Մանարյան Դոն Քիշոտը

Ուսուցիչն ու բեմի ասպետը

2014-ին, երբ Երվանդ Մանարյանի 90-ամյակի առիթով Գրականության և արվեստի թանգարանը հոբելյանական ջերմ ու մտերմիկ հանդիպում էր կազմակերպել, արտիստին շնորհավորել ցանկացողներն այնքան շատ էին ու միմյանց հերթ չէին տալիս, որ թանգարանի տնօրենը կատակեց՝ մինչև հնչեն բոլոր շնորհավորանքները՝  հոբելյարը կդառնա 100 տարեկան: Մանարյանի դեմքից ճառագող լույսը հույս էր ներշնչում, որ կարող է նաև այդպես լինել, որովհետև նա ներկաներից թերևս ամենաերիտասարդն ու ամենաստեղծարարն էր՝ խոսում էր  դեռևս չիրականացրած ծրագրերի, բազմաթիվ չնկարահանված կինոսցենարների ու նախագծերի մասին, որ միայն իր գլխում են: Մանարյանի դեպքում դա զարմանալի չէր: Իր երազած թատրոնը՝ «Ագուլիսը», նա ստեղծեց երբ արդեն 64 տարեկան էր ու կինոյում խաղացել էր իր լավագույն և ամենասիրված կերպարները: Այն ինչ դարձավ փոքրիկների սիրելի թատրոնը՝ ընդամենը նկուղային մոռացված տարածք  էր, որտեղ չունենալով որևէ հնարավորություն՝ ոչ ֆինանսական և ոչ էլ որևէ այլ աջակցություն, Մանարյանը սիրով ու իր տիկնիկներով լցրեց երեխաների համար ստեղծված  այդ կախարդական աշխարհը: 1946-ին Իրանից հայրենիք ներգաղթած Մանարյանների ավագ որդին սովորել էր Հայկազյան դպրոցում, Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում, ազատ խոսում էր ֆրանսերեն և անգլերեն,  և նրան մշտապես գրավում էր նորը փնտրելու ու ստեղծելու հեռանկարը: Եվ պատահական չէ, որ հենց նա 3 անգամ նոր ծնունդ ու շնչառություն տվեց Գորիսի թատրոնին՝ ամեն անգամ այստեղ վերադառնալով նոր գաղափարներով ու ծրագրերով: Մանարյան  եղբայրները՝ Երվանդ և Արման Մանարյանները  ազգային կինոյին և մշակույթին իրենց գենետիկ ազնիվ փայլը տվեցին, իսկ Երվանդ Մանարյանը՝ նաև Դոն Քիշոտի իր պայծառ դյուրահավատությունը: Ինչ տվեց մեր մշակույթին Երվանդ Մանարյանի ժամանակաշրջանը և ինչ կորցրեց այն նրա վախճանով՝ գնահատում են մարդիկ որ ապրել, աշխատել և դաստիարակվել են  սիրված արտիստի օրինակով:

 

Ռուբեն   Բաբայան. «Ուսուցիչն ու բեմի ասպետը»

«Երվանդ Մանարյանը Ուսուցիչ էր, ընդ որում, ուսուցիչ էր իր կյանքով, իր մոտեցումով: Նա որևէ բան հատուկ չէր սովորեցնում, բայց միշտ սովորեցնում էր իր կերպարով: Նա բեմի Ասպետ էր և Ասպետ էր կյանքի, ընկերների, գործընկերների, կանանց հանդեպ: Ազնվականությունն անբաժանելի էր Երվանդ Մանարյանից: Ինքն այնպիսի մթնոլորտ էր ստեղծում շուրջը, որ հնարավոր չէր այդ մթնոլորտում լինել ստոր, ստախոս, դավաճան՝ պարզապես չէր հանդուրժում դա, նաև արտակարգ  համեստ մարդ էր: Մեծություն էր բառի բուն իմաստով: Արտիստ էր և արտիստ էր ամեն ինչում: Բոլոր գործերը որ անում էր, անում էր ամենաբարձր արտիստական մակարդակով: Իր սիրած արտիստական մոտեցումը իմպրովիզացիան էր, և նա իմպրովիզատոր էր ամեն ինչում: Երբ նա գլխավորեց այս թատրոնը, այստեղ բեմադրեց «Անհաղթ աքլորը», որն առ այսօր թատրոնի խաղացանկում է: Անցյալ տարի մենք նշում էինք այդ ներկայացման 40-ամյակը և պետք է ասեմ, որ դա հեղափոխություն էր տիկնիկային արվեստում: Մարդիկ զարմանում էին տիկնիկի  նոր ձևի, էդ տիկնիկավարությանը , դա իր գյուտն էր՝ նկարչի՝ Արամայիս Սարգսյանի հետ : Երվանդ Մանարյանն այս թատրոնը դուրս բերեց միջազգային ասպարեզ: Նա այստեղ ստեղծեց մի հրաշալի մթնոլորտ, թատրոն բերեց հրաշալի երիտասարդներ՝ տիկնիկագործներ, տեխնիկական աշխատողներ, դերասաններ: Նա երբեք չէր խուսափում սկսել նորից: Թատրոնի այդ հրաշալի վիճակը նա թողեց և  գնաց Գորիս, որովհետև այնտեղ պետք էր բացել թատրոն: Հետո վերադարձավ ու Երևանում բացեց «Ագուլիս» թատրոնը՝ առաջին խաղացանկային, մասնավոր  թատրոնը՝ շատ ինտերակտիվ և հրաշալի խաղացանկով: Երջանիկ մարդ էր՝ միշտ առաջ նայող, միշտ ժամանակակից, միշտ կյանքի զարկերակը զգացող: Նա  տարածում էր այդ երջանկությունը,  իր մեջ չէր պահում: Սա մեծ մարդու, մեծ արվեստագետի հատկություն է: Նա հումանիստ էր բառի իսկական իմաստով և ժողովուրդը նրան պատասխանում էր փոխադարձ սիրով: Նա լույս ու ջերմություն էր սփռում իր շուրջը: Եվ թվում է, որ այսօր՝ իր մահվան օրը, շատ լուսավոր օր է: Մեծ  երջանկություն էր իր կողքին լինելը, և ես այդ երջանկությունը վայելում էի 40  տարի»:        

 

Դավիթ Մուրադյան. «Ոչ մեկին նման մարդը» 

«Մանարյանն առաջին անգամ մեզ տխրություն պատճառեց: Մինչև այս իր ամբողջ երկարատև ու գեղեցիկ կյանքը միայն խինդ և ուրախություն է տարածել: Հետաքրքիր բնորոշում տվեցիք, իհարկե, նույնիսկ արտաքնապես գուցե նա հենց  այն դերասանն էր, որ կարող էր նաև Դոն Քիշոտ խաղալ, կար իր մեջ այդ  կերապարը: Բայց ասեմ որ քիչ կգտնեք, մանավանդ կինոյում, դերասանների, որոնք  այնքան էլ հաճախ չէ, որ գլխավոր դերեր են խաղացել, սակայն նրանց ստեղծած  յուրաքանչյուր, անգամ դրվագային կերպար դարձել է անմոռանալի և  շրջապատվել է համաժողովրդական սիրով, որը նրանց ուղեկցում էր ամենուրեք: Ինքն այդ 7-70 տարեկան երեխաների՝ հոգում մանուկ պահածների սիրելին էր, և դրա գրավականը, մշտական աղբյուրն իր բացառիկ մարդկային անհատականությունն էր, որը  վերաճում էր գեղարվեստական անհատականության: Այդ անհատականությունը  շատ մագնիսական էր, որի մեջ շիտակություն, ազնվություն, բարություն կար, կար մի հեգնանք, բայց ոչ դառը, այլ դարձյալ սիրով ներթափանված: Ինքն այդ իմաստով  մի ամբողջ զարդ էր հայկական կինոյում: Հրաշալի ճանապարհ էր իր    ճանապարհը: «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը բոլորը գիտեն, և տպավորություն   կա, որ մենք ծանոթ ենք այդ կերպարի հետ, անձնապես շփվել ենք, հանդիպել ենք, քայլել ենք, զրուցել ենք, նրա հիպնոսը կա: Իր հրաշալի ներկայությունը մեր զանազան ֆիլմերում կա, և նաև որպես սցենարիստ իր ավանդը կա մեր կինոյում, որովհետև  «Տժվժիկ» ֆիլմի համար Ատրպետի պատմվածքը սցենարի է վերածել և   նրան կինեմատոգրաֆիական լուծում է տվել հենց Երվանդ Մանարյանը: Հայ կինոյի  երախտավոր եղբոր՝ Արման Մանարյանի հետ նրանք իսկական ստեղծագործական  տանդեմ էին ստեղծել: Նա միշտ մասնակցում էր Արման Մանարյանի ֆիլմերին՝ թե  որպես դերասան, թե սցենարիստ: Դա շատ օրգանական մասնակցություն էր, որովհետև այն աշխարհը, որ կար Արմանի ֆիլմերում, այդ աշխարհը Երվանդ Մանարյանին ծնունդ տվող աշխարհ էր: Մանարյանը մեծ ավանդ ունի հատկապես  մեր տիկնիկային արվեստի զարգացման գործում: Իր համար, հավանաբար, ամենակարևոր մարդիկ հենց երեխաներն էին, ամենակարևոր առաքելությունը հենց նրանց գեղեցիկի սերմը մատուցելն էր: Սա է, որ այդպիսի լուսավոր հետագիծ է  սահմանում  իր կերպարին, իր անձին: Իսկական արվեստագետը մարդու հետ է՝ դա իր էությունն է, դա իր կոչումն է՝ մարդ, նախևառաջ մարդ, որովհետև արվեստը  մարդու համար է: Մանարյանի նման արվեստագետի համար չափանիշը, հասցեատերը, կողմնացույցը մարդն էր ու մարդկայինը: Աստված շնորհ է արել, և ես բարեբախտություն  եմ ունեցել իր հետ շփվել և հայֆիլմական տարիներին, և դրանից առաջ: Մենք նույնիսկ միասին բեմ ենք բարձրացել, շատ տարիներ առաջ՝ նախորդ դարում, երբ Գրիգոր Չալիկյանը բեմադրում էր եգիպտահայ գրող և նկարիչ  Ալեքսանդր Սարուխանի «Մենք հայերեն չենք գիտեր» գրոտեսկային կատակերգությունը: Ես երեխայի դերն էի խաղում, իսկ ինքն իմ ուսուցիչն էր: Սքանչելի դերասանական խումբ էր հավաքել Գրիգոր Չալիկյանը՝ Վարդուհի  Վարդերեսյան, Խաչիկ Նազարեթյան, բայց ես միայն նրան էի տեսնում: Աչքս չէի  կտրում իրենից, որովհետև առաջին անգամ էի տեսնում այդպիսի ոչ մեկին նման  մարդ, մարդ որը նման է միայն իրեն, և մարդ որը ժողովրդի համար դարձավ մեր ամենահարազատ արտիստական անուններից մեկը: Երբեմն մտածում եմ, որ եթե նա չգար Հայաստան, այլ գնար ասենք Ֆրանսիա, վստահ եմ՝ գտնված դերասան կլիներ ֆրանսիական կինոյի համար: Եվ փառք Աստծո, որ Հայաստան եկավ և գտնվեց հայ կինոյի համար:

 

Հակոբ Ղազանչյան.« Իմ իմացած ամենայուրահատուկ մարդկանցից էր»

«Երվանդ Մանարյանն իմ իմացած, մեր սերնդի ճանաչած ամենայուրահատուկ  մարդկանցից էր, որովհետև բացի տաղանդավոր լինելը, բացի մեր մշակութային հորիզոնում  տիպաժ լինելը, նա նաև մարդ էր, որի ոչ բարությունը սահման ուներ, ոչ նվիրվածությունը : Իր տեսակով անկրկնելի մարդ էր: Մենք ավելի մոտ      ճանաչեցինք իրար 80-ականների սկզբին, երբ վերաբացվեց Գորիսի թատրոնը: Ես  այդ ժամանակ ղեկավարում էի Ղափանի թատրոնը, և մենք հաճախ էինք  հանդիպում: Դեռ էն ժամանակ ես մտածում էի՝ էս ճանաչման դերասան, էսքան հայտնի մարդ, մարդ որին հրաշալի դերակատարումներով ճանաչում են բոլորը, ինչպես է եկել Գորիս: Դեռ էն ժամանակ հարցրեցի իրեն՝ դուք հայտնի մարդ եք, թողել եք Երևանը, «Հայֆիլմը», թողել եք ամեն ինչ ու եկել Գորիս: Ասաց՝ էհ, Հակոբ  ջան, հոգու պարտք է, ինձ էդ առաջարկը արեցին, ու ես մերժելու իրավունք  չունեի: Այ այսպսի բարոյականության չափանիշ: եթե մտնեիք իր տիկնիկային թատրոնը, որը իր ձեռքերով, առանց որևէ կոպեկի, առանց որևէ ֆինանսավորման էր ստեղծել, նա  էնտեղ իր գործն  էր անում և դրանով երջանիկ էր: Եվ դա մարդու տեսակ է, ամեն մարդ չի կարող նման բան իրեն թույլ տալ, իսկ նա դրանով ապրում էր, դրանով շնչում էր»: