Մանուկների կոտորածը

Գերմանական «Pop Verlag Ludwigsburg» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել հայ բանաստեղծ և արձակագիր Սևակ Արամազդի «Արմեն» վեպը։ 

Ստեղծագործությունն առաջին անգամ հրատարակվել է 2009 թվականին՝ Երևանում, 2011 թվականին Մոսկվայում լույս է տեսել ռուսերեն՝ Ալբերտ Նալբանդյանի թարգմանությամբ և ռուս անվանի բանաստեղծուհի, թարգմանչուհի և նկարչուհի Յուննա Մորիցի խոսքով ու նկարազարդումներով։ Վեպի մասին Յուննա Մորիցը գրել է. «Սևակ Արամազդի «Արմեն» վեպը մի խորաթափանց պատմություն է մարդկային ճակատագրի մասին՝ արդի աշխարհում և հասարակության մեջ, որտեղ ամենադժվարն ու ամենավտանգավորը մարդ լինելն է: Այն միաժամանակ լեգենդ է և փաստաթուղթ, առակ և իրադարձությունների կենդանի միջավայր։ Իրականի և վերիրականի հայելային անդրադարձումներն ապրում են այս գրքում՝ խիտ, ինչպես հեքիաթային անտառ և շիկացած տիեզերք: Դա Շեքսպիրի, Էդգար Պոի, Գրիմ Եղբայրների և Հիչքոքի տիեզերքն է»:

«Արմենը» հայերենից գերմաներեն է թարգմանել գերմանագետ Լևոն Սարգսյանը։

Սևակ Արամազդը ընթերցողին հայտնի է իր բանաստեղծական ժողովածուներով և վեպերով, որոնցից  են «Մի մեծ լուսաբաց» (2018թ.), «Արևի լեռը» (2014թ.), «Չփակվող շրջան» (2003թ.), «Երկինք ու երկիր» (2000թ.)

Սևակ Արամազդը ծնվել է 1961թ․ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում, ավարտել է տեղի դպրոցը։ 

Երևանի Վ․ Բրյուսովի անվան Օտար լեզուների և Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանններում ուսանել է գերմանագիտություն և փիլիսոփայություն։

1987թ․ Հայաստանի գրողների միության անդամ է։ Սևակ Արամազդը «Աստղիկ» թարգմանական հանդեսի համահիմնադիրներից է (1987թ․)։ Վարել է հանդեսի գերմանալեզու գրականության բաժինը (մինչև 1993թ․)։ Գերմաներենից հայերեն է թարգմանել Գյոթե, Հայնե, Ռիլկե, Հեսսե, Բյոլ և Թրակլ։ Մի շարք գրականագիտական և խոհափիլիսոփայական հոդվածների հեղինակ է։ Նա գրում է դասական ուղղագրությամբ։ Բնակվում է Գերմանիայում և Հայաստանում։

 

«ArtCollage»-ը բացառիկ իրավունք է ստացել հրապարակելու Սևակ Արամազդի նոր ստեղծագործությունը, որը գրվել է անմիջապես պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։

 

Սեւակ Արամազդ

Մանուկների կոտորածը

Արեւելքի մի մեծ երկրում հնուց ի վեր ապրում է մարդկային մի հանրոյթ, որն ամբողջ կեանքում շրջում է՝ շորի մի կտորով բերանը փակած եւ ոտաբոբիկ, որպէսզի յանկարծ որեւէ կենդանի արարած՝ մի աննշան մրջիւն, մի չնչին մժղուկ, պատահաբար չտրորի կամ կուլ չտայ։ Այդ մարդիկ համոզուած են, որ մի մրջիւնի սպանութիւնը կամ մի մժեղի մահը կարող են խաթարել տիեզերքի հաւասարակշռութիւնը եւ կործանել աշխարհը։ Որովհետեւ կեանքը, մարդը, մրջիւնն ու մժղուկը մէկ են եւ մի։

Արեւմուտքի շատ ժողովուրդների մէջ հնուց ի վեր տարածուած է մի վաղնջական պատմութիւն, թէ ինչպէս երկրի գահը զաւթած թագաւորն իր խորհրդական գուշակներից տեղեկանում է այն անյայտ մէկի ծննդեան մասին, որ յետոյ դառնալու է թագաւոր՝ իր փոխարէն։ Եւ որպէսզի վանի այդ վտանգն իր գահից՝ թագաւորը հրամայում է կոտորել բոլոր նորածին մանուկներին։ Սակայն այն մէկը կամ միակը, որ պիտի փոխարինի նրան, հանգամանքների բերումով միշտ փրկւում է մահից։ Երբ մեծանալով օրերից մի օր փրկուածը դառնում է օրինակարգ թագաւոր, նա սպանուած մանուկներին յայտարարում է իրենց կեանքն արդարութեանը նուիրաբերած սրբազան զոհեր՝ այդպիսով կեանք ու յարատեւութիւն պարգեւելով թագաւորութեանը։  

Աշխարհի մի փոքրիկ երկրում իշխանութեան գլխին կանգնած էր մի մարդ, որը համոզուած էր, թէ հէնց ինքն է այն եզակին, որ աշխարհ է եկել իր ժողովրդին փրկելու վերահաս կործանումից, ուստի ինքն է երկրի բացարձակ տէրը եւ պատասխանատու չէ ոչ մէկի առջեւ։ Կարեւորն իր կամքն է, որ ստեղծում է մի նոր ու երջանիկ իրականութիւն։ Եւ իր իշխանութիւնը սրբազան առաքելութիւն է՝ նախասահմանուած ճակատագրով։ Ինքն այնքան հզօր է ու անպարտելի, որ մարդկային ոչ մի խօսք չի կարող բնորոշել իր մեծութիւնը։ Ուստի, ինքը հէնց նա է, որ անսահմանելի է եւ անանուն։

Անանունը սիրում էր իր ժողովրդին, ինչպէս իր մինուճար որդուն, որովհետեւ յիւրաքանչիւրի մէջ տեսնում էր ինքն իրեն։ Նա զգում էր, որ ամբողջ աշխարհը, ամբողջ տիեզերքը լցուած է իր փառքի շողքով, եւ ինքը չի տեղաւորւում իր հայրենիքի անձուկ սահմաններում։ Մի օր էլ որոշեց ստեղծել մի նոր, մեծ ու ընդարձակ հայրենիք՝ ընդդէմ իր վաղեմի թշնամու, որ դարան մտած՝ նենգաբար սպասում էր իր ժամին։

Եւ եղաւ մեծ պատերազմ։

Իր աթոռին բազմած՝ Անանունը տեսնում էր, թէ ինչպէս է ինքը, զոհուելու պատրաստ, բարձրաղաղակ նետւում առաջ՝ զինավառ պատանիների անհաշիւ գնդեր առաջնորդելով դէպի ռազմադաշտ։ Քառասուն օր ու գիշեր ինքը մնում է մի բարձունքի վրայ անշարժ կանգնած՝ պատերազմի բոցավառ դժոխքի ուղիղ կենտրոնում։ Ոչինչ չի տեսնում շուրջը, միայն լսում է իր ահեղացայտ ձայնը, որ կրակի պէս թափւում է թշնամու գլխին եւ սարսափի մատնում նրան։ Ինքը լքում է բարձունքը միայն այն ժամանակ, երբ իր յաղթական զօրքերը, հասնելով իր երազների սահմանին, ընդունում են գլխովին ջախջախուած թշնամու ծնկասող աղերսանքը։

Յոգնաբեկ ու վաստակած, դէմքին յաղթողի չմարող ժպիտ՝ Անանունը կէս գիշերին լքեց իր նստավայրը եւ սկսեց պտտուել մայրաքաղաքում։ Կուրծքն ուռչում էր երջանկութիւնից, իրեն զգում էր որպէս տիեզերքի տէրը։ Ինքն անմրցելի է, աննախադէպ եւ բացառիկ։ Փողոցները լուռ էին ու ամայի, չէին լսւում ո՛չ տօնախմբութեան ցնծագին ձայներ, ո՛չ հրավառութեան զուարթ թնդիւններ։ Դա նրան տհաճօրէն զարմացրեց․ հաւանաբար, մեծ յաղթանակի աւետիսը դեռ չի հասել մայրաքաղաք։ Վերադառնալով իր նստավայրը՝ Անանունը, առանց հանուելու, խոր քուն մտաւ՝ նոյն յաղթական ժպիտը դէմքին։

Երազում տեսաւ, թէ պատերազմը վերջացել է, եւ ինքը վերադարձել է տուն։ Մտնելով որդու ննջասենեակը՝ նրան կտրում է քնից, որպէսզի միասին գնան ռազմադաշտ՝ տեսնելու թշնամու անհամար կորուստները։ Սառը, անկենդան հայեացքով որդին նայում է իրեն՝ ասես իրեն չճանաչելով, ապա անխօս վեր է կենում տեղից ու հնազանդ հետեւում իրեն։ Քայլում են մթութեան միջով, եւ քիչ անց ինքն անդրադառնում է, որ լսւում է միայն իր ոտնաձայնը։ Շրջւում է եւ զարմանքով յայտնաբերում, որ ինքը մենակ է, եւ որդին չկայ։ Մտքով անցնում է, թէ նա երեւի տուն է գնացել, ու որոշում է միայնակ շարունակել ճանապարհը։ Երբ հասնում է իր երազների կայծկլտուն սահմանին, կանգ է առնում․ շուրջն ամենուր իրար վրայ թափթփուած են անթիւ թշնամական դիակներ, որոնք աղօտ մթան մէջ յիշեցնում են աւազապարկերի անկանոն կոյտեր։ Ակամայ քմծիծաղ է տալիս ու մօտենում։ Հասնելով առաջին դիակին, որ սրտից խոցուած՝ ընկած է քարերի մէջ, ապշահար մեխւում է տեղում․ լուսնի լոյսով նշմարում է, որ դրանք թշնամու զինուորներ չեն, այլ չքնաղ, լուսեղէն մանուկներ՝ չռուած աչուկներով, որ քարացած հայեացքներով նայում են դէպի երկինք, եւ նրանց անբիծ երեսները մահագուշակ փայլ են սփռում գիշերուայ մէջ։ Եւ, ո՜վ սարսափ, բոլորի դէմքերը նոյնն են, եւ դա իր որդու մանուկ դէմքն է։ Կարծես այդ բոլոր զոհուած մանուկներն իր մինուճար որդին են՝ իր իսկ ձեռքով հազար անգամ մորթոտուած․․․     

Երբ սարսափահար արթնանալով՝ Անանունը վեր թռաւ քնից ու վրայ նստեց անկողնում, առաջին բանը, որ զգաց, այն էր, որ ինքն անդառնալի պարտուած է։ Ընդմիշտ։ Յաւիտենապէս։ Երկնքում եւ երկրի վրայ։              

Պարտութեան բօթը կայծակի մոխրացնող ուժգնութեամբ ճայթել էր փոքրիկ երկրի գլխին։  

Դրսում աղմկում էին իր հակառակորդները՝ անթափանց պարսպի պէս պաշտպանելով իրեն ժողովրդի ցասումից։ Նրանք այնքա՜ն անկեղծօրէն էին սպառնում իրեն մահով, հայհոյո՛ւմ ու պահանջո՛ւմ իր հրաժարականը, այնքա՜ն սրտաբուխ էին կանչում իրեն դատ ու դատաստանի՝ անուանելով իրեն «հայրենիքի դաւաճա՜ն», որ մի պահ նոյնիսկ ինքն էլ ցանկացաւ միանալ նրանց։ Սրտապնդուած ժպտաց՝ զգալով, որ միակ իրական բանը, որ այս աշխարհում պատկանում է իրեն, իշխանութիւնն է։ Եւ ինքը տէրն է իր իշխանութեան։

Աշխատասենեակ մտնելիս մի պահ աչքն ընկաւ հրապարակում խռնուած բազմութեանը, որ բողոքելով գալարւում էր ցաւից՝ գլխավերեւում պարզած ինչ-որ ինքնաշէն վահանակներ՝ անթիւ լուսանկարներով, որոնք պատկերում էին լուսաւոր պատանիների՝ զոհուա՛ծ, հաշմուա՛ծ, անհետ կորա՛ծ, գերեվարուա՛ծ, վիրաւո՛ր, անթե՛ւ, անո՛տ, խելագարուա՛ծ․․․ Նրանց հայրերն ու մայրերը, եղբայրներն ու քոյրերը անվերջ ինչ-որ բան էին բղաւո՛ւմ, գոռո՛ւմ, ճչո՛ւմ, ողբո՛ւմ, լալի՛ս, սակայն նրանց ձայները խլանում էին հակառակորդների խառնիճաղանջ ժխորում։

Որոշ ժամանակ Անանունը լուռ ու անհաղորդ դիտում էր այդ տեսարանը՝ զգալով, որ այդ մարդիկ իրեն խորթ են ու օտար, եւ ինքն այլեւս չի տեսնում իրեն նրանց մէջ։ Երբ կրկին քայլ արեց, մի ակնթարթ գլխում ցոլաց իր երազն ու չքացաւ՝ առանց հետք թողնելու։ Իր յետեւից պինդ կողպեց դուռը։  

Հրամայեց նաեւ հանգամանօրէն փակել աշխատասենեակի վարագոյրները, որպէսզի դրսի աղմուկը չկարողանայ թափանցել ներս։ Երբ շուրջը լռութիւն տիրեց, նա յարմար տեղաւորուեց իր աթոռին եւ գլուխն օրօրելով՝ խոր հոգոց հանեց։ «Էս ժողովուրդն էդպէս էլ ոչ մի կերպ չհասկացաւ, թէ ի՛նչ է յաղթանակը,- քմծիծաղով մտածեց նա։- Իսկ ահա պարտութիւնը՝ միանգամից ըմբռնեց»։ Ապա բարձրաձայն աւելացրեց․ «Եւ դա իմ յաղթանակն է»։

Ներս մտաւ ոտքից գլուխ սեւ հագած օգնականը, որ դժնի դէմքով մի նիհար-տխեղծ մարդ էր, եւ  կապտած շրթունքները հազիւ քսելով իրար՝ նրա ականջին խորհրդաւոր փսփսաց ինչ-որ բան, որ նա ոչ մի կերպ չկարողացաւ հասկանալ։ Երբ օգնականը ստուերի պէս անհետացաւ, Անանունն ակամայ խոր կախեց գլուխը, եւ յանկարծ ներսում խոցելու պէս սուր արձագանգեցին օգնականի խօսքերը․ «Ներկայացումն աւարտուեց»։

Եւ Անանունն այդպէս էլ անանուն մնաց պատմութեան մէջ․․․

Այդ նոյն ժամանակ Հիմալայների անհաս բարձունքների քարանձաւներից մէկում հոգին խաղաղ աւանդեց ամբողջովին բեղ-մօրուքի մէջ թաղուած մի մարդ, որից միայն կաշի-ոսկոր էր մնացել։

Նա կեանքում պատահաբար տրորել էր մի մրջիւն։

 

28.12.2020.