Պատմություններ սիրո և պատերազմի մասին

Արդեն 19-րդ անգամ «Արմմոնո» մոնոներկայացումների թատերական միջազգային փառատոնը կայացավ՝ ապացուցելով, որ երկրի համար ծանրագույն պայմաններում անգամ փառատոնը կենսունակ է և կայուն՝ իր ընտրած գեղագիտական հավատամքի ճանապարհին: Չնայած այս տարի սահմանափակումների պատճառով արտերկրից ժամանած մասնակիցներ չկային (ներկայացված էին առցանց ծրագրով), փոխարենը ուշադրության կենտրոնում էր հայտնվել հայ ժամանակակից դրամատուրգիան՝ փառատոնի գործադիր-տնօրեն Մարիաննա Մխիթարյանի և «Դրամատուրգիա» հանդեսի, ինչպես նաև «Թատրոն-դրամա» կայքի խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի մտահղացմամբ ու նախաձեռնությամբ: Առհասարակ, այս փառատոնն աչքի է ընկնում մի քանի հատկանշական ուղղություններով: Նախ շնորհիվ փառատոնի՝ ժանրը վերջին տասնամյակում Հայաստանում հանրահռչակվեց, շատ հայ դերասաններ հատուկ փառատոնի համար իրենց հայացքն ուղղեցին դեպի մեկ դերասանի թատրոնը, ծնվեցին մոնոդրամաներ: Յուրահատկություններից է նաև նորամուծությունների ձգտումը, տարիների ընթացքում փառատոնի շրջանակում կայացել են բազմազան նախագծեր: Այս տարվա նորույթը գրական ընթերցումներն էին՝ «Պատմություններ պատերազմի մասին» և «Պատմություններ սիրո մասին» խորագրի ներքո՝ պիեսների ընթերցումների ձևաչափով: Փառատոնային տարբեր օրերի կայացած ընթերցումների այս շարքերն իրարից տարբերվում էին ո՛չ միայն թեմատիկ և ժանրային մոտեցումներով: Խոդիկյանի խոսքով՝ մեկը մյուսին հակակշռելու սկզբունքով են առաջնորդվել, քանի որ միայն սերը կարող է դիմակայել պատերազմին:

Պատերազմի մասին պատմությունների առանցքում փաստն էր, բոլոր պատմությունների հիմքում 44-օրյա պատերազմի իրական դեպքեր և հերոսներ էին: Սա յուրովի հարգանքի տուրք ու խոնարհում էր մեր հերոսների անմահ հիշատակին: «Պատմություններ սիրո մասին» խորագրի ներքո ներկայացված էին թե՛ նոր, թե՛ արդեն հրապարակված պիեսներ, թատերական հանրությանը հայտնի հեղինակների դրամաներ, որոնցից մի քանիսը հանդիսատեսին ծանոթ էին արդեն բեմից, ինչպես նաև գրականության մեջ ճանապարհ անցած, սակայն դրամատուրգիայում նոր անունների գործեր: Միակ պայմանը դրամատիկական սեռին պատկանող ստեղծագործությունների 15 րոպեի մեջ տեղավորվելու ձևաչափը պահպանելն էր: Պիեսները ներկայացնում էին ճանաչված և դեռևս սկսնակ դերասաններ, որոնց հետ աշխատել էր դերասանուհի Տաթև Ղազարյանը: Հեղինակներին անակնկալ էր սպասվում, քանի որ վաղօրոք հայտնի չէր, թե որ ստեղծագործությունը որ դերասանը պիտի կարդա:

Սակայն եթե թատերականացված ընթերցումներ ձևաչափը նորություն էր փառատոնային կյանքում, ապա պետք է նշել, որ այն արդեն մի քանի տարի է հստակ քայլերով իր ճանապարհն է հարթում մեր թատերական իրականությունում: Նման ընթերցումներ ներկայացվել են «Գոյ» թատրոնում, թատերական ինստիտուտում, իսկ վերջին երկու տարում դրանք իրենց ուրույն տեղն ունեն նաև Համազգային թատրոնի խաղացանկում:

Թատերականացված ընթերցման ժանրին անծանոթ ընթերցողին նախ նկարագրենք՝ ինչ է իրենից ներկայացնում այս ժանրը: Արևմուտքում լայնորեն տարածված այս ձևաչափը կարևորագույն գործառույթ ունի արդի թատերական մշակույթի դասակարգումներում: Հանդիսատեսի հետ շփվելու ընդունված ձևերից մեկն է, ընթերցանությունից դեպի բեմ ընկած մեկ աստիճան և կամ այլընտրանքային ճանապարհ՝ հանդիսատես-դրամատուրգ-բեմ բուրգի երեք կետերն իրար շաղկապելու գործում: Աննշմար բեմադրական մեկնաբանություն կամ պարզապես ուղղորդում, պարզունակ միզանսցեն, պայմանական բեմական հագուստ և մինիմումի հասցված բեմական ձևավորում. այն ամենաանհրաժեշտը, որը կօգնի առաջ տանել դրամատիկական գործողությունը: Պիեսի մատուցման այս տեսակը մի քանի նպատակ է հետապնդում, նախ օգնում է դերասաններին առերեսվել հանդիսատեսի հետ՝ հեղինակային տեքստի մաքուր մատուցմամբ, սակայն շեշտադրումների այնպիսի ընդգծումներով, որ լսելի դարձնի նյութը հանդիսատեսին և արթնացնի նրա երևակայությունը: Լսելի լինելը թերևս այս ձևաչափի գերխնդիրն է, և միգուցե ժանրի ծննդյան հիմնական պատճառը. թատերական իրադարձություններով հագեցած եվրոպական երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում, երբ օրական տասնյակ և հարյուրավոր պիեսներ են ծնվում, թատերականացված ընթերցման հիմնական նպատակը դառնում է ընթերցող-հանդիսատեսին անմիջականորեն բեմից ծանոթացնել գրված և դեռ չհրապարակված նոր նյութի հետ: Այստեղ առաջ է գալիս այս ժանրի դերակատարումը նաև դրամատուրգի ճանաչման և հանրահռչակման գործում, ինչպես նաև դրամատուրգը հնարավորություն է ունենում հանդիսասրահում նստած բեմադրիչներին հետաքրքրելու իր ստեղծագործությամբ: Սակայն եթե եվրոպական երկրների պարագայում ժանրը հարկավոր է, քանի որ դրամատուրգիայի առատության պատճառով գրված պիեսը կարող էր հասցեատիրոջը չհասնել, ապա մեր պարագայում դաշտի սահմանափակության պայմաններում այն պարզապես անհրաժեշտ է, քանի որ հայ դերասաններն ու բեմադրիչները կարդալ և որոնել չեն սիրում:

Վերադառնալով կրկին «Արմմոնո»՝ քննարկենք հատկապես «Պատմություններ սիրո մասին» խորագիրը կրող ընթերցումները: Նախ նկատենք, որ ներկայացված ստեղծագործություններից ոչ բոլորն էին պիեսներ, և, առհասարակ, մեծ վերապահումով կարելի է այս ընթերցումները թատերականացված համարել, քանի որ չկար բեմադրական որևէ ուղղորդում, բեմական ձևավորման ատրիբուտներ, կամ բեմական հագուստ, ընթերցումն ընթանում էր ստատիկ, սեղանի շուրջ, առանց միզանսցենների: Նաև անհամաչափ էին պատրաստված ընթերցող դերասանները: Առաջին իսկ գործը, որը Գուրգեն Խանջյանի հանրությանը դեռևս անծանոթ «Կամրջային բալլադ» պիեսն էր, դերասաններ Մարիա Սեյրանյանի և Արթուր Նազարյանի անկատար ընթերցման պատճառով հանդիսատեսին պարզապես չհասավ, թեև թրծված ականջի համար ուրվագծվում էր հետաքրքիր դրամատուրգիական պատկեր՝ խանջյանական ոճով: Երկու դերասանի համար գրված այս փոքրիկ դրամատիկական պատկերի հիմքում որպես գործողության շարժիչ ուժ Խանջյանին հարազատ սուիցիդալ իրավիճակն էր, որը հաղթահարվում է պատահականության, դիպվածի, սիրո շնորհիվ: Բարեբախտաբար, գրողն այս անգամ ընթերցողին խնայել էր. չէր օգտագործել ոչ նորմատիվ լեքսիկոն, «հատակի» մարդու կյանքից սարսռացնող տեսարաններ և իրողություններ, հանգուցալուծումն էլ հուսադրող էր:

Առավել պատրաստված էին տողերիս հեղինակի «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի  դերասանները՝ Վազգեն Օհանյանը և Թագուհի Ասախալյանը: Առհասարակ երիտասարդ դերասանների առջև բարդ խնդիր էր դրված, քանի որ պիեսը դեռևս 2010 թվականից բեմ է բարձրացել Տիկնիկային թատրոնում դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանի տպավորիչ մեկնաբանությամբ, մասնակցել տեղի և արտերկրի տասնյակ միջազգային փառատոների, արժանացել մրցանակների և արտերկրի մասնագիտական մամուլի գնահատականին: Պիեսը թարգմանվել է, տպագրվել հայտնի արտերկրյա թատերական ամսագրերում: Եվ որ ամենակարևորն է՝ «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը սիրվել է հայ հանդիսատեսի կողմից, այս է վկայում ներկայացման՝ շուրջ տասը տարի շարունակ թատրոնի խաղացանկում լինելու փաստը: Անշուշտ, երիտասարդ դերասանները նոր հնչողություն և կյանք տվեցին թատերախաղին, սակայն նրանց խոսքում փոքր-ինչ պակասում էր կոնտրաստային իրավիճակների վրա կառուցված ու պոետիկ պիեսի համար անհրաժեշտ արտահայտչականությունն ու զգացմունքայնությունը:

Կարինե Խոդիկյանը հայ թատրոնում ամենաբեմադրված ու սիրված դրամատուրգներից մեկն է, ինչպես նաև ոլորտով ամենամտահոգ հեղինակը, ով մշտապես ասպարեզ է ստեղծում առաջին քայլերն անող հեղինակների համար: Այս գրողի ամենահատկանշական գիծը ժամանակի զարկերակին ձեռքը դնելու, անսպասելի իրավիճակներ և սրամիտ երկխոսություններ ստեղծելու ունակությունն է: Երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն հեղինակի համար ներշնչանքի և նոր պիեսի ստեղծման առիթ է դառնում: Թագավարակի թեման նույնպես չէր կարող շրջանցել հեղինակը: Ներկայացվող «Ամուսնալուծություն պանդեմիայի օրերին» պիեսում կարանտինի մեջ մի հարկի տակ բանտված անհաշտ երիտասարդ ամուսիններն են, ովքեր միմյանցից բաժանվելու վճիռ են կայացրել, սակայն իրադարձություններն այնպես են գլխիվայր շուռ գալիս, որ անհանդուրժողականությունը միմյանց մեջ նոր որակների բացահայտման առիթ է դառնում և մի նոր սկիզբ: Երիտասարդ դերասաններ Կորյուն Եսայանը և Միլենա Ղազարյանը որսացել էին Խոդիկյանի հումորի, կենցաղային իրավիճակներում սրամիտ երկխոսելու ոճը, պիեսի դինամիկան ու թեթևությունը:

Սամվել Խալաթյանի «Սիրերգ» դրամատիկական կտավը զմայլեց և նոր որակներ բացահայտեց վաստակաշատ դրամատուրգի հարուստ ու բազմազան երկացանկում: Խալաթյանը, կարելի է ասել, թեմատիկ և ժանրային առումով ամենալայն դիապազոնով հայ դրամատուրգն է: Նրա ժողովածուներում կարելի է կարդալ թե՛ կատակերգական և կենցաղային, թե՛ սարկաստիկ ու ռեալիստական, թե՛ խոհափիլիսոփայական և էքզիստենցիալ թեմաներով պիեսներ: Սակայն գրեթե բանաստեղծական հանգով ու տաղաչափությամբ գրված փոքրիկ դրամատիկական պատկերը նոր ու յուրօրինակ գույն է այս ցանկում: Բոլորովին վերացական, եթերային, քնքուշ ու գեղագիտական պիեսի գործողություններն ընթանում են դրախտում, թե տիեզերական անորսալի մի տարածությունում, որտեղ հերոսները՝ Նեն և Նան հանդիպում են աստղերին նստած, Հարդագողի ճանապարհին, Սատուրնի օղակի վրա ճոճվելիս: Նախաստեղծ մարդու՝ Ադամի և Եվայի անարատ ու լուսեղեն սիրո, Նեի և Նայի հոգիների ու մարմինների ձգողականության անկասելի ուժի մասին, «Երգ երգոցի» գեղագիտության մեջ լուծված մի թատերախաղ, որից լույս ու կյանք է հորդում: Հեղինակի խոսքով՝ պիեսի գաղափարը դուրս է բերել դեռևս Եղեռնի 90-ամյակի առիթով Ալբերտ Մկրտչյանի ֆիլմի համար գրվող իր սցենարից, սակայն ամբողջացրել և ավարտել է հենց այս ընթերցումների առիթով: Պիեսը ներշնչանքով ու խաղացկուն ոճով թատերասեր հանրությանը ներկայացրին երիտասարդ դերասաններ Հովհաննես Հակոբյանը և Ռուզաննա Պետրոսյանը: Սակայն գրողի անսպառ, երևակայական գեղեցիկ աշխարհ մուտք գործելու համար դարձյալ թեթևակի բեմադրված միզանսցենի և թատերայնության պակաս էր զգացվում:

Էլֆիք Զոհրաբյանի «Սե՞ր, թե՞քուանշ» պիեսը ընդգրկված է հեղինակի «Թեթև տարեք» պիեսների ժողովածուում: Պիեսը «Երևանյան գրքի փառատոնի» մրցանակակիր է: 2019 թ. բեմադրվել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնում: «Արմմոնո» փառատոնին մասնակցելու առիթով հեղինակը ծավալուն պիեսի ձևաչափը փոխել է՝ ներկայացնելով 15 րոպեի սահմաններում՝ 4 գործող անձերից թողնելով 2-ին: Սակայն պետք է նշել, որ էքսպերիմենտը կայացել է, և պիեսի հնչողությունը կրճատումից չի տուժել: Արտասովոր, խենթավուն հերոսներ, որոնց միշտ և ամենուր չես հանդիպի՝ տարօրինակ գող, որ բնակարան է ներխուժել գրքի հետևից, աղջիկ, որն ամբողջ ունեցվածքը վաճառել ու սահման է ուղարկել, և որի բնակարանն այնքան դատարկ է, որ գողը հանդիմանում է նրան: Եվ ի վերջո՝ գողի և տանտիրուհու միջև ծագած սեր առաջին հայացքից, որ իր տրամաբանական ավարտին է հասնում: Դինամիկ գործողություններով, զավեշտալի երկխոսություններով զարգացող իրավիճակների կատակերգություն, որը խոսքային տիրույթում կարողացան տեսանելի դարձնել դերասաններ Հարություն Սարգսյանը և Ժաննա Վելիցյանը:

Անահիտ Արփենի և Արմենուհի Սիսյանի ստեղծագործությունները դժվար է պիես անվանել: Եթե Անահիտ Արփենի «Կացարանը» երեք հերոսների միջև ծավալվող հարաբերություններով, ինքնատիպությամբ, տեղանքի փոփոխությամբ ու դիալոգներով (որոնք, ի դեպ, գրված են չափածո հանգով)  դեռ որոշակիորեն դրամատիկական սեռի միջակայքում է, ապա Սիսյանի «Ծովային քամի» ստեղծագործությունը պատմվածք է, կամ ավելի շուտ՝ գեղեցիկ էսսե: Անահիտի հերոսների հարաբերություններն անըմբռնելի էին այս ձևաչափում՝ գուցե ոչ այնքան հաջող ընթերցման պատճառով (Անդրանիկ Միքայելյան, Մարիա Սեյրանյան): Այնուհանդերձ, ստեղծագործությունը կարելի է կարդալ «Թատրոն-դրամա» կայքում, թեև ռեմարկների և դրամատիկական երկին բնորոշ կառուցվածքային առանձնահատկությունների բացակայության պատճառով գործը տուժում է: Արմենուհի Սիսյանի պատմվածքը ներկայացված է գրական կայքերում: Իհարկե, կարելի է և արձակը բեմականացնել բեմ տանելու նպատակով, սակայն այս դեպքում արձակի բեմականացման ոչ կարիք, ոչ միտում չկար: Շեշտը թատերգությունների վրա էր, նպատակը՝ ժանրի զարգացմանը զարկ տալը: Որքան էլ դերասանուհի Զարուհի Խաչատրյանը բառի դասական իմաստով պատշաճ և արտահայտիչ ընթերցումով ներկայացավ, այնուհանդերձ, դրամատիկական սեռի բոլոր ժանրերին մի քանի ընդհանրություն է հատուկ՝ գործողության առկայություն, թատերային իրավիճակներ, հերոսների կամ գաղափարների բախում, խաղ: Մոնոդրաման նույնպես իր օրինաչափություններն ունի, որոնք հեռու չեն դրամայի կոմպոզիցիոն ընկալումներից, այլապես ցանկացած սեռի և ժանրի ստեղծագործություն կարելի  կլիներ մոնոդրամա անվանել:

Ընթերցման ավարտին ներկուլիսային հետաքրքիր զրույց ծավալվեց մասնակիցների միջև: Մասնագիտական զրույց, որ կարող էր նախատեսված քննարկման վերածվել՝ միմյանց խորհուրդներով օգտակար լինելու, համագործակցային եզրեր փնտրելու, ոլորտը ակտիվացնելու ուղղությամբ ելքեր որոնելու տեսանկյունից: Փաստվեց նաև, որ դեռևս վերջնականապես ձևավորված չէ ընթերցումների կուլտուրան ո՛չ դերասանների, ո՛չ հանդիսատեսի կողմից: Դերասանները պետք է իրենց խոսքով ստեղծեն այն մթնոլորտը, որի մեջ ներքաշելով հանդիսատեսին՝ կլրացնեն ներկայացման համար անհրաժեշտ այն բոլոր բաղադրիչները, որոնք թատերականացված ընթերցման ժանրը չի պարտադրում, սակայն ընթերցման շնորհիվ պիտի հենց հանդիսատեսի մտքում ծնվեր, դառնար երևակայության խաղի առիթ ու պատճառ: Իսկ հանդիսատեսի շարքերում քիչ էին թատրոնի մասնագետներ, ռեժիսորներ, դերասաններ, որոնք պիտի շահագրգռված լինեին նոր պիեսներ հայտնաբերելու՝ դրանք բեմ տանելու հեռանկարով:

Այս ընթերցումները ևս մեկ հանգամանք շեշտեցին. հայ հեղինակներից շատերը՝ վառ երևակայությամբ օժտված, կայացած գրական ոճով, սակայն դրամատիկական սեռի օրինաչափություններին անծանոթ և բեմի զգացողությունից զուրկ լինելով՝ ստեղծում են բեմի համար ստերջ ստեղծագործություններ, այնինչ դրամայի հիմնական գործառույթը բեմ ձգտելն է, գործողություն և խաղ դառնալն է: Հետևաբար, համապատասխան դպրոց անցնելուց հետո գուցե թե նոր դրամատուրգներ ծնվեն, առայժմ միևնույն՝ մի քանի կայացած անուններ են շրջանառվում խաղացանկերում:

Ընթերցումների նախաձեռնող Կարինե Խոդիկյանի խոսքով թատերականացված ընթերցումներն ավանդույթ են դառնալու, քանի որ առանց ազգային դրամատուրգիայի ազգային թատրոն լինել չի կարող: Սակայն մեր կարծիքով դրանք իրենց նպատակակետին կհասնեն վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելու պարագայում միայն. գուցե թե ժամանա՞կն է հենց այս փառատոնի շրջանակում դրամատուրգիական աշխատանոցներ ստեղծելու, որտեղ փորձառու, բեմադրված դրամատուրգներն իրենց հմտություններն ու խորհուրդները կփոխանցեն երիտասարդներին, ուսանողներին, դրամատուրգիայով հետաքրքրված այլ ժանրերում հանդես եկող հեղինակներին: Հուսանք՝ 20-րդ հոբելյանական «Արմմոնոյին» իսկապես կկայանա հայ դրամատուրգ-բեմ-հանդիսատես կապը, որն այսօր այնքան անհրաժեշտ է ազգային թատրոնի զարգացման և առաջխաղացման համար:

 

Անուշ Ասլիբեկյան

Արվեստագիտության թեկնածու, թատերագետ, գրող

Լուսանկարը՝ Armmono Fest -ի ֆեսբուքյան էջից