Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան. «Հաղթել ինքդ քեզ»

Կյանքից մեծ ուսուցիչ չկա

Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, օպերային երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը գեղանկարիչների հայտնի տոհմից է՝ հռչակավոր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի թոռն է, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի որդին և Զուլեյկա ու Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանների զարմիկը: Մինչև դասական վոկալով զբաղվելը ընտրել է ճարտարապետի մասնագիտությունը և հետո միայն ընդունվել կոնսերվատորիա: 30-ամյա մեներգիչն արդեն ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր է, «Դելփյան» համաշխարհային խաղերի հաղթող, Բելառուսի Սուրբ Ծննդյան 4-րդ միջազգային օպերային մրցույթի գլխավոր մցանակակիր: Կարինե Հարությունյանը Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի հետ զրուցել է ազգային մշակույթի, ընտանեկան ավանդույթների, ինքդ քեզ հաղթելու և գերազանցելու արվեստի մասին:

 

Մրցույթները տալիս են հնարավորություններ

Եթե տասը տարի առաջ ինձ հարցնեիք այս մասին, կասեի, որ մրցույթներն արվեստի և արտիստի համար չեն: Այդ ժամանակ ես ավելի շատ իմ ընտանիքի և ընտանիքիս բարեկամների դաստիարակության ազդեցության տակ էի` հատկապես հորս գաղափարների և փիլիսոփայության: Ես նրանցից շատ բան սովորեցի, նույնիսկ ավելին, քան իրենք են կարծում: Բայց միևնույն է, կյանքից մեծ ուսուցիչ չկա և հիմա, երբ արդեն որոշակի կենսափորձ ունեմ, կարող եմ ասել, որ պետք են այդ մրցույթները: Եվ որքան էլ ես ինձ համարեմ ոչ մրցույթային երգիչ, համոզվել եմ, որ հենց մրցույթներն են, որ ֆինանսական և ավելի լայն ճանաչում ձեռք բերելու հնարավորություններ են ստեղծում երիտասարդ արվեստագետների համար: Պապս՝ դասական նկարչության հիմնադիրներից մեկը, և հայրս՝ կայացած ու նկարչության «իզմերի» մեջ  իր նոր խոսքը հաստատած նկարիչ, որքան էլ տարօրինակ է, երբեք ֆինանսապես ապահովված չեն եղել։ Եվ սկզբում ես մրցույթների պարտքով էի մեկնում: Դա ինձ պարտավորեցնում էր միայն հաղթանակով վերադառնալ:

 

Հաղթել ինքդ քեզ

Մրցույթների գերնպատակն, իհարկե, ինքդ քեզ հետ մրցելն է, ինքդ քեզ հաղթելը, այսինքն՝ ամեն անգամ քեզ գերազանցելը: Կան մրցույթներ, որ մինչև հիմա չեմ հասկանում՝ ինչպես եմ հաղթել: Օրինակ, Բելառուսի մրցույթը կամ Էստոնիայինը՝ 3 օր մրցեցի 39 երկրից 182 մասնակցի հետ, մինչև եզրափակիչը ունեինք մեկ հանգստյան օր, բայց այդ միակ հանգստյան օրը ես դեբյուտ ունեցա «Աիդա» օպերայում: Ինչպես չէի հոգնում, մինչև  հիմա չեմ հասկանում: Էլի կատակով ասեմ՝ տարբերակ չունեի չհաղթելու: Ինչու ուրիշ պատասխան կտայի տասը տարի առաջ.  իմ ընտանիքն ինձ սովորեցրել է, որ պետք չէ մրցել, ասել են՝ պատերազմ մի տուր։ Օրինակ, պապան, պապիկի հետ չէր մրցում, Զուլեյկան էլ չի մրցել, ոչ էլ Լավինիան,  նրանք փորձել են գտնել իրենցը: Բայց ես, փաստորեն, սխալ էի հասկացել, նրանք ասում էին՝ ինքդ քո հետ պայքարի, որ դու ավելի լավը լինես: Ես գիտեմ, որ ես ավելի լավ բեմերում կարող եմ երգել, ավելի լուրջ գործեր անել, էդպիսի մի կատարյալ Սարգիս կա էնտեղ՝ ապագայում, ես պիտի իր հետ մրցեմ: Երբ ես տեսնում եմ, որ ինչ-որ մեկն ինձանից ուժեղ է, ես չեմ կոմպլեքսավորվում, ընդհակառակը, այդ ուժեղ մարդու հետ շփվում եմ, որպեսզի ինքն ինձ օգնի, որ ես հասնեմ «էն» Սարգիսին: Ես փորձում եմ ինձանից ուժեղից օգնություն խնդրել՝ ինքս ինձ հասնելու համար, ես նրան ոչնչացնելու կարիք չունեմ։ Եվ ինձ էդպիսին ընտանիքիս ընկերների՝ արվեստագետների մի մեծ բանակ է դարձրել, օպերան ու թատրոնն են ինձ կրթել: Իհարկե, մրցույթում պարտվել էլ կա, բայց եթե դու ինքդ քեզ հետ չես մրցում, նույնիսկ հաղթանակը կարող է հակառակ ուղղությամբ աշխատել:

 

Իմ ճանապարհը՝ ճարտարապետությունից մինչև դասական երգի բեմահարթակ

Մինչև կոնսերվատորիան ես Ճարտարապետական համալսարանն եմ ավարտել: Հետո դիմել եմ կոնսերվատորիա և սովորել վոկալի բաժնում: Իմ վարպետը Ռաֆայել Հակոբյանցն էր: Իմ կյանքում նա քչերից է, որին իսկապես ուսուցիչ կարող եմ համարել: Հենց նա ինձ օգնեց հասկանալ, թե ինչպես կարող եմ գեղանկարչության մեջ ձևավորված իմ ներաշխարհը դրսևորել օպերային բեմում։ Ավաղ, նա շատ շուտ հեռացավ մեզանից, և ես շարունակեցի ուսումս Բարսեղ Թումանյանի մոտ։ Մաեստրոյի մասին լսել էի դեռևս պոլիտեխնիկում սովորելու տարիներին։ Այդ ժամանակ ենթադրել անգամ չէի կարող, որ ես կդառնամ օպերային երգիչ։ Բարսեղ Թումանյանը պետք է ելույթ ունենար օպերայում, ու ես գումար չունեի տոմս գնելու։ Օպերային թատրոնի դիմաց կանգնած սկսեցի խոսել Աստծո հետ. «Սխալ ես վարվում։ Ինձ ծնել ես մի ընտանիքում, որում թույլ ես տվել գնահատել արվեստը, զգալ արարման երանգները։ Ինչո՞ւ թույլ չես տվել, որ մի 8000 դրամ գումար ունենամ և գնամ լսեմ համերգը։ Ախր էդ փողը ուրիշների նման ռեստորանների վրա չեմ ծախսելու»։  
18 տարեկան էի և մոտ 12 տարի անց, արտասահմանում համերգից առաջ պատահաբար հասկացա, որ ես հիմա պետք է բեմ բարձրանամ և երգեմ 12 տարի առաջ Բարսեղ Թումանյանի երգացանկը, որը լսելու համար տոմսի գումար չունեի։ Համերգի ծրագիրն էլ սովորել էի Բարսեղ Թումանյանի հետ։ Նա իմ գիտակցության մեջ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանից պակաս դեր չխաղաց։ Ինչո՞ւ թողեցի ճարտարապետությունը: Որովհետև հասկացա, որ այն քարացած երաժշտությունն է: Իսկ դա ինձ չբավարարեց։ Ուզում էի, որ երաժշտությունը սառած չլինի: Դեռ փոքր տարիքում, երբ սովորում էի Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում՝ ջութակի դասարանում, զգացել եմ երաժշտության ուժը. սա էր ամբողջ ներքին պահանջը: Եվ երբևիցե վախի զգացում չեմ ունեցել՝ թե չի ստացվի, ուղղակի սկսել եմ անել դա:

 

Արտասահմանյան բեմերը, աշխարհն ու մենք: Մենք չունենք օպերային թատրոն

Միշտ երկու երազանք եմ ունեցել: Մեկը՝ որպես պատմական թատրոն Լա Սկալայում ելույթ ունենալն է, մյուսը՝ Երևանի Օպերայի թատրոնում: Լա Սկալան, երևի թե, կստացվի, բայց Երևանի թատրոնը, վախենամ թե չստացվի: Ծիծաղով եմ ասում, բայց եթե նույնիսկ ստացվի էլ՝ միայն Լա Սկալայից հետո: Ես, իհարկե, փորձել եմ: Տարիներ առաջ էր, Հայաստանում քննություն երգեցինք՝ չանցա, բայց նույն այդ քննության տեսագրությունները համացանցում տեսնելով ինձ հրավիրեցին Շվեյցարիայից և Գերմանիայից՝ իրենց թատրոններում աշխատելու, ինչի համար շատ ուրախ եմ։ Եթե լինեի մեր թատրոնում, գուցև դրսում այդպիսի ճանաչում չունենայի։ Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ այսօր մենք չունենք օպերային թատրոն: Ցանկացած տիպի քննարկումներն օպերային թատրոնի շուրջ այսօր ինձ ֆեյք են թվում: Իհարկե, չեմ ասում, որ մեր թատրոնը Մյունխենի թատրոնի նման տարեկան 250 ներկայացում պիտի ունենա, Բեռլինի նման՝ առավոտ-երեկո ներկայացումներ բեմադրի, բայց, եթե չեմ սխալվում, մեր վերջին ներկայացումը որ բեմադրվեց «Աիդան» էր: Ես այդ ժամանակ նոր դիմում էի կոնսերվատորիա, և դրանից անցել է 10 տարի: «Անուշ» օպերայի ներկայացումը փոխեցին, Գեղամ Գրիգորյանը բեմադրեց, որը բավական քննադատվեց և մինչև հիմա բեմադրվում է: «Ալմաստի» բեմադրությունն անընթեռնելի է, ու երևի թե լավ է, որ տարին մեկ անգամ է բեմադրվում։ «Արշակ 2-րդի» մասին կասեմ միայն, որ մինչև օրս օգտվում ենք ձեռագիր նոտաներից։ Անվերջ խնդիրներ և բացեր կարող եմ մատնանշել, բայց ամենացավալին այն է, որ այս տարիների ընթացքում ոչ մի նոր ներկայացում չկա, ամեն ինչ համերգային է կամ էլ մեկ-երկու էժանագին բեմադրություններ են արվում։ Վստահ եմ, որ այս մեխանիզմով դեռ երկար կքողարկվի ոչնչացված թատրոնը։ Դա թատրոնի տնօրինության և պետության մեղքով չէ։ Թատրոնի անձնակազմը 80%-ով իրավունք չունի արվեստագետ, կրթված մարդ կոչվելու։ Մեկ -երկու ականավոր երգիչ ունենալով նորից աշխատեցնում ենք քողարկելու մեխանիզմը։ Կարծում եմ միակ լուծումը թատրոնի դռան վրա մի մեծ կողպեք կախելն ու բոլորին աշխատանքից հեռացնելն է։ Բացել թատրոնը և մեկ տարով պայմանագիր կնքել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր անհրաժեշտ կլինեն նախապես պլանավորված ներկայացումներն իրագործելու համար։

 

Մենք սիրում ենք ոչնչացնել մեր անցյալը, պահում ենք միայն նրանց, ովքեր մեր էգոյին չեն խանգարում

Մեր թատրոնը մեծ պատմություն ունի, բայց մենք, կարծես, անտեսում ենք դա: Վերջերս ասում ենք՝ Հայաստանն առաջին անգամ գնաց Մեծ թատրոն,  բայց մոռանում ենք, որ 2-3 անգամ մեր թատրոնը Մոսկվայում ոչ թե մի ելույթ, այլ հայ արվեստի դեկադա է ունեցել՝ թատրոն, բալետ, երաժշտություն... մենք մոռացել ենք, որ մեր թատրոնը ժամանակին եղել է տարածաշրջանի լավագույններից մեկը: Ես զրոյից սկսել չեմ սիրում, դա միայն երիտասարդի ամբիցիա է, կամ կայացած մարդու էգո՝ ոչնչացնել անցյալը և թողնել միայն իրեն: Այս երկու տարբերակը կարող է լինել: Ոչնչացնելով անցյալը մենք կորցնում ենք իրական մշակութային միջավայրը, հողը, որ պիտի սերմեր ծլեցնի: Եթե մեր թատրոնն իրական մշակութային  միջավայր դառնա երիտասարդների համար, մարդիկ, կներեք, չեն թքի թատրոնի աստիճաններին` ճիշտ այնպես, ինչպես փողոցում: Չէ որ մարդը մարդասպան չի ծնվում, կյանքն է նրան այլանդակում  և դարձնում այդպիսին, եթե, իհարկե, նա հոգեկան խնդիրներ չունի: Թատրոնը մարդու համար դարձրել ենք 2 կոպեկ աշխատելու տեղ, ցեխ, արտադրամաս: Կարծում եմ, որ սա համընդհանուր մշակութային ճգնաժամի հետևանք է: Օրինակ, մենք ամբողջ օրը ամեն տեղ նուռ ենք գովերգում, բանը հասել է նրան, որ պապայի կտավն եմ ցույց տալիս, ասում է՝ էս նռներ են, ասում եմ՝ չէ, խնձորներ են, ասում է՝ արի նուռ ասենք էլի, հիմա մոդա է՝ ավելի լավ կվաճառվի: Թե ինչու չի կարող խնձոր լինել և պիտի նուռ լինի, չգիտեմ, չէ որ մեզ մոտ խնձորն ավելի լավ է աճում... էդ ֆալշը շատ-շատ է, ու ամենաահավորն էն է, որ մենք ասում ենք՝ մենք մեր անցյալով ենք հպարտանում, իրականում մենք ոչնչացնում ենք անցյալը, թողնում ենք միայն էն անցյալը, որը մեր էգոյին չի խանգարում: Տիգրան Մեծին կարելի է ձեռք չտալ: Հա, լավ է, թող լինի, նա մեզնից շատ հեռու է և նույնիսկ շոյում է մեր էգոն, մեզ վնաս չի տալիս: Բայց եթե հանկարծ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը լավ նկարիչ է եղել, էդտեղ շատ հարցեր են ծագում՝ իսկ մենք լա՞վն ենք այսօր, թե չէ: Եթե նա լավն է եղել, մենք լավը չենք, ուրեմն հիմա մենք ազգովի դեգրադացիայի մե՞ջ ենք: Այս իրավիճակում, սովորաբար, քողարկվում է անցյալը և մնում է ներկան։ Ու սա էլի գալիս է նրանից, որ մենք մեզ հետ չենք մրցում, այլ՝ կողքինների:

 

Ինչն է պահում ինձ Հայաստանում. լինել Հայաստանից դուրս` Հայաստանի համար

Դա շատ անձնական  խնդիր է: Լինելով Բաժբեուկների գերդաստանից` ինձ չեմ կարող Հայաստանից անջատ պատկերացնել՝ անկախ բոլոր քաղաքական և սոցիալական հանգամանքներից: Հայաստանին ինձ կապում է մի անբացատրելի էներգետիկա, որով ես զգում եմ, որ սա իմն է: Բայց հասկացել եմ, որ եթե ուզում եմ իմ ներդրումն ունենալ որպես հայ, պիտի դուրս գամ Հայաստանից և աշխարհում կայանամ որպես հայ։ Ինձ թվում է՝ կկարողանամ, որքան էլ որ եվրոպական քաղաքներում մեծ  չէ վստահությունը հայերի նկատմամբ, բայց պիտի փորձեմ անել ամենը, որ ստացվի: Նպատակ ունեմ 10 տարում եռապատկել այն, ինչ հասցրել եմ մինչև այս անել: Տեսեք, եթե ես գնում եմ ինչ-որ թատրոն, այնտեղ ասում են՝ գիտես, էստեղ Հասմիկ Պապյանն է ելույթ ունեցել, լավ երգչուհի է, Բարսեղ Թումանյանն է ելույթ ունեցել, լավ երգիչ է, դա ինձ վստահություն է տալիս, որ հայի արժեքը գիտեն: Ես շատ կուզեի, որ մի օր էլ ինձանից հետո եկող երիտասարդին ասեն՝ գիտես՝ էստեղ Սարգիսն է երգել ու լավ երգիչ է:  Ուզում եմ նաև պապիկին, պապային, Զուլեյկային և Լավինիային նույնպես ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում:

 

Մոնումենտալ մշակույթի երազանքը

Մենք ունենք ֆիլհարմոնիկ նվագախումբ, ունենք հռչակավոր սոլիստներ, անհատ դերասաններ, նկարիչներ, որոնք աշխարհի մակարդակով իրենց տեղն ունեն, բայց մենք միևնույն է՝ նույն սխեմայի մեջ ենք՝ մոնումենտալիզմ չունենք: Եթե մենք Գոհար Գասպարյանի անունով նույնիսկ մի փողոց չունենք… Երբեք չեմ ասում՝ ինչու մեր քաղաքում ինչ-որ մի տեղ չկա կախված Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի նկարը, որովհետեւ հասկացել եմ, որ Գոհար Գասպարյանի նկարը վերջերս կախեցին, բայց դա ոչինչ չփոխեց: Լավ, պապիկինն էլ կկախեն, ի՞նչ կփոխվի: Սա և ծիծաղ է, և լաց: Եթե Փարաջանովի թանգարանը մեզ համար հպարտություն եղավ, ապա պատկերացրեք՝ Բաժբեուկ-Մելիքյանների  թանգարանն ինչ արժեք կարող է դառնալ մեր ազգի ու պետության համար. նկարիչների մեծ գերդաստան, որում 4 նկարիչ կա և 4-ն էլ հատուկ  են ամբողջ աշխարհի համար: Դա ուղղակի նվեր է, վերցրու և արա:

 

Երգում եմ՝ նկարչության սկզբունքներով

Նկարչության մեջ, ինչպես և կոմպոզիցիայի, դու կարող ես Բախի նման 200-300 տարի հետո գնահատվել:  Երգչի դեպքում մի քիչ ուրիշ է: Չնայած ես երբևէ չեմ տեսել տարբերությունը՝ երգի և նկարչության մեջ: Եվ շատ անգամ երգի մեջ առաջնորդվում եմ պապայի և պապիկի սկզբունքներով: Եթե համեմատենք աշխարհահռչակ երգիչներին՝ Շառլ Ազնավուր, Լուի Արմսթրոնգ, Մայքլ Ջեքսոն… կարելի ասել, որ նրանք ոչ թե նման չեն, այլ տարբեր են, բայց չգիտես ինչու, ես որպես դասական երգիչ՝ բաս, պետք է երգեմ միշտ մեկ գույնի մեջ՝ բամբ, սև, բրուտալ և ահարկու։ Դա նույնն է, որ նկարիչը փորձի նկարել միշտ սև ու սպիտակ գույներով։  Ռաֆայել Հակոբյանցի մոտ էի գնացել պարզելու՝  ձայն ունեմ, թե՝ ոչ։ Մտածում  էի, որ  ձայնս շատ վատն է, որովհետև վերևի դոն չէի կարողանում երգել։ Նա ասաց, որ ձայն ունեմ, այն էլ՝ 8 նոտա ավելի, քան սովորական բասը: Հետո հասկացա, որ երևի Աստված սիրել է ինձ և ունեմ ձայնային տվյալներ ու ամենևին պարտադիր չէ հնչել տրոմբոնի պես՝ զարմացնելով հանդիսատեսին բամբ ձայնի հզորությամբ։ Ես կարող եմ հազարավոր գույներ ցույց տալ, որովհետև, վերջին հաշվով, ես պետք է ներկայանամ որպես արարող: Մեծ երգիչները դրան հասնում են շատ հասուն տարիքում: Օրինակ՝ Մարիա Կալլասը: Ես նրա մոտ տեսնում եմ ազատություն:

 

Երգելիս ես ինձ գործիք եմ զգում

Ես որևէ մեկին նմանվելու խնդիր չունեմ, իմ խնդիրն այլ է`որ հենց լսեն իմ ձայնը, ասեն՝ սա Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանն է, ինչպես, օրինակ, Պավարոտտիի դեպքում: Իմ նպատակն է, որ ես գտնեմ իմ ձայնը, որ ոչ թե ասեն՝ հա, լավ բաս է, այլ հասկանան, որ Սարգիսն է: Դա է այն ազատությունը, որի մասին ես խոսում եմ: Եթե լսեք Կռունկի իմ կատարումը, չնայած, որ «Կռունկը» նախատեսված է կամ սոպրանոյի, կամ տենորի համար, կտեսնեք, որ օպերային բասի մտածելակերպ չկա. այնտեղ թավջութակ է հնչում։  Իհարկե, ես կարող եմ ավելի մուգ երգել, բայց դա ֆալշ կլինի։ Դասականի իսկական նրբագեղությունն  այն է, որ մարդը գա ու լսի մարդկային ձայնով ջութակ, ալտ և թավջութակ: Լսի և գտնի այդ նուրբ տարբերությունը։ Իսկ մենք՝ երգիչներս, շատ անգամ կրկես ենք ներկայացնում։ Երգելիս ես ինձ գործիք եմ զգում, որի գերագույն խնդիրը գրողի և կոմպոզիտորի ուժերով ստեղծված օպերայի միտքն ու զգացմունքները փոխանցելն է: Իհարկե, շատ կարևորում եմ  նաև դերասանական վարպետությունն ու միմիկան, շարժումները, բայց միշտ ձգտել եմ առավելագույնը ստանալ ձայնի միջոցով: Արհեստական բաներ չեմ կարողանում անել: Եվ հետո՝ չես էլ կարող խաբել հանդիսատեսին, հենց փորձես՝ կպատժվես, որովհետեւ հանդիսատեսն անմիջապես դա նկատում  է:

 

Ձայնս և վրձինը

Ձայնս երևի երկու կողմից եմ ժառանգել: Ասում են պապան փոքր տարիքում շատ լավ էր կատարում նեապոլիտանական երգերը: Զուլեյկան պատմում է, որ նա բակ էր իջնում, «Օ սոլե միո» երգում, և  հարևանները նրան կոտլետ էին հյուրասիրում: Իսկ մամայի կողմից, պապիկիս ձայնն է, որին ցավոք  չեմ տեսել, քեռիիս, որի ձայնն էլ պապիկիս նման բամբ էր: Ստացվում է`ձայնը վերցրել եմ, իսկ վրձինը՝ դեռ չէ:
Չեմ կարծում, թե դա կանեմ, որովհետև  արարման պրոցեսի մեջ լինելու իմ ցանկությունը լիովին բավարարված  է երգելով: Եթե երգում եմ, ժամանակ չեմ ունենալու նկարելու, եթե սկսեմ նկարել... չէ, նկարչությունը շատ լուրջ մասնագիտություն է: Նկարչության մեջ կաթիլ-կաթիլ է հավաքվում հաջողությունը, վարպետությունը, ինչքան էլ աստվածաշնորհ լինես: Նույնն էլ երգի մեջ: Գլխումս գիտեմ ինչ պետք է անեմ, իսկ բեմում ոչ դու, ոչ հանդիսատեսը չգիտեք թե ինչ է լինելու։

 

Կենցաղն ու անձնականը 

Անհնար է աշխատել եվրոպական թատրոնների հետ, անգիր սովորել 300-500 էջ, այսինքն՝ մի քանի օպերա միաժամանակ և մտածել նաև կենցաղի մասին: Թատրոնը նվիրում է պահանջում: Ես առաջին օրվանից իմացել եմ, որ ֆինանսապես հաջողություններ չեմ ունենալու, պարզապես ես ուզում եմ անել դա: Եթե ունենամ, ինչ խոսք, վատ չի լինի, բայց չեմ սպասում միայն դրան: Իսկ անձնականը...Ռուսերեն  արտահայտություն կա՝ опера женского рода, опера женщина... կին է, այն էլ՝ շատ խանդոտ: Ասում են՝ փոքր ֆլիրտեր կարող է ներել, իհարկե՝ վեճերով, բայց լուրջ հարաբերությունները նա ինձ չի ներում:

 

Օպերային թատրոն և եկեղեցի. Աստված գիտակցություն է

Օպերայում մեծ ինֆորմացիա կա: Ես իզուր չեմ ասում, որ օպերային թատրոնը և եկեղեցին գրեթե նույն գաղափարներով են առաջնորդվում: Եկեղեցին ասում է՝ մի սպանիր, ծնողիդ սիրիր… թատրոնն ասում է՝ սիրո, հայրենիքի, ծնողի համար կարելի է ապրել, կարելի է մահանալ: Թատրոնն իրենով մի հոգևոր օջախ է՝ համահավասար ցանկացած կրոնի։ Մենք հիմա շատ ենք հեռու գնացել: Ես մեր Առաքելական եկեղեցում` Էջմիածնում եմ մկրտվել: Իմ սեփական փիլիսոփայությունն ունեմ. ինչ-որ չափով չեմ ընդունում մեր աշխարհի մեջ հոգևորական կառույցները, որովհետև նրանք էլ են մարդ, նրանք էլ են սխալվում: Բայց մյուս կողմից էլ հավատում եմ գիտակցությանը, գիտակցությամբ ենք զգում Աստծուն, էմոցիա, զգացմունք չկա նրան ճանաչելու, շփվելու, տեսնելու, միայն գիտակցությամբ ես բացահայտում Աստծուն: Նարեկացին էլ է գիտակցությամբ բացահայտել Աստծուն, ոչ մի ուրիշ ուղիղ ճանապարհ չկա: Երևի թե Աստված գիտակցություն է: