Ռենե Զելվեգերի կերպարանափոխությունները

Վերջապես ազատ մարդ եմ զգում ինձ

Մինչև Ջուդի Գարլանդի դերակատարումը Ռենե  Զելվեգերն արդեն առաջադրվել էր «Օսկարի» «Չիկագո» մյուզիքլում կերտած կերպարի համար: Բայց հիմա արդեն ակնհայտ է, որ նա բաղձալի արձանիկը պետք է ստանար հենց այս դերի համար: Ներկայացնում ենք դերասանուհուն նվիրված Դանի ժյուկոյի հոդվածը, որ տպտագրվել է «LA PRESSE+» շաբաթաթերթում

 

Ջուդի Գարլանդի դերում նա ներկայանում է հյուծված հարբեցողի կերպարով, որը  թմբլիկ Բրիջիթ Ջոնսի հակապատկերն է։ Իր արտաքին տեսքից զատ, նա կարող է փոխանցել բոլոր զգացմունքները։

Նրանք երկուսն էլ յուրահատուկ են: Ջուդի Գարլանդի ողբերգական մահից հիսուն տարի անց սա միակ բանն է, որ միավորում է նրանց։ Ալկոհոլով և թմրադեղերով քայքայված փոքրիկ աստղը, որին Հոլիվուդը կործանել է 47 տարեկան հասակում՝ 1969 թվականին, Ռենե Զելվեգերի շնորհիվ կրկին էկրան է բարձրանում։ Ռենեյի համար էլ սա նույնպես վերադարձ է։ Նա դուրս է եկել ինքնկամ վեցամյա լռությունից, որը նվիրել էր միջազգային քաղաքականության հետազոտություններին, Աֆրիկայում ծավալված հումանիտար գործունեությանը և գրելուն. «Ապրելուն, - եզրափակում է նա: -Ես այլևս չգիտեի, թե ով էի ես։ Եկել էր ինձ վերագտնելու ժամանակը»: Հոլիվուդն այսօր հարգանքի տուրք է մատուցում իր իսկ կողմից այրված այս կուռքի քառասունամյա թագավորությանը։

Երկար ոտքերով, պատռված ջինսե տաբատով Ռենե Զելվեգերն, իսկապես, ոչնչով չի հիշեցնում կինոաստղի: Նրա զբաղմունքը տվյալ պահին՝ եղունգները խարտելն է։ Թվում է, թե նրան չեն կարող շեղել ոչ իմ  հաճոյախոսությունները՝ նա աներևակայելի ճշմարտացի է քսաներորդ դարի մեծագույն երգչուհիներից մեկի՝ Ջուդի Գարլանդի դերում, ոչ էլ իմ հարցերը, որոնց նա պատասխանում է շատ սիրալիր, սակայն հաճախ խույս է տալիս դրանցից ։

Պետք է ասել, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ նա սավառնում է ամպերում: «Օսկարի» համար մրցավազքում նա խլում է իր ճանապարհին պատահած ամեն մի բան։ Նա չի ձևացնում, թե իբր Ջուդի Գարլանդն է՝ նա Ջուդի Գարլանդն է: Նա վերարտադրել է Ջուդի Գարլանդի էությունը, քայլվածքը, շարժուձևը և ձայնը։

Իսկապես դժվար է պատկերացնել, թե ինչպես է Գարլանդը երգում լեգենդար «Ծիածանի վերևում» երգը, ասես հելիում շնչած Միկի Մաուսի իր ձայնով, այս երգի նրա հմուտ կատարումից մարմնով սարսուռ է անցնում. «Հայտնաբերեցի, որ ուղիղ կապ կա ձայնի և հոգու միջև։ Երբ ես սովորեցի բացվել, իմ մեջ թաղված հույզերը դուրս թափվեցին ու, կարծես, հրաշքով, իմ ձայնը տեղն ընկավ» ։

Հենց Զելվեգերի խոցելիությունը  «Ջերրի Մագուայերում», որտեղ նա հանդես է գալիս Թոմ Քրուզի հետ, և նրա կայտառությունը « Չիկագո» մյուզիքլում, որի համար նա արդեն առաջադրվել է «Օսկարի», գրավեցին կինոռեժիսոր Ռուպերտ Գուլդի ուշադրությունը:   

Տրորվածը

Ջուդի Գարլանդը, որին կինո էր բերել մայրը, ամենավաղ տարիքից սկսած դարձել է հոլիվուդյան մեքենայի զոհը: Նրան ասում էին, թե նա ինչ պետք է հագնի, խոսի կամ ուտի, իսկ ավելի ուշ, թե ում հետ պետք է ընկերություն անի, կամ՝ չանի ։

«Օզ երկրի հրաշագործում», որպեսզի նա մնա բարեկազմ, Լուի Բ. Մայերը՝ «Մետրո -Գոլդուին - Մայերի» հռչակավոր ղեկավարը, նույնիսկ կարգադրում էր, որ նրան միայն արգանակ մատուցեն: Ընդունելով ամֆետամիններ ու բարբիտուրատներ, նա ավելի ու ավելի է սարսափում աշխարհին դիմադրելու գաղափարից, և ինքն իրեն ներկայացնում է որպես բեմ վերադարձող թագուհի ։  

Հինգ ամուսին, իսկ հետագայում նաև շատ ալկոհոլ ու թմրանյութեր. սնանկացած Ջուդին համաձայնում է վերջին անգամ հինգ շաբաթով աշխատել Լոնդոնում՝ կրկին ինքնահաստատվելու համար: Նա չի գոյատևի: Բարբիտուրատների չափից ավելի օգտագործումը նրա մահվան պատճառ է դառնում 1969 թվականի հունիսի 22-ին : Նա կյանքից հեռացավ 47 տարեկան հասակում:

-Ես երբեք նրան չեմ ընկալել որպես ողբերգական կերպար,- ասում է Ռենե Զելվեգերը։ - Ամենից շատ ինձ ապշեցնում է փաստը, որ չնայած այն ամենին, ինչի միջով անցել է Ջուդին, նա մինչև վերջ ուրախ, լավատես է մնացել: Ուսումնասիրելով իմ կերպարին, ես գիտակցեցի, թե ինչ աստիճանի եմ սահմանափակել ինքս ինձ այնտեղ, որտեղ դա երբեք հարկավոր չէր անել:

Հետաքննող լրագրողի նման, նա ամիսներով տեղեկություններ է հավաքում և հասնում է նրան, որ հատուկ զգեստներ է պատվիրում, որպեսզի ընդօրինակի այն կեցվածքը, որն առաջացել էր Գարլանդի ողնաշարի կորացման պատճառով: Չէ՞ որ նա ինքն էլ, իր կյանքի որոշակի շրջանում հայտնվել էր մի հորձանուտում,  որից կարելի էր գլուխը կորցնել։ Մինչդեռ «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» նրան աստղ է դարձնում, նա թողնում է ամեն ինչ. «Այն, թե ինչպես էին մարդիկ  ընկալում ինձ, չէր համապատասխանում իրականությանը։ Ուրիշ մարդկանց կյանքով ապրելուն զուգընթաց, որոշ ժամանակ անց, այլևս չենք հասկանում թե ով ենք մենք:  Ես պարզապես պետք է վերագտնեի ինքս ինձ: Այդ ժամանակ ամեն ինչ պտտվում էր իմ աշխատանքի շուրջ։ Ես շատ բան եմ բաց թողել իմ մասնագիտության պատճառով։ Իմ կյանքում ոչ ոք չկար, ես էլ չէի տեսնում ո՛չ իմ հարազատներին, ո՛չ էլ իմ ընկերներին ։ Ես զգացի, որ ինձ վտանգ է սպառնում ու հնարավոր է, որ եկել է նահանջելու ժամանակը ։ Այլ ելք չեմ գտել»:

Ռենեն ցանկանում է ապրել նոր տպավորություններով, նոր փորձ ձեռք բերել՝ գրում է բանաստեղծություններ, նովելներ, երաժշտություն և մշակում 1960-ականների երաժիշտների մասին հեռուստասերիալի պիլոտային սերիաները: Բյաց ֆիլմը էկրան չի բարձրանա։ Նկարահանման հարթակից հեռու գտնվելու այս շեղումը կտևի վեց տարի: Դա երկար ժամանակ է: Նա զարմացած է իմ զարմանալուց: «Դենիել Դեյ-Լյուիսը նույնն արեց, և դա ոչ ոքի չի ապշեցնում»: 

Ռենեն գերադասում է խոսել քաղաքականության, այլ ոչ թե 2005 թվականին քանթրի երգիչ Քեննի Չեսնիի հետ իր կարճատև ամուսնության, կամ Ջիմ Քերրիի հետ իր սիրավեպի մասին: Լինելով երբեմն չարաճճի, երբեմն՝ սեքսուալ, նա կարող է խաղալ ինչպես հասիդական տնային տնտեսուհիների, այնպես էլ մարմնավաճառների դերեր:

Նա չկա ո՛չ Twitter - ում, ո՛չ Instagram-ում, խոստովանում է, որ երբեք չի կարդում, թե ինչ են գրում իր մասին: Ինչը չի խանգարել նրան 2016 թ-ին գրել մի ակնարկ, որում նա խոցող հեգնանքով ջախջախում է այն տաբլոիդներին, որոնք քննադատում են կանանց մարմինները՝ իր սեփական մարմնից սկսած:

Ռենե Զելվեգերը, որը  ծնվել է Թեքսասում, առաջին ամերիկուհին է ընտանիքում։ Նրա հայրը՝ շվեյցարացի ինժեները, և մայրը՝ նորվեգացի բուժքույրը, արկածներ որոնողներ էին: Նա իրեն պատկերացնում էր որպես գրող կամ լրագրող ։ Դերասանուհուց բացի՝ ամեն ինչ :

Օսթինում, ուսման վարձը վճարելու համար, նա աշխատում է ռեստորանում որպես մատուցողուհի ։ Սակայն իր կարիերիայի շարունակության համար վճռորոշ հանդիպումը Մեթյու Մակքոնահիի հետ 1993-ին  էր, երբ նա երկրորդական դեր է ստանում Ռիչարդ Լինկլեյթերի «Դոզայի տակ ու շփոթված» ֆիլմում: 

Անցել է քսանյոթ տարի, և նա զվարճանում է, որ այժմ հիսուն տարեկան է: «Սա վերածնունդ է: Իմ կյանքի այս նոր փուլում ես ինձ երեխայի նման եմ զգում: Ես ինձ թույլ եմ տալիս, վերջապես, անել բաներ, որոնք նախկինում երբեք չեմ արել։ Ես, որ միշտ ինձ թերագնահատել եմ, վերջապես ազատ մարդ եմ զգում ինձ: Ես այլևս ոչնչից չեմ վախենում։ Չհաշված աճառի հետ կապված խնդիրները, պաշտում եմ ծերանալու գաղափարը»:

Կա՞ ինչ-որ բան, ինչում նա վստահ է այսուհետև։ «Ես ոչնչում վստահ չեմ, բայց ինձ այսպես դուր է գալիս»: Նա նո՞ւյնքան շնորհալի է սիրո մեջ, որքան դրամատիկ արվեստում:

-Այդ բնագավառում, - ծիծաղելով ասում է նա ինձ, - ես երես առած երեխա եմ։ Բայց հիմա կյանքում առաջնահերթություն եմ տալիս իմ երկու շներին, որոնցից մեկը շուտով պետք է վիրահատվի ։ Երազում եմ,  որ մի գեղեցիկ օր կարողանամ նրանց հետ անցնել կարմիր գորգի վրայով:  

 

Թարգմանությունը՝ Նունե Գալստյանի