Չարենց-Թումանյան. միայն մեկ անգամ

Հովհաննես Թումանյանի հանդեպ Եղիշե Չարենցի ակնածանքն ու սերը կասկածի ենթակա չէ: Թումանյանն էլ իր հերթին անթաքույց հարգանքով էր վերաբերվում Չարենցին` նրան անվանելով տաղանդավոր երիտասարդ`«բանաստեղծական անկեղծ տրամադրությամբ»: Ու թեև այս երկու մեծերն այդպես էլ երբեք չհանդիպեցին, սակայն ժամանակի ու տարածության անջրպետը չնվազեցրեց փոխադարձ համակրանքի պաշարը: Միայն մեկ անգամ «նաիրյան խոսքի ավագ նահապետի» (Չարենցի բնորոշումն է) և նրա կրտսեր գրչակցի ջրերը նույն առվով չհոսեցին: Եվ դա պատահեց 1921 թվականի ձմռանը:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի շաբաթ անց Չարենցը նշանակվեց Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի Արվեստի բաժնի վարիչ: Բազում պարտականությունների շարքում նրա խնդիրներից մեկն էր նպաստել հայ մտավորականության վերադարձին, նրանց մասնակից դարձնել Հայաստանի հոգևոր ու մշակութային կյանքի կայացմանը: Ահա հենց այդ օրերին էլ Հեղկոմի հասցեով Թիֆլիսից ստացվեց Հովհաննես Թումանյանի հետևյալ նամակը.

«Հայաստանի Ռևկոմին

Հայաստանի Ռևկոմին քաջ հայտնի է, թե ինչ ծանր նյութական վիճակի մեջ է եղել միշտ հայ գրականությունը և թե ինչքան ավելի ծանրացել է վերջին տարիներս։ Գրողներից ոմանք ստիպված են ծախելու իրենց ունեցած իրերն ու գրադարանը և նրանով ապրելու, բայց կան մարդիկ, որոնք ծախելու էլ ոչինչ չունեն։

Սրանով խնդրում եմ Ռևկոմին՝ Խորհրդային Ռուսաստանի օրինակով, որ էնքան ուշադիր է դեպի գրականությունը, պաշտպանություն ցույց տալ հայ գրողներին էս դժար ժամանակներում։

Նախագահ Հայ գրողների ընկերության՝

Հովհ. Թումանյան

1920, 24 դեկտեմբերի, Թիֆլիս»:

Թումանյանի նամակը Հեղկոմը հունվարի 15-ին առաքեց Լուսժողկոմատ` ի տնօրինություն: Այստեղ էլ այն հանձնեցին Չարենցին: Կարդալով նամակը, Չարենցը թղթի ձախ անկյունում կապույտ թանաքով մակագրեց. «Պատասխանել, որ Խորհրդային իշխանությունը նպաստներ չի բաշխում, այլ պետականացնում է այն բոլոր մտավոր աշխատավորներին, որոնք ապրում, աշխատում են Խորհրդային Հանրապետության սահմաններում խորհրդային իշխանության համար:

Եղիշե Չարենց

921. 18. 1»։

Չափազանց տարօրինակ էր Չարենցի այս սառը, պաշտոնական ոճը, որով նա դիմում էր Ամենայն հայոց բանաստեղծին: Իր գրառման մեջ որևէ սխալ բան չէր ասում, սակայն հրաշալի գիտենալով բառերի կշիռը և այն, թե ինչ հետք կարող էին թողնել անզգուշաբար ընտրված խոսքերը, նորաթուխ պաշտոնյան այս անգամ նախընտրել էր ոչ թե նրբանկատությունն ու պատկառանքը, այլ վարչարարական զգայազուրկ լեզուն:

Մի քանի օր անց`հունվարի 25-ին Չարենցը Թումանյանին առաքեց պաշտոնական պատասխանը`այս անգամ հղում կատարելով ՀԽՍՀ լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանին, ասել է, թե`իր վրայից ակամա թոթափելով կտրուկ և կոշտ բառամթերքի գործադրման պատասխանատվությունը: Պատասխանում ասվում էր.

«542

25.1.1921 թիվ

Հայ գրողների ընկերության պ. նախագահին

Լուսժողկոմի կարգադրությամբ հայտնում եմ ի պատասխան Ձեր՝ 1920 թ. դեկտեմբերի 24-ի գրության, որ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը առհասարակ նպաստներ չի բաշխում աշխատավորներին, այլ վարձատրում է նրանց աշխատանքը։

Մյուս կողմից՝ Խորհրդային իշխանությունը, որպես Հայաստանի սահմաններում ապրող աշխատավոր ժողովուրդների իշխանություն, չի կարող օժանդակություն ցույց տալ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ազգային կուլտուրական կազմակերպություններին, որոնք իրենց գործունեության բնույթով ոչ մի առնչություն չունեն Խորհրդային Հայաստանի սահմաններում կատարվող կուլտուրական աշխատանքի հետ:

Արվեստի բաժնի վարիչ

Քարտուղար»:

Ասել, թե դրսի մշակութային կառույցները և դրանց ներկայացուցիչները որևէ առնչություն չունեին հայաստանյան իրականության հետ, մեղմ ասած, ճիշտ չէր: Թումանյանի պարագայում`առավել ևս: Ամեն դեպքում նկատենք, որ նախորդ վարչակարգի ներկայացուցիչները ևս դժգոհ էին Թումանյանի «անհաղորդ» կեցվածքից: Այսպես, Առաջին Հանրապետության երևելիներից մեկը`Վարդգես Ահարոնյանը 1936-ին Բոստոնում հրատարակեց «Մարդը և բանաստեղծը» գիրքը Թումանյանի մասին, որտեղ գրում էր. «… Թումանյանը շարունակեց մնալ Թիֆլիսում` բոլորովին անմասն Հայաստանի Հանրապետության և քաղաքական անցուդարձին, և մշակութային եռուզեռին..»:

Իսկ ինչ վերաբերում է Չարենցին, նրա փոքրիկ վրիպումը շատ շուտով պիտի սրբագրվեր: Ընդամենը 3 տարի անց`Թումանյանի մահվան առիթով նա արդեն պիտի գրեր այսպիսի խոսքեր. «…Թումանյանը մեկն էր այն երջանիկներից, որոնց հոգեկան հմայքը, տաղանդի կարողությունը այնքան էր զորավոր, որ ճեղքում էր ամեն մի արգելք ու պատնեշ, հասնում էր ուրիշ սրտերի խորքը, դառնում էր հանուր ու մարդկային»:

Չարենցյան պատնեշը ճեղքված էր, սիրտը` նվաճված: Եվ այս անգամ արդեն` ողջ կյանքի համար ու առանց սայթաքումների:

 

Հովիկ Չարխչյան