Հասմիկ Պապյան. «Ուրախ եմ, որ մեր քաղաքակիրթ պայքարը հաղթանակով պսակվեց»

Միշտ պաշտպանել եմ իմ իրավունքը

Հասմիկ Պապյանի հետ այս զրույցը պետք է տեղի ունենար դեռ տարեսկզբին՝  հունվարին, երբ հռչակավոր սոպրանոն իր ֆեյսբուքյան էջում առաջինը  բարձրաձայնեց հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հանդեպ ռասիզմի խայտառակ դրսևորման մասին: Նրա գրառումից հետո մոտ մեկ ամիս եվրոպական երաժշտական աշխարհում ամենաքննարկվող և աղմկահարույց պատմությունը Մանթաշյան-Էյվազով հակամարտությունն էր, որն ավարտվեց արդարության հաղթանակով: Այժմ  Հասմիկ Պապյանը Երևանում է իր նոր երաժշտական նախագծի առիթով, որը, ցավոք, արտակարգ դրության պայմաններում չեղյալ հայտարարվեց, բայց մեր հանդիպումը կայացավ:

 

-Տիկին Պապյան, դուք Երևանում եք  «Հասմիկ Պապյանը հրավիրում է» համերգային նախագծի առիթով, որն իրականացվելու էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ: Ի՞նչ նախագծի մասին է խոսքը:

-Այո, ես Երևան եկա հենց այդ նախագծի համար: Արդեն մի քանի տարի է, որ ես տեր և տիկին Պողոսյանների հիմնադրամի մրցույթի ժյուրիի նախագահն եմ: Եվ չեմ դադարում մեր երիտասարդներով հիանալ: Չեք պատկերացնի, թե ինչքան տաղանդներ եմ տեսել և լսել այդ ընթացքում՝ հավանաբար երեսունից ավելի: Ինձ համար դա շատ մեծ խթան է, որովհետև իմանալով թե ինչքան դժվար է լինելու այդ ճանապարhը, որ դասական երաժշտությամբ հնարավոր չէ գումար վաստակել և ընտանիք պահել, նրանք միևնույն է` գալիս են: Այդ քսան տարեկան երիտասարդները մրցույթին գալիս են շատ լուրջ պատրաստված, տարբեր լեզուներով ութ ստեղծագործություններ անգիր են սովորում՝ իմանալով որ շատ չնչին շանս ունեն հաղթելու, բայց գալիս են՝ նաև երկրորդ, երրորդ անգամ: Ափսոս որ մրցանակն ընդամենը մեկն է, իսկ մեր հրաշալի ձայները շատ են: Երբեմն ինձ համար շատ ծանր է որոշում կայացնելը, որովհետև ես մենակ չեմ որոշում թե ում տանք այդ մրցանակը, և, հաճախ, իմ ցանկությամբ էլ չի լինում ընտրությունը: Հիմա ամբողջ Եվրոպան ողողված է Հայաստանի ձայներով, նույնիսկ մի ներկայացման մեջ երեք գլխավոր դերերը կատարել են հայ երգիչները: Դա մի փոքր երկրի համար շատ մեծ նվաճում է: Եվ երբ մեր սիմֆոնիկ նվագախումբն առաջարկեց ինձ ինչ-որ մի ծրագրով հանդես գալ, ես ցանկացա այդ երիտասարդներին հնարավորություն տալ, որ մեր ունկնդիրը նրանց ճանաչի: Եվ մտածեցի որ դա շարունակական լինի, որ կարողանանք նրանց համար երգելու  նոր առիթներ ստեղծել: Մենք շատ լավ ծրագիր էինք կազմել, ափսոս,  որ չեղավ, բայց վստահ եմ, որ պարզապես հետաձգվել է: Հուսամ հետո անպայման կանենք:

-Տարին սկսեցիք հրաշալի լուրով՝ իրականացրել եք ձեր վաղեմի երազանքը և տպագրել եք Կոմիտասի գերմաներեն 9 երգերի ու մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաները: Կոմիտասի գործերը դուք կատարել եք աշխարհի ամենահեղինակավոր բեմահարթակներում: Ինչո՞ւ  ձեր ստեղծագործության մեջ այդքան առանցքային դեր ունի Կոմիտասը:

-Առանց Կոմիտասի հնարավոր չէ պատկերացնել մեր ո՛չ սկիզբը, ո՛չ ընթացքը: Մենք դեռ լիովին չենք գիտակցել Կոմիտասի մեծությունը, նրա դերն ու նշանակությունը մեր կյանքում: Իհարկե, նա բոլորիս ակունքն է՝ ո՛չ միայն երաժիշտների, ո՛չ միայն արվեստագետների, նաև՝ բոլոր հայերի, որովհետև այն  ինչ արեց Կոմիտասը՝ անգնահատելի արժեք է: Կոմիտասի երգերը լսել եմ դեռ օրորոցում և այնուհետև դրանք ինձ  ուղեկցել են ամբողջ կյանքում: Ուղղակի  դժվար է խոսքեր գտնել արտահայտելու համար նրա մեծությունը, դերը, կարևորությունը, նշանակությունը մեր բոլորի կյանքում և մեր անցած այս ամբողջ  ճանապարհին:

-Դեռ 14 տարի առաջ դուք ձայնագրեցիք «Նվիրում Կոմիտասին» խտասկավառակը, որում 26 հայկական երգեր էին և Գերմանական շարքը:

-Այո, Կոմիտասի 135-ամյակին էր նվիրված այդ ձայնասկավառակը, որ թողարկեցինք Վարդան Մամիկոնյանի հետ: Այդ ժամանակ ես առաջին անգամ Կոմիտասի 9 գերմաներեն տեքստերով գրված երգերը ձայնագրեցի, և Երևանում հրաշալի համերգ ունեցանք: Եվ դրանից հետո, ասես, պարտք մնացի և անպայման պետք է այդ նոտաները տպագրեի: Ես այդ նոտաները շատ երկար էի փնտրել. սկսել էի Բեռլինում, շարունակել՝ Փարիզում, բայց, վերջապես, գտա Երևանում՝ Գրականության և արվեստի թանգարանում, որի այն ժամանակվա տնօրենը՝ Հենրիկ Բախչինյանը սիրով ինձ տրամադրեց  նոտաները, բայց դրանք անընթեռնելի էին: Հետո ես Վիեննայում գտա մի երաժշտի, որը վերծանեց դրանք: Այդ ստեղծագործությունները գրված էին բարիտոնի համար, և նա դրանք փոխադրեց իմ ձայնի համար: Եվ երգեցի: Հիմա վերջապես կարողացա իրականացնել այդ նոտաների տպագրությունը:

-Ո՞րն է Կոմիտասի Գերմանական շարքի առանձնահատկությունը. գերմանական պոեզիա է՝ հայկական երաժշտությամբ, թե՞ պահպանվել է նաև գերմանական երաժշտական ավանդույթը:

-Կոմիտասը փորձել է նաև գերմաներեն տեքստերով երգեր ստեղծել: Անշուշտ, նա ազդվել է Շուբերտից, Բրամսից, Հուգո Վոլֆից, և երբ լսում ենք այդ գործերը, իհարկե՝ կա՛ այդ ազդեցությունը, բայց դրանք ինձ համար բացառիկ ստեղծագործություններ են: Այո, ոճը գերմանական է, պահպանված են գերմանական ավանդույթները, բայց բոլորովին տարբեր են: Այսինքն, դժվար է ասել որ հայկական շունչ կա, բայց շատ ժամանակակից է՝ ասես երեկ է գրված: Եթե համեմատելու լինենք Գյոթեի բանաստեղծության հիման վրա Շուբերտի գրած «Ծովի հանգիստը» և Կոմիտասինը, չնայած Շուբերտն ինձ համար երգի Աստված է, բայց ես կնախընտրեմ Կոմիտասի երգը: Շատ յուրօրինակ, հետաքրքիր են և ինձ համար՝ բարձրարժեք ու կատարյալ, չնայած որ ընդամենը ուսանողական տարիների փորձեր են: Շատ երջանիկ եմ, որ արեցի դա:

-Տիկին Պապյան, եթե վերադառնանք տարեսկզբի աղմկահարույց պատմությանը, ապա դուք առաջինն էիք, որ տեղեկացրեցիք, որ ադրբեջանցի տենոր Էյվազովը հրաժարվել է Դրեզդենի օպերային պարահանդեսին երգել երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ միայն այն պատճառով, որ նա հայուհի է: Չլիներ ձեր գրառումը, այդ խայտառակ միջադեպը կարող էր աննկատ անցնել: Ինչո՞ւ  էր կարևոր որ բարձրաձայնվի այդ մասին:

-Ինձ համար դա իսկապես չափազանց կարևոր էր: Երբ ես ֆրանսիական կայքում կարդացի այդ լուրը, անմիջապես գրեցի, որ դա խայտառակություն է, և պետք է բարձրաձայնեմ, որ սա անթույլատրելի է: Շատ լավ իմանալով գերմանացիներին, նրանց քաղաքակրթությունը և իրենց մոտեցումը ռասիստական դրսևորումներին՝ ես ավելի քան վստահ էի, որ նրանք ճիշտ կարձագանքեն, և դա այդպես չէր կարելի թողնել: Ես անձնապես Ռուզան Մանթաշյանին չեմ ճանաչում, երբևիցե չեմ հանդիպել իրեն, թեև գիտեմ, որ այդպիսի երգչուհի կա: Ինձ համար այստեղ շատ կարևոր էր հայաստանցի երգչուհին և մեր հարևան երկրից երգչի այդ անպատկառ քայլը: Դա պարզապես չէր կարելի անպատասխան թողնել: Ես չգիտեի թե մինչև ուր կարող ենք հասնել, բայց կասկած չկար, որ չպետք է լռեինք և պիտի տեսնեինք թե որքան կարող ենք առաջանալ մեր հարցադրման մեջ: Մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ շատ մեծ գերմանացի երգիչներ միացան մեզ, որոնք չէին կարող թույլ տալ նման ոտնձգություն՝ միայն ազգային պատկանելության պատճառով: Ես չէի կարող թույլ տալ, որ հերթական անգամ պարտված, գլխիկոր հեռանանք, մտածելով՝ ինչ արած: Մենք ապրում ենք 21-րդ դարում, բոլոր ազգերի հետ հավասար իրավունքներ ունենք: Հատկապես երիտասարդները պետք է կարողանան տեր կանգնել իրենց իրավունքներին և արդարություն պահանջել: Ես վստահ եմ, որ եթե մենք նույն ձևով ընդվզեինք նաև սպորտի բնագավառում, օրինակ, ինչպես իմացանք, որ մեր շախմատիստուհուն թույլ չտվեցին Բաքու գնալ, կամ Հենրիխ Մխիթարյանը չգնաց, որովհետև չապահովեցին իր անվտանգությունը, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Սրանք հարցեր են որոնց պետք է հետամուտ լինենք: Ժամանակն է արդեն, որ այլևս երբեք թույլ չտանք նման խայտառակություն: Իհարկե, ինձ միացան նաև Եվրոպայում ապրող հայերը, որոնք շատ սրտացավորեն և հետևողական պայքարեցին:Սա շատ կարևոր քայլ էր, և ուրախ եմ, որ մեր քաղաքակիրթ պայքարն այս անգամ հաղթանակով պսակվեց:

-Ադրբեջանական կայքերը գրում էին, որ այս միջադեպը Ռուզան Մանթաշյանի համար շատ լավ փիար էր:

-Որևէ երգիչ նման փիարի կարիք չունի: Պարզապես Էյվազովը պատկերացրեց, որ ինքն ամենակարող է: Մեր բախտը բերեց, որ գործ ունեինք գերմանացիների հետ, որոնք իսկապես շատ բարձր գիտակցություն և բարոյական կերպար ունեն: Ի պատիվ իրենց, իրենք ընդունեցին և ուղղեցին իրենց սխալը, քանի որ բազմաթիվ  մեծ արտիստներ շատ կոշտ զգուշացրեցին, որ անմիջապես ավարտվի այդ պատմությունը: Հիմա քաղաքակիրթ աշխարհն այլ կերպ չի կարող գոյատևել: Սա շատ մեծ դաս էր. հիմա պատկերացրեք որ որևէ մեկը համարձակվի կրկնել այդ սխալը:

-Երբ ես զրուցում էի Ռուզան Մանթաշյանի հետ, նա ասաց, որ օպերային աշխարհում հաճախ են լինում և՛ ռասիստական, և՛ գենդերային խտրականություններ, և՛ կանանց հանդեպ բռնարարքների դեպքեր, բայց մեծ մասը նախընտրում են լռել: Դուք երգել եք աշխարհի լավագույն բեմերում, որոնց մասին միայն երազել կարող է օպերային երգչուհին: Երբևէ առնչվե՞լ եք նման դեպքերի:

-Այո, ես անմասն չեմ մնացել նման դեպքերից: Գիտեք, ուղիղ առաջարկներ ինձ չեն արել, բայց փորձեր եղել են: Ուղղակի ես պատ եմ կանգնեցրել իմ և այդ անձանց միջև: Իհարկե, շատ դժվար է եղել դիմակայել, բայց ես շատ լավ գիտեմ, որ եթե քո պրոֆեսիոնալ մակարդակը չի բավարարում տվյալ բեմում լինել, ապա քեզ ուրիշ ոչինչ չի օգնի: Եվ միայն արժանապատիվ ու սկզբունքային կեցվածքը կօգնի քեզ դիմակայել ցանկացած ոտնձգությունների: Թերևս դա է պատճառը, որ ես կարող եմ ինձ թույլ տալ խոսել և բարձրաձայնել այն բաների մասին, ինչը սխալ եմ համարում և ինչը ինձ դուր չի գալիս: Եվ դա կարող եմ անել ցանկացած պահի և ամեն տեղ: Դա ամենամեծ ձեռքբերումն է ինձ համար և այդ իրավունքը վաստակել է պետք: Իհարկե, կան նաև էնպիսի կանայք, որոնք իրենց կարիերայի համար ստիպված դիմում են տարբեր քայլերի: Եվ դա այդպես է բոլոր ոլորտներում և՛ գրական աշխարհում, և՛թատրոնում, և՛ օպերայում:

-Օպերային աշխարհում ամենահայտնի սկանդալներից մեկը կապված  էր Դոմինգոյի հետ:

-Դոմինգոյի դեպքը փոքր-ինչ ուրիշ էր: Գիտեք, ինքը որևէ գեղեցիկ կնոջ կողքով անտարբեր չի անցել, գեղեցիկը տեսնելու և գնահատելու հատուկ ձիրք ունի, բոլորին նկատում էր՝ երգչախմբի երգչուհիներին, բալետի արտիստներին, բայց ես երբեք չեմ կարող հավատալ, որ նա ինչ-որ մեկին բռնացել է: Այլ բան է, որ շատ կանայք տրվել են պատրանքներին ու հավատացել են նրան՝ մտածելով իրենց կարիերայի վերելքի մասին: Բայց եթե դու չունես պրոֆեսիոնալ կարողություններ, ոչ ոք չի կարող քո փոխարեն երգել:

-Ասացիք, որ առնչվել եք խտրականությունների և իրավունքների ոտնահարման երևույթների, ինչպե՞ս եք արձագանքել այդ դեպքերին:

-Ես երեք անգամ դիմել եմ դատարան, երբ ոտնահարվել են իմ իրավունքները և հաղթել եմ: Երեքն էլ շատ մեծ ու աղմկոտ պատմություններ էին, որոնք ինձանից շատ ժամանակ ու ջանք են պահանջել, բայց ես միշտ պաշտպանել եմ իմ իրավունքը: Եղել է, որ դատական գործընթացը շատ երկար է տևել, ես շատ մեծ գումարներ և ժամանակ եմ ծախսել, հրավիրել եմ հայտնի եվրոպացի փորձագետների և քննադատների, բայց քանի որ դա ինձ համար սկզբունքային հարց էր, ես ապացուցել եմ որ իրավացի եմ ու շահել եմ դատը:

-Վերջերս դարձյալ անհանգիստ վիճակ էր երևանյան օպերային թատրոնում, արտիստները բողոքի բաց նամակով դիմել էին նախարարին: Ի՞նչ եք մտածում այս վիճակի մասին:

-Ցավոք, այս պահին ես հեռու եմ օպերային թատրոնից:  Թե հիմա ինչ է կատարվում այնտեղ, չեմ կարող ասել, ծանոթ չեմ իրավիճակին: Կարծեմ մեկ տարի առաջ էր, որ բոլորը հանդես էին գալիս Օրբելյանի պաշտպանությամբ: Թեև ես կարծում եմ, որ այն ժամանակ մեծ ողբերգություն տեղի չէր ունեցել՝ ընդամենն իրեն առաջարկել էին իր երեք պաշտոններից մեկից հրաժարվել, որն, իհարկե, արդար էր:

-Պիտի խնդրեմ, որ փոքր-ինչ պատմեք Սիրանույշի մասին: Ձեր դուստրն արդեն հասունացել է, ի՞նչ ծրագրեր ունի:

-Այո, Սիրանույշը հիմա գիմնազիան պիտի ավարտի: Ինքը մի տարի ավելի գնաց դպրոց, որովհետև սովորում է հատուկ երաժշտական հաստատությունում՝ դաշնակահարուհի է: Բայց դպրոցն ավարտելուց հետո մի տարով պիտի գա Հայաստան՝ կամավորական աշխատանքի: Եվրոպական երկրներում էդպիսի ծրագիր կա, որ դպրոցն ավարտելուց հետո երեխաները որպես կամավոր կարող են գնալ տարբեր երկրներ աշխատելու: Ինքը տեսել էր, որ Հայաստանն էլ կա այդ երկրների ցանկում ու շատ ոգևորված որոշել է, որ պիտի Հայաստան գա: Որպես կամավոր աշխատելու է հայ-գերմանական «Զատիկ» կազմակերպությունում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ: Շատ սիրում է Հայաստանը և էստեղ իրեն շատ լավ է զգում: Իմիջիայլոց, կամավորների դեպքում շատ խիստ ընտրություն են անցկացնում: Ինքը մի քանի հարցազրույցներ անցավ հեռախոսակապի միջոցով և ի զարմանս կազմակերպիչների, ընտրեց խոսակցական լեզվի հայերեն տարբերակը, հարուցելով շատերի զարմանքը հայոց լեզվի իր իմացությամբ:

-Դուք երջանի՞կ մարդ եք:

-Իհարկե, երջանիկ եմ: Ես էլ ունեմ իմ դժվարությունները, խնդիրները, բայց դրանք իմն են, ես դրանց մասին չեմ բարձրաձայնում: Սակայն այդ ամենով հանդերձ, մեծ մեղք գործած կլինեմ, եթե ասեմ, որ երջանիկ չեմ:

 

...