Մաեստրոն՝ Ռայմոնդ Պաուլս

«Հայաստանի հանդեպ ես մինչև հիմա առանձնահատուկ վերաբերմունք ունեմ»

Խորհրդային ժամանակաշրջանի երաժշտարվեստի ամենամեծ ճանաչում և սեր վայելող երաժիշտներից մեկը, որն իրավամբ կրում էր խորհրդային բազմազգ և բազմամիլիոնանոց լսարանի՝ նրան շնորհած Մաեստրո կոչումը, նշում է 85-ամյակը: Թերևս չափազանցություն չի լինի ասել, որ Պաուլս-Պուգաչովա ստեղծագործական զույգը խորհրդային ժամանակաշրջանի էստրադային արվեստի բարձրակետերից մեկն էր և համընդհանուր ժողովրդականության առումով մինչև օրս մնում է անգերազանցելի։ 2004 թվականի համալատվիական հարցման արդյունքներով Պաուլսը ճանաչվեց Լատվիայի ամենանշանավոր մարդկանցից մեկը։ Ավելի քան 2400 ստեղծագործությունների հեղինակ Մաեստրոն այսօր էլ շարունակում է ստեղծագործել ամենատարբեր ժանրերում ու նույնիսկ համավարակի ընթացքում երկժամանոց համերգներ է տալիս։

Խիստ  ճանաչելի են ոչ միայն նրա ստեղծագործությունները, այլև  կատարողական ոճը՝ ստեղնից-ստեղն կտրուկ անցումները, լակոնիկ մենանվագները․․․ Դժվար է հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հայաստանում, գտնել մեկին, որ չիմանա նրա երգերը։

Հայաստանի ու  հայկական մշակույթի հետ Պաուլսի առնչությունները քիչ  հայտնի են։ Կոմպոզիտորի երաժշտական կարիերայի սկզբում նրա ջազ-եռյակի լավագույն կատարումներից էր Առնո Բաբաջանյանի «Իմ Երևանի» գործիքային տարբերակը։ 1960-ականների վերջին Պաուլսը հյուրախաղերով հանդես եկավ Հայաստանում։ «Երևանում խանդավառ երկրպագուները համերգից հետո մեզ հյուրանոց տարան ձեռքերի վրա՝ խոսքի ուղղակի իմաստով։ Հայաստանի հանդեպ ես մինչև հիմա առանձնահատուկ վերաբերմունք ունեմ»,- իր հուշերում գրում է Ռայմոնդ Պաուլսը։

Տարիներ անց Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում Պաուլսը ներկա էր Շառլ Ազնավուրի համերգին, որից հետո հանդիպում է մեծ շանսոնյեի՝ «համաշխարհային էստրադայի կենդանի հրաշքի» հետ։

Եվս մեկ այլ քիչ հայտնի փաստ․ 2011 թ․ կիևյան համերգի ժամանակ Պաուլսը կատարել է «Ընկճախտ» ֆիլմի համար գրված իր համանուն կոմպոզիցիան՝ Արմեն Կոստանդյանի դուդուկի նվագակցությամբ։

Պաուլսը ժամանակ առ ժամանակ համերգներ է տալիս Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի առաջին ջութակն է Գեորգի Սարգսյանը։

«Ես Երևան գնացի 2013 թ․ աշնանը այն՝ առաջին հյուրախաղերից 45 տարի անց ու այնտեղ ինձ կրկին հիանալի ընդունեցին»,- պատմում է Մաեստրոն։ Այդ այցելության ընթացքում Պաուլսը ՀՀ նախագահի որոշմամբ արժանացավ Հայաստանի բարձրագույն պարգևին՝ Պատվո շքանշանին, եղավ երևանյան ջազ-ակումբում։

Պաուլսի թոռնուհի Մոնիկան սոցցացնցերում ակտիվ հանդես է գալիս ի պաշտպանություն արցախահայության, գրառումներ է կատարում Հայաստանի մասին։ Նրա ընտրյալն ամերիկահայ սցենարիստ Միքայել Ալոյանն է։

*                          

Առիթ եմ ունեցել ներկա լինելու Պաուլսի համերգներին և մեկ անգամ ՝ նրա մասնակցությամբ ներկայացմանը...

2019 թ․ մարտյան մի երեկո Ռիգայի Մ․ Չեխովի անվան ռուսական թատրոնում Պաուլսը ներկայացնում է իր երաժշտական ֆանտազիաները՝ լատվիացի վաղամեռիկ բանաստեղծուհի Աուստրա Սկուինյայի խոսքերով։ «Աղջիկը սրճարանում» ներկայացման առաջնախաղը  2017-ին էր, իսկ երգերը գրվել են շատ ավելի վաղ։

Կիսամութ է, բեմում սպիտակ ռոյալն է և երկու դերասանուհիներ՝ Վերոնիկա Պլոտնիկովան երգում է, Յանա Խերբստան՝ ասմունքում։ Պաուլսը ռոյալին է մոտենում ներկայացումի սկզբից քիչ անց, որպեսզի խուսափի ծափահարություններից, բայց՝ ապարդյուն, չի ստացվում ․․․

Բեմի աջ կողմում՝ սրճարանային սեղանիկի մոտ նստած, ստեպ-ստեպ ծխում է ասմունքող աղջիկը։ Բանաստեղծությունների, նամակների ու օրագրային գրառումների պատառիկները նա արտաբերում է գրեթե շշնջյունով, բայց շեշտված արտահայտչականությամբ, քանզի Սկուինյայի ստեղծագործությունն էլ զգայականության ու խելահեղ երիտասարդության մի յուրատեսակ հիմն է։  Ասմունքողն ամեն անգամ սկսում է նույն բառերով․ «Կար-չկար մի աղջնակ կար Աուստրա անունով...»

Պաուլսը մեծ ուշադրությամբ ու ճաշակով է մոտենում երգերի հաջորդականությանը, հակակշռելով տարբեր տրամադրություններ, միաժամանակ չկորցնելով սյուժեի (կամ կոնցեպցիայի, եթե դա համերգ է) ամբողջականությունը։ Ամենասկզբում`դեռ աղջկական, անհոգ պատառիկներից հանդիսատեսին է փոխանցվում ողբերգական հանգուցալուծման անխուսափելիության զգացումը. 23-ամյա բանաստեղծուհին դժբախտ սիրո ու դավաճանության պատճառով ինքնասպան է լինում՝ խեղդվելով Դաուգավա գետում։

Պաուլսի երաժշտությունը տեղափոխում է մեզ նախորդ դարասկզբի Ռիգա, հին քաղաքի նեղլիկ փողոցներ, կիսամթի մեջ կորած սրճարաններ, որոնցում իր մենությունն է վերապրում անպաշտպան աղջնակը․․․ Ինքնատիպ երաժշտությունը, բեմական ձևավորման մինիմալիզմը, սև ու սպիտակ զգեստները և լավ մշակված միզանսցենները զարմանալիորեն մտերմիկ մթնոլորտ են ստեղծում՝ ներկայացումը վերածելով բանաստեղծուհու և նրան մոռացությունից փրկած երգահանի հետ զրույցի՝ անձնական և անկեղծ...

 

Հեղինակ՝ Աշոտ Գրիգորյան