Հայ զինվորից լավ զինվոր չկա

Նամակներ գրեք ձեր սիրելիներին

Իր վերջին զորահանդեսի ժամանակ՝ սեպտեմբերի 21-ին  Վազգեն Սարգսյանն  ասաց. «Ես ամեն ինչ տվել եմ անկախությանը՝  ձեռք եմ բերել հպարտություն»: Դա հպարտություն էր նախևառաջ ազգային բանակի համար, որի կայացումը նրա կյանքի գործն էր: Հայ զինվորից լավ զինվոր չկա, վստահեցնում  էր Վազգեն Սարգսյանը 1997թ-ի հուլիսի  5-ի իր հեռուստաելույթում, որը ներկայացնում ենք հատվածաբար: 

 

 

Հայ զինվորից լավ զինվոր չկա: Մեզանից պահանջվում է արդարության անձնական օրինակով բարձր պահել նրա մարտական ոգին ու հավատը, և նա կարող է հրաշքներ գործել: Ցավոք, բանակում էլ կան անազնիվ մարդիկ, որոնք գողանում են զինվորից ու պետությունից: Մենք փնտրում-գտնում ենք նրանց, պատժում խստագույնս: Որոշել ենք և այսուհետ  այդ ամենը կանենք հրապարակայնորեն: Դուք պիտի ճանաչեք ձեր զավակների հետ տմարդի վարվողներին, զինվորի հացը հափշտակողներին, բայց առանց ձեր ակտիվ միջամտության մեզ համար դժվար կլինի պայքարել նմանների դեմ: Նկատի ունեցեք՝ բանակը միակ բյուջետային օղակն է պետության մեջ, որտեղից դեռ հնարավոր է գողանալ, և անգղների նման վրա են տալիս բանակի մարմնին: Ձեր քաղաքացիական ակտիվ կեցվածքով ուղղակի միջամտությամբ օգնեք մեզ պայքարելու  նմանների դեմ:

Հարգելի հրամանատարներ, հուլիսի 1-ին սկսվեց մարտական պատրաստության նոր՝ ամառային ուսումնական տարին: Զինվորական գիտությունն ամենաբարդ գիտություններից է: Ժամանակից հետ ընկնելն այստեղ աններելի է: Ինքնահանգստացումը, երբ պատերազմի վտանգն այնքան իրական է, իսկ մեր երկիրը՝ այնքան փոքր, որ մեկ լուրջ պարտությունը կարող է կործանարար լինել, առնվազն դավաճանություն է: Վաղվա մեկ րոպեի ուշացումը կարող է վերածվել պարտության՝ կռվում, մեկ ժամվա ուշացումը՝ ճակատամարտում, մեկ օրվա ուշացման պատճառով կարող ենք հայրենիք կորցնել: Իսկ չուշանալու արվեստին տիրապետում են խաղաղ ժամանակների տքնաջան աշխատանքով: Սովորեք, որ սովորեցնեք ձեր զինվորներին: Դուք եք մեր բանակի ոգին և մարտունակությունը պահող սյուները: Բանակն առանց մարտունակ ու գիտակից սպաների նման է թույլ ողնաշարով մարմնի: Զինվորին այսօր կարելի է դաստիարակել, ետևիցդ տանել միայն անձնական օրինակով: Նոր ուսումնական տարվա համար խնդիրն այսպես է դրված. առաջին գծի բոլոր զորամասերը պիտի ստանան լիարժեք  «բավարար» գնահատական, ռեզերվային զորամասերը՝ «լավ»  և «գերազանց »: Ցանկացած այլ արդյունք  համարվելու  է դասալքություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով  մեղավորների համար: Լավագույն երեք զորամասերին զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ շնորհվելու է հայ մեծանուն զորավարներ Վարդան Մամիկոնյանի, Գարեգին Նժդեհի և մարշալ Բաղրամյանի անունները կրելու պատիվ և իրավունք: Ես համոզված եմ, որ արժանավորներն ավելի շատ են լինելու, բայց պարգևատրվելու են լավագույններից լավագույնները: Ուրեմն հաղթական ընթացք ձեզ և ազնիվ մրցակցություն՝ ի փառս մեր Հայրենիքի և իհեճուկս մեր թշնամիների, որոնք, փառք Աստծո, կարծես մեր հին սխալներն են գործում՝  հույսները դնելով օտարների և ոչ իրենց վրա: Ամուր եղեք, սիրելի զինվորներ և սպաներ:

Բարի ծառայություն և հաղթանակ:

Նամակներ գրեք ձեր սիրելիներին: