Պատկերապատման ժանրն այսօր ազատ թռիչքի մեջ է

Պատմություններ են կորչում, որովհետև այսօր չկա Հրանտ Մաթևոսյան

Քաղաքակիրթ աշխարհում պատկերապատումը՝ կոմիքսը, թատրոնին, երաժշտությանը, կինոյին հավասար արվեստ են դիտում։ Չնայած 1990-ականներին Հայաստանում լույս տեսան պատկերապատման առաջին հայերեն ամսագրերը, 2008-12 թվականներին անգամ միջազգային փառատոներ ունեցանք, բայց պատկերապատումը դեռ ընկալվում է որպես ժամանց, «թեթև» ժանր։

Նկարիչ Տիգրան Մանգասարյանը պատկերապատումով «հիվանդացել է» ավելի քան 30 տարի առաջ։ Այն ժամանակ միջազգային հիմնադրամների պատվերով պատկերապատման գրքեր էր անում, հետո ընկերների հետ երկու ամսագիր հրատարակեցին։

Առաջին լուրջ գիրքը «Ի խավարէ ի լոյսն» էր։ Երկու հատորով ու 5000 տպաքանակով պատկերապատումը Գարեգին Առաջին կաթողիկոսի պատվերն էր՝ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով։ Վեհափառը ոգևորվել ու որոշել էր մինչև 301թվականը՝ Հայաստանի քրիստոնեացման պատմությունը ևս պատկերապատման միջոցով ներկայացնել։ Թեև էսքիզները պատրաստ էին, բայց Գարեգին Ա-ն մահացավ, ու գիրքը մնաց անտիպ։

Ցեղասպանությանը նվիրված «Լռություն» ու «Մինչև հոգիների աճուրդը» պատկերապատումներից հետո 2019-ին Տիգրան Մանգասարյանն արեց իր «Զակո․ խակ պտուղ» գրաֆիկական նովելը։ Երկար ընդմիջումից հետո, նկարիչը վերադարձել է մանկական պատկերապատումներին։

Հաջողված պատկերապատումներ ստեղծելու և Հայաստանը պատկերապատման աշխարհի մաս դարձնելու մասին «ArtCollage»-ը զրուցել է Տիգրան Մանգասարյանի հետ։

 

Պատկերապատման առաջին հայկական ամսագրերն ու առնետների մասին ամենահայտնի կոմիքսը

 

Իմ մանկության տարիներին ռուսական մի քանի ամսագրերում՝ «Мурзилка», «Крокодил», « Весёлые карти́нки», կոմիքսներ կային: Բայց դրանք ընկալվում էին «կոմիքս» բառի բուն իմաստով՝ ուրախ մանկական պատմություններ: Այդ ամսագրերը մեծ տպաքանակներով վաճառվում էին ամբողջ Խորհրդային միությունում:

Ֆրանսիական շատ հայտնի մի ամսագիր կա՝ «Spirou», որի չվաճառված համարները տարվա վերջում կարում ու որպես գիրք վաճառում են: Շատ հասուն տարիքում ինձ նվիրեցին էդպիսի մի գիրք, ու ես առաջին անգամ տեսա, որ պատկերապատումը կարող է լինել դետեկտիվ, մեծահասակների համար, լուրջ թեմաների առնչվող: Այդ բազմազանությունն ինձ շատ զարմացրեց: Սկսեցի պատկերապատումներ հավաքել ու 1992 թվականից ամբողջությամբ թաթախվեցի դրա մեջ:

Մանկական գրքերի նկարազարդումները, որով զբաղվում էի այդ ժամանակ, ինձ արդեն անհետաքրքիր էին: 1992-ին ես ու ընկերս սկսեցինք տպագրել պատկերապատման 16 էջանոց ամսագիր՝ «Սև-սպիտակը»: Շատ դժվար տարիներ էին, մութ, ոչինչ չէր աշխատում, իսկ մենք թերթ էինք տպում: Բոլոր կրպակներում վաճառվում էր, մարդիկ մոտենում, նայում էին, բայց իրենց անծանոթ ապրանք էր, չէին գնում: Միայն 4 համար լույս տեսավ:  

1997 թվականին մտածելով, որ արդեն շուկա կա, սկսեցի տպագրել մի ուրիշ ամսագիր՝ «Հոպոպը»: 32 էջ գունավոր պատկերապատումներ էին և 16 էջանոց սև ու սպիտակ ներդիր: Շատ լուրջ ամսագիր էր: Մինչև 12 հեղինակ էր աշխատում. հայ նկարիչները լավն են, եթե խնդիրը դնում ես, շատ լավ իրականացնում են: Լույս տեսավ երկու համար, երրորդը մնաց համակարգչում, որովհետև շուկա չկար: Դա պարբերական հրատարակելու իմ վերջին փորձն էր:

90-ականներին Հայաստանում օտարերկրյա բազմաթիվ հասարակական կազմակերպություններ էին գործում, որոնք տարբեր խնդիրներով էին զբաղվում՝ ընտրություններ, առողջապահություն, երեխաներ, փախստականներ։ Այդ կազմակերպությունները հասկանում էին պատկերապատման ուժը և ինձ տարբեր թեմաներով գրքեր էին պատվիրում:

Ամենահայտնի գիրքս առնետների մասին էր: Այդ տարիներին աղբ թափող մեքենա չկար։ Եվ փախստականները, որոնց տեղավորել էին դպրոցի շենքում, չգիտեին՝ աղբը որտեղ թափել. առնետանոց էր դարձել։ Եվ ինձ պատվիրեցին պատկերապատում առնետների մասին։ Ես գեղարվեստական նովել նկարեցի․ առնետների ընտանիք է, ամեն մեկն իր անուն-ազգանունն ունի, պատմում էի, թե ինչպես են գալիս, բուն դնում, զարգանում։ Այդ գիրքն այնքան հայտնի դարձավ, որ երկրորդ տպաքանակը 6000 օրինակով արեցին։

 

Ցեղասպանության մասին «Լռություն» գրաֆիկական նովելը Հայաստանի առջև բացեց պատկերապատման միջազգային փառատոնի դռները

 

2000 թվականին առաջին անգամ գնացի Անգուլեմ՝ պատկերապատման միջազգային փառատոն։ Իմ տեսածի ծավալներն ինձ նույնիսկ վախեցրեցին. 1 միլիոնից ավելի պատկերապատում էր ցուցադրված։ Ֆրանսիայում տարեկան 4-5 հազար անուն գրաֆիկական նովելներ են հրատարակում։ Պատկերացնո՞ւմ եք՝ օրական քանի գիրք է լույս տեսնում։ Այդ ժամանակ ես որոշեցի՝ վերջ, պետք է լուրջ զբաղվեմ պատկերապատմամբ:

Առաջին լուրջ գործս «Լռությունն» էր՝ Ցեղասպանության մասին, որը տպագրվեց 2005-ին։ Գիրքը շատ գովազդվեց, բոլոր ալիքներով ցուցադրեցին, բայց, միևնույն է, պոպուլյար չդարձավ։ Հաջորդ անգամ Անգուլեմ գնացի այդ գրքով։ Փառատոնին չափազանց շատ մարդ էր մասնակցում․ պատկերացրեք՝ 40 հազարանոց քաղաքում 220 հազար հյուր: Եվ ես, «Լռությունը» ձեռքիս, կանգնեցի ամենաակտիվ տաղավարներից մեկում: Արձագանքը շատ ուժեղ էր։ Ֆրանսիացիները մոտենում, նայում, սկսում էին հարցնել՝ ինչ գիրք է, որտեղից գնենք։ Պատահաբար ինձ մոտեցան Ժան Սիրափյանն ու Լորան Մելիքյանը (նկարիչ-հեղ․)։  Զարմացան՝ հայերեն գիրք տեսնելով, որովհետև չէին պատկերացնում, որ Հայաստանում կարող է էդպիսի բան լինել։ Իսկույն զանգեցին փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանին, նա մեքենա ուղարկեց մեր հետևից։ Ու այդ մի պատկերապատմամբ սկսվեց ամեն ինչ:

Դրանից հետո իրենք եկան Հայաստան ու էստեղ փառատոներ արեցին։ Էնպիսի նկարիչներ էին եկել, որ անպատմելի է։ 2008 թվականին Անգուլեմի փառատոնի Գրան պրի ստացած միանգամից  6-7 նկարիչ եկավ։ Նույնն է, թե օսկարակիր ֆիլմերի դեմքեր գային Հայաստան։ Վերջին փառատոնը 2012 թվականին էր․ ֆինանսական խնդիրների պատճառով դադարեց։ Բայց դրանք լուրջ հետք թողեցին: Վարպետության դասեր էին լինում, և մասնակիցները բառացիորեն հիվանդանում էին պատկերապատման արվեստով: Ցավում եմ, որ նրանցից ոչ ոք մեծ գիրք չնախաձեռնեց։ Մի քանի էջանոց փոքր բաներ անում են իրենց կայքերի, բլոգերի համար, բայց մեծ գիրքն էդպես էլ չկայացավ:

 

Պատկերապատումը թելադրում է իր կանոնները

 

Ֆրանսիայում, եթե լավ պատկերապատում ստեղծեցիր, մի տարում ամբողջ երկիրը քեզ կճանաչի: Եվ հակառակը, եթե առաջին գիրքդ հաջողություն չունեցավ, բոլոր ճանապարհները կարող են փակվել։ Շատ խիստ աշխարհ է։ Էնտեղ հաստոցային նկարչությամբ ճանաչման հասնել հնարավոր չէ: Եթե պատկերապատմամբ դարձար հայտնի նկարիչ, նաև հաստոցային մեծ գործերդ կգնեն: Հայաստանում ճիշտ հակառակն է:

Ռուսաստանն, օրինակ, մեծ շուկա ունի, բայց հրատարակիչները տպում են լավ գովազդված ամերիկյան, ֆրանսիական, օտարերկրյա պատկերապատումները։ Իսկ ով փորձում է ռուս հեղինակների հրատարակել, սնանկանում է, որովհետև չի վաճառվում։ Պատկերապատման ժանրն այսօր ազատ թռիչքի մեջ է: Բայց, օրինակ, Ամերիկայում ու Ճապոնիայում հստակ շրջանակներ կան: Ճապոնիայում դու չես կարող «մանգա» ոճից դուրս գալ: Արդյունքում քո հեղինակային ոճը կորում է: Ֆրանսիայում այդպես չէ, ոչ էլ՝ Հայաստանում: Ֆրանսիայում, երբ գործդ ներկայացնում ես, առաջին հարցը լինում է՝ ո՞ւր ես դու, ո՞ւր է ոճդ: Բայց շատ տարօրինակ է, որ ֆրանսիական պատկերապատումն աշխարհում այնքան տարածում չունի, որքան՝ ամերիկյան «Մարվելն» ու ճապոնական «մանգան»: Կարծրատիպ են ստեղծել, այդ շրջանակների մեջ նկարում ու անվերջ վաճառում են:

 

Պատկերապատման արվեստով հետխորհրդային երկրներում Հայաստանն առաջատար է

 

Նկարով լավ կարդալ կարողանում են բելգիացիներն ու ֆրանսիացիները, հարևան Գերմանիան չի սիրում։ Դա էլ ազգային բնավորություն է։ Հայերը սիրում են կինո, պատկերներ։ Պատկերներով կարդալը մեզ մոտ ընդունված է եղել: Մեր ամբողջ մանրանկարչությունը լիքն է պատկերներով, աստվածաշնչյան տեսարաններով։

90-ականների սկզբից մինչև օրս փորձում ենք Հայաստանում ներդնել պատկերապատումը։ Ինտերնետը դրան շատ է օգնում։ Այս ժանրն այլևս անծանոթ չէ. Հայաստանում երիտասարդները «մանգա», «Մարվել», եվրոպական պատկերապատումներ են նայում։ Շատացել են դրանով զբաղվել ցանկացողները։ Արդեն մոտեցել է ժամանակը, որ պատկերապատումներով ճանաչելի դառնանք, փառատոների մասնակցենք։

Հետխորհրդային երկրներում Հայաստանը լիդեր է: Առաջին անգամ, երբ գնացի Անգուլեմ, հետխորհրդային երկրներից ոչ մի մասնակից չկար։ Անցան տարիներ, ես այդպես էլ որևէ նկարչի չհանդիպեցի։ Իսկ Հայաստանն ամեն տարի մասնակցում է, պատահել է՝ 14 նկարչով։

 

Սցենարը՝ ամենակարևոր ու մեծ խնդիր Հայաստանում

 

Պատկերապատումը գրական ժանր է, ոչ թե՝ նկարչական: Ֆրանսիայում շատ հստակ է՝ սցենարիստն էջ առ էջ գրում, ամեն կադրը նկարագրում է։ Ինչպես կինոյի դեպքում ռեժիսորը սցենարը վերցնում, դարձնում է ռեժիսորական, այստեղ էլ ռեժիսորը նկարիչն է, որովհետև սցենարի հեղինակը չի կարող պատկերացնել՝ ես ինչպես եմ նկարելու։ Երբ տեքստն ու պատկերը պատրաստ են, սկսվում է խմբագրման երկար փուլը։

Հայաստանի ամենամեծ խնդիրը սցենարական դպրոցի բացակայությունն է։ Քանի որ քո փոխարեն ոչ ոք սցենար չի գրի, դու ինքդ պետք է կարողանաս սցենարավորել պատմությունդ: Նախ, պետք է պատմություն ունենաս կամ վերցնես որևէ գրական նյութ, ադապտացնես։ Եթե չկա դպրոց, ինքդ պիտի սովորես՝ ֆիլմեր նայելով։

Հրաշալի է, երբ նկարչն ինքն է սցենարիստը։ Այդ դեպքում, սովորաբար, նա անում է մի բան, որն ինքը վերապրել է, ու դա կարողանում է շատ ճիշտ փոխանցել։ Մի բան է, երբ դու ես գրում, այլ բան է, երբ ուրիշի գրած սցենար են տալիս քեզ։

 

Հայոց պատմության ինտրիգները՝ պատկերապատման հարուստ նյութ

 

Պատկերապատման հաջողությունը գովազդից է կախված: Ֆրանսիայում, օրինակ, «Աստերիքսն ու Օբելիքսը» ֆիլմը բոլորին ծանոթ է: Հետո մարդիկ տեսնում են դրա գրաֆիկական նովելը, ուզում են ունենալ: Նույնը «Մարվելի», «Սուպերմենի», «Բեթմենի» դեպքում է: Ենթադրենք՝ պատկերապատում է հրատարակվում որևէ ռոք աստղի մասին: Նա պետք է լավ գովազդված, հայտնի լինի, որ գիրքը վաճառվի: Կամ պատկերապատումը դուրս է գալիս, հետո դրա հիման վրա համակարգչային խաղեր են ստեղծվում, կինո է նկարվում: Դրսում դա շատ հետաքրքիր ձևով է արվում, մեզ մոտ այդ ինդուստրիան չկա:

Ես տեսել եմ պատկերապատումներ Հռոմի պապի, Կազանովայի մասին, բայց պատմական թեմաներով չեն անում, որովհետև չի վաճառվում: Բայց մի ուրիշ շատ հետաքրքիր բան եմ նկատել: Գժեգոժ Ռոսինսկին՝ հրաշալի լեհ նկարիչ, որն ապրում ու նկարում է Ֆրանսիայում, բելգիացի սցենարիստի հետ արել է մոտ 40 հատորանոց «Տորգալ» անունով պատկերապատումները, որոնք ներկայացնում են նորվեգական պատմություն, բայց ոչ իրական, այլ՝ ֆենթզի:

Անգլիացիներն, օրինակ, շատ են սիրում իրենց թագավորների մասին ֆիլմեր նկարել, գրքեր գրել, որովհետև իրենց պալատական ինտրիգները շատ հետաքրքիր են, ուժեղ կոնֆլիկտ կա, որը դառնում է դրամատուրգիական լավ պրոդուկտ: Մեր միջնադարյան պատմությունների մեջ էլ այդպիսի ինտրիգներ կան: Լեոյի պատմության հիման վրա կարելի է հրաշալի գործեր անել, բայց պետք է միստիկա, ֆենթզի մտցնել: Բայց հենց մտցնում ես, մեր հասարակությունը սկսում է ընդվզել: Անգլիացիներն ինձ դրանով են շատ դուր գալիս, որ Շեքսպիրից ինչ ասես՝ արել են, նույնիսկ պոռնոթատրոնում են բեմադրել: Պետք է կարողանանք ոչ թե ներսից, այլ կողքից՝ օտարի աչքերով նայել մեր պատմությանը: Եթե դու դա չես անում, ապա անընդհատ ընկնում ես ստորակետի հետևից՝ պատմության մեջ էդպիսի բան չի եղել, սխալ է։ Մենք կառչած ենք մեր մշակույթին, ավանդույթներին, մենք չենք կարող ֆանտաստիկ պատմություններ գրել: Երևի դրա համար պիտի կոսմոպոլիտ լինես կամ հայրենիք չունենաս, ազատ մտածես, աբստրակտ վիճակի մեջ լինես։ Բայց ես ձևը սրա մեջ եմ տեսնում՝ պատմությունն օգտագործել որպես հենք՝ ժամանակակից գործ անելու համար: Վաղ թե ուշ, պետք է գանք դրան, որովհետև միայն էդպես կարող ենք դուրս գալ միջազգային ասպարեզ։

 

Պատմություններ են կորչում, որովհետև այսօր չկա Հրանտ Մաթևոսյան

 

Հիմա Հայաստանում այնպիսի սուպերպատմություններ կան, բայց լուրջ վերլուծաբաններ չունենք, որ գնան, օրինակ, գերությունից փրկված մեկին ասեն՝ դե՛, պատմիր, հետո ձեռքը կորցրած մեկի հետ խոսեն։ Դրանք էքզիստենցիալ պատմություններ են: Մարդը կարող է փոխվել միայն ծայրահեղ՝ լինել-չլինելու իրավիճակում: Ես էդպիսի բաներ տեսել եմ. չաղլիկ, լխպորիկ մեկը մարտի դաշտում, պարզվում է, իսկական տղամարդն է, իսկ կարմրաթուշ, մորուքով ֆիդային առաջին փախչողն է: Էս պատմություններն էնքան հետաքրքիր են, բայց հիմա մի ահռելի շերտ կորչում է, ոչ ոք չի գրանցում:

Ֆրանսիացին գնացել, 8 տարի Աֆղանստանում ապրել է մոջահեթների հետ՝ սարերում, քարանձավներում, ինչ է, թե մի գիրք գրի, եվրոպացիները գնում, Պաղեստին, Բեյրութ են հասնում՝ էդպիսի պատմություններ գտնելու համար, իսկ մենք հիմա այնպիսի նյութ ունենք, բայց չկա մի Հրանտ Մաթևոսյան, որ օգտագործի դա:

 

Լուսինե Ղարիբյան

 

 

... ... ... ...