Ռուզան Մանթաշյան. «Ես չլռեցի, և դա լավագույն լուծումն էր»

Նարինե Աբգարյան. «Մեծ ցավ եմ ապրում այն հայերի համար, որոնք մեզ չհավատացին»

Փետրվարի 7-ին կայանալիք դրեզդենյան Semper Opernball տոնահանդեսն այս տարի առանձնահատուկ ուղերձ ունի: Այն նվիրված է 2-րդ աշխարհամարտում նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 75-ամյակին, և Եվրոպայի  լավագույն ձայներն այդ օրը հնչելու են ի փառս հաղթողների և ի հիշատակ նրանց, որոնք կյանքի գնով նվաճեցին այդ թանկ հաղթանակը: Այս  համատեքստում առավել ևս ամոթալի էր ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի ռասիստական պահվածքի հետ կապված միջադեպը, որն, ըստ էության, ստվեր գցեց ամբողջ երաժշտական նախագծի վրա: Էյվազովը համերգից մեկ ամիս առաջ   հրաժարվել էր երգել տաղանդաշատ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ և պահանջել էր չեղարկել հայ սոպրանոյի ելույթը միայն այն բանի համար, որ նա հայուհի է: Այս միջադեպի մասին տեղեկությունը ռումբի պես պայթեց երաժշտական աշխարհում: Սկանդալային պատմության մեջ շրջանառվում էին ոչ միայն Յուսիֆ Էյվազովի կնոջ՝ Աննա Նետրեբկոյի, այլև երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյի անունները: Երաժշտական կուլիսներում տարածված շշուկների համաձայն, չնայած Ռուզան Մանթաշյանին դեռ նախորդ տարվա սեպտեմբերին արված առաջարկին, Հանս-Յոհախիմ Ֆրեյը չի ցանկացել մերժել օպերային աշխարհում շատ ազդեցիկ Նետրեբկոյի ամուսնուն և ընդունել է նրա պահանջը: Գերմանական հայտնի թատրոնում այլատյացության նման դրսևորման մասին առաջինը ֆեյսբուքյան իր  գրառումով բարձրաձայնեց Հասմիկ Պապյանը, որն ամենօրյա կապի մեջ էր  Մանթաշյանի հետ և բողոքի մեծ ալիք բարձրացրեց մշակույթի հայ, եվրոպացի  և ռուս հայտնի գործիչների շրջանում: Հայտնի արտիստների ճնշման ներքո Յուսիֆ Էյվազովը փորձեց հարթել սականդալը՝ ժխտելով որ հրաժարվել է երգել  Մանթաշյանի հետ: Ի վերջո, Հանս-Յոհախիմ Ֆրեյը ստիպված էր տեղի տալ, և Ռուզան Մանթաշյանը կերգի դրեզդենյան տոնական համերգում: Արձակագիր Նարինե Աբգարյանը  ArtCollage-ի հետ զրույցում միջադեպին արժանի գնահատական տալն ու Ռուզան Մանթաշյանի հաղթանակը չափազանց կարևոր համարեց՝ հայատյացության հետագա դրսևորումները կանխելու իմաստով. «Առաջին հերթին ուզում եմ նշել, որ դատապարտման այս շարժումը սկսվեց այն ցասումից, որն ապրեց Հասմիկ Պապյանը: Իհարկե, ես նույնպես շատ վրդովված  էի, որովհետև սա առաջին դեպքը չէ, և մենք պետք է  անպայման արձագանքեինք, որպեսզի նման երևույթները այլևս չկրկնվեն: Եթե ինչ-որ մեկն իրեն թույլ է տալիս այդ կերպ, առավել ևս ազգային խտրականության պատճառով մարդուն զրկել աշխատանքից, նրան միանգամից պետք է տեղը դնել, որ այլևս նման բան իրեն թույլ չտա: Եվ դա շատ կարևոր է մեզ համար՝ մեր ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու համար: Շատ ուրախ եմ Ռուզանի համար և մեծ ցավ եմ  ապրում այն հայերի համար, որոնք մեզ չհավատացին և փորձում էին Էյվազովին  պաշտպանել: Չի կարելի նման դեպքում դեմ գնալ քո ազգին: Ինձ թվում է, որ Սաթի  Սպիվակովայի սխալն այն էր, որ ինքը հավատացել էր Էյվազովին և անգամ մի փորձ չէր արել կապվել Ռուզան Մանթաշյանի կամ նրա ներկայացուցիչների հետ, որ հասկանար, թե ինչ է կատարվում: Ես չգիտեմ, թե ինչու Սաթին և արվեստի մյուս գործիչները, որ անընդհատ փորձում էին մեզ լռեցնել, չցանկացան մինչև վերջ իմանալ ճշմարտությունը: Չեմ ուզում որևէ մեկին դատել, բայց համարում եմ, որ դա  ճիշտ չէր»,- ասաց Նարինե Աբգարյանը: Այս խայտառակ պատմության բոլոր մանրամասները բացահայտեց նաև Ռուզան Մանթաշյանը՝ ArtCollage-ին տված բացառիկ հարցազրույցում:

 

- Շուրջ մեկ ամիս ձգված սկանդալից հետո Հանս-Յոհախիմ Ֆրեյը Ձեզ դարձյալ հրավիրեց մասնակցելու դրեզդենյան տոնական հանդեսին: Ի՞նչ եք կարծում այս  առանձնահատուկ դեպքում ո՞րն էր որոշիչ գործոնը: 

- Գիտեք, շատ երկար բանակցություններից հետո իրենք հասկացան, որ պիտի ընդունեն իրենց սխալը նման պահվածքի համար, քանի որ բոլորը նրանց պախարակում էին այդ ամոթալի վարքագծի համար: Եվ ես երկար մտածելուց հետո  որոշեցի, որ երևի թե ամենաճիշտ որոշումը կլինի այն, որ ընդունեմ հրավերը և  երգեմ այդ համերգում՝ այդ բեմում:

- Մինչև  այս միջադեպը դուք որևէ կերպ առնչվել կամ ճանաչե՞լ եք Նետրեբկոյին և էյվազովին:

- Իմ ամուսինն իրենց հետ Փարիզում մեկ ընդհանուր ներկայացման շրջանակում ելույթ է ունեցել: Այդ ժամանակ նրանք դեռ նոր էին ամուսնացել, և եղել է մի ինչ-որ ընդհանուր ծանոթություն և ուրիշ ոչինչ:

- Ասում են, որ Էյվազովը հեռացվել է այդ նախագծից:

- Ոչ, նա չի հեռացվել և մասնակցելուէ համերգին, բայց ես կերգեմ առանձին՝ ոչ  ադերբեջանցի տենորի հետ, թեև նախնական համաձայնության համաձայն մենք պետք է ելույթ ունենայինք մեկ դուետով:

- Դուք տևական ժամանակ է, որ աշխատում եք եվրոպական օպերային թատրոններում: Երբևէ նման նախադեպ եղե՞լ է:

- Խնդիրներ լինում են, իհարկե, բայց ոչ ռասիստական, ազգայնամոլական հողի վրա: Տարբեր խտրականություններ են լինում, բայց նման ակնհայտ ռասիզմի ես գոնե չեմ առնչվել:

- Այս դեպքում, թերևս, շատ կարևոր նշանակություն ունեցավ արվեստի տարբեր ոլորտներից ձեր գործընկերների աջակցությունը:

- Դա, ընդհանրապես, անընդունելի քայլ էր . որևէ խտրականություն չի կարելի բերել երաժշտության աշխարհ, և, բնականաբար, բոլոր արտիստները որպես մի մեծ երաժշտական ընտանիք չէին կարող չարձագանքել և չպախարակել նման պահվածքը: Գիտեք, ցանկացած նման անցանկալի միջադեպ կարող է շատ վատ նախադեպ դառնալ նաև մյուսների համար և դռներ բացել կրկնվող անախորժությունների համար, և դա անընդունելի կլինի քաղաքակիրթ  միջավայրում:

- Արտիստի համար պետք է որ չափազանց ծանր լինի նման իրավիճակը, ինչպե՞ս հաղթահարեցիք այդ ծանր շրջանը:

- Գիտեք, ես շատ շնորհակալ եմ իմ գործակալին՝ Ռենե Մասիսին, որը բոլոր  հնարավոր միջոցներով ինձ պաշտպանեց այդ տհաճ իրավիճակում, ամբողջությամբ իր վրա վերցրեց այդ ծանր գործը և ինձ թույլ չտվեց խառնվել այդ գործընթացին: Հենց այդ պատճառով ես ծանր ապրումներ չեմ ունեցել, իհարկե՝ տհաճ իրավիճակ  էր, բայց ես փորձեցի սառը գլխով դատել և չտրվել էմոցիաներին, իսկ ապրումներն էլ անցողիկ են:

- Ադրբեջանցիներն այդ միջադեպը քաղաքականացնելու և շահարկելու առիթը բաց չթողեցին: Նրանք ամենուրեք հայտարարում էին, որ սա հայ երգչուհու համար շատ  լավ փիառ էր:

- Գիտեք, այն ինչ ես կարդում եմ լրատվամիջոցներում և սոցցանցերում, հասկանում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիների, այլև անգամ հայերի, ռուսների շրջանում էլ եղան մարդիկ, որ նման կարծիք էին հայտնում: Ես այսպիսի փիառ ինձ համար երբեք չէի ուզենա: Եվ չէի ցանկանա, որ իմ անունը կցվեր ադրբեջանցի երգչի հետ: Հավատացեք, որ դա ինձ համար հաճոյախոսություն չէ: Բացի այդ փիառի շատ ուրիշ՝ ընդունելի ձևեր կան: Ես կարծում եմ, որ եթե դու արվեստում ես փիառ անելու համար, ապա ուրեմն սխալ ոլորտ ես ընտրել: Արվեստ չի կարելի մուտք գործել  փիառի, հայտնի լինելու համար: Դա բոլորովին այլ աշխարհ է, բոլորովին այլ պահանջներ ունի: Ինչ ասեմ, հավանաբար յուրաքանչյուրը մարդկանց իր արշինով  է չափում ու դատում:

- Դուք ծանո՞թ եք Սպիվակովայի գրառմանը, որով նա նշում էր, որ դժվարանում է հավատալ, որ էյվազովը նման բան է արել: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

- Այո,տեսել եմ և ինչ կարող եմ ասել: Խոսքի ազատություն է, և ամեն մեկն իրավունք ունի ասել այն ինչ մտածում է: Ես Սպիվակովային անձամբ չեմ  ճանաչում, բայց էյվազովը ճանաչում է, և գուցե դա է այդ գրառման պատճառը:

- Էյվազովը փորձեց հարթել այս պատմությունը՝ ասելով, որ նման բան չի եղել: Որքան գիտեմ, պահպանվել է դա հաստատող նամակագրությունը:

- Իհարկե պահպանվել է: Եվ դա էր գլխավոր պատճառը, որ առաջացավ  այս սկանդալը: Ես ուղղակի ուրախ եմ, որ հիմա՝ ճիշտ ժամանակին բարձրաձայնվեց այդ մասին, որովհետև շատ-շատ խտրականություններ են լինում, այդ թվում նաև՝ սեռական խտրականություն: Բայց այդ մարդիկ լռում են, որովհետև ամաչում են կամ այդ պահին շոկի մեջ են լինում և չեն հասկանում, թե ինչ պետք է անեն: Տարիներ հետո, երբ դա բացահայտվում է, ինչպես, օրինակ, եղավ Դոմինգոյի դեպքում, նոր սկսում են խոսել: Եվ մարդիկ նրաց ասում են՝ ինչու եք մինչև հիմա  լռել: Ես չլռեցի: Այս դեպքում շատ ճիշտ էր, որ հարցն անմիջապես բարձրաձայնվեց ու տեղում լուծում տրվեց, և դա լավագույն լուծումն էր:

- Հասմիկ Պապյանը և ձեզ սատարող մյուս մտավորականները այս հանգուցալուծումը հաղթանակ համարեցին, համաձայն եք, որ սա հաղթանակ է:

- Սա միասնական հաղթանակ էր, որում ամեն մեկն իր լուման ունի: Բոլորին նշել հնարավոր չէ, բայց ֆեյսբուքին հետևելով տեսել ենք թե ովքեր են դրան աջակցել: Չի կարելի մեկին նշել, մյուսին՝ ոչ, և բոլորին պետք է շնորհակալ լինեմ: Հենց թեկուզ սովորական մարդիկ էլ, որ անտարբեր չէին այս հարցի շուրջ: Ես բազմաթիվ նամակներ եմ ստացել, բոլորին պատասխանել եմ և բոլորին շատ շնորհակալ եմ ուշադրության և աջակցության համար: