Հեղափոխություն մեկ րոպեում՝ Revolution Per Minute

Քեն Քիզիի հռչակավոր վեպը Մայր թատրոնի բեմում

«Ներկայացման գլխավոր դերակատարներից մեկը՝ հանդիսատեսն արդեն տեղում է, կարող ենք սկսել»- հենց այսպես է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը բեմական կյանքի իրավունք տալիս մայր թատրոնի նոր ներկայացմանը, որին հայ հանդիսատեսը շատ երկար է սպասել: Նախորդ դարի ամերիկյան ամենաընթերցված վեպերից մեկը՝ Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» ստեղծագործությունն առաջին անգամ է բեմադրվել Հայաստանում: Այս գործը բեմադրելու մասին Արմեն Էլբակյանը վաղուց է մտածում: Բացի այն, որ գիրքը համարում է ամերիկյան գրականության լավագույն գործերից մեկը, նրան միշտ գրավել է ըմբոստ անհատների ճակատագիրը: Գրեթե 45 տարի առաջ կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը 2-րդ շնչառություն տվեց Քեն Քիզիի հռչակավոր վեպին՝ նկարահանելով նույնանուն և ոչ պակաս սիրված ֆիլմը, որը Ֆորմանին համաշխարհային ճանաչում բերեց և «Օսկարի» 5 արձանիկ: Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ֆիլմը շատ սիրվեց, և այժմ Արմեն Էլբակյանն իր նոր ներկայացմամբ պետք է բեմական կյանք տա մեծ էկրանից հայ հանդիսատեսին գերած պատմությանը: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ով ի սկզբանե ներկա է եղել ներկայացման բոլոր փորձերին, վստահեցնում է՝ փայլուն ներկայացում է ստացվել, որն իր թատերական էսթետիկայով ու գեղարվեստական արժեքով հաստատուն տեղ կգրավի թատրոնի խաղացանկում:

 «Չգիտեմ, թե ինչպես եկա այն մտքին, որ ներկայացումը հենց այս շրջանում պիտի բեմադրվի: Կան բաներ, որ զգում ենք սրտով և ոչ մտքով: Այդպես սրտով զգացի, որ հենց հիմա է այս ստեղծագործությանը անդրադարձի ժամանակը»,- ասում է Արմեն Էլբակյանը «ArtCollage»-ի հետ զրույցում: Ըստ  ռեժիսորի՝ հանդիսատեսը պետք է տեսնի ստեղծագործությանը իր ժամանակների հայացքը: Եվ հենց այդ է պատճառը, որ ամեն անգամ մուտք գործելով թատրոն մենք տեսնում ենք միմյանցից տարբեր Համլետներ, Ռոմեո և Ջուլիետներ և այլն:
Ֆորմանի ֆիլմը Արմեն Էլբակյանը շատ բարձր է գնահատում, այդուամենայնիվ, փորձել է իր ներկայացումը բոլորովին այլ կերպ բեմադրել, այլ շեշտադրումներ  կատարել: «Սա մեծ ուղերձ է մեր հանդիսատեսին այն մասին, թե ինչպես է անհատն ընդվզում հիվանդ հասարակության դեմ, և զոհելով ինքն իրեն՝ փորձում է փրկել և ապրելու հույս ներշնչել բոլոր նրանց, ովքեր մոլորվել են կամ ինքնամփոփվել, և կամ փորձում են փախուստ գործել իրականությունից: Կարծում եմ որ այս ներկայացման մեջ մեզանից յուրաքանչյուրը կգտնի այն ամենակարևորն ինչ իրեն անհանգստացնում է, գուցե նաև այն հարցերի պատասխանները, թե ինչու ենք մենք ապրում, որն է մեր ապրելու նպատակը, ինչպես մարդն ազատագրվի իրեն շրջապատող քաոսից»,- ասում է Արմեն Էլբակյանը:

Բեմադրող ռեժիսորը նաև խիստ խորհրդանշական է համարում որ վեպի գլխավոր հերոսի՝ Ռենդալ Պատրիկ Մաքմըրֆիի անունը հապավում է, և նշանակում է հեղափոխություն մեկ րոպեում (անգլերեն՝ Revolution Per Minute): Մաքմըրֆին գալիս է փոխելու, հեղափոխելու մեկուսացած, հասարակության ներսում հիվանդ  հանրություն ստեղծած մարդկանց, որոնց մեծ մասը հայտնվել է հոգեբուժարանում հենց սեփական նախաձեռնությամբ: Ռենդալ Պատրիկ Մաքմըրֆին հոգեբուժարան է ներխուժում թարմ օդի պես, փշրելով իրականությունից դուրս սեփական պատրանքներով անհաղթահարելի սահմաններ գծած մարդկանց շրջապատող պատնեշները, փոթորկում նրանց թեկուզ ողբերգական՝ բայց խաղաղ առօրյան: Ներկայացման բեմադրական աշխատանքները սկսվել են ամռանը: ՄԻ քանի ամիս տևած փորձերից Ռենդալ Պատրիկ Մաքմըրֆիի դերակատար Արմեն Մարգարյանն անգնահատելի փորձ ու բավականություն է ստացել: Բազմամարդ այս ներկայացմանը մասնակցում է թատրոնի երկու տասնյակից ավելի դերասան: Հատուկ այս ներկայացման առիթով բեմադրության ստեղծագործական թիմին է միացել նաև Գարի Քյոսայանը, որի երաժշտությունն է հնչում ներկայացման  ընթացքում: Կոմպոզիտորի գնահատմամբ ներկայացման երաժշտությունը ստեղծվել է ջազի և դասականի միաձուլմամբ: Ըստ Գարի Քյոսայանի Քեն Քիզիի վեպը շատ քնարական շերտեր ունի և նաև այդ պատճառով ներկայացման երաժշտությունը  գրելն այդքան էլ բարդ չէր: Արդյունքում տարբեր ոճերի միահյուսումով ստացված երաժշտական ձևավորումը գալիս է լրացնելու ընդհանուր  բեմադրական մտահղացումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

... ...