Նարինե Դելլալյան. «Մենք պարտք ենք նրանց մի ամբողջ Հայրենիք ու կյանքեր»

Ու բացվի լույսը, որ ավելի լուսավոր է լինելու

Ե՞րբ նահանջեցինք մեր արժեհամակարգից, ինչի՞ց սկսվեց մեր պարտությունը  և ինչպե՞ս ձերբազատվել պաթոսախեղդ հայրենասիրական արվեստից ու ստեղծել իրապես ազգային մշակույթ. օրախնդիր հարցերի շուրջ զրուցել ենք  «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահ, երաժիշտ Նարինե Դելլալյանի հետ:

 

-2020-ը հոբելյանական էր մեր ազգային մշակույթի մեծերից մեկի՝ Հայրիկ Մուրադյանի համար, և մենք բոլորովին այլ առիթներ էինք նախանշել մեր զրույցների համար, բայց 44-օրյա պատերազմը և նրա աղետալի հետևանքներն այժմ մեզ ստիպում են բոլորովին այլ հարցեր ու խնդիրներ քննարկել: Նախ խոսենք այս ընթացքում Սփյուռքի դերակատարության մասին: Պատերազմի օրերին մենք տեսանք թե ինչպիսի համախմբում և  զորակցություն ցուցաբերեց Սփյուռքը: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ կարող են արտերկրի մեր հայրենակիցներն այսօր աջակցել, հուսադրել և ոգեշնչել մեր ժողովրդին:

 

-Հայաստանը և Սփյուռքը ես տեսնում եմ որպես մեկ մարմին, որն առանձին կամ բաժանված չի կարող լինել։ Մենք մեկս մյուսի կարիքն ունենք։ Ճիշտ այնպես, երբ հիվանդ է օրգանիզմի մի մասը, այդ ցավը տարածվում է ամբողջ մարմնում։ Հայաստանն այն առանցքն է, ողնաշարը, որի շուրջ հավաքվում է համայն հայությունը։ Աստված մի արասցե, բան պատահի Հայաստանին՝ Սփյուռքը կդադարի գոյություն ունենալուց, քանի որ որպես ինքնություն, Սփյուռքին ուժ տվողը, պահպանողը, իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ եղել ու մնում է Հայաստանը։

Դա էր այն ուժգին արձագանքը, որով յուրաքանչյուր հայ ոտքի կանգնեց, որպեսզի հնարավոր ամենն անի վիրավոր Հայրենիքի համար։ Մեր ժողովրդի սրտի մեջ այնքան նվիրական սեր կա, որ առանց վարանման, որևէ մեկի պահանջի, այն վերածվեց ինքնաբուխ համախմբման։ Յուրաքանչյուր հայ իր մասնակցությամբ մեծացրեց Հայաստանի սահմանները աշխարհով մեկ, փորձեց լսելի դարձնել մեր ձայնը։

Այլ բան է, թե այսօրվա նյութական աշխարհաքաղաքականության արդյունքում, որում ուղղորդող չափանիշը սեփական պետության շահն է, հենց դա էլ դարձավ որոշիչ գործոն մեր նկատմամբ աշխարհի դիրքավորման հարցում։ Սա մեզ համար եզրակացություններ անելու ճիշտ պահն է, որպեսզի վերջապես մենք էլ վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը, մեր հարաբերություններն աշխարհի հետ, որտեղ չպետք է լինեն հավերժ սերեր, հավերժ տերեր, հավերժ դիրքորոշումներ, այլ պետք է լինի միմիայն Հայաստանի շահը։

Մենք այսօր ունենք դասական և վերջին տարիներին ձևավորված Սփյուռք, որի հետ խելամտորեն համագործակցելու դեպքում այն կդառնա մեր կարևոր հարստությունը։

Ժամանակն է այլևս ստեղծել մի համակարգ, որի միջոցով համայն հայությունը իր բոլոր կարողությունները հնարավորություն ունենա ներդնել ու կենտրոնացնել Հայաստանում՝ լինի մտավոր, ֆինանսական, գիտական, տնտեսական։ Այլապես ստեղծված ճգնաժամից դուրս գալն անչափ դժվար է լինելու։ Մինչև այս՝ բազում փորձեր մնացել են մերժված ու անկատար։ Այս հարստությունը փոշիացնելու ժամանակ այլևս չկա։

-Մենք պարտություն կրեցինք այս պատերազմում: Կարծում եմ, որ և՛ բանակում, և՛ դիվանագիտական, և՛ տնտեսական ոլորտներում աններելի սխալներից բացի մեր հասարակությունը նաև արժեհամակարգային լուրջ կորուստների արդյունքում հայտնվեց այս վիճակում: Ձեզ համար նկատելի՞ էր  այդ հետընթացը:

-Իհարկե, խեղաթյուրված արժեհամակարգը չէր կարող իր ազդեցությունը չթողնել որևէ բնագավառի վրա։ Մեր սխալներն արմատավորվել են երկար տարիների ընթացքում, ամրապնդվել են և գնացել մեզ համար վնասակար ուղղությամբ։ Ցավալիորեն ոչ մի քաղաքական ուժ Հայաստանի շահերի դիրքերից չի գործել, չեն եղել երկարաժամկետ նախագծեր, ուղղություն, թե դեպի ո՞ւր է գնում Հայաստանը, ի՞նչի վրա ենք աշխատում, ի՞նչն ենք զարգացնում։ Անձնական ու փոքրիկ շահերն են եղել առաջնային, հաճախ փողոցի մակարդակով։

Ցավոք, վերջին երկու տարիների ընթացքում էլ մեծ փոփոխություններ չեղան, ընդհակառակը՝ շարունակվեց արատավոր գիծը։ Սթափեցնող ու զգուշացնող կարծիքները հասանելի էին դառնում հասարակության չնչին հատվածին, որքան էլ որ այդ մասին խոսվեր։ Մեր գերագույն խնդիրն այսուհետ, կարծում եմ, պետք է լինի իրականության մեջ ապրելը, ամեն բան իր անուններով անվանելը։ Հնարավոր չէ մի ամբողջ երկիր տարիներով սնել ստով, որին հաճույքով հավատացել ենք. այդպես հեշտ ու հարմար է եղել։ Մենք սայթաքել ենք ճշմարտությունը մինչև վերջ չասելով, կեղծիքի վրա աչք փակելով, իրար խաբելով, արժեքներ դարձնելով նյութը, փողը, ստամոքսը, որը և բերեց հոգևոր անկման։

Այլևս պարտավոր ենք սթափ նայել իրականության աչքերին և կանգնեցնել մեզ համար պատմության կրկնվող պտույտը, որպեսզի վերջակետ դրվի կորուստների պարբերական ընթացքին։

Մենք պետություն ունենք, երազանք շատ ազգերի համար, որոնք քանակով մեզնից ավելի շատ են։ Բայց որքանո՞վ ենք փայփայել մեր պետությունը։ Իրավունք ունեի՞նք այսքան մակերեսային վերաբերվել մեր խնդիրներին։ Այսքան բաց թողնել մեզ համար շահավետ պահեր, այսքան անխիղճ լինել ինքներս մեր նկատմամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական մտքի տկարություն։

-Դուք տարիներ շարունակ ղեկավարում եք «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը, որը շարունակում է նրա դավանած արժեքների քարոզչությունը, ազգային մշակույթի տարածումն ու զարգացումը: Ինչքանով այսօր, հատկապես այս ծանր շրջանում կարևոր է որ  հայերը վերադառնան իրենց ինքնահաստատ, կենսունակ ակունքին, որը մեզ միշտ փրկել է օրհասական պահերին:

-Փրկել է, որովհետև իր ազնվությամբ մաքրել է։ Մենք պետք է վերափոխվենք ամբողջությամբ, որովհետև հնարավոր չէ խոսել արժեքներից և շարունակել ապրել նույն կերպ։ Կարծում եմ մեր կրթության առանցքն այնպիսին պետք է լինի, որ նպաստի մեզ հարազատ, մեր մաքուր արմատներից սնվող արժեհամակարգի վերականգնմանը։ Երկար տարիներ մեր պետությունը ղեկավարող մարդկանց տաղտկալի ճաշակն է թելադրվել ամբողջ հասարակությանը։ Որքան ենք այդ մասին խոսել, որ թուրքական կլկլոցները, որքան էլ հաճելի թվան հատուկ ճաշակ ունեցողներին՝ մերը չէ։ Մեր երգը խեղաթյուրողներին տրամադրվում էին ամենամեծ դահլիճները, դրանք հնչում  էին հեռուստատեսությամբ, ամենուր, նրանց տալիս էին պետական կոչումներ։ Հեռուստատեսությամբ որևէ բարձրակարգ, բովանդակային, ուսուցողական հաղորդում գտնելն այնքան հազվադեպ էր։ Ես սա համարում եմ դեպի մեր պարտություն տանող ուղիներից մեկը, որը չէր կարող իր բացասական ներգործությունը չունենալ կրթության կարոտ մասսաների վրա և չէր կարող անհետևանք մնալ բարձր արժեհամակարգի ձևավորման հարցում, մարդկանց մտածողության մեջ։ 

Հիմնովին պետք է ճանաչենք մեր պատմությունը, մեր գրականությունը, մեր մեղեդին, դարավոր մշակույթը, որ այդ մշակույթի ստեղծողները զուտ անուններ չլինեն մեզ համար։  

Մեր կրթական համակարգն արմատական վերանայման անհրաժեշտություն ունի, որ ժամանակի հետ քայլելուն զուգընթաց անպայման հիմնված լինի մեր մշակութային արմատների վրա, բայց որ երբեք չկաշկանդի մեծ ու լայնախոհ հայացքով աշխարհը տեսնելուն, համամարդկային արժեքներին հաղորդ լինելուն։ Այլապես մենք մեկ ծայրահեղությունից հասնում ենք մյուսին։

-Հայրիկ Մուրադյանն ամբողջ կյանքի ընթացքում իր գործով, արվեստով ու իր անձնական օրինակով ապացուցում էր, որ մեր անխառն, ազնիվ ակունքից սնվող երգը, երաժշտական ավանդույթը կարող է նաև մտածողություն և որոշակի կենսակերպ թելադրել: Ինչպե՞ս այսօր հայ մարդուն բերել այդ մտածողությանը:

-Կարծում եմ անհնար է այսօրվա մարդուց պահանջել նույն մտածողությունը, բայց այդ ակունքներն իրապես ճանաչելը, որ այն անցնի մեր միջով, անհրաժեշտ է։ Ինքնությամբ ենք մենք տարբեր։ Խոսում ենք Հայրիկից։ Ինձ համար Հայրիկի նկատմամբ ժողովրդի անսահման սերը բացատրվում է նրանով, որ ինչպես Կոմիտասը, Հայրիկն էլ մեր մշակույթի ընդերքից էր իր սնունդը ստացել, մաքուրը, չաղտոտվածը։ Դրա համար նրա երգը, խոսքը, իր ամբողջ կերպարը հարազատ է նրանց, ովքեր հոգու խորքում, գենետիկորեն նույն ընդերքի կրողն են, անգամ եթե չենք գիտակցում դա։ Կրկին հանգում ենք կրթվելու, ճանաչման փաստին։ Կուզեմ մաշկիս վրա զգացածով պատասխանել։ Գիտեք, ես դասական երաժիշտ եմ։ Ստացվել է այնպես, որ շփվել եմ եվրոպական առաջնակարգ երաժիշտների, արտիստների հետ, շփվել տարբեր ժողովրդների հետ։ Որքան շատ եմ ճանաչել իրենցը, տարբեր ազգային մշակույթներ, այնքան մերը, իմը ճանաչելու ցանկությունս է ավելացել ու վերարժևորել եմ մերը։ Մենք հաճախ վախենում ենք նայել մեզնից դուրս, ու դա մեր մեծագույն սայթաքումն է։ Բախտ եմ ունեցել տեսնել արվեստի բացառիկ գլուխգործոցներ, գեղեցկագույն տաճարներ, հիացել եմ, հուզվել գեղեցկությունից, այնքան կատարյալ են եղել, որ կասկածել եմ, թե արդյո՞ք Աստծո ձեռքը խառը չէ դրանց ստեղծման գործում… այնուամենայնիվ հայկական հեռավոր մի լեռան գագաթին կառուցած համեստ, բայց անչափ ոգեղեն եկեղեցին չեմ փոխել ոչնչով, որովհետև դա է իմը, իմ հարազատը, որը հոգումս եմ կրում… Իմ Հայաստանը։ Պետք չէ վախենալ ճանաչելուց...

-Այսօր շատ են հնչում կարծիքներ, որ տասնամյակներ շարունակ մեր հանրությունը, սերունդները կրթվել են կեղծ, պաթոսախեղդ հայրենասիրական արվեստով և այժմ պետք է հիմնավորապես փոխել մեր մոտեցումները: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ վերափոխումների կարիք ունի մեր մշակույթը:

-Լայն իմաստով մշակույթը մեր մտածողության, ըմբռնումների հայելին է։ Այո, կեղծ պաթոսը երկար ժամանակ մտել է նաև մշակույթի մեջ ու անհաշտություն ստեղծել իրականության հետ։ Ո՞ւմ է պետք այդ բարձրագոչ ճառային  մշակույթը, եթե իրական կյանքում խաբում ենք Մարդուն։ Որտե՞ղ է Մարդու տեղը մեր մշակույթում…

Ուստի այն օրը, երբ կենացներից, հայրենիքի մասին անճաշակ ու դատարկ պաթոսային երգերից կանցնենք իրական գործի, այն օրը, երբ որևէ անընդունելի երևույթի առջև չենք բավարարվի ձեռք թափ տալով ու առաջ անցնելով, այն օրը, երբ հենց այնպես, կիսատ-պռատ որևէ գործ չի արվի, որը և՛ որակով, և՛ գաղափարային իմաստով ոչինչ է, չենք համակերպվի տգիտության հետ ու կքայլենք ոչ թե մեր, այլ աշխարհի ժամանակի հետ, գուցե այդ դեպքում կարող ենք հավատալ, որ փոխակերպվում ենք, և այդ փոփոխության հետ էլ կստեղծվի այլ, բարձր սանդղակի մշակույթ։

Հայրենասիրությունն առաջին հերթին լավ մասնագետ լինելն է, այն մասնագետը, ում միջակները դուրս են մղել համակարգից, ովքեր, սակայն, աղմուկից հեռու, իրենց տանը, իրենց սեղանի առջև շարունակել են լռելյալ աշխատել, ստեղծել արժեքներ։ Նրանց արած գործի մասին հաճախ անգամ տեղյակ չենք եղել, ստեղծածը արժևորելու, ճիշտ գնահատական տալու, դրա օգտակարությունը տեսնելու համար բավարար կիրթ չենք եղել։ Եվ կրկին ամեն բան մնացել է լավագույն դատավորի՝ ժամանակի վրա։ Բայց մինչև այդ կորցնում ենք մեզ տրված հնարավորությունը դեպի առաջընթաց, կորցնում ենք ամենակարևոր գանձը՝ ժամանակը ու հետ ենք ընկնում։

Պատերազմի նման հանգուցալուծումը մեր առջև երկար մտածելու, մեզ կողքից դիտարկելու ու վերարժևորելու պահանջ դրեց։ Որևէ բան չի արդարացնում մեր պարտությունը։ Տասնյակ էական հարցերի բացակայության արդյունքում կանգնեցինք այս իրավիճակի առջև։

Այնինչ Հայաստանը, Արցախը այսօր կարող էին բոլորովին այլ երկիր լինել՝ զարգացած, հզորացած։ Մշտապես մերժվել են լավագույն նախագծերը, ծրագրերը։ «Փող չկա֊ն» դարձել էր լոզունգ։ Ու վայ մեզ, եթե այսօրվա ներքաղաքական պայքարը կրկին շարունակի այսքան անգաղափար մնալ…

Մեր խնդիրները մշակութաբանական հիմքեր ունեն, որոնք պարտավոր ենք փոխել, այլապես ականջ խլացնող այս աղմուկը չի թողնի գտնել մեզ մեր մեջ, չի թողնի սթափվել ու արթնանալ… մեղադրել բոլորին, բայց երբեք ինքներս մե՞զ...

Պետք է վերջ տրվի մեծամտությանը, ճոռոտախոսությանը, իրար դատարկ տեղը գովերգելը, փոխարենը դիմացի ազգին թերահավատորեն վերաբերվելը։ Դիմացինին գցելով, ոչխար կոչելով ու հումորներ անելով մենք երբեք չենք բարձրանա, չենք զարգանա, չենք արդիականանա…

-Հասկանալի է, որ «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունն այժմ արդեն տասնապատկված եռանդով պետք է շարունակի իր աշխատանքը: Ի՞նչ ծրագրերի ու նախագծերի մասին կարող ենք այժմ խոսել:

-Առաջին հերթին բոլորս ուժ պետք է հավաքենք դուրս գալու այս հոգեցնցող վիճակից։ Հետո պարտավոր ենք ֆիզիկապես ու հոգեպես օգնել մեկմեկու։

Մեր հետագա անելիքները բովանդակային իմաստով չեմ կարծում տարբեր լինեն մինչ այժմ ընդունած ուղուց, բայց գուցե ավելի բարդ խնդիրների լուծման նպատակամղվածություն դնենք մեր առջև։ Երբեք աչք չփակել աղավաղումների վրա և խոսել, զրուցել, բացատրել, լսել մեկմեկու...

-Այս ճակատագրական օրերին մեր ժողովրդի համար ո՞րն եք համարում գլխավոր և առաջնահերթ խնդիրը:

-Կոմիտասի վերջին պատգամը, որ թողել է իր մահից մի քանի ամիս առաջ, սա է. «սիրեցեք, շատ սիրեցեք զիրար, որպեսզի ապրիք»։

Մի մեծ կարմիր գիծ քաշել պատերազմից առաջ ու հետոյի միջև ու սկսենք նորից։ Սկսենք այն կետից, որ մի ամբողջ ազգ օր ու գիշեր խառնել էր իրար ու մեկ մարմին, մեկ հոգի էր դարձել։ Երբ միլիոնավոր մարդիկ ամեն պահը ապրում էին հանուն Հայրենիքի փրկության ու ոչնչի վրա հնարավոր չէր կենտրոնանալ կամ մտածել, եթե այն դուրս էր պատերազմի թեմայից։ Սկսենք այն նվիրվածության չափերից, որ կար այդ օրերին, երբ ով ինչ կարող էր՝ տալիս էր ու տալիս։ Այն կետից, որ բոլորն էին գիտակցում, որ դա յուրաքանչյուրիս պատերազմն էր… Այժմ յուրաքանչյուրիս փոխվելու պահն է։

Պարտավոր ենք գիտակցաբար մեր մեջ լավատեսություն ներարկել, չկորցնելով հավատը մեր նկատմամբ, մեր ուժերի իրական հնարավորությունների նկատմամբ և նայել դեպի առաջ։ Պարտավոր ենք ապրել ու հաղթել ինքներս մեզ՝ հանուն մեր ընկած զավակների, եղբայրների։ Ապրել այն հավատով, որով կռվում էին մեր տղաները, ովքեր 44 դաժան օրեր սխրագործում էին հրեշի դեմ։ Մենք պարտք ենք նրանց մի ամբողջ Հայրենիք ու կյանքեր…

Շուտով արյունով ներկված տարին կավարտվի։ Թող այն իր հետ տանի բոլոր չարիքները ու բացվի լույսը, որ ավելի լուսավոր է լինելու, քանզի վերևից մեզ են նայելու մեր լույս տղաները։ Խոնարհում, խոնարհում…

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի