Հրաչյա Թամրազյան. «Մեր զորության նշանը, մեր մեծ ժողովումի մարտակոչը և մեր ուղերձը գալիքին»

Վերջին օրերի սոսկալի փորձությունները մեզ ստիպեցին ևս մեկ անգամ արձանագրել մի պարզ իրողություն. վերջին երեք տասնամյակներին՝ Հայաստանի անկախության նվաճման առաջին իսկ օրից, ոչ թե պաշտոնապես Արցախի անվտանգության երաշխավոր համարվող Հայաստանի Հանրապետությունն էր պաշտպանում Արցախին, այլ Արցախն էր պաշտպանում մեր նորանկախ պետությունը: Պաշտպանում էր՝ որպես մեր անկախության ամենաթանկ գին ու խորհրդանիշ, պաշտպանում էր՝ որպես հավատարմություն մեր Հիշողությանը, պաշտպանում էր որպես ազատության, լույսի և արարման մեր դարավոր Անուրջի հաղթանակը, պաշտպանում էր՝ որպես մեր Հոգին:

Եվ այսօր էլ, երբ որոշվեց զոհաբերել չշիջող այդ Հոգին, երբ որոշվեց, որ դա է «գոյատևման» գինը, այսօր էլ աներևակայելի զրկանքներին, տառապանքներին, համատարած դավաճանության աքցանին հերոսաբար դիմակայող արցախցիների՝ Գեղամ Ստեփանյանի, Արտակ Բեգլարյանի, Դավիթ Բաբայանի, Սամվել Շահրամանյանի, Բակո Սահակյանի, մեր ուսանողների և նրանց ծնողների, մեր բարեկամների և ծանոթների, մեր ընկերների և ուրիշ քանի-քանի անանուն արցախցիների դեմքերն են մեզ ուժ տալիս հեռուստացույցների էկրաններից կամ հանրահավաքների մայթերին: Ուժ տալիս... իրենց գեղեցկությամբ, մարդկային աներեր ազնվությամբ, ներքին անընկճելի իրենց ուժով, աներեր և անսակարկ իրենց մերժումով և նողկանքով այն ամենի հանդեպ, ինչը մարդկայինի և մարդկային արարող տաղանդի ստրկացումն ու ջախջախումն է... Ուժ են տալիս մեզ... մինչև իսկ իրենց տառապանքի և զրկանքի ժամին:

Ստորև ներկայացնում ենք 2015-ին Գանձասար գիտամշակութային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի արտաբերած ուղերձը:

 

***

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ պարոն Սերժ Սարգսյան,

Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ պարոն Բակո Սահակյան,

Հանդիսության հարգարժա՛ն մասնակիցներ,

 

Հայոց Պետականությունը միշտ խարսխված է եղել մշակույթի և մշակույթը՝ պետականության վրա. նրանց անխզելի կապը, ներդաշնակությունն է ձևավորել հայ մարդու հոգեկերտվածքը՝ մղելով նրան հոգևոր սխրանքի և՛ ռազմի դաշտում, և՛  ստեղծագործելիս: Եվ համաժողովրդական ընդվզումի և հերոսականության ոգին խոր արմատներ ունի հայոց բիբլիական երկրում և նրա Արցախ աշխարհում, որ ավարառություններից, ասպատակություններից, ցեղասպանությունից հետո էլ հառնել են Փյունիկի նման: Եվ դա նման է հրաշքի, ինչպես մեր ոսկեղենիկ ձեռագրերը, որոնց էջերը մենք թերթում ենք հիշողության նման, և նրանք լեցուն են մեր նախնիների ձայներով և արձագանքներով: Եվ մեր խնդիրն է լսելի դարձնել բյուր սերունդների այդ փոխկանչը. մեր քաջարի նախնիների կենդանի ոգին միախառնել գալիք սերունդների երթին, որ մեր հաղթական տոհմականչը լսելի լինի դարերում:

Եվ այս տարի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, մենք շեշտում ենք մեր Հառնումի, Վերածննդի, Արարումի խորհուրդը, և նշում ենք այսպես՝ Մատենադարան կերտելով և ավետելով ի լուր աշխարհի, որ ստեղծվել է համամարդկային հիշողության ևս մի շտեմարան:

Սա է մեր զորության նշանը, մեր մեծ ժողովումի մարտակոչը, և մեր ուղերձը գալիքին...

Արցախ աշխարհն՝ իր պատմությամբ, քաղաքական-տնտեսական կյանքով, պատմամշակութային հենքով և ընդգրկումներով Պատմական Հայաստանի կենսական տարածքներից է եղել իր գոյության ողջ ընթացքում:

Նրա դերը բացառիկ է նրանով, որ Հայաստանի պետականության կորստից հետո նա դարեր շարունակ պահպանել է իր անկախ գոյությունը, որը նրան բնականոն զարգացման հնարավորություն է տվել: Ազգային-ազատագրական դարավոր պայքարի բովում պետականությունը հնարավորություն է տվել պահպանել իշխանական տոհմերը, որոնք ճյուղավորվել են դարերի ընթացքում և թափանցել են հայ կյանքի բոլոր ոլորտները՝ սկզբնավորելով նոր իշխանական տներ և արքունական հարստություններ:

Հիշենք Խաղբակյան տոհմին, որից սկիզբ առած Պռոշյանները XIII-XIV դդ. հսկայական դեր կատարեցին հայ քաղաքական կյանքում և մշակույթի պատմության մեջ, հիշենք Օշին իշխանին, որ XI դարում իր ընտանիքի, գերդաստանի և «ազատագունդ իշխանների» հետ մեկնեց Կիլիկիա, գրավեց Լամբրոն հռչակավոր բերդը և սկիզբ դրեց Հեթումյան արքայական տոհմին:

Պետականությունն ու տնտեսական աշխույժ կյանքն ապահովել են նաև ազգաբնակչության զգալի աճ: Ավերիչ ասպատակություններից հետո դա հնարավորություն է տվել վերաբնակեցնել Հայաստանի ավերված ու ամայացած տարածքները հայ կենսունակ ազգաբնակչությամբ, իսկ ազատատենչ ոգին ու ռազմի ուժը զորություն և կորով են հաղորդել Հայոց աշխարհին՝ մղելով ազգային-ազատագրական շարժումների: Արցախ աշխարհն ապրել է այդ զորեղ ազդակներով և մղումներով՝ արտածելով այդ կենսական ներուժը և այդ իմաստով ներազդող կենտրոն դառնալով ողջ Հայաստանի համար:

Պետականության պահպանման և տևական, շարունակական պայքարի այս ընթացքն իր ազդեցությունն է ունեցել մշակույթի զարգացման պատմության վրա՝ վաղ միջնադարից մինչև նոր և նորագույն ժամանակաշրջաններ:

Դրա կարևոր մասն է միջնադարյան հայ մատենագրությունը և գրքարվեստը, որ գրերի գյուտից հետո սկզբնավորվել ու զարգացել է նաև Արցախի նշանավոր գրչության կենտրոններում, որոնցից ամենանշանավորներն էին Գանձասարը, Խադավանքը, Դադի վանքը, Ամարասը, Թարգմանչաց վանքը, Գտչավանքը...

Արցախի մշակույթի կարևոր ճյուղերից է նաև եկեղեցաշինությունը:

Հայտնի է, որ միայն Վաչագան Բարեպաշտ թագավորը V-VI դդ. կառուցել է տվել 365 վանք ու եկեղեցի:

Վանական համալիրներում ստեղծվել են մատենադարաններ, ուր հավաքվել են հարյուրավոր մատյաններ, ծիսական ժողովածուներից բացի ընդօրինակվել են հայ ինքնուրույն ու թարգմանական մատենագրության տարբեր ժանրերի երկեր, ձևավորվել է մանրանկարչական ուրույն դպրոց, որ կապ է պահպանել Հայաստանի այլ նահանգների նմանատիպ կենտրոնների ու դպրոցների հետ, որոնց հետ փոխազդեցությունները նկատելի են: Այս ընթացքում ստեղծվել են հայ գրքարվեստի և մանրանկարչության գոհարներ, որոնց պատվիրատուները հիմնականում հոգևոր բարձր դասի ներկայացուցիչներն ու նշանավոր իշխանական տներն են եղել:

Արցախ աշխարհի պատմամշակութային առաքելություններից մեկն էլ այն է եղել, որ դարեր շարունակ այստեղ են պահվել հայ մշակույթի և գրքարվեստի բազմաթիվ գանձեր, որ հայ զինուժի և իշխանավորների կողմից փրկագնվել են օտարերկրյա ավարառուներից: Ձեռագրական այդ գանձերը նախօրինակներն են հանդիսացել տեղական վարպետների և մանրանկարիչների համար:

Այս պատմամշակութային զարգացման ուրույն ընթացքն են փորձել ներկայացնել Արցախի գրքարվեստին և մանրանկարչությանը, միջնադարյան բացառիկ վավերագրերին և հնատիպ գրքերին նվիրված մեր ցուցադրություններում և ուսումնասիրություններում, ընթացք, որ նորովի լուսաբանման և ուսումնասիրման հարուստ նյութ է տրամադրում, վկայելով պատմաքաղաքական անընդմեջ ընթացքի, բուռն զարգացումների և մշակութային վերելքի մասին, որի պատմությունը պարբերացման, առանձին կենտրոնների, դպրոցների և հեղինակների ուսումնասիրման կարիք ունի: Եվ այդ ուսումնասիրությունների, ինչպես նաև ընդհանուր հայագիտության զարգացման համար զորեղ խթան կդառնա նոր բացվող «Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը՝ իր գրադարանով, ժամանակակից նյութատեխնիկական իր զինանոցով, դահլիճով, գիտաշխատողներով, թեմատիկ ցուցադրություններով, ամենամյա միջազգային գիտաժողովներով, մի խոսքով՝ իր լիարժեք գիտամշակութային կյանքով՝ իբրև մեկ ամբողջություն Մաշտոցյան Մատենադարանի հետ՝ զորացնելով նրա ներուժը, խորքային և տարածական ոլորտները:

Հանդիսության սիրելի՛ մասնակիցներ,

Այսօր համազգային տոն է, և մեծ Նավակատիկի այս արարողությունը իր ղողանջներն է հնչեցնում մեր ողջ Հոգևոր Հայրենիքում՝ Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի՝ ուղենշելով մեր հավերժական երթը բանական տիեզերքում:

Եվ սա յուրատեսակ ընծայաբերում է հայ ժողովորդի արարչագործ զորությանը՝ ի փառս մեր նախնյաց և հանուն մեր գալիք սերունդների:

 

Հրաչյա Թամրազյան