Չաքմաքչյանը ներկայացված է ամենուր, բայց՝ ոչ իր հայրենիքում

ArtCollage-ը ներկայացնում է մեր մշակույթի մեծերի կյանքի, ստեղծագործական ժառանգության, ճակատագրի հայտնի ու անհայտ էջերը, իրողություններն ու փաստերը, որոնք կօգնեն ամբողջությամբ բացահայտել նրանց  անհատականությունը: Եվ դա կանեն նրանց արվեստակից ընկերները, բարեկամներն ու այսօր գործող արվեստագետները: Այս շարքում առաջինը նախորդ տարի կյանքից հեռացած քանդակագործ Արտո Չաքմաքչյանն է: Մարդու ֆիզիկական նկարագրից դեպի նրա հոգևոր կերպարը գնալու Չաքմաքչյանի անսովոր տաղանդը միջազգային մեծ ճանաչում ու գնահատում բերեցին խորհրդային հայրենիքում մերժված հայ քանդակագործին: Չաքմաքչյանի  մերժման և միաժամանակ վերելքի ճանապարհը սկսվեց 1965-ին, երբ նորարարական շնչով լեցուն Երևանում Մերգելյան ինստիտուտի հարակից պուրակում տեղադրվեց Չաքմաքչյանի Կոմիտասի արձանը: Նրա բացարձակապես նոր և ինտելեկտուալ գեղագիտությունն ի սկզբանե արժանացավ կուսակցական չինովնիկների կատաղի դիմադրությանը, և Չաքմաքչյանի Կոմիտասը բարբարոսաբար ոչնչացվեց: Քանադակագործը ստիպված էր հեռանալ Հայաստանից, բայց օտարության մեջ տարիներ շարունակ նա չէր դադարում գիտակցել, որ Հայաստանի հետ պրկված կապերը երբևէ չեն խզվի: Ամեն անգամ, երբ դարձյալ ստիպված էր վերհիշել իր պարտադրված հեռացումը՝ առաջինն ինչ արձանագրում էր այն իրողությունն էր, որ հայի  էությունը իր անքակտելի մասնիկն է. «Մի բան, որ ինձնից անբաժան է, իմ հայ լինելն է»: Ազգային քանդակագործության մեծ վարպետին գնահատում է  երգահան Վահան Արծրունին:

 
«Չաքմաքչյանին հանդիպել եմ 2004 թվականին՝ Նյու Յորքում. մեկ շաբաթ շարունակ նրա հետ շփվելու արդյունքը եղավ այն, որ նա առաջարկեց «Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմի հրատարակության դեպքում  իր գծանկարներով ձևավորել այն: Դա իրականացավ և ալբոմի յուրաքանչյուր էջին զետեղված են նրա քանդակների պատկերները, գծանկարները: Չաքմաքչյանը հայ ժամանակակից քանդակագործության հիմնադիրներից մեկն է, որի ստեղծագործության մեջ համամարդկային աղետները, ցեղասպանությունները, մարդկային կյանքի դրամատիզմը, տառապանքն ու վիշտը կենտրոնական թեմաներն են եղել։ Խաչվելով մեր ազգային, պատմական և հոգևոր կերպարային նշանաբանության հետ՝ Արտոյի արվեստում դրանք գտնում են կերպարային լուծումներ վերացական ֆորմաների, քայլող մարդու, Նարեկացու և Կոմիտասի փոխակերպություններով։ Վարդապետի թեման կարմիր գծով անցնում է Չաքմաքչյանի ամբողջ արվեստի միջով՝ դառնալով բանալի, որով բացում ենք հեղինակի ստեղծագործական որոնումների խորությունը, ապրումներն ու քանդակագործական պլաստիկայի յուրօրինակ դրսևորումների էությունը։ 
Չաքմաքչյանի աշխատանքները ներկայացված են ամբողջ աշխարհում, վաղուց արժանացել են  բարձր գնահատականի, իսկ կոմիտասյան թեման, քաղաքային սկուլպտուրայի ձևաչափով, ներկայացված է Միացյալ Նահանգներում և ո՜չ Հայաստանում՝ իր Հայրենիքում» ։ 

 

Պատրաստեց՝ Սեդա Հոգոցյանը