Ձեղնահարկ

Առաջին դասարանում էի: Ու չնայած սեպտեմբերի մեկին գնացել էի Հուռումի Ժուլետի՝ իրեն հայտնի պատճառներով բերած գետնախնձորների դեղին փնջով, այնուամենայնիվ, շռնդալից հաջողություն ունեցա տղաների շրջանում. Աբգարյան Վիկոն պոկեց եղբորս նվիրած Դին Ռիդի նկարով կլոր նշանը, զույգի թայ Դավիթը խլեց պայուսակս, Մուկուչը քաշեց հյուսս, իսկ Հրաչիկը նվիրեց ոսկեզօծ թղթեր:

-Սիրած, սիրած,- սկսեց կանչել Թշանց Գագոն՝ բոլոր հոգեառներիս փոխարեն «Այբբենարանով» մի լավ ուտելով գլխին: Ես, իհարկե, անկյուն կանգնեցի աղջկան ոչ վայել պահվածքիս համար՝ ատելությամբ լցվելով Գագոյի, բեջուռա բոլոր տղաների ու նաև դպրոցի հանդեպ, Երկար ժամանակ ծնողներիս թափած ջանքերն ու գրքի մոգական ուժը միայն մեղմեցին իմ մանկական հոգու խռովքը: Մի օր էլ դասարանով տարան մանկական գրադարան, վերցրածս առաջին գիրքը, մի շնչով կարդացի ու ետ վազեցի: Տարեց գրադարանավարուհին, դժկամությամբ մի կողմ դնելով ձեռագործը, ակնոցի վրայից նայեց ինձ:

-Քեզ համար ջրի ճամփա չի, նոր չտարա՞ր, տար տուն, երկու օր պահի, հետո կբերես…Աղջիկը իրան համեստ կպահի...

 Այսպես, փոքրիկ բախումներով ու խանդավառությամբ՝ ես քայլեր էի անում դեպի մեծ ճանապարհ:

 

23.09.2015թ.

 

****

 

Երեկոն իջնում էր Բերդի վրա, ու աստղերը ասես հատուկ շարվում էին երկնքում, որ վերևի Ռուզանը գոռոզանար՝ կենդանակերպերը ցույց տալով, իսկ ինքը նայեր, նայեր ու՝ չհարիֆանար:

-Բա արջը ինչքան էլ մեծ լինի՝ կարա ամբը դյերի (ամպը բարձրանա), -բողոքեր հորը, հայրը խառներ մազերը ու ծիծաղեր...

Ու երբ բակում թեժանար կրակը, ու խորովվեին եգիպտացորենն ու կարտոֆիլը, ու գերանի վրա նստած երեխաների մեջ հատուկ ստատուս ստանային նրանք, ում ծնողները կաղամբի կարմիր թթվի ամանով կամ գինու սափորով մասնակցում էին բակի պարզունակ խնջույքին, ինքը պատշգամբից նայեր, ու ուզենար վերացնել իր ծնողների ու նրանց տարբերությունը: Հետո ներս վազեր ու ամուր գրկեր հորը:

-Պապ ջան, ըսկի կարտոշկա չեմ էլ սիրում: Դու ավելի լավն ես... Ու մեծանար՝ անմնացորդ նվիրումով հոր ունքամեջից կախ... առանց բացատրության հասկանալով, որ պապային չի կարելի ջղայնացնել և վերջ...

 

22.01.2015թ.

 

****

 

Երբ շատ ձյուն էր գալիս, ավտոբուսները չէին բարձրանում Նավուր. Հատուկենտ «Վիլիսների» փնչոցը դիրիժորական փայտիկի նման այսուայնկողմ էր նետում հավաքված մարդկանց, մի քանի երջանիկների թռցնելով դեպի մշուշի մեջ թաղված գյուղը: Իսկ մնացածները, անմեռել հուղարկավորների նման`բռնում էին Խաչի ճամփեն: Իսկ ձյունը գալիս էր ու գալիս, ու ինձ թվում էր, որ նա, ի վերջո, փակելու է բոլոր ճանապարհները, որ կորչելու են տները, բակերը, խանութները, մեզ սովորած աշխարհը: Մյուս կողմից էլ` տանն էին հայրս ու մայրս, ու պատուհանից այն կողմ պսպղացող ձյունը ինձ թվում էր աշխարհի ամենատաք ձյունը: Օրվա թերթերը դրվում էին սեղանին, հեռուստացույցի ետևի մարտկոցից ձգվում էր իմ թաթմաններից բարձրացող բարակ գոլորշին, խոհանոցում բույրերը խառնվում էին իրար: Ու ամեն ինչ էնքան լավ էր`միայն թե միջանցքի լռության մեջ հայրս կոճկում էր իր գծավոր վերարկուն: Կորած աշխարհի մեր լուսավոր կղզին նրան ոչ մի կերպ ետ չէր պահում Նավուր գնալու համառ որոշումից:

-Ինձ էլ տար,- պատուհանից պոկվում ու ոտքերին էի փաթաթվում ես: Ժպտալու համար բացված տխուր աչքերով հայրս ինձ էր նայում. -Քո բոյից շատ ձյուն ա նստել:

-Հիմի էլ, -հնարավորինս ոտնաթաթերիս վրա ձգվում էի ես: -Չէ, հիմի չէ, դե տաք հագնվի... Ես կպչում էի նրա պոչից ու հիացմունքից սարսափահար`անհետանում գույները կորցրած աշխարհում: Բայց գիտեի, որ որտեղ էլ խրվեմ` հորս ձեռքը ինձ գտնելու է, հանի ու թափ տա վրայիս ձյունը... Գնում էինք`Բերդի լուսինը հետներս տանելով Նավուր...

 

12.12.2014թ.

 

Նինա Դանիելյան