Մյուս թիֆլիսեցի Ռուբենը

Ռուբեն Տեր-Հարությունյանի ծննդյան 100-ամյակի առթիվ

Ամերիկյան թատրոնի պատմության մեջ անմահացած ծնունդով թիֆլիսեցի բեմադրիչ Ռուբեն Մամուլյանի անունը լայնորեն հայտնի է: Սակայն քչերին է հայտնի ամերիկյան թատրոնի մեկ այլ ծնունդով թիֆլիսեցի Ռուբենի անունը: Խոսքը բեմանկարչության խոշոր դեմք Ռուբեն Տեր-Հարությունյանի մասին է, որի ծննդյան 100-ամյակը լրանում է այս տարվա հուլիսի 24-ին...

Նա ծնվել էր 1920-ին, Թիֆլիսում, իրավաբանի ընտանիքում: Մայրը երաժշտաստեղծ Արմեն Տիգրանի ավագ քրոջ՝ Հայկանուշի դուստրն էր: Նաև նրա ազգականուհիներից էր բալետի հայազգի առաջին պարուհիներից մեկը՝ 1910-ականներին Թիֆլիսի օպերային թատրոնում հանդես եկած Տատյանա Վաղարշակի Սեյլանովան:

Չկամենալով ապրել բոլշևիկյան Վրաստանում՝ Տեր-Հարությունյանները 1921 թվականին տեղափոխվել են Փարիզ, իսկ 1927-ին հաստատվել Բեռլինում: Այստեղ Ռուբենը ստացել է երաժշտական կրթություն և որպես դաշնակահար համերգներ տվել Քյոլնում, Համբուրգում, Մյունխենում, սակայն 1930-ականներին Փարիզում գնդապետ դե Բազիլի «Բալե ռյուս» խմբի ելույթները նրան ներշնչել են զբաղվելու բալետի և օպերայի բեմական և հագուստների ձևավորմամբ: Նացիստական Գերմանիայում Տեր-Հարությունյանները գերմանաբնակ շատ այլ հայերի պես ստիպված են եղել իրենց արիացի լինելն ապացուցող փաստաթղթեր ունենալ, ուստիև նա դժվարություն չի ունեցել ուսանելու Բեռլինի «Ռայման» արվեստի դպրոցում (1939–1941), Բեռլինի Ֆրիդրիխ-Վիլհելմ համալսարանում (1941–1943) և Վիեննայի համալսարանում (1943–1944)՝ հաճախելով երաժշտության, թատրոնի, գրականության և փիլիսոփայության դասընթացներին: 1940–1943 թթ. ձևավորումներ է կատարել Բեռլինի, Դրեզդենի և Վիեննայի օպերային թատրոններում: Հատկապես նշանակալից էին 1942-ին Դրեզդենում ներկայացված չեխ երաժշտաստեղծ Սմետանայի «Վաճառված հարսնացուն» կատակերգական օպերայի և 1944-ին Վիեննայում բեմադրված Շտրաուսի «Սալոմե» օպերայի ձևավորումները: Նաև կինոերաժշտություն է ուսանել Բեռլինի Երաժշտության բարձրագույն դպրոցում: Միաժամանակ, պատերազմի տարիներին նա ԱՄՆ երրորդ բանակի հատուկ ծառայությունների համար որպես ձևավորող է աշխատել Բավարիայում և Հայդելբերգում:

1950-ին Տեր-Հարությունյանն իր արվեստը կատարելագործել է Փարիզի Գեղարվեստի դպրոցում: Արդեն 1950-ին Փարիզի «Օպերա-կոմիկում» ձևավորել է Ժան-Ժաք Էտչեվերիի՝ Չայկովսկու կոնցերտի հիման վրա ստեղծված բալետը։ Այդ առթիվ «Նուվել լիտերեր»-ում Ռընե Ժուգլեն գրել է. «Գալով Պ. Տէր Յարութիւնեանի ՙտէքոռ’ին, ինծի կը թուի թէ կը ձգտի դէպի երաժշտութեան ձևակերպումը, գոյներու և գիծերու համեմատութիւններով։ Կը ստեղծէ, շատ բաց զգեստներով, հատընտիր մթնոլորտ մը» («Յառաջ», 12.03.1950):

1951-ին Տեր-Հարությունյանը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում (Նյու Յորք)՝ կարճ ժամանակում դառնալով Բրոդվեյի փնտրված թատերական նկարիչներից մեկը: 100-ից ավելի օպերային, բալետային և դրամատիկական ներկայացումներ է ձևավորել Սի Բի Էս, Էյ Բի Սի, Էն Բի Սի հեռուստաընկերությունների, Մետրոպոլիտեն օպերայի և այլ թատրոնների համար: Նրա ձևավորած ներկայացումների ցանկը մի քանի էջ կարող է լցնել, ուստիև նշենք մի քանիսը՝ «Նոյը և ջրհեղեղը» (հեռուստաբեմադրություն), «Հենզելն ու Գրետելը», «Կախարդական սրինգը», «Կապույտ մորուքի դղյակը», «Իվանով», «Ուրախ այրին», «Պելեաս և Մելիսանդա», «Իսպանական ժամը», «Հիշատակներ».... Իր բոլոր հղացումներով ինքնատիպ Տեր-Հարությունյանը մշտապես իր արվեստի դրոշմն է դրել բեմական հարդարանքների և բազմազան տարազների ձևավորումների վրա՝ արժանանալով ամենախիստ քննադատների հիացմունքին: Արժանացել է «Անտուանետ Փերի», հեռատեսիլի «Էմմի» և հեղինակավոր «Թոնի» մրցանակներին՝ 1959-ին, «Կարմրագլուխը» ներկայացման ձևավորման համար:

Տեր-Հարությունյանը սերտորեն համագործակցել է երաժշտաստեղծներ Իգոր Ստրավինսկու, Քշիշտոֆ Պենդերեցկու (ձևավորել է նրա «Լուդյոնի սատանաները» օպերայի ամերիկյան բեմադրությունը), Լեոնարդ Բերնսթայնի, բալետմայստերներ Մարթա Գրեհեմի, Փոլ թեյլորի, Գլեն Թեթլիի և հատկապես իր համաքաղաքացի, վրացական ծագումով ամերիկյան մեծանուն բալետմայստեր Ջորջ Բալանչինի (Բալանչիվաձե) ու նրա ղեկավարած «Նյու Յորք սիթի բալե» խմբի հետ, որը տևել է քառորդ դար: Տեր-Հարությունյանն է ձևավորել Ջորջ Բալանչինի «Կարապի լիճը», «Առլեկինիադա», «Յոթ մահացու մեղք», «Կոպելիա», «Մոցարտիանա» և այլ բալետներ, իսկ «Մարդուկ-Ջարդուկի» բալանչինյան բեմադրության նրա ձևավորումը (առաջին ներկայացումը՝ 1964-ին) համարվում է ամերիկյան բեմական նկարչության գլուխգործոցներից:

1961-ին նրան հանձնարարվել է Շեքսպիրի ամերիկյան փառատոնի առթիվ Սթրեթֆորդում (Քոնեքթիքութ նահանգ) բեմադրած թատերախաղերի բեմազարդերի և հագուստների ձևավորումը («Ջոն արքա», «Կամակոր կնոջ սանձահարումը», «Վենետիկի վաճառականը», «12-րդ գիշեր», «Անտոնիոս և Կլեոպատրա» և այլն): Ժամանակի քննադատների կարծիքով՝ նրա հղացումները լիովին համապատասխանել են շեքսպիրյան դարաշրջանի ինքնատիպությանը և եղել են պատմականորեն ճշմարիտ:

Բեմադրություններ է ձևավորել նաև Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի օպերային թատրոնների, Միլանի Լա Սկալայի, Համբուրգի քաղաքային օպերայի, Փարիզի Օպերա-կոմիկի, Իտալիայի Սպոլետոյի փառատոնի համար:

Այս արվեստագետը շատ քիչ մասնակցություն է բերել նաև մեծ և փոքր էկրանին՝ որպես ձևավորող նկարիչ և զգեստանկարիչ մասնակցելով Ջորջ Շեֆերի «Կամակոր կնոջ սանձահարումը» (1956) և «Փոթորիկ» (1960), Թոնի Ռիչարդսոնի «Սիրվածը» (1965), Օտտո Փրեմինջերի «Այսպիսի լավ ընկերներ» (1971) կինոնկարներին և «Պրոդյուսերական ցուցափեղկ», «Բելի հեռախոսի ժամը» հեռուստաշարքի որոշ ֆիլմերի: Նրա անունը երևում է նաև Ջորջ Բալանչինի «Մարդուկ-Ջարդուկը» բեմադրության կինոտարբերակում, որ 1996-ին ստեղծել է Էմիլ Արդոլինոն:

Նրա ստեղծած զգեստները կրել են բեմի և էկրանի մի շարք մեծանուն աստղեր, այդ թվում՝ Քեթրին Հեփբըրնը, Վիվիեն Լին, Ջոան Սազերլանդը, Աննա Մանյանին, Էլլա Ֆիցջերալդը, Ռենատա Տիբալդին, Լիլի Փալմերը, Մորիս Շըվալյեն, Ռիչարդ Բարթոնը, Ջոն Գիլգուդը, Դանա Էնդրյուսը, Ռոդ Սթայգերը, Ռուդոլֆ Նուրեևը, Միխայիլ Բարիշնիկովը և այլք: Ի դեպ, Նուրեևը մտերիմ է եղել Տեր-Հարությունյանի հետ, 1983 թվականի հունվարին միասին վերջին հրաժեշտի այցով եղել են իրենց ընդհանուր ընկերոջ՝ մահամերձ Ջորջ Բալանչինի մոտ Մտերիմ է եղել Մառլեն Դիթրիխի, Ալեքսանդր Քոհենի, Ջորջ Քյուքորի, Ռոզալինդ Ռասելի և ուրիշ հռչակավորների հետ

1957-ին «Հայրենիք» օրաթերթում (հուլիսի 31) Տեր-Հարությունյանի հետ հարցազրույց է հրատարակել Վարդգես Ահարոնյանը, որն ամուսնացած էր Ռուբենի ազգականուհու՝ բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի հետ: Այնտեղ նա համոզում է երիտասարդ արվեստագետին անպատճառ այցելել Հայաստան, ինչը Ռուբենն իրականացրել է 1966-ին՝ ընդամենը երկու օրով լինելով Հայաստանում և Երևանում հասցնելով դիտել իր ազգականի՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունը:

1970–80-ական թվականներին Տեր-Հարությունյանի բեմական և զգեստների ձևավորումները ցուցադրվել են պատկերասրահներում, թանգարաններում և գրադարաններում: Նրա ձևավորմամբ վերջին բեմադրությունը «Ցտեսություն, Ֆիդելն» էր (1980): 1989-ին «Լինքոլն» կենտրոնի արվեստի հետազոտությունների կենտրոնին նվիրել է իր 700 նկարները:

Ռուբեն Տեր-Հարությունյանը եղել է բազմակողմանի զարգացած անձնավորություն՝ հայերենի, ռուսերենի, անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և իտալերենի քաջիմացությամբ: Լինելով մոլի ընթերցասեր՝ նա կարողացել է օրական մինչև երեք գիրք կարդալ և հիշել բոլոր մանրամասները: Նրա մասին գրվել է, որ աշխատում է շատ արագ, «անսպառ եռանդով և գերմանական կանոնավորությամբ», հոգնել չգիտե, և որ նա «լավ մարդ է և լավ ալ հայ»: Ռուբենը եղել է որոշ առումով արտակենտրոն անձնավորություն, ձմռան ցրտին տնից հաճախ է դուրս է եկել առանց վերարկու: Եղել է երդվյալ ամուրի և ժառանգներ չի թողել: Մտերիմ է եղել Դրո Կանայանի որդեգրուհու որդու՝ Դրո Բրուտյանի հետ, որն էլ 1993-ի հոկտեմբերի 17-ին հայտնել է 72 տարեկան հասակում լեգենդար Ռուբեն Տեր-Հարությունյանի մահվան մասին...

 

Հեղինակ՝ Արծվի Բախչինյան