Հրաժեշտ

Գնացքը սուլելով դուրս եկավ թունելից։ Փոքր պտույտ արեց ու «Չամսանգար» կայարանում ընթացքը դադարեց։ Չորրորդ նոուռուզն էր։ Լեռնային փայլուն արևը տաք ու հաճելի էր։ Կանգառի այն կողմում՝ կամրջի տակ որոտում ու փրփրալով հոսում էր գետը։ Կանգառն այն բլրի ստորոտին էր, որի կողքով գետն էր անցնում։ Եվ այդ կողմերում՝ դեպի հարավ, գարնան քնքույշ մառախուղի քողի տակ անհետացող գեղեցիկ տեսարան էր բացվում։

Շրջակայքի ձորերն ու կիրճերը դեռ ձյունով էին ծածկված ու սպիտակ փայլ էին արձակում։ Սարերի hետևից նորից բարձրացել էր արևը, նախորդ օրվա անձրևից դեռ թաց մարգագետինները փայլում էին։ Ամբողջը փայլում էր ու գարնանային լույս  արձակում։ Բացի նրանց խրճիթից․․. բլրի ստորոտին, գետի ափին ու գետի խոնավությունը քաշած հողի վրայի կավե խրճիթը կորացել էր, չանչերն ասես հողի մեջ խրել ու մի կերպ պահում էր իրեն բլրի զառիվայրին։ Անձրևը ոտքից գլուխ լվացել էր այն, պատի ու դարմանախառը կավից սարքած կամարի միջև մեծ ակոսներ առաջացրել, և, հավանաբար, այդ հյուղակի ներսում՝ այնտեղ, որտեղ այդ ընտանիքի անդամները գիշերը գլուխները բարձին էին դնում, կաթկթում էր: Շրջակայքում մի փոքրիկ այծ հողն էր հոտոտում, ու երկու նապաստակ իրար շալակ էին բարձրացել։ Մեծ ու փոքր երեխաներ լեռնային մանր մանուշակների ու կոկոն կակաչների փնջերն իրար էին կապել, թրև էին գալիս գնացքի շրջակայքում ու ուղևորներին անընդհատ հրավիրում  նոուռուզի մանր-մունր նվերներ գնելու։ Բոլորը ոտաբոբիկ էին։ Գլուխներն անընդհատ դեպի գնացքի պատուհանները բարձրացրած, իսկ շուրջբոլորն առաջացած անձրևաջրերի մեջ խրված մերկ ոտքերն ամեն րոպե ուր որ է կսայթաքեին։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում  նրանց հասարակ ծաղկեփնջերին։ Բոլորի ձեռքին Խուզեսթանի դաշտից, Անդիմեշքի կանգառներից ու շրջակայքից հավաքած ավելի լավ ու մեծ ծաղկեփնջեր էին։ Գնացքի բոլոր սենյակների պատուհաններից դուրս եկող նարգիզների թարմ հոտն օդը լցրել էր անուշաբույրով։ Երեխաները վազվզում էին գնացքի շուրջը, իրար հետևից իրենց ապրանքներն առաջարկում, ու մինչև «ղ» հնչյունը հասցնում էր դուրս գալ կոկորդից, այդ հասարակ ծաղիկների գինը երկու ղերանից իջնում էր մինչև մեկ ղերան, և, անկասկած, եթե գնացքը սպասեր կհասներ մինչև տասը շահիանոց։ Ուղեկիցս իր մեծ փորը դրել էր գնացքի պատուհանագոգին և հայացքը, այդ երեխաների բոբիկ ոտքերին սևեռած, ասես ճանապարհորդության սկզբից սրան-նրան արված ողորմությունների հաշվարկներն էր անում։ Նախորդ՝ գնացքի անհեթեթ ցնցումների պատճառով անքուն գիշերը՝ հավանաբար կյանքի առաջին անքուն գիշերը, ուղեկիցներին պատմում էր Սիրիա ու Պաղեստին կատարած իր վերջին ճանապարհորդության պատմությունը։ Այս չորս ամսվա երկար-բարակ ճանապարհորդությունից հետո բացի պաղեստինյան մեծ ու սիրուն ցիտրուսներից ուրիշ պատմելու բան մեզ չուներ։ Ու ամեն նախադասության մեջ Հայֆայի թթվաքաղցր նարինջների հիշատակումից, մարդու բերանի ջուրը գնում էր։

Ես նրան ճանաչում էի դպրոցից, և երբ ուղևորության ընթացքում գնացքի ճանապարհին իրար բախվեցինք, բարևից ու սովորական թաարոֆներից հետո, որքան էլ մտածեցի, նրան ասելու ուրիշ բան չգտա։ Ինքն էլ, կարծես, դա զգաց և անցավ ու համարը ձեռքին գնաց իր սենյակը փնտրելու։ Մոտ քսան ժամ էր, որ նստած էինք գնացքի փոքր սենյակում։ Բայց նույնիսկ իր պաղեստինյան պատմությունը ներկայացնելիս մյուսներին էր դիմում։ Ասես վախենում էր ինձ նայել։ Ես էլ էի ավելի շատ ուզում մենակ մնալ ու լռել։ Միայն մի անգամ առաջարկեց պոկեր խաղալ, ես էլ  չկարողացա առաջարկն ընդունել, կարծես տխրեցրի նրան, բայց տխրությունը շուտ անցավ, ու իր համար մի լավ խաղընկեր գտավ։

Գնացքը սուլոց արձակեց ու ցնցվեց։ Ընկերոջս փորը, որ դեռ պատուհանագոգին էր, սահեց, ու ծանր մարմինն ընկավ ինձ վրա, ու երրորդ անգամ բերանը բացեց, ներողություն խնդրեց։ Ոտաբոբիկ երեխաները եռուզեռի մեջ էին։ Նրանց ապրանքները երբեք գնորդ չէին ունեցել։ Հայացքիս հետագիծը՝ անշարժ ու քարացած մնացել էր նրանց ու արևի տաք լույսի տակ գոլորշիացող ավերակ խրճիթի վրա։ Կարծես ընկերոջս ներողության պատասխանն էլ չտվեցի։ Կամ էլ չլսեցի։

Գնացքը դեռ դանդաղ էր գնում, և երեխաներն արագ վազում էին հետևից։ Երեխաներից մեկի՝ մի նիհար ու կաշին ոսկորին հասած աղջկա ոտքը ջրափոսի մեջ խրվեց, սայթաքեց ու երկաթգծից քիչ հեռու ամբողջ բոյով փռվեց գետնին, ու թոշնած ծաղիկների փունջն ընկավ կեղտոտ ջրափոսի մեջ։ Նույնիսկ չնվնվաց։ Կարծես ուժ չունենար։ Ընկերս, որ դեռ չէր իջեցրել փորը գնացքի պատուհանագոգից, վախից ձայն արձակեց և ինձ ուժեղ թափահարեց։ Ես ձայն չհանեցի, իսկ նա փորը մի կերպ հավաքեց ու ամբողջ ուժով վազեց գնացքի միջանցքով, աղջկա գլխի վերևի պատուհանից դեպի դուրս կռացավ ու մի պահ նայեց նրան։ Ինչ-որ բաներ ասաց ու թղթադրամ նետեց։ Աղջկա գլուխն անշարժ մնացել էր գնացքի ծանր անիվների կողքին ընկած, ու խճճված մազերը ցեխի մեջ էին փռվել։ Նույնիսկ թղթադրամը վերցնելու համար տեղից չշարժվեց։ Ասես ուժ չունենար։ Երկու ուրիշ ոտաբոբիկ երեխա վազելով կայծակի պես հայտնվեցին, չանչեցին դեռ օդում կախված թղթադրամն ու վազեցին դեպի արևի լույսի տակ գոլորշիացող իրենց խղճուկ հյուղակը։ Ընկերս վերադարձավ։ Փորը ցնցվում էր, հևում էր, բայց գոհ էր, ինքն իր մեջ փքվել էր իր արած բարեգործությունից։ -Տեսա՞ր խեղճին։ Համարյա գնացքի տակ էր ընկնում։ Աստված գթաց։ -Գթա՞ց: Սրանից բացի բան չպատասխանեցի։ Ինքը շարունակեց խոսել, բայց ես չէի լսում։

Գնացքը պտտվեց։ Աղջիկն այլևս չէր երևում, բայց խրճիթը հեռվից դեռ գոլորշիանում էր, այծիկը դեռ թրև էր գալիս շրջակայքում ու հոտոտում թարմ խոտը։ Ոտաբոբիկ երեխաները մի պահ ներս մտան խրճիթ ու հաջորդ վայրկյանին մի կնոջ՝ իրենց մոր հետ դուրս եկան, ու երեքով միասին բարձրացրին ձեռքերը, որ հրաժեշտ տան մեր գնացքին։

Գնացքը հեռացել էր։ Հաջորդ թունելը մոտիկ էր։ Ուրիշ ոչ մի տեսարժան բան չկար։ Բոլորն իրենց գլուխները պատուհանից ներս էին մտցրել, կա՛մ պոկեր էին խաղում, կա՛մ քնած էին։ Կամ էլ իրար իրենց քեֆերի ու խնջույքների պատմություններն էին պատմում ու ծիծաղում։

Ուրիշ ոչ մի տեսարժան բան չկար։ Բացի հեռու խրճիթից, մորից՝ իր երեխաների հետ, որ դեռ կանգնած էին խրճիթի կողքին, որ հրաժեշտ տան մեր գնացքին։ Սա էլ հավանաբար մի ուշագրավ բան չէր։ Երեքով հրաժեշտ էին տալիս գնացքին։ Գուցե որովհետև այս գնացքից իրենց մի թղթադրամ էր հասել, կամ գուցե կարծում էին, որ հենց այս գնացքը վրաերթի է ենթարկել ու հանգստացրել իրենց նվազ աղջկան, որ ոչ լեռ բարձրանալ էր կարողանում, ոչ խոտ քաղել, ոչ էլ հոր հետևից գնալ ու ճանապարհը մաքրել։

Նախորդ օրը երեկոյան, երբ Ահվազից դուրս եկանք, քաղաքի շրջակայքում մի ծեր իշապանի կողքով անցանք։ Երբ գնացքն անցնում էր նրա մոտով, ծամածռություններ էր անում գնացքի մարդկանց համար և բոլորը նրան հրաժեշտ էին տալիս ու ձեռքով անում։ Մի երկու հոգի անգամ բարձրաձայն որպիսությունը հարցրին։ Անկասկած, եթե մի բան ուզեր գնացքի մարդկանցից, ինչ ունեին կթափեին։ Երեկ բոլորի քեֆը տեղն էր կատակի ու զվարճության համար, միայն պատճառ էր պետք։ Բայց այսօր՝ Չամսանգարում, ոչ ոք չպատասխանեց նրանց հրաժեշտին։ Պտույտի պահին՝ երբ ամբողջ գնացքը ծայրից ծայր երևում էր, մի անգամ էլ ուշադիր նայեցի։ Բոլոր պատուհանները փակ էին, և չկար մեկը, որ նրանց հրաժեշտին ի պատասխան ձեռքով կամ թաշկինակով թափահարեր։ Նրանց՝ արևի լույսի տակ գոլորշիացող խրճիթն էլ էր երևում։ Ու դեռ ձեռքով էին անում մեզ։ Դեռ շատ ժամանակ չէր անցել։ Ձեռքս մտավ գրպանիս մեջ։ Թաշկինակս հանեցի։ Կանգնեցի թաթերիս վրա և գլուխս ու ձեռքս գնացքի պատուհանից վերև բարձրացրի, թաշկինակը օդում քամու առաջ թափահարեցի։ Գուցե դեռ ուշ չէ։ Ընկերս ճիչ արձակեց և ինձ հետ քաշեց։ Ինձ հեռացրեց պատուհանից ու ապակին վերև բարձրացրեց։ Գնացքը մտել էր թունելի մեջ ու մի փոքր ուշանալու դեպքում ձեռքս կոտրված կլիներ։

 

Պարսկերենից թարգմանեց՝ Հասմիկ Հովհաննիսյանը