Մոսկվայի հայազգի անգլերեն «ձայնը»

Արևմուտքում նա շատ ավելի հայտնի էր, քան ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամները

Վաթսուն տարուց ավելի «Ռադիո Մոսկվա» (այնուհետև՝ «Ռուսաստանի ձայն») պետական ​​ռադիոընկերության անգլերեն ծառայության մի հայազգի հաղորդավար աշխարհի միլիոնավոր ռադիոլսողների պատմել է Խորհրդային Միության և Ռուսաստանի մասին: Նրա անունն էր Իոսիֆ Հմայակի Ադամով, որին ունկնդիրների բազմամիլիոնանոց լսարանը ճանաչում էր որպես Ջո Ադամով...

Նա հիացնում էր իր բարձր էրուդիցիայով, համակողմանի կրթությամբ, ռադիոլսողների ցանկացած հարցի (այդ թվում՝ ամենից սադրիչ) դիպուկ պատասխան տալու ունակությամբ, հումորի նուրբ զգացումով, ինչպես նաև  անթերի, առանց դույզն-ինչ օտարամուտ շեշտադրության ամերիկյան անգլերենով...

Թե՛ հոր, թե՛ մոր կողմից զտարյուն հայ էր Իոսիֆ Ադամովը` ծնված 1920 թվականի հունվարի 7-ին, Բաթումում։ Յոթ տարեկան         է եղել, երբ հայրը՝ Հմայակ Ադամովը (Ադամյան), պաշտոնի է նշանակվել Լոնդոնի Խորհրդային ​​առևտրի ներկայացուցչությունում, ուստիև Իոսիֆն ընդունվել է բրիտանական դպրոց: Հետագայում, երբ ընտանիքը վերադարձել է Մոսկվա, նա ուսանել է խորհրդային մայրաքաղաքի հատուկ ամերիկյան դպրոցում, որը 1930-ական թվականներին բացվել էր Ստալինի զանգվածային արդյունաբերականացման ծրագրին օգնելու նպատակով Մոսկվայում աշխատանքի հրավիրված ամերիկացի ճարտարագետների զավակների համար: Այստեղ է, որ Իոսիֆի բրիտանական անգլերենը փոխվել է ամերիկյանով, նա մինչև անգամ սկսել է խոսել ԱՄՆ-ի այս կամ այն շրջանին հատուկ առոգանությամբ: Հետագայում Ադամովը երեք անգամ եղել է ԱՄՆ-ում, այդ փորձառությունն օգտակար է եղել նրան իր աշխատանքի ընթացքում նշելու երկու մշակույթների տարբերությունները և նմանությունները...

1942-ին, Մոսկվայի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո, Ադամովը սկսել է աշխատել որպես ռադիոհաղորդավար՝ ժամանակի ընթացքում դառնալով բարձրակարգ լրագրող, որի համար, կարծես թե, չեն եղել խոչընդոտներ: Վաթսուներկու տարի շարունակ Ջո Ադամովն աշխատել է ռադիոյում, 1957 թվականից ավելի քան քառասուն տարի եղել Հյուսիսային Ամերիկայի համար սփռվող «Մոսկովյան փոստարկղ» անգլերեն հաղորդման անփոփոխ ​​հեղինակն ու հաղորդավարը։ Մասնավորապես շաբաթական չորս անգամ նա պատասխանել է խորհրդային կյանքի և Խորհրդային Միության քաղաքականության վերաբերյալ ունկնդիրների հարցերին: Իսկ ունկնդիրներն Ադամովին տարեկան հազարավոր նամակներ էին ուղարկում և ապա հպարտությամբ նշում, որ նա եթերում պատասխանել է իրենց այս կամ այն հարցին։ Եղել են նաև դեպքեր, երբ Մոսկվա այցելած զբոսաշրջիկները գնացել են «Ռադիո Մոսկվա»՝ Ադամովին անձամբ հանդիպելու հույսով... Աֆղանստանի պատերազմի կամ 1983-ին կորեական ինքնաթիռի գնդակոծման վերաբերյալ լուրերից բացի հասարակ ամերիկացիներին ու կանադացիներին ավելի հետաքրքրել են այնպիսի հարցեր, թե ինչպիսին է կյանքը խորհրդային փոքր քաղաքներում, սննդի և փոխադրամիջոցների գները... «Իմ նպատակն է բացատրել Խորհրդային ​​Միությունը, նրա ներքին և արտաքին քաղաքականությունը,– մի առիթով ասել է Ջո Ադամովը:  -Բացատրել մեր երկիրն իր բոլոր գույներով՝ ամբողջ աշխարհի ունկնդիրներին»:

Սառը պատերազմի տարիներին Ադամովի ռադիոհաղորդումները, Մոսկվայից կատարվող այլ հեռարձակումների պես, ուշադիր ուսումնասիրվում էին արևմտյան կառավարությունների կողմից, ինչի մասին խորհրդային ​​իշխանությունները քաջատեղյակ էին, ուստիև Ադամովը ծայրահեղ զգուշավոր ու պատասխանատու էր հնչեցրած յուրաքանչյուր խոսքի համար... Ադամովն է եղել նաև ամերիկացի օդաչու Գարի Փաուերսի դատավարության ​​պաշտոնական թարգմանիչը, որը 1960 թվականին լրտեսական գործողություններ է իրականացրել ԽՍՀՄ տարածքում և դատապարտվել 10 տարի ազատազրկման... Նա միշտ ասել է, որ ինքը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, ոչ մեկի չի ճանաչում Կրեմլում, և ոչ էլ Կրեմլում գիտեն իրեն, երբեք խնդիրներ չի ունեցել իշխանությունների հետ, չնայած, անշուշտ, գլխավոր խմբագիրը միշտ լսել է իր հաղորդումները՝ նախքան դրանց հեռարձակումը։

Ադամովը հարցազրույցներ է վարել արևմտյան բազմաթիվ քաղաքական գործիչների և լրագրողների հետ, որոնց թվում էին Դուայթ Դ. Էյզենհաուերը և Էլեոնոր Ռուզվելտը։ Նրան ճանաչել են միջազգային լրատվամիջոցների այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Ուոլթըր Քրոնքիթը, Ֆիլ Դոնահյուն և Լարի Քինգը: Ադամովը հաճախ է հրավիրվել արտասահման (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա և Ավստրալիա), որտեղ դասախոսել և ելույթներ է ունեցել հանրաճանաչ թոք-շոուներում: Ինչպես հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները, Ադամովը ևս դարձել է ԽՍՀՄ-ը և Ռուսաստանն աշխարհին ներկայացնող եզակի լավագույն դեմքերից մեկը։ Խորհրդային ղեկավարները գալիս էին և գնում, իսկ Ադամովն անգլիալեզու աշխարհի աչքին տասնամյակներ շարունակ մնում էր Խորհրդային Միության թերևս լավագույն մարմնավորումը։ Ասում էին, որ Արևմուտքում նա շատ ավելի հայտնի էր, քան ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամների մեծ մասը։

Ջո Ադամովը, սակայն, ընդունել է, որ իր մեկնաբանություններում հաճախակի է քննադատություն հնչեցրել Միացյալ Նահանգների հասցեին։ «Մենք չենք ցանկանում նսեմացնել ձեր երկիրը,- մի անգամ նա ասել է իր ունկնդիրներին, -մենք պարզապես խնդրում ենք ձեզ չհամաձայնել ձեր արտաքին քաղաքականության հետ»: Մի անգամ մի հուսախաբված ունկնդիր Ադամովին հարցրել է, թե նա կարո՞ղ է որևէ դրական բան ասել ԱՄՆ-ի մասին։ Ադամովն ասել է. «Ինձ դուր են գալիս ձեր մեքենաները: Հավանում եմ ձեր սուպերմարկետները: Ինձ հիացնում է ամերիկացիների արդյունավետությունը, երևույթների նկատմամբ բիզնեսային մոտեցումը»: Այնուհետև երկար դադար է եղել, որից հետո Ադամովն ասել է. «Եթե ինձնից լուր չունենաս, իմացիր, որ ես Սիբիրում եմ» ու ծիծաղել է, լռել է մի պահ, ապա նորից ծիծաղել իր իսկ ծիծաղի վրա...

Իր բազմամյա գործունեության ընթացքում նա պատրաստել է պրոֆեսիոնալ հաղորդավարների, թարգմանիչների և լրագրողների մի քանի սերունդ: Ադամովը պարգևատրվել է մի շարք պետական ​​մրցանակներով՝ հայրենական ռադիոյի զարգացման գործում իր մեծ ներդրման համար: Մահացել է 2005-ի դեկտեմբերի 18-ին, ու թեև արդեն 15 տարի է անցել նրա վախճանից՝ իր երբեմնի ունկնդիրները շարունակում են երախտագիտական գրառումներ կատարել համացանցում տեղադրված նրա նյութերի ներքո...

 

Հեղինակ՝ Արծվի Բախչինյան