Նոր տարին Հիսուս Քրիստոսի ծնունդով է սկսվում

Արարիչն ուզում է որ մարդն աստվածային լինի

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս. օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:                                             

Հունվարի 5-ի երեկոյան Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր տաճարներում  վառված Ճրագալույցի լույսը խոհրդանշում է Սուրբ Ծննդյան տոնի մեկնարկը: Ամանորյա ճոխ խրախճանքներից հետո հայկական ընտանիքներում նախապատրաստվում են տարվա առաջին և շատ սիրված հոգևոր տոնին՝ պահպանելով ծիսակարգի բոլոր կանոնները՝ եկեղեցուց տուն բերելով փրկության  ու հույսի խորհրդանիշ լույսը: Բայց հաճախ տոնականության շղարշի ներքո մարդկանցից թաքնված է մնում տոնի բուն էությունը՝ հավատը փրկության լույսի հանդեպ, մեղքերից ձերբազատվելն ու մաքրագործման և կատարելության ձգտումը: Ճրագալույցի պատարագով սկսված տոնը հաջորդ օրը շարունակվում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատարագով: Փրկչի Ծնունդն ու Մկրտությունը Հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է միասին՝ հունվարի 6-ին, քանի որ հենց այդ օրը Հովհաննես Մկրտիչը Հիսուսին մկրտեց Հորդանան գետում: Եվ Սուրբ Ծննդյան պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է Ջրօրհնեքի արարողություն: Սուրբ Ծննդյան տոնի մասին «ArtCollage»-ը զրուցել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Առնակ քահանա Հարությունյանի հետ:

 

- Սուրբ Ծնունդը հայ ընտանիքներում ամենասիրված ու սպասված տոներից է, որն ավանդաբար նշում են ամբողջ ընտանիքով և գեղեցիկ ծիսակարգով: Բայց քչերն են ծանոթ հոգևոր տոնի խորհրդաբանությանը: 

- Սուրբ Ծննդյան խորհուրդն ահռելի է, հսկայական: Եվ Սուրբ Ծննդյան պատարագի  սկզբնավորությանը՝ երգեցողության մեջ մի շարական կա, որ կոչվում է «Խորհուրդ  խորին»: Այսինքն այն շատ խորը խորհուրդ է՝ ամեն դեպքում անհնար է բացահայտել, որովհետև հնարավոր չէ բացահայտել թե ինչպես եղավ որ Աստված  մարդ դարձավ, ինչպես նա մանկացավ, կնոջ որովայնի մեջ տեղավորվեց, այսինքն՝ այս ամենի ամբողջությունը մեզ համար խորհուրդ է, որը հավատի աչքերով պետք է ընկալել: Բայց տոնակատարության հիմնական խորհուրդը մեզ համար այն իրողությունն է, որ մենք հասկանում ենք որ Աստված մեզ նման դարձավ ոչ թե այն բանի համար, որ ուզում էր մարդ լինել, այլ այն պատճառով որ Արարիչն ուզում էր  որ մարդն աստվածային լինի՝ ինչպես որ Պողոս առաքյալն է ասում:

- Հատկանշական է, որ անգամ անաստվածության երկար տարիների ընթացքում մարդիկ մեծ սիրով ու երկյուղածությամբ են նշել այս տոնը, սպասել ու հավատացել են, որ Քրիստոսի Ծննդյան լույսը փրկության ճշմարիտ ճանապարհն է ցույց տալիս:

- Սուրբ Ծննդյան տոնով մեզ համար մի նոր հույս է բացվում, հույս որ մենք  կարողանանք վերականգնել մարդկային ընկած կարգավիճակը: Գիտեք, երբ ասում  ենք մարդկային ընկած կարգավիճակ, մեզ թվում է թե դա մեզնից ինչ-որ մի շատ  հեռու իրավիճակ կամ իրողություն է: Իրականում այդպես չէ. այն մարդու կերպարը  որ Հիսուս Քրիստոս ցույց տվեց մեզ, կարելի է կյանքի կոչել, կարելի է ապրել այդ կերպարով: Անշուշտ դա շատ դժվար է, որովհետև ոչ մեկիս մոտ լիարժեք չի ստացվում այդպես ապրել, բայց Սուրբ Ծնունդը մեզ սովորեցնում է լինել այդպիսին  և սկսել մանկանալուց, որովհետև Տերն ինքն է ասում՝ ով մանուկների նման չլինի՝ երկնքի արքայությունը չի ժառանգի: Ուրեմնՙ ով չլինի մանուկ Քրիստոսի նման՝ չի արժանանա երկնքի արքայությանը: Երանի թե մեր ամբողջ ժողովուրդը, մենք էլ նրանց հետ միասին, որ եկեղեցի ենք այցելում կամ ապրում ենք այդ եկեղեցու պահանջներով, իրապես այսօր հասկանան որ մանկանալու օրն է: Երբեմն ինձ հարցնում են թե ինչպես գտնենք փրկության ճանապարհը: Ես ասում եմ որ պետք է փոքր լինենք, պետք է փոքրանանք, և դրա համար այսօրվանից լավ օր չկա: Ուրեմն  ինձ համար այսօրվա խորհուրդը մանկանալու խորհուրդն է, այսինքն մանուկ լինել, թեթևանալ, դատարկվել բոլոր հոգսերից, ծանր բեռից և տեսնել իրական մանուկ Քրիստոսի ներկայության կարևորությունը: Եվ ամենամեծ երեսն այս խորհրհրդի այն է, որ Քրիստոս այցելում է մեզ, այսինքն ինքը պարզապես չծնվեց, նա ծնվեց մեզ համար: Օրինակ, իմ եղբոր կամ քրոջ ընտանիքում երեխա է ծնվում, մենք  գնում, ուրախանում ենք և՝ վերջ: Բայց Քրիստոս ծնվեց մեզ համար, ուրեմն՝ յուրաքանչյուր մեկիս ուրախությունն է՝ մենք ենք ունենում այդ երեխային:

- Սուրբ Ծնունդից առաջ մեր եկեղեցին ցանկալի է համարում կարճատև պահեցողության շրջանը: Բայց տասնամյակների իներցիայով մարդիկ շարունակում են ամանորյա խրախճանքների ավանդույթը: Ինչով է կարևոր մեզ համար նախածննդյան պահքը:

- Առհասարակ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող պահոց ընթացքը եղել է 50 օր, բայց հետագայում եկեղեցին կրճատել է այդ ժամանակահատվածը, և պահոց շրջանը սահմանափակվել է առաջին ու վերջին շաբաթապահքերով: Լավ է որ բոլորն ունենան պահեցողության այդ ընթացքը, բայց դա պարտադիր չէ, այնքանով որ ինքն ազատ ընտրության իրավունք է: Ինձ համար ավելորդ ծանրաբեռնվածություն   է այդ Նոր տարվա սեղանների առատությունը: Եվ դա կախված չէ ֆինանսական  հնարավորություններից, այլ պարզապես հոգեբանություն է: Մենք՝ հայերս, սիրում  ենք նույնիսկ պարզ քեֆի սեղանը առատորեն լցնել, սա էլ մեր հայկական մենթալիտետի առանձնահատկություններից է: Բայց լավ կլիներ որ Նոր տարվա այս ընթացքին ոչ թե սեղանները լցվեին ճոխությամբ, այլ ճիշտ հակառակը՝ մարդիկ տարեմուտը ճոխ ներաշխարհով դիմավորեին: Թեև պահեցողությամբ   աղքատանում են ձեր սեղանները, բայց հարստանում է հոգին: Թե ով ինչպես անցկացրեց իր տոնն այս տարի՝ ինքը գիտի, կարևորն այն է, որ մեզ համար Նոր տարին երևի թե Հիսուս Քրիստոսի ծնունդով է սկսվում:

 

 

 

... ...