Հասմիկ Պապյան. «Իմ մեծ ցանկությունն է՝ դրսում եղած դրական ամեն ինչ բերել, հասցնել մեր երկիր»

 Սեպտեմբերի 2-ն անկրկնելի Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է. տարին հոբելյանական է երգչուհու համար:

Ամեն ինչ սկսվեց երևանյան օպերայից, երբ երիտասարդ երգչուհին իր հաջող բեմելից հետո հրավեր ստացավ Բոննի օպերային թատրոնից: Հետո արդեն նրա գեղեցիկ սոպրանոն ամենապահանջված ձայներից մեկը դարձավ աշխարհի ամենահեղինակավոր ու խստապահանջ օպերային բեմերում: Հասմիկ Պապյանի 30-ամյա փայլուն ելույթներն աշխարհի լավագույն երաժշտական թատրոններում՝ Մետրոպոլիտեն օպերայում, Կարնեգի հոլում, Սան Ֆրանցիսկոյի, Վաշինգտոնի օպերաներում, Միլանի Լա Սկալայում, Փարիզի Բաստիլ օպերայում, Մադրիդի թագավորական թատրոնում, Վիեննայի պետական օպերայում, Պետերբուրգի Մարիինյան թատրոնում մի իսկական հաղթարշավ էր, որի արտաքին փայլի հետևում թաքնված ահռելի աշխատանքի, պայքարի, հայրենաբաղձության, սիրո, կարոտի ու դիմադրության մասին զրուցել ենք երգչուհու հետ ոչ այնքան հոբելյանական հարցազրույցում:

 

-Իմ ճանաչած տաղանդավոր արտիստների մեծ մասը,որպես կանոն, չեն սիրում նշել իրենց տարեդարձը:Բայց, որքան էլ պարզունակ թվա, դա առիթ է ինքդ քեզ հաշվետու լինելու: Ի՞նչ մտքեր ունեք հոբելյանական այս օրերին: ինչպե՞ս կբնութագրեք Ձեր անցած ճանապարհը:

Գիտեք, Գիդոն Կրեմերը շատ լավ պատասխան է տվել այդ հարցին, ասում է՝ ծնվեց, նվագեց ջութակ և մահացավ: 37 տարի բեմում եմ եղել, դա համարում եմ հրաշալի անցած ճանապարհ, բայց նաև՝ մի ակնթարթ,որովհետև այդ ամբողջը դեռ պիտի կարողանամ յուրացնել, հիշել, այդ բոլոր երկրները, քաղաքները, բեմերը, որտեղ որ եղել եմ: Մի բառով կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ: Ես, առանց համեստության, ինձ համարում եմ ընտրյալ, քանի որ ունեցել եմ այդ հնարավորությունը: Իհարկե, դա եղել է շատ զրկանքների, շատ մեծ աշխատանքի, անասելի համբերության գնով։ Իսկ հիմա էլ այդ փորձը, որ հավաքել եմ, պիտի փորձեմ փոխանցել երիտասարդներին:

Ինչ վերաբերվում է տարեդարձին, ես, գրեթե տարեդարձ չեմ նշում, թերևս ամենամտերիմների հետ, ընտանեկան շրջանակում։ Նախ պարտադիր չէ, որ հենց նույն օրը լինի, ուրիշ մի օր, մի շատ տարբեր առիթով կարելի է տոն ստեղծել, այսինքն այդ կոնկրետ օրը բնավ կարևոր չէ: Ես ամբողջ կյանքում, տարիներ շարունակ Նոր տարի, Սուրբ ծնունդ, իմ տարեդարձը, բոլոր այդ օրերին միշտ բեմում եմ եղել, և ինձ համար դա նշելու լավագույն ձևն էր: Բացի այդ, դեռևս պատերազմի մեր զոհերի մեկ տարին դեռ չի լրացել, ինչ ծնունդի մասին է խոսքը...

-Որքան ես գիտեմ, Ձեր ընտանիքում ինչի մասին ասես երազում էին, բացի երգչուհի դուստր ունենալուց: Ինչպե՞ս եղավ, որ կոնսերվատորիա որպես ջութակահար ընդունված Հասմիկ Պապյանն այն ավարտեց որպես երգչուհի:

-Իմ կյանքում ամեն ինչ ի վերուստ գծված է եղել. ես հավատում եմ դրան, որովհետև ինչ էլ որ արել եմ, հետադարձ հայացքով գնահատելիս տեսել եմ, որ դա էդպես էլ պետք է լիներ, այլ կերպ չէր կարող։ Գիտեք, մեր ընտանիքում երաժիշտներ չեն եղել: Հիշում եմ, ես 6 տարեկան էի, մեր տուն եկավ մեր ազգականը, ես փաթաթվեցի նրա ոտքերին ու ասացի՝ տար ինձ երաժշտական դպրոց. ուզում էի ջութակ նվագել։ Մեր ընտանիքը շատ երաժշտական էր, ընտանեկան հավաքների ժամանակ բոլորը երգում էին և լավ երգեր էին երգում: Տատիկս երգում էր Միքայել Նալբանդյանի «Մանկության օրերը», Աղայանի «Մանի՛ր,մանի՛ր իմ ճախարակը», այդ երգերը հիմա չեն երգում այլևս: Եվ ես դրանցով եմ մեծացել, և դա, իհարկե, իր հետքը թողել է: Հետո, երբ սկսեցի նվագել, չէի պատկերացնում, որ ուրիշ բանով կարող եմ զբաղվել: Իմիջիայլոց, հիմա վստահաբար կարող եմ ասել, որ ինչով էլ զբաղվեի, իսկապես լավագույնը կանեի, որովհետև իմ համաստեղության՝ կույսի նշանի ներքո ծնվածները միշտ պերֆեկցիոնիստ են՝ կատարելության հետևորդներ: Դա ինձ շատ է խանգարել կյանքում, որովհետև՝ նախ ինքս եմ իմ հանդեպ շատ պահանջկոտ եղել և (հիմա արդեն խոստովանում եմ), որ շատ սխալմամբ ուրիշներից էլ եմ նույնը պահանջել։ Հիմա եթե փորձեմ հանրագումարի բերել, թե ինչն է եղել իմ հաջողության գրավականը, ապա դա այն է, որ ես ոչ մի առիթ բաց չեմ թողել, ընդհանրապես չեմ ուշացել գնացքից. միշտ եղել եմ ճիշտ պահին, ճիշտ տեղում և միշտ Աստծո մեկնած ձեռքը վերցրել եմ:

-Հաջողության Ձեր պատմությունը շատերը որպես ճակատագրի նվեր են ընկալում: Մինչդեռ խորհրդային տարիներին քաղաքակիրթ աշխարհից մեզ պատնեշող երկաթե վարագույրը ճեղքելու փորձերը հավասարազոր էին գլխով պատին հարվածելուն: 

-Երբ ես սկսեցի երգել, չէի մտածում, որ պիտի դառնամ հանրաճանաչ երգչուհի: Ես ուղղակի սիրում էի երաժշտությունը, ուզում էի երաժշտության մեջ լինել՝ կլինի դա ջութակ կամ դաշնամուր նվագել, կամ երգել: Իհարկե, բախտի բերմամբ, երգելն ինձ շատ հեշտությամբ տրվեց, որովհետև իմ ուսուցչուհին՝ Տաթևիկ Սազանդարյանը, ինձ պարզապես չխանգարեց, այլ ուղղորդեց, որ ես, իմ համառության շնորհիվ, կատարելագործեի իմ բնական ձիրքը, տվյալները: Ես շատ արագ այդ ամենը հասկացա, քանի որ իմ թիկունքում 18 տարվա երաժշտական կրթություն ունեի: Ես արագ էի սովորում, արագ էի կարդում, արագ էի տեղաշարժվում: Ես չորս մրցույթ իրար հետևից հաղթեցի։ Այն ժամանակ Խորհրդային Միությունն էր և պետք էր ունկնդրումներ անցնել մի քանի փուլով: Հայաստանը փոքր երկիր էր, սկզբում մեծ հնարավորություն էին տալիս Ռուսաստանին, որն անթիվ-անհամար երգիչներ ուներ: Հետո արդեն Ուկրաինան էր, Ղազախստանը, Մոլդովան, և եթե վերջում մի կես տեղ էր մնում, նոր միայն տալիս էին Հայաստանին: Դե պատկերացրեք, թե ինչպիսի համառությամբ պետք է բոլոր այդ ճանապարհներն անցնեիր: 

-Դուք երիտասարդ էիք, անփորձ ու որևէ մեկին չունեիք  ձեր թիկունքում, բայց երկաթե պատնեշն, այդուհանդերձ, ճեղքեցիք, ինչպե՞ս: 

-Ես, իսկապես, այնքան էի սիրում երաժշտությունը, որ այն դարձավ կյանքի անբաժանելի մաս: Եթե մի անգամ հաջողում ես, այդ հաջողությունը թևեր է տալիս, դու ուրիշ հնարավորություն ես ստանում. այսօր Տրավիատա ես, վաղը՝ Դոննա Աննա, մյուս օրը՝ Ռոզինա: Եթե Աստված տվել է այդ շնորհը, դու պիտի վերադարձնես, եթե չես վերադարձնում՝ կարող ես պատժվել։ Ես գիտեմ շատ մարդկանց, որոնք անփութորեն են վերաբերվել այդ շնորհին և մնացել են կոտրված տաշտակի առաջ: Կյանքը սիրում է ուժեղներին, պայքարողներին, երբեք չվհատվողներին: Երգելն իսկապես եղել է իմ կյանքի ամենակարևոր մասը, որովհետև եթե հիվանդ եմ եղել՝ երգելով բուժվել եմ, մինչև այսօր էլ դա այդպես է: Բացի ծափերն ու ծաղիկները, երաժշտությունը նաև կենսակերպ է՝ ապրելու ձև, կարգապահություն, ինքնաբավություն է: Երբ դու կանգնում ես 15 հազար մարդու և 30 հազար աչքերի առջև, դու պետք է կարողանաս դիմակայել, շատ կարևոր խնդիր ունես քո առջև դրված, նյութական արժեքները շատ ավելի երկրորդական են դառնում, և ավելի շատ հոգևորն է կարևորվում: Այսինքն, ինչ տվեցիր մարդկանց և ինչ ստացար: 

-Օպերան, որ ամենաբարձր և նրբակիրթ արվեստներից է, այսօր իր արտաքին փայլի հետևում երբեմն կատաղի մրցակցություն, դաժան բարքեր և ինտրիգներ է թաքցնում: Դուք անցել եք փառքի բոլոր աստիճաններով, երբևէ  բախվե՞լ եք անազնիվ մրցակցության, Ձեր հանդեպ խարդավանքների:

-Երբ ես սկսեցի երգել արտասահմանում, այն ժամանակ Սովետմիությունը դեռ չէր փլուզվել, երկաթե վարագույրը կար և արտասահմանում երգողները շատ չէին: Եվ մրցակցությունն էլ այսօրվա նման չէր: Գիտեք, ինձ համար ամենամեծ բախատավորությունը համարում եմ այն աշխատանքային պայմանները, որ ես ունեի Եվրոպայում: Երբևիցե ինձ չեն վերաբերվել որպես երրորդ երկրից եկած կամ օտար մեկին, այլ միայն՝ հավասարը հավասարի հետ, և դա պայմանավորված է եղել պրոֆեսիոնալիզմով: Վերջին հաշվով, իրենք քեզ ընդունում են այն ժամանակ, երբ դո՛ւ ես իրենց պետք: Իհարկե, կա այդ մրցակցությունը, խանդը, որովհետև, վերջին հաշվով, Աստված մեկին ավելի լավ տվյալներ, ավելի ուժեղ ձայն է տվել, քան մյուսին, ու բոլորն են ուզում բարձունքում լինել: Սակայն այդ ամենն այնքան քաղաքակիրթ ձևով է արվել, որ ես դա չեմ զգացել, դա իմ անձը չի վիրավորել։ Ես երգել եմ գրեթե բոլոր մեծ երգիչների հետ՝ Դոմինգո, Օբրազցովա, Ռենատո Բրուզոն, Շերիլ Միլնես, Ջակոմինի և ուրիշ անթիվ-անհամար երգիչների հետ: Եվ եթե դու նրանց հետ հավասար պատվանդանի վրա ես, քեզ ոչինչ չի սպառնում: Ուղղակի դու 100 տոկոսով պատասխանատու ես քո գործի համար, որովհետև եթե մի տեղ, մի փոքր վրիպես, երկրորդ շանսը չես ունենա, դա է դժվարությունը: Դու պետք է երբևէ իրենց հուսախաբ չանես: Պատկերացրեք ես 30 երկար տարիներ երգել եմ անթիվ-անհամար Նորմաներ, գրեթե 10 տարի միայն Նորմա եմ երգել բոլոր մեծ թատրոններում: Եվ դու, իհարկե, առաջին հերթին պետք է համեմատվես Կալլասի հետ. դա հեշտ բան չէ, որովհետև մարդիկ կան, որ Կալլասին հիշում են և նրանից հետո ուրիշ ոչ ոքի չեն ընդունում: Դրան էլ պիտի դիմանաս, պիտի դիմանաս քննադատությանը և քեզ համար ուսուցողական բաներ վերցնես և ոչ թե վիրավորվես, նեղանաս, հիվանդանաս: Ես անդադար սովորել եմ. ինչպես ճիշտ ապրել, ճիշտ գնահատել բոլոր իրավիճակները և ինչպես պատվով դուրս գալ ստեղծված դժվարություններից: Մի բան կարող եմ ասել՝ ամենակարևորն արժանապատվությունը չկորցնելն է, որովհետև եթե դու քեզ հարգում ես՝ դիմացինը չի կարող քեզ չհարգել: Երբևիցե չեմ խոնարհվել ինչ-որ մեկի առջև, որևիցե բան չեմ խնդրել, ուղղակի սրբորեն, ազնվորեն կատարել եմ իմ աշխատանքը և դրա համար վարձատրվել եմ:

-Հայաստանի համար դժվարին ու փորձություններով լեցուն այս շրջանում Դուք վերադարձի դժվար որոշում կայացրեցիք, եկաք հայրենիք՝ թողնելով աշխարհի երաժշտական մայրաքաղաքը, եվրոպական բարեկեցությունն ու շատ արտոնություններ: Հե՞շտ էր արդյոք գալ այդ որոշմանը:

-Բնավ դժվար որոշում չէր, որովհետև այդ որոշումը ես կայացրել էի դեռ այն ժամանակ, երբ գնացի: Ես գիտեի, որ գնում եմ երկարատև գործուղման. այնքան ժամանակ, ինչքան որ կերգեմ: Իսկ ձեր ասած հարմարավետ ու գեղեցիկ կյանքը՝ ընդամենը ճակատային մասն է՝ ֆասադը, բայց դու այդ գեղեցիկ շենքերը, այդ հարմարավետությունը քեզ հետ տուն չես տանում: Դու ապրում ես մի տան մեջ, որտեղ ունես քո ներաշխարհը, իսկ իմ ներաշխարհը և, ընդհանրապես, իմ կյանքը, մի՛շտ, մի՛շտ կապված է եղել Հայաստանի հետ, միշտ տառապել եմ հեռավորության պատճառով: Եվ հիմա, երբ իմ հողի վրա եմ, ես շատ ավելի հանգիստ և ավելի երջանիկ եմ: Իսկ հարմարավետությունը որն է՝ տաք ջուր, կենցաղային պայմաններ, իմ սենյակը, որտեղ ես ապրում եմ իմ իրերի հետ: Ես չեմ ուզում դղյակներ ունենալ, վերջին հաշվով դու ապրում ես մի տան մեջ: Այդ ամենի փոխարեն գտել եմ իմ հոգևոր առաքելությունը, այն ինչ-որ տվեց ինձ մեր, իմ երկիրը, ես հիմա պարտավոր եմ վերադարձնել: Փորձում եմ, չգիտեմ ինչքանով կկարողանամ: Այս տասը ամիսը, որ այստեղ եմ, երկու անգամ գնացի Վիեննա և պարզապես ժամերն էի հաշվում, թե երբ պիտի վերադառնամ: Դժվար է, շատ դժվար է, իսկապես, բայց սա մեր երկիրն է և սա անփոխարինելի է: Թող սին խոսքեր չթվան, բայց այստեղ ապրած իմ մի օրը չեմ կարող համեմատել այնտեղ ապրած օրերի հետ։ Ես այնտեղ միայն երգել եմ. Այո՛, ունեցել եմ երգելու հրաշալի պայմաններ և ուրիշ ոչնչով գրեթե չեմ զբաղվել: Իհարկե, կան շատ լավ թանգարաններ, այցելել եմ այդ թանգարանները, գեղեցիկ վայրեր, թատրոններ, բայց դա հիմա էլ, ցանկացած պահի կարող եմ անել: Ես պիտի աշխատեմ, որ այդ ամեն լավը, որ եվրոպացիները ստեղծել են՝ այդ արդարությունը, ազատությունը, այդ ամենը մենք ուղղակի բերենք մեր երկիր: Մենք իրենցից ոչ մի բանով պակաս չենք:

-Մոտ երկու ամիս առաջ Դուք նաև մեծ անձնական կորուստ ունեցաք, վախճանվեց Ձեր մայրիկը:

-Գիտեք, շատ դժվար է, մայրիկս անընդհատ, ամեն վայրկյան մեզ հետ է: Ես իրեն շարունակ փնտրում եմ։ Մայրիկս 83 տարեկան էր, ամենադժվար պահերին իմ կորուստը համեմատում եմ էն տղաների, էն զինվորների հետ, որոնք 18 տարեկան էին և չհասցրեցին ոչինչ անել, ոչինչ չթողեցին: Իհարկե, մեծ երջանկություն էր իմ տարիքում մամա ունենալը և, իհարկե, կարոտում եմ իր աղոթքներին, որոնք անպակաս էին իմ բոլոր ճամփորդությունների, իմ բոլոր ելույթների օրերին: Եվ վերջապես, մայրս մեծացրեց իմ աղջկան. 15 տարի օր ու գիշեր մեզ հետ է ապրել և շատ լավ աղջիկ է մեծացրել: Իմ աղջիկն իր հետ, երևի, ավելի ուժեղ հոգեկան կապ ուներ, քան ինձ հետ: Իր շարունակությունը կա, դա մենք ամեն րոպե զգում ենք և մխիթարվում ենք: Մայրս իմ աղջկան ներարկեց մեր հրաշալի ավանդույթները, և աղջիկս մեծացել է բոլորովին ուրիշ սիրով շրջապատված, և դրանով էր պայմանավորված նրա հոգեկան ու ֆիզիկական առողջությունը: Վստահ եմ, որ մամաս մենակ չէր, շատ հայ մայրեր անում են դա, սիրով են անում և պիտի խնդրեմ, որ մարդիկ ավելի շատ գնահատեն, որովհետև հայ մայրերի նվիրումը իսկապես անփոխարինելի պարգև և շնորհ է: 

-Հուլիսյան պրեմիերայից հետո ամբողջ Երևանը միայն կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմադրած Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե»-ն էր քննարկում: Կարծում եմ, որ այս ներկայացումը նոր գաղափարների, նոր մոտեցումների, փորձարարության և ստուդիայի նոր մտածողության մի ամբողջ հայեցակարգ է խորհրդանշում: Նախ, ինչո՞ւ Գլյուկ, և պիտի խնդրեմ, որ խոսեք օպերային ստուդիայի նոր «քաղաքականության» մասին:

-Առաջնահերթ մտածեցի, որ Հայաստանում բարոկկ օպերա երբևիցե չի եղել, իսկ դա հիմա աշխարհում լայն տարածում ունի։ Քանի որ ես Հայաստան եկա անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին և 6 օր հետո սկսվեց պատերազմը, ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնեցի հոկտեմբերի 12-ին, դա պատերազմի ամենաթեժ շրջանն էր: Եվ երբ պատերազմն ավարտվեց, ես մտածեցի, որ մեր ժողովրդին հիմա հարկավոր է մի երաժշտություն, ստեղծագործության մի ձև, որը կհանգստացնի, կհանդարտեցնի մարդկանց, և Գլյուկը լավագույն ընտրությունն էր, քանի որ ունի դրական ավարտ և վերջում սերը հաղթում է: Օպերայի ֆորմատն էլ շատ լավ է, երկար չի և ունի բալետային մասեր: Ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ այդպիսի հաջողություն կունենանք, իսկապես շատ ոգևորված ենք, հրաշալի թիմ և շատ լավ գաղափարներ ունենք՝ Հայկը Վարդանյան, որ այդքան երիտասարդ է, պարզապես անփոխարինելի է: Գիտեք, մարդիկ կան, որոնց ասպարեզ է պետք, միայն խոսելով չի, այլ գործել է հարկավոր։

Իսկ «քաղաքականության» մասով այս պահին շատ կարևոր եմ համարում մեր ստեղծագործական ներուժն այստեղ համախմբելը: Աշխարհի տարբեր երկրներում աշխատելու տարիներին ես ձեռք եմ բերել հարյուրավոր հայ բարեկամներ՝ արվեստագետներ, որոնք ծնվել, սովորել են Հայաստանում, բայց կայացել են արտասահմանում: Ես մտածեցի, որ իրենց Հայաստան բերելու և Հայաստանին կապելու լավագույն ձևն իրենց աշխատանք առաջարկելն է: Իրենց վերադարձը շատ կարևոր է հատկապես այս շրջանում, երբ մեր ողնաշարը կոտրված է, և մենք պետք է կարողանանք մեր մեջքը շտկել: Պատկերացրեք, որ կան շատ նման արվեստագետներ, որ սպասում են իմ հրավերին: Առաջինը մտածեցի Տիգրան Ձիթողցյանի մասին, որն իսկապես շատ հայտնի է և Նյու Յորքում այսօր այդպիսի հաջողություններ ունի: Եվ ես նաև գիտեմ թե ինչքան հայ է ինքը: Եվ Տիգրանը սիրով եկավ ու միջավայր ստեղծեց: Կարծում եմ, որ բոլորը պիտի գան, թեկուզ ժամանակավորապես, թեկուզ ինչ-որ առաքելությամբ: Հատկապես նման մարդկանց, ազատ մտածողությամբ մարդկանց հետ մեր երիտասարդները ծարավ են շփման: Նրանց օրինակը նաև մեր երիտասարդներին կրթելու միջոց է։

 -Հայաստանում Ձեր աշխատանքը սկսեցիք դժվարագույն շրջանում, երբ մեր ժողովուրդը դեռ չի թոթափել հետպատերազմական ողբերգությունը: Այս պահին Ի՞նչ է պետք մեր ժողովրդին վերածնվելու ուժ ստանալու համար:

-Օրփեոսի վրա աշխատանքն ինձ կտրեց ամենօրյա լրահոսից, շուրջը տիրող դատարկաբանությունից: Իհարկե, հետևում եմ թե ինչ է կատարվում սահմանում և մեր երկրում, հետևում եմ գերիների հարցին, որը կարծես մոռացվել է, և որը ես պարզապես խայտառակություն եմ համարում: Ուրիշ շատ-շատ հարցեր կան. մեր երկիրն այսպիսի օրհասական վիճակում է և ինչով է զբաղված կառավարությունը, դա քննարկման առարկա չէ: Բայց ինձ ոգևորում և ուժ է տալիս այն փաստը, որ գոնե իմ շրջապատում մարդիկ վերադառնում են, այ հե՛նց հիմա են վերադառնում: Հրաշալի, լավ մասնագետներ են, ամեն ինչ թողել և եկել են, ամեն մեկն իր ասպարեզում փորձում է ինքնակազմակերպվել: Փոքրիկ խմբեր են կազմում ու փորձում են ինչ-որ հարցեր լուծել: Եվ մտածում են թե այդ փոքր խմբերով ինչպես դուրս գան այս իրավիճակից: Լավ օրինակն, իհարկե, վարակիչ է, և ինձ թվում է, որ այսօրվա օրհասական վիճակից միայն աշխատանքով կարող ենք դուրս գալ:

-Դուք մեծ երգչուհի եք, գեղեցիկ կին, երկրի արժանապատիվ քաղաքացի: Այսօր ինչի՞ պակասն եք զգում Ձեր կյանքում:

-Աղոթքներիս մեջ առաջինը՝ որ լույս բացվի մեր երկրի վրա, սահմաններն ամուր լինեն, մեր զինվորներն ապահով և անփորձանք լինեն: Հավատացեք, ես անձնական գրեթե ոչ մի բանի կարիք չունեմ այսօր: Իհարկե, ուզում եմ, որ աղջիկս առողջ լինի, անփորձանք, լավ մարդ դառնա, բայց դրանք փոքրիկ ցանկություններ են: Ինքը հիմա սովորում է և որ լավ մարդ կդառնա, կասկած չունեմ: Իմ մյուս ցանկությունների համեմատությամբ սա մի փոքրիկ մայրական իղձ է: Ես հույս ունեմ, որ կտեսնեմ մեր երկիրը՝ ինքնիշխան, ազատ, արդար, արժանապատիվ, երանի այնքան ապրեմ, որ տեսնեմ...                                                                       

 

Նունե Ալեքսանյան