Մեծ մենակյացը՝ Թոմաս Փինչըն

Նա համարվում է ապրող անգլիագիր գրողներից թերևս խոշորագույնը, ժամանակակից դասական։ Նրան համեմատում են կինոաստղ Գրետա Գարբոյի հետ, որը հրաժարվելով հանրային կյանքից, ասել էր․ «Ուզում եմ մենակ մնալ»։ Նա հանելուկային մի անձնավորություն է․ ոչ ոք չգիտի, թե որտեղ է բնակվում, հարցազրույցներ չի տալիս, իսկ նրա սակավաթիվ հայտնի լուսանկարներն արված են պատանեկան հասակում։ Ոմանք նույնիսկ երկար ժամանակ չէին հավատում, որ Թոմաս Փինչընը գոյություն ունի, ուրիշներն էլ կարծում էին՝ այդ անվան ներքո թաքնվում է հեղինակային խումբ։ Այդուհանդերձ, հատուկենտ մարդիկ նրան տեսել են ու զրուցել հետը, նկարագրել այդ հանդիպումներն իրենց հրապարակումներում։

Նրա գործերը հանրագիտարանային բնույթ ունեն ու ընդգրկում են քաղաքականության, կրոնի, գիտության, տեխնիկայի, քարտեզագրության, փոփ մշակույթի ու այլ երևույթների տարրեր։ Վերջին 60 տարիների ընթացքում նա քննադատների ուշադրության կենտրոնում է, նրա ստեղծագործության վերաբերյալ երկու տասնյակից ավելի ատենախոսություններ են գրվել․ հետազոտողների այդ անսովոր հետաքրքրությունն իր անունն է ստացել՝ «փինդասթրի»։ Վաղուց արդեն Փինչընը համարվում է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի ամենահավանական թեկնածուներից մեկը։ Նրա գործերը դժվարընթեռնելի են, անպատրաստ ընթերցողի համար խրթին, մեծ ճիգեր թափելով միայն կարելի է բացահայտել դրանց թաքուն իմաստները։ Ասում են, որ Փինչընի տեքստերը ընթերցողը հաղթահարում է այնպես, ինչպես անցնում են խիտ բուսականության, մացառուտների միջով․ շատ բան չի երևում, ոչ էլ ելքն է կանխատեսելի։ Նրա վեպերն անպատկերացնելի են առանց հասարակական հակամարտությունների, դավադրաբանական տեսությունների, գաղութային միֆերի, լաբիրինթոսների, սև հումորի, սեռական բնույթի ծայրահեղությունների։ Նրա աշխարհը բնակեցված է սոցիալական հեղափոխականներով, դատարկապորտներով, թափառաշրջիկներով, հարբեցողներով, անբարոյականներով, պսիխոպաթներով, պարանոիկներով։ Սակայն Փինչընի հավանաբար ամենակարևոր ներդրումը գրականության մեջ նրա նորարարական ոճն է, գրելաձևի սահմանների ընդլայնումը, որով նա հսկայական ազդեցություն է ունեցել գրական ընթացքների վրա։

Փինչընի կյանքում ամեն ինչ միֆականացված է․ համարվում է, որ նրա նախնի Ուիլյամ Փինչընը գրել է Նոր Աշխարհում արգելված առաջին գիրքը։ Թոմաս Ռագլզ Փինչըն-կրտսերը (այլընտրանքային գրելաձևը՝ Փինչոն) ծնվել է 1937 թ․՝ Լոնգ Այլենդում (Նյու Յորքի նահանգ)։ Գրել սկսել է դեռ դպրոցում, 1953-ին ընդունվել է Կոռնելի համալսարանում ամենաբարդը համարվող «ճարտարագիտական ֆիզիկա» բաժինը, սակայն երկու տարի անց թողել է ուսումը ու ծառայության անցել նավատորմում։ Հետագայում նա վերադարձել է համալսարան՝ որպեսզի ուսումնասիրի անգլերենը, և կարծիք կա, որ այնտեղ նրան դասավանդել է Վլադիմիր Նաբոկովը։ Հանրակացարանում Փինչընի հարևանը երգիչ և գրող Ռիչարդ Ֆարինյան էր, որն իր կարճ կյանքի ընթացքում հասցրեց մեկ վեպ գրել, և որին Փինչընը նվիրել է իր «Ձգողության ծիածանը» վեպը։ 1960-ին Փինչընը տեղափոխվում է Սիեթլ և աշխատում «Բոինգ» ընկերությունում՝ որպես տեխնիկական տեքստերի հեղինակ (իզուր չէ, որ հրթիռները, հատկապես «Ֆաու-2»-ը, հաճախ են հանդիպում նրա ստեղծագործություններում)։ Սիեթլի մասին նա արտահայտվել է իրեն բնորոշ ցինիզմով. «Եթե այդ քաղաքում մարդիկ չբնակվեին, այն հրաշալի վայր կլիներ»։

Որպես գրող Փինչընը զարմանալիորեն արագ է ձևավորվել․ «Էնտրոպիան» այն վաղ պատմվածքներից է, որում արդեն նկատելի է Փինչընի ոճը։        1963-ին հրատարակված  նրա առաջին՝ «V.» վեպը մեծ հաջողություն ունեցավ և արժանացավ Ֆոլքների մրցանակին։ Ի դեպ, վեպի հրատարակությունից հետո մի տեսակետ հայտնվեց, ըստ որի գրքի իրական հեղինակը գրող Ուիլյամ Գեդիսն էր։

«V.»-ն հանելուկային անծանոթուհու հետապնդումը ներկայացնող դետեկտիվ էր։ Տարբեր  ոճերի միախառնմամբ ստեղծված այս պատումը 1950-ականների Ամերիկայից տանում է նախորդ տասնամյակների տարբեր երկրներ, և փնտրտուքները վերածվում են պատմության բուն իմաստի քննության։

Հաջորդ վեպը՝ «Լալիս են 49-րդ լոտը», որը Փինչընը գրել էր Մեքսիկայում, ստացավ Արվեստների և գրականության ազգային ինստիտուտի մրցանակը։ Փինչընյան զուսպ հումորով գրված վեպում հանդիպում են համաշխարհային սյուժեներ՝ հունական դիցաբանության, Ոդիսական, Աստվածաշունչ, Համլետ, Ուլիսես, Լոլիտա։  

1973-ին հրատարակված «Ձգողության ծիածանը» վեպը «Թայմ» ամսագիրը ներառել է բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերի շարքում։ Դրանում Փինչընը վեր է հանում պատերազմի բերած պայմանականությունները․ պոստմոդեռնիզմի այս աշխարհում հոգեկան հիվանդներին հիվանդապահներից դժվար է տարբերել, նույնը կարելի է ասել այդ աշխարհի կառուցման հեղհեղուկ սկզբունքների մասին։ Թվացյալ քաոտիկ շարադրանքն իրականում գրեթե մաթեմատիկական ճշգրտության հենք ունի, սակայն ամիսների ու տարիների աշխատանք է պետք այդ բոլոր կապերն ու առնչությունները բացահայտելու համար։ Այսպես, «Ձգողության ծիածանում» հաճախ հանդիպում են Տարոյի խորհրդանշանները, սակայն քչերն են դրանց ծանոթ։

Անտեսելով քաղաքական բարեկրթության կանոնները՝ Փինչընը տարբեր դիտանկյուններից ուսումնասիրում է դեռ նոր-նոր ծագող համաշխարհային խնդիրները, որոնք հետագայում տիրապետող էին դառնալու․ «Եթե ​​նրանք ստիպեն քեզ սխալ հարցեր տալ, նրանց անհանգստություն չի պատճառի պատասխանելը»։ Վեպում նա հակադրում է մետրոպոլիաները և գաղութները, քրիստոնյա Եվրոպան համեմատում է մահվան ու անկման, իսկ գաղութները՝ կյանքի վայելքի հետ, ինչի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում այնտեղ տիրող «թանձր լռությունը»։  

Վեպում բազմանշանակության օրինակներից մեկը այսպես կոչված «Նրանք» են․ հերոսները հաճախ մտաբերում են ինչ-որ Նրանց, որոնց տարբեր դրվագներում տարբեր կերպ կարելի է ընկալել՝ իբրև գերագույն առաջնորդերի, տրանսազգային կարտելների կամ նույնիսկ աստվածների, նաև իբրև դավադիրների, թշնամիների․․․ Նրանց իշխանության աղբյուրը մահն է, գործող անձանց սարսափը, սակայն եթե վերջիններս հավատան, որ Մահը Նրանց էլ կարող է տիրել, Նրանց իշխանությունը կչքվի․․․ Որոշ պահից սկսում է թվալ, որ գործող անձինք գլխավոր կերպարի՝ Սլոթրոփի (հայերեն տարբերակում՝ Դինջրոփ) զառանցագին գիտակցությունում են ծագել, իսկ երբեմնէլ՝ որ Սլոթրոփն էլ է պատրանք․․․ Սլոթրոփն ինքը երկար փնտրտուքներից հետո հանգում է այն եզրակացության, որ «ամեն բան էլ դավադրություն է»։

Չգիտեմ, կա՞ն  արդյոք  ընթերցողներ, որոնք ամբողջությամբ վերծանել են «Ձգողության ծիածանում» թաքցված իմաստները․ անկախ ամեն ինչից, 400-ից ավելի կերպարներ ունեցող վեպը ներառում է բազում դրվագներ ու առանձին հատվածներ, որոնց արժանիքներն անուրանալի են։

***

«Ձգողության ծիածանը» արժանացավ ԱՄՆ Գրքի ազգային մրցանակին և առաջադրվեց Պուլիցերյան մրցանակի, սակայն ժյուրիի որոշ անդամներ, խախտելով մրցանակի կանոնադրությունը, թույլ չտվեցին պարգևատրել իրենց կարծիքով «անընթեռնելի», «ճոռոմ» և «անպարկեշտ» վեպի հեղինակին: Նշենք, որ ինչպես և Սարոյանը (Ֆրեզնոյի հիշատակումներին հաճախ ենք հանդիպում Փինչընի վեպերում), «Ծիածանի» հեղինակը ևս թերահավատորեն է տրամադրված գրական մրցանակների հանդեպ։

2022-ին Հայաստանը միացավ այն երկրների շարքին, որոնք հրատարակել են փինչընյան գլուխգործոցի թարգմանությունը։ Տարիներ շարունակ տքնաջանորեն կատարելով այդ աշխատանքը՝ Արտաշես Էմինը հիրավի թարգմանչական սխրանք է գործել։

Երկարամյա դադարից հետո 1990-ին լույս տեսավ Փինչընի հաջորդ վեպը՝ «Վայնլենդը»։ Դրանում էլ Փինչընի ուշադրության կենտրոնում էին ամերիկյան փոփ մշակույթի վառ կերպարները և ապրանքանիշերը։

Հեղինակի ամենածավալուն՝ «Մինչև այդ օրը» (կամ՝ «Ընդդեմ օրվան») էպիկական պատմավեպը լույս տեսավ 2006 թվականին: Գրքում ներկայացվող իրադարձությունները տեղի են ունենում 1893 թվականի Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսի և Առաջին համաշխարհային պատերազմին անմիջապես հաջորդող ժամանակների միջև։ Ցուցահանդեսը նա այսպես է նկարագրում․ «Թվում էր, թե տաղավարները ներկայացնում են ոչ թե աշխարհի ժողովուրդներին, այլ Մահացու մեղքերը»։ Անողոք է պատերազմի վերաբերյալ նրա եզրահանգումը․ «Եթե ​​պատերազմն անսպասելի էր հասարակության համար, ապա ոչ թե բուն պատերազմը, այլ հասարակության կուրությունն էր Մեծ ողբերգությունը»։ Վեպը ներառում է հարյուրից ավելի կերպարներ, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում, Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Աֆրիկայում և Փինչընի խոսքերով՝ «մի երկու վայրում, որոնք ընդհանրապես քարտեզի վրա չեն պատկերված»: 

Այս պահին Փինչընի ութ վեպերից վերջինը 2013 թ․ հրատարայված «Սահմանաեզր»՝ սյուրռեալիզմի ու հեքիաթի տարրերով դետեկտիվն է։ «The Washington Post»-ի գրախոսականում գիրքը բնութագրվում էր հետևյալ կերպ․ «Բանահյուսական հանդգնությամբ ու փայլով, ինչպես նաև դավադրությունների ներսում կրկին դավադրություններով լեցուն «Սահմանաեզրը» բոլորովին խելահեղ է, լիովին հրաշալի»։ 

Փինչընի ազդեցությունը նկատելի է առաջատար գրողներից շատերի վրա՝ Ումբերտո Էկոյից մինչև Ջոնաթան Ֆրանզեն և Դեյվիդ Ֆոսթեր Ուոլես։ Գրող Դոն Դելիլոյի խոսքերով՝ Փինչընը կտրուկ «բարձրացրեց նշաձողը», ու նրա բերած նոր չափանիշներին ստիպված են հարաբերվել ժամանակակից բոլոր արձակագիրները։

Փինչընի գործերում հաճախ ենք հանդիպում հայազգի կերպարների, ինչը, մեր համոզմամբ, պոստմոդեռնիստական գրականությունում բավական տարածված երևույթ է։ Այսպես, գրողի երրորդ՝ «Ցածրավայր» պատմվածքում հայտնվում է առաջին հայի կերպարը․ բուռն ու անկանխատեսելի բարմենուհի, «Զենոբիա անվամբ հայ գաղթականուհին»։ Այդ անսովոր անունը թերևս հղում է Հայաստանի թագուհի Զենոբիա Իբերիացուն (մ․թ․ 1 դար)։ Քննադատները կապ են տեսնում Զենոբիայի ու Թոմաս Սթեռնս Էլիոթի Դիդոնեի և Կլեոպատրայի միջև։ Իսկ ծրագրային «Էնտրոպիա» պատմվածքում` նկարագրելով Վաշինգտոնի արտագնա աշխատողների կյանքը, Փինչընը գրում է․ «Նրանք կարող էին շաբաթներով լռվել հայկական ճաշարաններում և, բացի այդ, հրավիրում էին ձեզ ցլամարտի պաստառներով ձևավորված փոքրիկ խոհանոցներում փորձել գառան մսով բլղուր»։

Նրա վաղ շրջանի «Վարդի տակ» (1959) պատմվածքում հայտնվում է մեկ այլ հայի կերպար՝ կավատ Վարքումյանը, որը պնդում է, թե «ճանաչում է Կահիրեի բոլոր մարդասպաններին»։ Պատմվածքը գրելիս Փինչընն օգտագործել է Կահիրեի ճամփորդական ուղեցույցը, թերևս այն էլ հուշել է հայի կերպար մտցնելու միտքը։ Այս Վարքումյանին հանդիպում ենք նաև նրա առաջին խոշոր հաջողությունը հանդիսացած «V.» վեպում։ Նույն վեպի կերպարներից է նաև «իռլանդահայ հրեա Ֆերգյուս Միքսոլիդյանը», որն ունի բազմաթիվ ստեղծագործական նախաձեռնություններ՝ բոլորը կիսատ, քանի որ չափազանց ծույլ է․․․

«49-րդ լոտ»-ի հերոսուհի Էդիպան ծանոթանում և մի քանի անգամ հանդիպում է հայազգի Մայք Ֆալոպյանին, որը ձախ հակասական հայացքների կրող է ու մասնավոր փոստային ծառայությունների մասին ուսումնասիրություն է գրում։ Նա բազմիցս ուղղորդում է հերոսուհուն, իսկ վերջին հանդիպման ժամանակ վեպի թերևս ամենախելացի հարցադրումն է անում․ արդյո՞ք որևէ մեկը կնոջ գլխին օյին չի խաղում, նրա հետ տեղի ունեցող պարանոիդալ հետապնդումները չար կատակ չե՞ն։

Ենթադրաբար հայկական է նաև «Ձգողության ծիածանի» հերոսներից Իգոր Բլոբաջյանի ազգանունը․ այս անձնավորությունը ԽՍՀՄ-ում թուրքական նոր այբուբենը կազմող կոմիտեի մասնակիցներից է, որին Բաքվում ընդդիմախոսների կատաղի ամբոխը քիչ է մնում մորթի յաթաղանով։

Մեզանում Փինչընի անվան առաջին հիշատակությունը թերևս Փարիզի «Յառաջ» թերթի 1977 թ․ հուլիսի 3-ի համարում Խաչիկ Թոլոլյանի (Թեոլեոլյան) հպանցիկ անդրադարձն է վիպասանական նոր սերնդին, որի «թագն ու պարծանքն է ինծի համար ամէնէն սիրելին՝ Թամըս Փինչըն»։ Թոլոլյանը Փինչընին նվիրված գիտական հոդվածների հեղինակ է և «Փինչըն նոութս» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր համախմբագիրը, որը 1979-2009 թթ․ գրողի վերաբերյալ մասնագիտացված հոդվածների հիմնական հրատարակությունն է եղել: 2023 թ․ նոյեմբերին մեզ գրած իր նամակում մեծավաստակ պրոֆեսորը նշել է․ «Որքան գիտեմ, ես Փինչընի միակ հետազոտողն եմ, որը մեկ անգամ հանդիպել է Ծերուկ Թոմին»։

1990-ին մեկ այլ սփյուռքահայ գիտնական՝ Թեոդոր Խարբերդյանը հրատարակել է Փինչընին վերաբերող հիմնարար գրքերից մեկը՝ «Ձեռք՝ ժամանակը դարձնելու համար»։

Այսօր էլ գրականագետների և ընթերցողների դեգերումները շարունակվում են Փինչընի դժվարամատչելի աշխարհում։ Այնինչ համաշխարհային գրականության անզուգական «դավադրապաշտը», որը հիսուն տարուց ավելի ծավալուն բեսթսելերներ է հրապարակում, այսպես է նկարագրում գրողի աշխատանքը․ «Պարապ երազելը հաճախ մեր գործի բուն էությունն է։ Մենք վաճառում ենք մեր երազները»։

 

Աշոտ Գրիգորյան