Հիշողության սրբապատկերները Իվան Բունինի արձակում

                                             

«Բանաստեղծությունը խոնարհում է մարդկային Հիշողությանը: Մենք վերապրում ենք Հիշողությունն – իբրև աստվածություն կամ աստվածամերձ ոլորտ, ուր կայանում է Հոգևոր Հայրենիքը՝ իբրև գոյության կենսական թաղանթ, իբրև համընդհանուր հիշողություն, որի զգացողությունը չի լքում մեզ»:

                                                Հրաչյա Թամրազյան

 

Բունինն ամեն ինչ վերածում է սրբապատկերի, քանի որ կորցրել է միակ, իրական սրբապատկերը՝ Հայրենիքը: 20 թվականին հետևած նրա արձակում և պոեզիայում կորուսյալ հայրենիքի ցավը ճառագում է սրբապատկերի պես:

Դրա տպավորիչ օրինակներից է 1923 թվականին գրված «Անշտապ գարունը»: Պատմվածքը շարադրված է նամակի նման, որը սկսվում է կեսից. «...Ու նաև, բարեկա՛մս, մի իսկական իրադարձություն տեղի ունեցավ իմ կյանքում»: Եվ պատահական չէ հեղինակի ընտրությունը. սկիզբ չունեցող այս նամակը, որ հարահոս խոսքի պատրանք է ստեղծում, ասես չլռող, թափառիկ կարոտաբաղձության բեմականացումն է: Հայրենիքի կործանմանն ականատես բանաստեղծի ներքին խոսքը չունի սկիզբ և չունի ավարտ, անլռելի եղերերգի նման՝ այն ուղեկցելու է Բունինին Ռուսաստանի սահմաններից դուրս՝ տարագրության ամբողջ ընթացքում: Կարոտաբաղձ այդ խոսքն այստեղ կոտորակվում է նամակի հեղինակի և արտերկրում գտնվող հասցեատիրոջ ինքնությունների միջև: Երկուսն էլ Բունինն են, երկուսի հիմքում էլ ներքին փորձառությունն է: 1917-20 թթ. երիտասարդ բանաստեղծը հասցրել է մինչև վերջ ճաշակել հեղափոխական վայրագության սարսափը: 1923 թվականին նա արդեն շատ հեռու է՝ Ֆրանսիայում, և ունակ է հայրենիքի փլուզումը գնահատելու սահմանից անդին հայտնված մտավորականի հայացքով: Մինչդեռ պատումի հեղինակը «նոր» Ռուսաստանում է՝ օտարման կսկիծը սրտում: Նա արտերկրում գտնվող իր բարեկամին նկարագրում է երկու իրողությունները. մեկը հետհեղափոխական՝ խառնիճաղանջ, աղմկոտ Ռուսաստանն է՝ հանձնված համատարած վխտացող փողոցային առևտրի և առևտրականների տիրապետությանը, վայրագության և գռեհկության հաղթարշավին. «ասիական որպիսի՜ բազմամարդություն, որքա՜ն առևտուր...» (տե՛ս «Անշտապ գարուն»): Մյուսը հեռացող Եզերքն է՝ ընկղմված քաղաքամերձ այգիների լռության մեջ, ամայացած ազնվականական կալվածքների Ռուսաստանը՝ «կարապի» լճերով, տոհմական մատուռներով ու եկեղեցիներով՝ պարզված ոչնչացման մոլեգնող խնջույքներին:

Պատմվածքը պատահական մի ուղևորության պատմություն է դեպի մերձմոսկովյան ավաններից մեկը. «Օրերս նվիրում էի նախկին իշխանական կալվածքի կախարդված աշխարհին. իսկապես նախկին, որովհետև տերերից ոչ մեկը ողջ չէր մնացել»: Իրեն նույնացնելով վերջալույսին պարզված ամայացած ու անխռով այդ աշխարհի հետ՝ պատումի հերոսն ընդգծում է անծայրածիր մենության իր ապրումը. «Եվ ես մենակ էի, բացարձակապես մենակ ոչ միայն լուսավոր և մեռած այդ տաճարում, այլ կարծես ողջ աշխարհում/.../»:

Բունինը մեռած տաճարի լուսավոր դադարի մեջ տեսնում է անհետացող իր հայրենիքի խտացումը: Չդադարող մի մահ, որ օժտված է զարմանալի, կենսական տրոփյունով: Բանաստեղծը հակադրում է դրսում եռացող հոգեզուրկ կյանքի պատկերը և լույսի ակունքում խտացած այդ դադարը՝ չլռող իր զարկերակով. «Ես անդադար զգում եմ՝ ինչպես է վերանում, ինչպես է խզվում վերջին կապող օղակն իմ և ինձ շրջապատող աշխարհի միջև, ինչպես եմ ես ավելի ու ավելի օտարվում՝ հեռանալով այն աշխարհ, որի հետ կապված եմ եղել ոչ միայն ամբողջ կյանքում՝ սկսած մանկությունից, պատանեկությունից, սկսած իմ ծննդյան օրից, այլ ծնվելուց դեռ շատ առաջ. ես հեռանում եմ «անցյալի Ելիսեյան դաշտեր», ինչպես կհեռանաս դեպի երազ. մի երազ, որ ճառագում է վառ և ապշեցուցիչ կենդանությամբ օժտված այն կյանքի պես, որում քարացել են լազուրե աչքերով մեռյալները մերձմոսկովյան անտառների թափուր իրենց դղյակում»:

Այն, ինչ Բունինին վիճակված էր տեսնել 1917-1920 թթ., գրողի հետագա ողջ կյանքում հեռացած աշխարհի պատառիկները վերածելու էր սրբապատկերի՝ կորստյան ցավը տեղափոխելով ստեղծագործությունից ստեղծագործություն՝ «Արսենևի կյանքից» մինչև «Ցուրտ Աշուն», «Մութ ծառուղիներ» կամ «Մաքուր երկուշաբթի»:

Սրբապատկերային այդ գեղագիտությունն իր ամենահետաքրքիր դրսևորումներն է գտնում Բունինի կանացի կերպարների մեջ: Երբեմն պատմվածքներում կամ վիպակներում պատկերված կանացի կերպարներն իրենց գեղեցկությամբ, առեղծվածայնությամբ ու խորհրդավոր անհետացումներով թվում են անիրական, ինչպես բժշկի դուստրը՝ եթերային ու անորսալի Լիկան, «Արսենևի կյանքում», ծպտված «միանձնուհին» «Մաքուր երկուշաբթի» պատմվածքում, «Մութ ծառուղիների» նախկին սպասուհին: Այս կերպարները տոգորված են նրբագեղ քնարականությամբ, բայց թվում է՝ ապրում են միայն որպես գեղարվեստական հղացք՝ չնայած զգայական մանրամասնություններին մաշկի երանգի, ժպիտի կամ հագուստի վերաբերյալ, զուրկ են չեխովյան «Հոգյակի» օրգանական, առինքնող ներկայությունից, որ ստեղծվում է մի անվրեպ բառակապակցության շնորհով:

Բայց հանկարծ ամեն ինչ փոխվում է, երբ բացահայտում ես եթերային այդ կերպարների կենսական առանցքը՝ հեռացած հայրենիքի պատկերը, որ երբեք չի դադարում տրոփել:

Իվան Բունինը մեզ հասած գրական ժառանգության զգալի մասը ստեղծել է Ռուսաստանի սահմաններից դուրս: Արտերկրում նրան վիճակված է ապրել որպես վտարանդի, «աքսորյալ», ինչպես ինքն է գերադասում կրկնել 1933 թ.-ին Նոբելյան իր բանախոսության մեջ. «Դուք առաջին անգամ եք այս մրցանակը շնորհում աքսորյալի»: 1920-ից նա հաստատվում է Ֆրանսիայում՝ ոչ միայն անհնարին վերադարձի, այլև վախճանված Հայրենիքի կեղեքող գիտակցությամբ: Հայրենիք, որից մնում են սոսկ այլակերպ ծամածռություններ, տապալվող գմբեթներ և պողպատի ու հրի բազմաձայնող մի ժխոր: Բավական է ընթերցել «խորհրդային» գրողներին՝ Գորկուն, Մայակովսկուն նվիրված նրա էսսեները, և Բունինի չափազանցված, իրականում անարդար դատավճռի մեջ, որ չի խնայում մինչև իսկ նախահեղափոխական Մայակովսկու՝ տիեզերական կարոտով հրկիզվող սրինգը, հնչում է «նոր» Ռուսաստանի հանդեպ ունեցած զարհուրանքը: «Մայակովսկին որոշ հռչակ էր վայելում մինչև Լենինը,-գրում է Բունինը,-հասցրել էր աչքի ընկնել ի թիվս բոլոր այն զեղծարարների, խուլիգանների, որոնց կոչում էին ֆուտուրիստներ»: Այնքան խորն է Բունինի սոսկահարար արգահատանքը, որ նա հեգնանքով է խոսում մինչև իսկ Բորիս Պաստեռնակի մասին. «Ու նա էլ արտահայտվում է ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես վայել է մերօրյա հանճարեղ բանաստեղծներին...» (տե՛ս «Մայակովսկի»):

Նոր իրողությանն առնչվող ցանկացած անուն Բունինի համար հայրենասպանության մեծ կամ փոքր համահեղինակ է: Եվ ահա, Ֆրանսիայի հարավում, երբ հոգու տապալված գմբեթները դարձել են կեղեքող մի հիշողություն, բանաստեղծը գրում է դարավերջի Ռուսաստանի, երիտասարդ տարիների, ռուսական գյուղի, տոհմիկ ռուս ազնվականների դանդաղ վերջալույսի մասին: Բունինը խոսում է հոգու մասին՝ իր միաժամանակ մտացածին և մշտապես ինքնակենսագրական հերոսների միջոցով: Ու կորստյան ցավը տրոփում է ծագող արեգակի նման: Երբ «Մաքուր երկուշաբթին» (1944) կամ «Արսենևի կյանքն» ընթերցում ես այս լույսի ներքո, հանկարծ լուծվում է կանացի փախչող ու գրքային ուրվագծերի հանելուկը, անորսալի, խաղացկուն գծերն ամբողջանում են միակ, նվիրական դիմագծի՝ կորուսյալ հայրենիքի պատկերի շուրջ:

«Մաքուր երկուշաբթի» պատմվածքը, որ ինքը՝ Բունինը, համարել է «Մութ ծառուղիներ» շարքի լավագույն ստեղծագործությունը, զարմացնում է գեղարվեստական մեթոդների, ֆորմալ լուծումների անհամաչափությամբ, որ առկա է պատմվածքի էքսպոզիցիայի, զարգացման և հանգուցալուծման միջև: Պատմվածքի հերոսուհու՝ հանելուկային պահվածքով տարաշխարհիկ գեղեցկուհու պատկերը ծնվում և անհետանում է դարավերջի մայրաքաղաքի համայնապատկերում. մտավորական Մոսկվայի աղմկոտ անցուդարձն ու լռող նրբանցքները հերթագայում են իրար: Զուգորդվում են ցուցափեղկային շողարձակումներն ու ներաշխարհի դիմադրող լռությունը:

Պատմվածքը շարադրված է առաջին դեմքով: Երիտասարդ հերոսը, որ պատումի հեղինակն է, գրեթե ոչինչ չգիտի ինչպես աղջկա անցյալի, ծրագրերի, այնպես էլ ներքին կյանքի մասին: Անսպասելի շրջադարձը, որ դառնում է հանգուցալուծման նախերգանքը, երկուսի զբոսանքն է հոգևոր Մոսկվայով: Դրան հետևում է միության և բաժանման միակ գիշերը, որ եզրափակվում է աղջկա՝ մենաստան գնալու որոշմամբ: Այսպիսով՝ պատումի առաջին մասն ամբողջությամբ ծառայում է երիտասարդ աղջկա առեղծվածի գեղարվեստական մշակմանը: «Ինչ-որ դասընթացների հաճախող» գեղեցկուհին՝ հարուստ վաճառականի դուստրը, արտերևույթների շքերթում հայտնված էակ է՝ օժտված ներքին անբացատրելի դիմադրությամբ, որ կարելի է վերագրել խոր ներաշխարհին:

Այս առեղծվածի կառուցման ճանապարհին Բունինի գրվածքը միաժամանակ քնարական է և նրբագեղ՝ հետամուտ նովելի թեթևասահ տեխնիկային: Կնոջ կերպարի գեղարվեստականացումը երբեմն զերծ չէ ռոմանտիկական շնչից: Ռոմանտիզմի տարրեր կան նաև բաժանման գիշերի տեսարանում. կնոջ մերկ ուրվագիծը, որ «կարապի փետուրից մաշիկներով»՝ իր մութ գանգուրներն է հարդարում հայելու առջև, վերջնական վճռի մասին ակնարկող խորհրդավոր ֆրազները: Բայց, ահա, ավարտվում է առաջին մասը, ու դրան հետևում է անսպասելի հանգուցալուծումը, որ չի ենթարկվում նովելի հանկարծահաս ավարտի սկզբունքին, խոսում է բանաստեղծական խտացումների լեզվով: Ավարտվում է առաջին պատմվածքը, ու սկսվում է բոլորովին ուրիշ մի պատմություն՝ գրված արդեն ոչ թե արևմտաեվրոպական, մոպասանյան նովելի լավագույն ավանդույթներով, այլ բանաստեղծական խտացումների, կարճ միացումների լեզվով: Շարունակական, հոսուն պատումն անսպասելիորեն խտանում է, սեղմվում են ծալքերը: Շուտով միագիծ պատումն իր տեղը զիջում է ժամանակային, տարածական ցատկերին: Կորստյան անփարատ ցավը սրտում՝ հերոսը ծնրադրել է, հեկեկալով աղոթում է մոմերի բոցից «հրկիզվող» տաճարում:  Եվ հանկարծ առաջին այդ ձյան տրորվող նրբանցքներում իմաստավորվում է աղջկա ոչ այնքան իրական, քնարական կերպարը: Երիտասարդ տղան բանաստեղծն է՝ արդեն շատ տարիներ անց, հարավային Ֆրանսիայի շքեղ և առատաձեռն ամայության մեջ, երբ ամեն ինչ կորած է՝ բացի միակ՝ ներքին, բանաստեղծական եզերքից: Ու կորստյան անդառնալիությունը, աններելիությունը («Ո՞ւր կորավ այդ ուժը հետո, երբ կործանվում էր Ռուսաստանը: Ինչո՞ւ մենք չկարողացանք պաշտպանել այն ամենը, ինչն այդքան հպարտորեն անվանում էինք ռուսական», տե՛ս «Արսենևի կյանքը»:) շարունակ նոր կերպարներ է կորզում հիշողության անհատակ օվկիանոսից, նետում ցամաք: Գրվածքի ներկայում՝ 1944 թ.-ի պատերազմական Ֆրանսիայում նա, ում առջև խոնարհվել է հերոսը, նա, ում առջև մտովի արտասվում է նա, ոչ թե կորցրած ընկերուհին է, այլ Հայրենիքի վերհուշը՝ վերածված սրբապատկերի:

Բանաստեղծական խտացումների նույն սկզբունքը գործում է պատմվածքի եզրափակիչ տեսարանում: 1914 թվականն է: Հերթական ժամանակային ցատկի շնորհիվ՝ մենք հերոսին վերագտնում ենք երկու տարի անց, դարձյալ Մոսկվայում, որտեղ նա հայտնվել է հուսահատ դեգերումներից հետո, ու քայլերը նրան ինքնաբերաբար մենաստաններից մեկն են տանում: Ներսում ծիսական արարողություն է. հավատավորների թափորը՝ երգաձայն, սրբապատկերներով, մթության մեջ շարժվում է առաջ: Պատմվածքը եզրափակվում է միանձնուհիներից մեկի կերպարանքով, որ թանձրացող խավարի մեջ հանկարծ նայում է հերոսին. «Եվ ահա այդ կերպարանքներից մեկը, որ քայլում էր մեջտեղից, հանկարծ բարձրացրեց ճերմակ գլխաշորով փաթաթած գլուխը՝ ձեռքի ափը պահած մոմի առաջ, սև աչքերն ուղղեց մթությանը, ասես հենց ինձ էր նայում»: Պատումը չի ծավալվում, ոչինչ չի ճշտում: Միանձնուհին մնում է անորսալի և նվիրական «նա»-ն՝ հարազատ և անծանոթ. «Ի՞նչ կարող էր նա տեսնել այդ մթության մեջ, ինչպե՞ս կարող էր զգալ իմ ներկայությունը: Ես շրջվեցի ու լուռ դուրս եկա դարպասից»: Եվս մի անգամ միանձնուհու կերպարը, որ ճանաչում է, պոկում է հերոսին իր անթափանց խավարից, այլաբանական չափում է ստանում: Խավարի միջից իրեն նայող կերպարանքը կորուսյալ Եզերքի պատկերն է՝ պատսպարված հոգու, հիշողության անեղծ տաճարում, որ վերածվում է բանաստեղծական հավատամքի:

Հետաքրքիր է, որ «Մաքուր երկուշաբթի» պատմվածքի հանգուցալուծումն ու ներքին հարցադրումը հիշեցնում են Ժերար դը Ներվալի «Սիլվի. Վալուայի հիշողություններ» վիպակի ավարտը: Անհնարին վերադարձի մի բոլորովին այլ պատմություն: Եվ բոլորովին այլ պատճառներով, բայց դարձյալ վտանգված, հեռացող Եզերքի պատկեր: Հանձնված փարիզյան աղմկոտ կյանքի հորձանուտին՝ Ներվալի վիպակի հերոսը փնտրում է սեփական սկիզբը: Գիշերային պայծառացումներից մեկի ժամանակ նա հասկանում է, որ իր որոնումների առանցքը տարիների խորքում մնացած երիտասարդ Ադրիենի խորհրդավոր կերպարն է, որը միանձնուհի է դարձել: Պատումի եզրափակիչ պարբերության մեջ հերոսն անսպասելիորեն պարզում է, որ Ադրիենը վաղուց արդեն հեռացել է կյանքից: Սկսած վիպակի առաջին գլուխներից՝ մինչ հերոսը մտքում համառորեն փնտրում է նրան ու սարսռում ամեն անգամ պատահական մենաստանների հարևանությամբ, Ադրիենը վաղուց արդեն լքել է իրերի աշխարհը: Համընկնումները չեն սահմանափակվում սյուժետային առանձին տարրերով: Չնայած էական տարբերություններին՝ կրկնվում է առնվազն երկի հարցադրումներից մեկը. արտերևույթների շքահանդեսի և ներքին որոնման զուգակցումը: Հանձնված երևութական աշխարհի շողարձակ մակերեսին՝ հերոսը փնտրում է ներքին արարը: Բեմեզրի լույսերով հեղեղված կանանց պատկերում նա փնտրում է դեպի ներքին բեմ տանող հասցեն: Նույն հարցադրումն առկա է Բունինի պատմվածքում. անձնատուր աշխարհիկ կյանքի աղմկալից անցուդարձին, շողշողուն, երևութական մակերեսին՝ կանացի կերպարը թաքցնում է անհատակ մի խորք: Ինքն էլ չիմանալով այդ մասին՝ նույն այդ խորքն է գլխավոր հերոսը փնտրում գեղեցկուհու առեղծվածային կերպարի մեջ: 

Կերպարաստեղծման նույն՝ կանացի առեղծվածի սկզբունքին է ենթարկվում նաև «Արսենևի կյանքի» գլխավոր հերոսուհու՝ Լիկայի կերպարը: Բժշկի՝ առերևույթ շփացած, աշխարհիկ վայելքներով ապրող աղջիկը, զարմանալի խոր ներաշխարհ է թաքցնում: Նրա կորուստը բանաստեղծի համար հավասարազոր է տիեզերական աղետի: Եվս մեկ անգամ կնոջ մեկնումը հերոսին թողնում է անհուսալի խավարի մեջ: Պատահական չէ, որ ինքնատիպ այդ ավարտն է ընտրել Բունինը բանաստեղծի ճակատագրի, բանաստեղծի ներքին կայացման մասին պատմող իր վիպակի համար: Թվում է՝ գրողի ուղու մասին պատմող վեպը, որ շարադրված է առաջին դեմքով, պետք է եզրափակվեր որևէ ստեղծագործական թռիչքի վերհուշով: Բայց, ահա, պատումն ավարտվում է, ավելի ճիշտ՝ կտրուկ ընդհատվում է անձնական կորստի հիշողությամբ: Սթափ հայացքով կյանքին նայող հերոսուհին արձանագրում է իր և բանաստեղծի անուրջի փլուզումը. համատեղ երջանկությունը հերոսին զրկում է իրեն անհրաժեշտ ազատությունից: Երիտասարդ կնոջ մեկնումին հետևում է նրա հիվանդությունը, ապա՝ մահը: Եվ դարձյալ ստեղծագործության վերջին պարբերություններում է ամբողջանում, իմաստավորվում կանացի կերպարը. արդեն կորսված՝ նա վերածվել է բանաստեղծի ստեղծագործական կյանքի առանցքին:

Լիկայի մահը ծանուցող հակիրճ նախադասությունից հետո նույն գլխում մենք տեղափոխվում ենք հերոսի ներկա ՝ 1927-1929 թթ., Ալպեր: Անցել են տասնյակ տարիներ, պատումի հեղինակն օտարության մեջ հայտնվելու հանգամանքները համարում է իր ներքին կենսագրության համար անկարևոր մի մանրուք. ոչ մի ճշգրտում: Անցյալի հետ կապող միակ կերպարը մահացած կնոջ պատկերն է: Հիշատակվող երկու պատկերն էլ կանացի կերպարն անուղղակիորեն կապում են բանաստեղծական գրվածքի հետ: Առաջինը Լիկայի մակագրությամբ նոթատետրն է, որ վերջինս իր առաջին աշխատավարձով գնել է երիտասարդ բանաստեղծի համար: Մյուսը երազում հայտնված տեսիլքն է, որ Լիկային դարձնում է Բեատրիչեին, Լաուրային, Ժերար դը Ներվալի Օրելիային հավասարազոր բանաստեղծական ներկայություն: 

Իսկապես, երազում այցելող կնոջ պատկերի մեջ որոշ գծեր այլաբանական չափում են տալիս վերջինիս: Լիկայի կերպարը մնում է «աղոտ», բայց օժտված է հզոր, «զգայական» ներկայությամբ: Ակամա հիշում ես Վերածնության մեծ հեղինակների ավանդույթը՝ Լաուրայի, Բեատրիչեի հայտնությունները, որտեղ կանացի կերպարն օժտված է ֆիզիկական ներկայության անբացատրելի ուժով: Հեղինակը ճշտում է, որ Լիկան «այն տարիքն ունի, որ ուներ իրենց մտերմության տարիներին», բայց միևնույն ժամանակ նրան հատուկ է «արդեն թոշնող գեղեցկության հմայքը»: Եվ ամենակարևորը՝ կնոջ ողջ կերպարանքի մեջ «սուգ հիշեցնող ինչ-որ բան կա». չի նշվում այդ տպավորության ստույգ աղբյուրը՝ զգեստները, սանրվածքը, դեմքի արտահայտությունը... Հեղինակը հիշատակում է միայն խոր սգի իր տպավորությունը: Եվ դարձյալ միախառնվում են հեռացած կնոջ ու հեռացած Ռուսաստանի դիմագծերը: Երկուսն էլ բանաստեղծության ակունքն են: Այսպիսով՝ Բունինի բանաձևն անփոփոխ է. գրվածքը ծնվում է կորստից, այն ծայր է առնում կարոտից:

Դա կինն է կամ Հայրենիքը:

Կամ կորուսյալ հայրենիքը՝ մարմնավորված հեռացած կնոջ կերպարի մեջ:

 

Շուշանիկ Թամրազյան