Պետերբուրգյան սառցե սիրավեպը երևանյան բալետում

Երևանյան բեմում հաղթում է սերը

Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» բալետի առաջնախաղը հայ արտիստների կատարմամբ տեղի ունեցավ երևանյան օպերային  թատրոնի բեմում: 2018-ին այն արդեն ցուցադրվել էր Երևանում՝ Մեծ թատրոնի արտիստների մասնակցությամբ: Մեկ տարի անց «Բյուրեղապակյա դղյակն»  արդեն ընդգրկվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում: Երևանյան նորամուտը, թերևս, կարելի համարել նաև «Բյուրեղապակյա դղյակի» միջազգային  պրեմիերան, քանի որ այս ներկայացման նախապրեմիերային ցուցադրությունը տեղի է ունեցել նախորդ տարի միայն Մալթայում՝ հատուկ պատվերով, և այն  դեռևս ընդգրկված չէ Մեծ թատրոնի խաղացանկում: Ներկայացման սցենարի և բեմադրության հեղինակը Եկատերինա Միրոնովան է, բեմադրող պարուսույցը՝ Ալեքսանդր Սոմովը: Երևանյան ստեղծագործական կազմից ներկայացման փոխադրող բալետմայստերներն են Հայաստանի վաստակավոր արտիստներ Ռուբեն Մուրադյանը և Սոնա Առուստամյանը, դիրիժորը՝  Հարություն Արզումանյանը: Բալետային աշխարհում ռուսական Ռոմեո և Ջուլիետ անունը ստացած գլխավոր հերոսներին  կերպավորում են Ռուբեն Մուրադյանը և Մերի Հովհաննիսյանը՝ առաջին կազմում և երկրորդ կազմում՝ բալետի  արտիստներ Սևակ Ավետիսյանն ու Սյուզի Փիրումյանը: Այս ներկայացումը ստեղծվել է զարմանալի կարճ ժամանակահատվածում. բեմադրական աշխատանքներն իրականացվել են ընդամենը մեկ ամսում:
«Բյուրեղապակյա դղյակում» զգացվում է 18-րդ դարի Պետերբուրգի շունչը: Կայսերական դինաստիայի ամենափառասեր ու զվարճասեր թագուհիներից Աննա Յոհանովնան, որ հայտնի էր իր անսովոր ու խելահեղ որոշումներով, անցողիկ  քմահաճույքի համար որոշում է արտասովոր խրախճանք կազմակերպել և իր ծաղրածուներին ամուսնացնել սառցե դղյակում, որ Նևա գետի ափին էր կառուցված: Բազմաժանր ու վառ այս ներկայացումը շքեղ պարահանդեսների, որսի ու խրախճանքների,  հեքիաթային տեսարանների, գունեղ  դեկորացիաների, նրբաճաշակ բեմական զգեստների ու արտիստական վարպետության պակաս չունի, իսկ բալետային հիմնական տեսարաններն ուղեկցվում են նաև վոկալ  կատարումներով:
Ըստ փոխադրող բալետմայստեր Սոնա Առուստամյանի՝ ներկայացումը վերաբեմադրել են՝ հանգամանորեն  ուսումնասիրելով  Երևանում ներկայացված բեմադրության տեսանյութը, սակայն որոշ դրվագներ փոխված են՝  հենց կոմպոզիտորի առաջարկով:
Գլխավոր փոփոխությունն,  այդուամենայնիվ, վերաբերում է ներկայացման ավարտին: Նախորդ բեմադրության եզրափակիչ տեսարանում սիրահար զույգի գեղեցիկ պատմությունը  ողբերգական ավարտ է ունենում՝  հարսանեկան ճոխ հանդիսությունից հետո սիրահարները մենակ են մնում սառցե անշնչացած ու անկենդան դղյակում, և  գեղեցիկ դրախտային այգին նրանց համար վերածվում   է սառցե դամբարանի: Մինչդեռ ներկայացման  նոր մեկնաբանության հիմքում   առանցքային է սիրո ամենազոր ուժն ու մեծ լավատեսությունը՝  երևանյան  բեմում հաղթում է սերը:
 

 

 

... ...