Մեր ամբողջ ազգային գաղափարախոսությունը հիմնվում է «Ջոջաց տան» կամ «Սասնա ծռեր» դյուցազնավեպի վրա

Հողը պնդացնելու ժամանակն է

Հեքիաթասաց, կրոնագետ Հայկ Կիրակոսյանը տարիներ շարունակ ուսումնասիրել   է ազգային էպոսը, որի ակունքներում փնտրել է դարավոր և համաժողովրդական կենսափորձով հաստատված ճշմարտությունները: Սեփական ինքնության արմատների փնտրտուքը նրան տարել է դեպի մեր ժողովրդական հեքիաթները, ազգային բանահյուսությունն ու «Սասնա ծռեր» դյուցազնավեպը: Վստահ է, որ հենց էպոսում է գտել մեր ժողովրդին մշտապես հուզող հարցերի պատասխանները, որ հատկապես օրախնդիր են այսօր: Ինչ ուղերձներ ունի  հայկական էպոսը հայ ժողովրդին. «Սասնա ծռերի» ուղերձների, գաղտնագրերի ու պատգամների մասին «ArtCollage»-ը զրուցել է Հայկ Կիրակոսյանի հետ:

 

-Մեր էպոսն ազգային կենսափորձով ու փիլիսոփայությամբ ստեղծված բազմաթիվ գաղտնագրեր ունի: Ի՞նչ ուղերձներ են դրանք պահպանել այսօրվա հային ու քաղաքացուն:

-Ջոջաց տան գիրքը, որի համահավաք տարբերակը նաև անվանում ենք էպոս, դյուցազնավեպ կամ արարչագիր, մեր ժողովրդի կյանքի ամենատարբեր դրվագների վրաբերյալ ուղերձներ ունի: Եվ ասել, թե մեր էպոսը վերաբերվում է անցյալին, կնշանակի ոչինչ չասել, որովհետև էպոսը գիրք է նաև ներկայի և հավասարապես՝ ապագայի մասին: Բայց մի բան հստակ է այս գրքում. այն է՝  որևէ պարագայում հուսահատության, կասկածի թույնը որևէ կերպ չի մտնում Ջոջաց տան բնակիչների սիրտը: Ավելին, մենք ունենք հատուկ մի կերպար՝ Կրո  անունով, որը երբ սով է ընկնում Սասունում, ասում է՝ ինչիս է պետք ոսկին, երբ որ հաց չկա և կասկածի տակ է առնում որ ընդհանրապես հաց կիլնի: Ասում է՝ աչքովս տեսնեմ, չեմ հավատա: Հաջորդ օրն իսկ այդ հարցը լուծվում է, և հենց Կրոյին նշանակում են հաց բաժանող: Բայց ինքն իրեն կոպիտ ու վատ է պահում. հացը բաժանում է, բայց ինքը չի ուտում և անգամ կյանքին վերջ է տալիս: Այսինքն, թերահավատությունը, կասկածի թույնը տարածելը որևէ մեկին  անթույլատրելի է: Հիմա ամենից կարևոր հենարանը մեր ոգեղենությունն է: Անկարելի կլինի կառուցել տնտեսություն, եթե գործարարների ոգեղենությունն ընկած է, նույնը և ռազմարդյունաբերության, կրթության, առողջապահության ոլորոտներում: Եթե մարդը մի ոտքով էստեղ է, մի ոտքով մատծում է էստեղ չլինելու մասին, չի հավատում վաղվա օրվան, ապագայի որևէ նախաձեռնություն հարվածի տակ է: Ոգեղենությունը բոլոր ազգային գործիչների, բոլոր նվիրյալների թիվ մեկ անելիքն է: Այո, աշխարհում եղել են պատերազմներ, այո  եղել են պարտություններ, որոնցից պատվով են դուրս եկել տարբեր ժողովուրդներ, տարբեր ազգեր, իսկ մեր՝ հայերիս, պարագայում սա առաջին անգամը չէ, ցավոք: Այսինքն մենք այդ փորձը ունենք: Եվ նախկին իրողությունների մասին անգամ մեր հիշողությունը պահպանել է մազապուրծ լինելու հասկացությունը, բայց որից հետո  մենք պետականություն ենք ստեղծել, աշխարհին տվել ենք համաշխարհային  մասշտաբի գիտնականներ, արվեստագետներ, շախմատի հանճարներ, չեմպիոններ, և նրանք մազապուրծ եղած ազգի սերունդներ էին: Հիմա պատերազմ եղավ իր անդառնալի հետևանքներով, բայց դա չի նշանակում, որ Ջոջաց տան սերունդ հայ  տեսակը իրավունք ունի թևաթափ լինել:

-Որո՞նք են Ջոջաց տան արժեհամակարգի գլխավոր սկզբունքները:

-Ջոջաց տան սկզբունքներն առավել քան հստակ են: Ջոջաց տունը նախ ինքն արդեն մեկ կարևոր սկզբունք է ամրագրում՝ լինել Ջոջ, իսկ դա բնավ ֆիզիկական չափերը չեն, այլ սրտի մեծությունը, սրտի ամրությունը: Եվ երբ որ ասում են մեծ մարդ  առաջին հերթին հենց դա նկատի ունեն: Ես մի անգամ ստուգաբանել եմ ջոմարդ բառը, որը ջոջ մարդ խորունկ իմաստն ունի: Մենք ունենք նաև խոսքը պահելու, առավել ևս երդմանը հավատարիմ մնալու ուղերձը, որը թե՛ Մեծ Մհերի, թե՛ Դավթի պարագայում  խախտելը նշանակում էր անդառնալի հետևանք, այսինքն՝ երդմնազանց լինել: Ջոջաց տան անդամները չեն խաբում, և եթե անգամ մի բան ականջին հաճելի չէ, Աստծուն բարձրաձայնում են կամ անում են այնպես, ինչպես պարտավորվել են: Մյուս կարևոր սկզբունքը բռնած գործը կիսատ չթողնելն է, որովհետև կիսատ գործը թունավորում է և’ ազգին, և’ մարդուն ու ահռելի էներգիա է խլում: Այսինքն, խորհուրդն է, որ կիսատ գործը պետք է լիարժեք մինչև վերջ ավարտին հասցնել: Եվ մենք՝ անհատից մինչև ազգ կարևոր խնդիր ունենք նաև այս սկզբունքին հավատարիմ լինելու:

Եվ, թերևս, ամենակարևոր սկզբունքը. Ջոջաց տուն անվանվում է մեծ հաշվով  ամբողջ հայկական աշխարհը, որովհետև շատ տարբեր անուններ ենք ունեցել՝ Հայք, Ուրարտու, Հայաստան, Խորհրդային Հայաստան, Հայաստանի անկախ հանրապետություն. միևնույն է՝ հայ մարդն առաջնային պիտի ընկալի, որ իր հայրենիքը տուն է, որովհետև Ջոջաց տուն է կոչվում, չի ասում՝ Ջոջաց պետություն, Ջոջաց թագավորություն: Ինչո՞ւ, որովհետև դրանից բխում է ամենակարևոր սկզբունքը, այն է՝ տան օրենքներով և սկզբունքներով հաղորդակցվել իրար հետ: Տան պարագայում պիտի վերանայենք և՛ հարկային մոտեցումները, և՛ կրթական մոտեցումները, և՛ զինվորների հետ կապված մեր մոտեցումները: Միշտ էլ կարելի է որևէ մեկին մեղադրել, բայց մեղադրելը երբեք խնդիր չի լուծում: Մեզ պետք են նվիրյալներ: Եվ ամենակարևորը. շատ մտավորականներ դեռևս ազգային գաղափարախոսություն են մոգոնում, փնտրում: Մենք ազգային գաղափարախոսություն ունենք, և մեր ռահվիրաները, մեր մեծերն իրենց ամբողջ  կյանքը նվիրել են այդ  գաղափարախոսութունը մեզ փոխանցելուն: Եվ դա է պատճառը, որ Գարեգին Սրվանձտյանից մինչև Թումանյան, Կոմիտասից մինչև  Ղազարոս Աղայան կամ Իսահակյան, ուղղակիորեն ներգրավվված են եղել մեր տիեզերավեպը, մեր արարչագիրը փոխանցելու գործին: Ամբողջ ազգային գաղափարախոսությունը, ամբողջ պետականաշինության կառույցը հիմնվում է մեր ազգային  հնագույն գրքի՝ այն է Ջոջաց տան կամ Սասնա ծռեր դյուցազնավեպի վրա:

-Ըստ  էության, Ջոջաց տունը պետության մի յուրօրինակ մոդել է, որն առաջարկում է մեր դյուցազնավեպը: Ո՞րն է այդ մոդելի  առանձնահատկությունը:

-Այդ մոդելն ուղղակի հուշում-բանաձև ունի մեզ համար. ասում է՝ թե խալխ տարով կջոջանան, էդոնք օրով կջոջանան, թե խալխ ամսով՝ էդոնք՝ ժամով, ինչն ուղղակիորեն կասկածի տակ է առնում, թե արդյո՞ք մենք կարող ենք որևէ մոդելներ այլ երկրներից, ժողովուրդներից ընդօրինակելով հասնել որոշակի բաղձալի կետի: Եվ միանգամից էլ գալիս է պատասխանը՝ ոչ, հնարավոր չէ: Այսինքն, մեզ համար բոլոր ոլորտները շենացնելու ուղեցույցը պիտի լինեն էպոսը և էպոսի մեկնաբանությունը հանդիսացող հայ ժողովրդական հեքիաթները: Դարձյալ նշեմ, այդ մոդելը տան սկզբունքն է, իսկ մենք տան ընկալումն ունենք անգամ ինտուիցիոն՝ սրտի մակարդակում, ինչ կարելի տանը անել և ինչ՝ չի կարելի: Իսկ այդ մոդելը բացվում է բոլոր ոլորտներում՝ ընտանիքի կառույց, առողջապահություն, տնտեսություն:

-Էպոսում կարևոր արձանագրումներից մեկը Սասնա ծռերի՝ իրենց առասպելական ուժն ու զորությունը հայրենի հողից ստանալու գաղափարն է: Ազգային կենսունակության ուրիշ ի՞նչ բանաձևեր ունի արարչագիրը:

-Չափազանց կարևոր է, որ երբ Սանասարը և Բաղդասարը դուրս են գալիս թագավորի մոտից, որը հյուրընկալել էր իրենց, գալիս են Սասունը հիմնելու և թագավորի հարցին ի պատասխան, թե ի՞նչ ուղարկեմ ձեզ հետ, ո՛չ զորք են ուզում, ո՛չ ձի, ո՛չ ոսկի, այլ 40 աղքատ ընտանիք: Այդ ընտանիքները գալիս են միայն մի ջորիով կամ մի էշով: Սա նշանակում է, որ ընդգծվում է վստահությունը հողի ու ջրի ուժի հանդեպ, որ  անգամ զրոյական կետից, երբ նյութական որևէ երաշխիք չկա, նվիրումը հայրենի հողին իրենը կանի: Երկրորդ նախադրյալը քրիստոնեաբար ասված հոգու աղքատությունն է, երբ պատրաստ են նոր արժեհամակարգ ընդունել: Ընդհանրապես, սա շատ կարևոր ուղերձ է, որովհետև նոր արժեհամակարգը, նոր մոտեցումը, որ լինելու էր Սասունում, պետք է անվերապահորեն վերաբերվեր այդ ընտանիքի, այդ մեծ տան բոլոր ներկայացուցիչներին: Եվ նույնքան ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ 2 սերունդ հետո Մսրա Մելիքը հավաքեց աշխարհի բոլոր կողմերից զորքեր Սասունի վրա հարձակվելու համար, այդ զրոյական մեկնարկային կետի վրա հիմնված երկիր-տունը կարողացավ այնպես հակամարտել, հակադրվել Մսրա Մելիքին, որ Հալիվորն եկավ, ասաց Դավթին՝ մի կոտորիր խնդրում եմ, մեղք  են էս թշնամական զինվորները. գնա Մսրա Մելիքի հետ հարցերդ լուծիր: Եվ Մսրա Մելիքն աշխարհի չորս կողմերի զորքն ունենալով՝ չկարողացավ Սասունի մեջքը, հայկական ողնաշարը կոտրել: Սրա մասին խոսել են բոլոր մեծերը՝ այդ թվում օտարազգի բրիտանացիներից մինչև հնդիկներ, արաբներից մինչև ռուսներ, որ հայերի հետ չի կարելի խաղալ, և համոզված եմ, որ որևէ ոտնձգություն, որևէ նման քայլ երկարաժամկետ իմաստով չի կոտրելու հայկականության մեջքը, ողնաշարը, այլ հակառակը՝ արթնության ապտակ է լինելու շատերիս համար, բայց արթնության և ոչ թե խոր թմբիրի մեջ գցելու: Այդ առումով մենք դասեր ունենք քաղելու՝ ավելի ազնվանալու, ազնաց որդի և Ջոջ կամ ջոմարդ դառնալու:    

-էպոսի ամենաառեղծվածային  և խորհրդավոր դրվագներից մեկը Փոքր Մհերի՝ Ագռավաքարում փակվելն է և նրա՝ աշխարհ վերադարձի  խորհուրդը:

-Մենք այն փոքրաթիվ ազգերից ենք, որոնք Մեսիայի, աստվածային առաքյալի սպասումն ունեն, և ազգային առումով դա, իհարկե, Ագռավաքարում փակված Փոքր Մհերն է: Բայց կան նշաններ, որոնք սկսվում են տարբեր տիեզերական գործընթացներից և վերջանում այն գործընթացներով, որոնց մեջ գտնվում ենք, և որոնք հուշում են, որ Դավիթը և Խանդութը ներել են Փոքր Մհերին, և նա այլևս  անժառանգ և փակված չի մնալու: Խնդիրը հետևյալն է՝ անժառանգ մնալու և անմահ լինելու անեծքը Դավթից էր, բայց ժայռում փակվելու որոշումը Փոքր Մհերինն էր: Այսինքն, եթե անգամ անմահ ու անժառանգ՝ ինքը կարող է փակված չմնալ, բայց այստեղ ուրիշ մի հանգամանք կար. ասում է՝ հողը խարդախացել է: Ժամանակակից աշխարհը մտնում է մեծագույն փոփոխությունների շրջան, աշխարհը գնում է ինքնաոչնչացման, մարդու և մարդկության հանդեպ տոտալ վերահսկման, շատ բաներ միանգամից դառնում են ծրագիր մարդկությանը նախապես որոշված ինչ-որ ուղղությամբ տանելու համար: Այս և այլ նշաններ փաստում են, որ Փոքր Մհերը դուրս է եկել Ագռավաքարից և ժամանակն է, որ մենք մեր հողը պնդացնենք: Ի դեպ, մենք ունենք պատումներ, որոնցում Փոքր Մհերը նաև որդի ունի: Համահավաք տաբերակում մեր մեծերը սա չեն ներառել և դա արել են ոչ պատահաբար, որպեսզի գա ժամանակ, երբ մենք էլ ավելի մեծ ուշադրությամբ կքննենք մեզ ավանդվածը և կտեսնենք որ այո Փոքր Մհերը ժառանգ ունի, ինչը միանգամից հանում է Դավթի անեծքը, իսկ ժառանգականությունն այն երաշխիքն է, որից հետո Ջոջը կարող է և լքել այս աշխարհը: Աշխարհին Հայաստանից միշտ լույսի ալիք է գնացել, և՛ ջրհեղեղի պատմությունն է դա փաստում, և՛ քրիստոնեությունը,և՛ արաբական նվաճումների խարխլման սկիզբը և՛ Խորհրդային Միության փլուզման հետ մենք կապ ունեինք: Լավ թե վատ, այդ պրոցեսների հիմքում հայերն էին, էնպես որ պետք է մեզ հաշիվ  տանք, որ հողը պնդացնելու ժամանակն է:

-Հետպատերազմական ցնցումների մեջ ապրող մեր ժողովուրդն իր  փրկության գաղտնագրերը պետք է փնտրի էպոսում: Ի՞նչ է պատգամում մեզ ազգային հավաքական իմաստնությունը:

-Այո, ունենք պատգամներ, որոնցից ամենակարևորը՝ որևէ պարագայում իրավունք  չունենք հուսահատվելու, մտածելու, որ սա վերջն է: Եվ, ընդհանրապես, ցանկացած վերջ մի կարևոր, նոր ու արժեքավոր բանի սկիզբն է: Իսկ ուղերձը շատ հստակ է՝ որ աշխարհ կավերվի ու նորը շինվի, երբ որ ցորեն էղնի քանց մասուր մի, ու գարին էղնի քանց ընկուզ մի, էն ժամանակ հրամանք կա, որ դուրս գանք էնտեղեն: Մեր անելիքը ցորենը՝ մասուրի և գարին՝ ընկուզի չափ դարձնելն է, որովհետև այդտեղ չափից ավելի մեծ խորհուրդ կա: Տեսեք, հասկանալ բառի արմատը հասկն է, և երբ մենք կարողանում ենք սերմը մեր ներսում վերածել հասկի, իսկ անօգուտ է սերմը հասկի վերածել, եթե հասկը մեկին՝ 100, մյուսին՝ 500, իսկ մյուսին՝ 1000 պտուղ չի տալու, այսինքն հասկանալը միշտ նշանակում է ավելիով մի բան ընդունել: Եվ այդ ժամանակ ունենում ենք մասուրի չափ ցորեն ու ընկուզի չափ գարի և կարողանում ենք օրով մեծանալ՝ տարվա փոխարեն: Եվ պետք չի տխրել, որ ժամանակ ու ռեսուրս  չունենք: Այդ ժամանակ միշտ պետք է հիշել այն 40 ընտանիքները, որ ոչինչ չունեին և հիմնեցին մի պետություն, մի երկիր, մի տուն, որը Եգիպտոսի հետ կարողացել է փայլուն կռիվ տալ: Սա արդեն մեզ է փոխանցվել եգիպտական արձանագրություններում:

 

Զրուցեց Նունե Ալեքսանյանը