցից. վստահ է՝ ջազը չունի ազգություն կամ էթնիկ պատկանելություն, չունի սահմանում: Այդուհանդերձ, ջազի բոլոր տեսակները, ոճերը, տարատեսակ դրսևորումները՝ լինի դա հայկական, աֆրիկյան, ճապոնական թե դասական ջազ, միավորվում են մեկ ընդհանուր բաղադրիչով՝ իմպրովիզացիայով: Եթե երաժիշտներն անկախ էթնիկ պատկանելությունից, կարող են իմպրովիզ անել, ուրեմն նրանց միավորում է  սիրելի ջազը: «Ջազը ծնվել է Միացյալ Նահանգներում, Ամերիկայում այն  սկսվեց բլյուզից, բայց այսօր մեզ համար մեծ ուրախություն է, որ տարբեր ազգերի երաժիշտներ նվագում են հրաշալի երաժշտություն և այն ամերիկյան ջազ են անվանում»,- ասաց աշխարհահռչակ երաժիշտը: Քլարքի նոր ալբոմներից մեկը «Ուղերձ» անուն է կրում: Այն մտորումներն ու հույզերը, որ ինքն ընդհանրացրել ու մեծ երաժշտության է վերածել այդ ալբոմում երաժիշտը դժվար է բառերի վերածում, բայց գլխավոր ուղերձը հստակ է՝ բոլոր մարդկանց միավորում է սերը.

- Ես արդեն 68 տարեկան եմ, աշխարհով մեկ սկսել եմ ճամփորդել 16 տարեկանից: Մի բան որ նկատել եմ բոլոր վայրերում, ուր եղել եմ՝ բռնությունն է, որը մեզ հետևում է ստվերի պես՝ ամենուրեք պատերազմներ են, որ ասես մարդու էության մեջ են: Երբեմն խոսքերը բավարար չեն նկարագրելու այդ արհավիրքները: Բայց ես  գիտեմ՝ մարդիկ բարի են, և մեր գլխավոր ուղերձը միշտ նույնն է՝ սեր,- ասաց երաժիշտը:

Խոսելով նույն հարցի մասին, Քլարքի խմբի ամենաերիտասարդ երաժիշտներից Բեկա Գոչիաշվիլին, որը նաև Չիկ Կորեայի աշակերտն է, նշեց. «Յուրաքանչյուր  երաժիշտ ունի իր անհատական ուղերձներն իր ունկնդրին: Բայց քանի որ ջազը նախևառաջ ազատություն է՝ ինձ համար այն նաև ազատության խորհրդանիշ է: Օրինակ, իմ հայրենիքի մի մասը տարիներ առաջ զավթեցին, և ազատության իմ ուղերձը ես նաև այս տեսանկյունից եմ դիտարկում»:

Հայաստան երկարատև թռիչքից հետո՝ չնայած հոգնածությանը, Սթենլի Քլարքը  երևանյան ակումբներից մեկում հանդիպել է հայ ջազմենների՝ Վահագն Հայրապետյանի, Արտո Թունջբոյաջյանի, Դավիթ Գյոդակյանի հետ, ներկա է եղել նրանց համերգին, որն ամբողջությամբ տեսագրել է հեռախոսով: Լրագրողների հետ հիացմունքով էր խոսում հայ երաժիշտների մասին. «Շատ գեղեցիկ ակումբ էր, հրաշալի հնչողություն էր, ինչ վերաբերվում է երաժիշտներին՝ իսկապես ապշեցուցիչ էին», - ասաց երաժիշտը: Իսկ երևանյան համերգը ջազային իսկական տարերք էր՝ երաժշտական անակնկալների մի ամբողջ շարք: Հենց Քլարքի գնահատմամբ իր հազարավոր գործերից Երևանի համար ընտրվել է մի ծրագիր, որն իր բենդը շատ է սիրում՝ ավանդական և լատինամերիկյան ջազ, նաև՝ այն ամենը ինչով Քլարքն աշխարհում տարածում է սիրո իր քարոզչությունը: