Հարություն Դելլալյան. «Երաժշտությունը որ հնչում է հոգուս մեջ, երբեք չի լռում»

Մարդ, որ երկու իրականության մեջ էր ապրում

Հարություն Դելլալյանի տարեդարձի օրն է: Նա երաժիշտ էր, որն իր  դրամատիկ ու զարմանալի կյանքով, խորհրդային կարծրատիպերի մեջ որևէ կերպ չտեղավորվող երաժշտությամբ ու իր մարդկային տեսակով լուռ, բայց հաստատուն դիմադրություն էր խորհրդանշում իր ժամանակի գաղափարական ու բարոյական կեղծ արժեքներին: Չնայած նրա համար փակ էին խորհրդային կայսրության սահմանները, բայց նրա երաժշտությունը ճեղքեց երկաթե պատնեշը և նվիրյալ բարեկամների միջոցով տարածվեց Հայաստանի սահմաններից դուրս: «Երաժշտությունը որ հնչում է հոգուս մեջ, երբեք չի լռում»՝ կոմպոզիտորի բնորոշումն է իր ստեղծագործական կենսակերպին: Հարություն Դելլալյանի տարեդարձի առիթով «ArtCollage»-ը զրուցել է կոմպոզիտորի դստեր՝ ջութակահար, «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Դելլալյանի հետ:

 

-Հարություն Դելլալյանն այս տարի կդառնար 84 տարեկան: Արդեն 3 տասնամյակից ավելի է ինչ նա վախճանվել է, ցավոք, շատ երիտասարդ հասակում՝ ընդամենը 53 տարեկան էր: Ի՞նչ եք կարծում, այսքան տարի անց արդյո՞ք նրա ստեղծագործությունն արժանիորեն գնահատված և արժևորված է:

-Դժվար է պատասխանել այս հարցին, երբ չկան չափորոշիչներ։ Սա այն խնդիրն է, որի առանցքը մեր վերաբերմունքն է մշակութային ժառանգության, այսօրվա ստեղծագործողի և նրա ստեղծածի նկատմամբ։ Արդյո՞ք արժևորված են մեր լավագույն ստեղծագործողներն ընդհանրապես։

Մենք սովորաբար սիրում ենք ասել, որ մշակութային ազգ ենք և, իրապես, ազգի դիմանկարը նրա մշակույթն է, ստեղծածը, նրա ներդրումը, տեղն ու դերը քաղաքակրթության մեջ, ներկայությունը համաշխարհային մշակույթում և որքան այդ ներդրումը պատկառելի է, այնքան բարձր է ազգի կարևորությունը։ Հետո, երբ անդրադառնում ենք, տեսնում ենք, որ անգամ տեղյակ չենք, թե ինչ ստեղծագործողներ կան մեր կողքին, փնտրում ենք մեր ունեցածը դրսերում և տեսնում կրկին, որ հայ գրականությունը չկա աշխարհի գրախանութներում, հայկական ճարտարապետության մասին հիշատակումներ անգամ չկան, որ մեր փոխարեն ուրիշներն անխնա աշխատում են մերը խեղաթյուրելու ուղղությամբ, որն անտարբերությամբ և առանց ջանք թափելու ընդունում ենք։ Մնում են անհատ պայքարողները՝ միայնակ... Մեր երաժշտությունը որոշ բացառություններով կատարվում է այնքան, որքան կատարում են առանձին երաժիշտներ։ Հայկական նկարչությունը համաշխարհային պատկերասրահներում գոյություն չունի, եղածն էլ նույնպես անհատական մակարդակներում է։

Սա է ընդհանուր պատկերը։

Իսկ երկրի ներսում սովորաբար ժողովուրդը և նրա արժևորման չափանիշները բարձր են լինում այնքանով, որքանով նրան հնարավորություն է տրվում ճանաչելու, աշխատանք է տարվում մշակույթի կարևորության գիտակցումը բարձրացնելու համար՝ ձևավորելով հասարակություն, որն ունի նորը գտնելու պահանջ։ 

Եվ չնայած շատ երկար տարիներ ամեն հնարք օգտագործվեց մեր հասարակությանն ամենացածր կարգի ժողովուրդ դարձնելու համար, այնուամենայնիվ, զգալու և գնահատելու իմաստությունը, հուսով եմ, մեր ժողովուրդը չի կորցրել։

-Ձեր հայրիկի կյանքի պատմությունն իսկապես մարդու ստեղծագործական սկզբի մի ֆենոմենալ պատմություն է: Նա կոնսերվատորիա է ընդունվել երեսունհինգ տարեկանում՝ ունենալով առնվազն նախորդ չորս տարիների երաժշտական կրթությունը, կարծեմ բացառիկ դեպքերից է: Նաև երկար տարիներ աշխատում էր որպես ֆրեզերագործ բանվոր: Դուք հիշո՞ւմ եք ինչպես էր նա համատեղում ծանր բանվորական աշխատանքն ու ուսումնառությունը կոնսերվատորիայում:

-Այդ տարիներից ես հիշում եմ դժվարության զգացողությունը։ Իսկ թե ինչո՞ւ էր այդպես՝ չգիտեի։ Բարդ տարիներ են անցկացրել ծնողներս, գործարան, ուսում, ընտանիք, երեխաներ։ Ամբողջապես փոխել կյանքի հունը կարող էր միայն բացառիկ կամքի տեր մարդը, իհարկե, կողքին ունենալով անձնազոհ ու սիրող կնոջը։

Գուցե զարմանալի թվա, բայց ես հորս միշտ ընկալել եմ որպես երաժիշտ, անգամ այն ժամանակ, երբ նա դեռ գործարանում էր։ Հայրս մշտապես մեզ էր փոխանցում իր գիտելիքները, իր տպավորությունները, և ինձ համար երաժշտության աշխարհը բացահայտվել է իր միջոցով, իր շնորհիվ։ Երեք տարեկան էի, հայրիկս մեզ տարավ «Կարապի լիճ» բալետը դիտելու, որից ստացած անբացատրելի տպավորությունները, վստահ եմ, որոշիչ դարձան իմ հետագա կյանքի համար։ Նաև հրաշալի հիշում եմ, երբ առաջին անգամ կրկին ծնողներիս ուղեկցությամբ մտա Էջմիածնի Կոմիտասի թանգարանը, որտեղ հնչում էր Նրա ձայնը։ Հայրս մեզ պատմում էր Նրա մասին, և ես այնտեղ գիտակցեցի, որ Կոմիտասն իրական է եղել...

-Նրան ճանաչողները պնդում են, որ նա մշտապես, անընդմեջ ինքնակրթությամբ էր զբաղվում և հրաշալի ծանոթ էր երաժշտական ավանգարդի բոլոր զարգացումներին: Ինչպե՞ս էր դա նրան հաջողվում:

֊Հաճախ ինքս նույն հարցն եմ տվել, հասկանալու համար, թե ինչպե՞ս էր հայրս իր համար բացահայտում բաներ, որոնք այն ժամանակ հիմնականում անհասանելի էին, չկար համապատասխան գրականություն, կամ՝ հիշում եմ, թղթերի վրա տպագրված օրինակներ էին, որոնք սակավաթիվ մարդկանց ձեռքից ձեռք էին անցնում։ Ուսումնասիրում էր արևելյան փիլիսոփայություն, հեղինակների էր կարդում, որոնք անծանոթ էին լայն հասարակությանը։ 80֊ական թվականներին նա Կոստան Զարյանի բանաստեղծություններով երաժշտություն էր գրում, երբ Զարյանից չնչին տպագրություններ կային Հայաստանում։ Կարծում եմ նույն կերպ նա ուսումնասիրում էր նաև համաշխարհային երաժշտությունը: Հայրիկիս գրադարանում կային այդ տարիների ամենաարդի կոմպոզիտորների պարտիտուրներ։ Չգիտեմ ինչպես էր աշխատելու, սովորելու հետ հասցնում, բայց մշտապես մտավոր գերզբաղված վիճակում էր։ Այդ ամենի արդյունքում նա շատ որոշակիորեն ստեղծեց իր երաժշտական ձեռագիրը, որն անհնար է շփոթել մեկ այլ հեղինակի հետ և կարողացավ ժամանակակից ձեռագրով, ծորուն հայկականությամբ ստեղծել համամարդկային երաժշտություն։

-Դելլալյանի ամբողջ կյանքն ու ստեղծագործությունը լեցուն է Կոմիտասի  հանդեպ պաշտամունքով: Որտեղի՞ց էր գալիս այդ նվիրումը Կոմիտասին:

֊Կարծում եմ արյան կանչն է, գենն է, որ անցնում է սերնդից սերունդ և դարձնում ժառանգորդ, կրող։ Այս գենը շատ վառ էր արտահայտված հայրիկիս մեջ, գուցե իր սիրելի մոր՝ վաղ մանկուց ներարկած արժեքների, իր երեխաներին կոմիտասյան մեղեդիներ երգելու շնորհիվ, որը դարձել էր աշխարհընկալում։ Իսկ այդ երգերը մեր մասին են, որոնք հայրիկիս ստեղծագործությունների առանցքը կազմեցին, ժողովրդի ճակատագիրը, մեր պատմությունը, որը որպես գեղարվեստական ձուլվածք վերածվեց դելլալյանական երաժշտության։  

-Ենթադրում եմ, որ նրա դժվար ու տառապագին կյանքի գլխավոր խնդիրներից մեկն էլ այն խոր հակասությունն էր, որ կար նրա ազատ ու նորարարական երաժշտության և խորհրդային գաղափարական կաղապարների միջև:

֊Անկասկած։ Նա մարդ էր, որը երկու իրականության մեջ էր ապրում։ Մեկն իր ներսի իրականությունն էր, մյուսը՝ դրսի, այն, որը պարտադրվում էր։ Եվ, իհարկե, սկսած իր ուսումնառության տարիներից իրեն խրախուսող, օգնող դասախոսների կողքին, որոնք հետո դարձան իր ընկերները, կային նաև դասախոսներ, որոնք է՜լ ավելի էին դժվարացնում նրա կյանքը զուտ այն պատճառով, որ իր մտածողությունը, հետաքրքրությունները տարբեր էին, զուգահեռ չէին պարտադրված «օրենքներին» և դուրս էին իրենց գծած քառակուսուց: Նրանք պարզունակությամբ սա վերագրում էին հայրիկիս ուշ ստացած կրթությանը։ Հետագայում էլ, երբ կատարվում էին նրա ստեղծագործությունները՝ հայտնվում էին քննադատներ, որոնց անուններն այսօր ժամանակը արդարացիորեն մաքրել է։ Այս ամենի կողքին, սակայն, մեր բազում հրաշալի երաժիշտներ հենց ամենասկզբից հավատացել և կատարել են նրա ստեղծագործությունները։ Չեմ կարող չնշել մեր լավագույն երաժիշտներ Ֆելիքս Սիմոնյանի, Արթուր Փափազյանի, Հակոբ Մեքինյանի, Աբգար Մուրադյանի, ավելի ուշ՝ Սեդրակ Երկանյանի, Զավեն Վարդանյանի, Էմին Խաչատրյանի և շատ այլոց անունները, որոնք եղան այս կամ այն ստեղծագործության առաջին կատարողները։

-Ձեր ընտանիքի բարեկամների թվում մի շատ արժանավոր ու թանկ անուն կա. Արամ Ղարաբեկյանի մասին է խոսքը, որը մեծապես նպաստեց նրա երաժշտության տարածմանը Միացյալ Նահանգներում: Ինչպե՞ս էր սկսվել այդ բարեկամությունը:

֊Արամ Ղարաբեկյանը դարձավ հայրիկիս երաժշտությունն ամենատարբեր բեմահարթակներում հնչեցնող կարևորագույն երաժիշտներից մեկը։ Իրենք ծանոթ չէին մինչև այն օրը, երբ Նյու Յորքի Քարնեգի Հոլում Արթուր Փափազյանն իր դեբյուտային մենահամերգում կատարեց «Նվիրում Կոմիտասին» Սոնատը։ Համերգը փայլուն էր անցել, որին լայնորեն անդրադարձել էր մամուլը։ Օրինակ «New Yourk Times»-ը գրել էր. «Համերգի ամենաուշագրավ ստեղծագործությունը Հ. Դելլալյանի սոնատն էր»։

Այդ համերգին ներկա էր Արամը և Փափազյանից տեղեկացել էր հայրիկիս մասին. մի օր նամակ ստացանք Բոստոնից, որտեղ նա գրում էր իր տպավորությունների մասին և խնդրում, որ հայրս մի ստեղծագործություն գրի իր «SinfoNova» կամերային նվագախմբի համար։ Այդպես գրվեց և սկսվեց ամերիկյան, հայաստանյան, միջազգային այլ բեմերում «Topophono » ստեղծագործության բազում կատարումների երթը։

Արամը եղավ նաև ֆլեյտայի և նվագախմբի համար գրված «Ecloga» կոնցերտի առաջին կատարողը։ Այս երկու հոգեհարազատ մարդիկ կյանքում հանդիպեցին ընդամենը մեկ անգամ, ամերիկյան մեկ կատարումից հետո, բայց երաժշտությունը մնաց նրանց հոգևոր միասնության օղակը։

Անչափ կարևոր էր այս հանդիպումը, որովհետև ապրելով ու գործելով այլ մշակույթ ունեցող երկրում, նաև լինելով բազում օտարազգի կոմպոզիտորների ժամանակակից ստեղծագործությունների կատարողը, Արամը անմիջապես նկատեց Դելլալյան կոմպոզիտորին, որը հենց Արամի խոսքերով՝ իր ժամանակից շատ առաջ էր։

-Ցավալի իրողություն է, որ Հարություն Դելլալյանը չհասցրեց լիովին օգտագործել իր ամբողջ ստեղծագործական ներուժը. եթե չեմ սխալվում մոտ 3 տասնյակ ստեղծագործություններ են: Դրանց թվում կան արդյո՞ք գործեր, որ դեռ չեն հնչել և ձայնագրվել:

-Հայրիկիս ստեղծագործական կյանքը շատ կարճ եղավ, ընդամենը՝ 13 տարի։ Ամենատարբեր հանգամանքներ նրան թույլ չտվեցին ավելին ստեղծելու, սակայն թողեց երկեր, որոնք իրենց արժեքներով ապահովել են նրա անունը երաժշտական աշխարհում։

Երկրորդ սիմֆոնիան և «Հուշարձան նահատակներին» կանտատը, որը հուշարձան է նվիրված ցեղասպանության զոհերին՝ դեռ կատարված չեն, և ես ամեն տարվա ապրիլին ափսոսանք եմ ապրում կրկին այն չլսելու համար։ Այլ ստեղծագործություններ ավելի «բախտավոր» են, որովհետև հնչելով բազում անգամներ, իրենց վրա են սևեռել տարբեր երաժիշտների ուշադրությունը, որոնք իրենց հերթին դարձել են այս կամ այն ստեղծագործության կատարողներ։

Կան բազմաթիվ ձայնագրություններ, ձայնասկավառակներ։ Դրանցից վերջինը՝ «NAXOS» հայտնի ձայնագրման ընկերությունում դաշնակահար Հայկ Մելիքյանը, որը Դելլալյանի լավագույն կատարողներից է, ձայնագրեց վեց հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնցից մեկը «Նվիրում կոմիտասին» սոնատն է։

-Ձեր հայրը ինչպիսի զարմանալի կյանք ապրեց, նույնպիսի զարմանալի  վախճան ունեցավ: Նա մահացավ իր երազած համերգից ընդամենը 2 օր առաջ: ինչպե՞ս դա պատահեց:

֊Հայրիկիս հայտնությունը երաժշտական աշխարհում շատերը համեմատեցին ասուպի հետ, որ եկավ շատ արագ ու նույնքան անսպասելի էլ հեռացավ։ Այդ օրը ապրիլի 23֊ն էր, տարօրինակաբար Եղեռնի նախօրեին, մի թեմա, ինչի մասին նա պատմել է իր երաժշտությամբ։ «Հաղթական Ռեքվիեմը», որ գրվել էր ամերիկահայ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի խնդրանքով, և որը բազում անգամներ կատարվել էր ԱՄՆ֊ում, եվրոպական բազմաթիվ քաղաքներում, Չինաստանում, Ճապոնիայում, վերջապես առաջին անգամ պետք է կատարվեր Երևանում, որտեղ Պերճը հրավիրված էր մասնակցելու Եղեռնի 95֊րդ ամյակին նվիրված համերգին և որի կենդանի կատարմանն այնքան անհամբեր սպասել էր հայրս։ Սակայն... ապրիլի 23֊ին նա այլևս մեզ հետ չէր… Եվ իր «Ռեքվիեմը» հնչեց իր հուղարկավորության օրը… Այսպիսի անհավատալի ու խորհրդավոր ավարտ… «Ռեքվիեմ», այսինքն՝ հոգեհանգիստ, որն անվանել էր Հաղթական։ Երաժշտության բնույթն էլ ճիշտ իր կյանքի պես, փոթորիկներից, ցավի զանազան փուլերից հետո հնչում է հաղթական։ 

Նամակներից մեկում Պերճը գրում էր. «Հարություն, այնքան կարևոր է, որ մենք այսպիսի հայտնություններ անենք աշխարհին, որպես հայեր, և ցույց տանք, որ մենք կանք, ապրում ենք այսպես՝ ստեղծելով, չնայած մեր գլխով անցած արհավիրքին։ Դու ունես հայի ոգի, և Աստված օժտել է քեզ մեծ բարիքով, ասելու այդ մասին մարդկությանը։ Դու արել ես այն քո «Ռեքվիեմով»։ 

Ինչպես շատ-շատերը, Պերճը ցնցված էր այդ լուրից։ Հետո նա իր զգացումները պատմեց մի հոդվածով իր եղբոր մասին՝ այդպես էր անվանում հայրիկիս, որը ես ներառել եմ իմ կողմից լույս ընծայած «Նվիրումի հնչյուններ» գրքում։

-Դուք և ձեր քույրն այսօր անում եք ամենը նրա երաժշտությունը տարածելու համար: Կա՞ր արդյոք ինչ-որ մի անկատար երազանք, որ դուք կարող եք այսօր իրականություն դարձնել:

֊Կարծում եմ արվեստագետը և նրա երազանքները բացարձակ գաղտնիք են։ Միայն արտիստին է հայտնի, թե ի՞նչ կա իր հոգում և ինչպիսի տառապանքներից հետո է երազանքը մարմին ստանում։

Անկեղծորեն, այսօր մեր արածը շատ քիչ է, որովհետև իր երաժշտությունը հարթել է սեփական ուղին։

Ավելանում են կատարողների ցանկը, տարբեր երաժիշտներ գտնում են մեզ, խնդրում այս կամ այն պարտիտուրը։ Հաճախ է խոսվում Նրա մասին, լինում տարբեր անդրադարձեր։

Իհարկե, հայրս դեռ շատ տալիք ուներ և ինչպես իտալացի դիրիժոր Էմիլիո Պոմարիկոն էր գրել՝ Հարությունի մահը ոչ միայն կորուստ է հայկական՝ այլ նաև եվրոպական երաժշտության համար։

Հայրս մանկան պես ուրախանում էր յուրաքանչյուր հաջողությունով և այժմ, ամեն անգամ որևէ նոր իրադարձության դեպքում ես կրկին տեսնում եմ նրա ժպիտը՝ ճիշտ իր երաժշտության խորքից ծնվող լույսի պես։

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի