Հայ բալետմայստերները Մեծ եղեռնի մասին

Թուրքիայում Հայոց ցեղասպանության պահից անցած հարյուր տարվա ընթացքում հայ խորեոգրաֆները ոչ այնքան հաճախ են անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային:

Առաջին անգամ դա տեղի է ունեցել ողբերգական դեպքերից մեկ տարի անց: 1916 թվականին պարուհի Արմեն Օհանյանը մասնակցում էր Փարիզում տեղի արվեստագետների ուժերով կազմակերպված երեկոներին: 1916-ի հունիսի 22-ին տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի՝ հայ և ֆրանսիական արվեստի գործիչների համատեղ ոգեկոչման երեկո, որին ներկա են եղել նաև Ֆրանսիայի կառավարության անդամներ, ելույթ են ունեցել Comedy de Frances և Սառա Բեռնարի թատրոնի դերասաններ, որոնք ընթերցել են հայ բանաստեղծների գործերը ֆրանսերեն թարգմանությամբ: «Փարիզի հայկական երգչախմբի ելոյթից յետոյ բեմ եկաւ տաղանդաւոր պարուհին՝ տիկին Արմէն Օհանեան եւ պարեց «Հայ նազան իմ» պարերգը երգիչ խումբի ընկերակցութեամբ: Կեցցէներ թնդացուցին սրահը: «Կանչէ՛, կռունկ, կանչէ՛» եւ «Դարդս լացէք» խմբերգներու ընդմիջումէն վերջ, տիկին Օհանեան պարեց «Հայոց սուգի ու ողբի» պարը՝ նուագախմբի ընկերակցութեամբ: Ճարտար գրիչ մը չպիտի կրնար այսքան բնական կերպով արտայայտել հայ ողբը: Հայուհին սեւերով պատուած, մերկացած իր զարդերէն եւ շղթաներով շքաւորուած, բեմ կուգայ եւ կ’արտայայտուի անխօս: Հիացումը միակ տպաւորութիւնն էր ու յուզումի արցունքը՝ արդիւնքը»,– գրել է Լևոն Համբարձումեանն «Արմէնիա» թերթում /Տոքթ. Լեւոն Համբարձումեան, Գրական ու գեղարւեստական մի ցերեկոյթ ի յարգանս Ֆրանսայի եւ ի նշան հայկական երախտագիտութեան, «Հորիզոն» 13.07.1916/

Առավել նշանակալից է «Անտունին»՝ առաջին բալետը Կոմիտաս Վարդապետի և Մեծ եղեռնի մասին, որը ստեղծվել է 1969-ին ՝ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի և բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի համագործակցությամբ: Սա մոնումենտալ խորեոգրաֆիական «որմնանկար» է։ Բալետի գործողությունն առանցքային է, չնայած երաժշտական պարտիտուրը և լիբրետոն բաժանված են «տեսարանների»։ Բուն բեմադրությունը չունի միջանկյալ «ավարտներ»: Այս առումով այն զուգորդվում է կինեմատոգրաֆիկ ժանրի երկի հետ: «Անտունի» բալետը բազում տեսարաններ ունի, որոնցում ընդգրկված են մեծ պարախմբեր (նաև՝ երգչախումբ): Կարելի է պայմանականորեն առանձնացնել երկու գլխավոր կերպար՝ Անտունի և Խումար, ինչպես նաև տղամարդկանց, կանանց, աղջիկ-կռունկների, վանականների և ոճրագործների պարախմբերը։ Սակայն փաստորեն այստեղ կա մեկ գործող անձ՝ Կոմիտասը և նրա մտքերը, երազները, նրա կենդանացած ստեղծագործությունները, նրա հոգեկան ներքին բախումները և ցասումները:

Պետք է նշել, որ «Անտունիից» հետո Կոմիտասի երկերը կամ նրանց տարբեր մշակումները ներմուծվել են Մեծ եղեռնին նվիրված մի շարք պարային ներկայացումներ, իսկ Կոմիտաս Վարդապետի կերպարը հետզհետե դարձել է Մեծ եղեռնի զոհի և հայ ժողովրդի հետագա վերածննդի խորհրդանիշը:

Կոմիտասի և Մեծ եղեռնի մասին բալետի ստեղծմանը ձեռնամուխ եղավ ամերիկահայ (ծագումով պարսկահայ) հայտնի բալետմայստեր և պարուսույց Աննա Ջանբազյանը: «Կոմիտաս. Կռունկ բնավեր» բալետը ստեղծվել է 1982 թ. Թեհրանում, իսկ 2004 թ.՝ վերաբեմադրվել Լոս Անջելեսում: Ամեն դեպքում, բալետի բովանդակությանը կարելի է երկակի մեկնաբանում տալ: Սա թե՛ Կոմիտասի ներքին հոգևոր կյանքի, թե՛ հայ ժողովրդի հոգևոր կյանքի և ներքին ապրումների հավաքական կերպար է: Հայ ժողովրդի ստեղծարար կյանքը, ցեղասպանության և տեղահանության հետ կապված ընկճվածության և հոգեկան անկման պահեր, իսկ այնուհետև՝ վերածնունդ: Այս է ներկայացման բովանդակության բուն իմաստը: Ցեղասպանության և տեղահանման պատկերները ներկայացված են այլաբանորեն: Բեմում չկան կոնկրետ ոճրագործությունն իրականացնող կերպարներ: Միայն հետևի վարագույրի վրա ցուցադրվում են վավերագրական կադրեր, որտեղ դրոշմվել են ցեղասպանության և տեղահանման պատկերները։

Հայաստանից ԱՄՆ արտագաղթած, Երևանի օպերայի և բալետի թատրոնի պարուհի Նոյեմի Արաքսի Քելեջյանը Մեծ Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ 2015-ին Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանում ցուցադրել է համերգ-ներկայացում: Այստեղ երկու տեսարան ուղեկցվում են մի դեպքում՝ Կոմիտաս-Ասլամազյանի «Կռունկով»՝ պար-մենախոսություն, որը բեմադրված  է ազատ ոճով (առաջին ցուցադրումը՝ 2013 թ.), մյուս դեպքում՝ Էդգար Հովհաննիսյանի բալետից առնված հատվածի՝ երկրորդ գործողության առաջին տեսարանի երաժշտության հիմքով բեմադրված «Անտունիներ» եռամաս կոմպոզիցիայով: Առաջին մասը կրում է «Կոմիտասի ողբը» խորագիրը, երկրորդը՝ «Քարավան», երրորդը՝ «Մեռած հոգիներ»: Նախատեսված է մենակատարի և պարուհիների համար: Բեմադրությունն, անշուշտ, Մաքսիմ Մարտիրոսյանին պատկանող նշված տեսարանի նմանակումն է։

Երևի թե Հայաստանի ոչ մի պարային համույթ (և նույնիսկ մեր օպերայի և բալետի թատրոնը), չունի այնքան բալետային ներկայացումներ՝ նվիրված Մեծ եղեռնի թեմային, որքան Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային համույթը։

Նախասկիզբը հանդիսացավ «Ո՞ւր է, մահ, հաղթությունը քո» 2015 թ-ին ստեղծված ներկայացումը,  որի գաղափարի հեղինակն  ու երկու գլխավոր դերակատարներից մեկը Արման Ջուլհակյանն է: Ներկայացման ռեժիսորն էր Գրիգոր Խաչատրյանը, բալետմայստերը՝ Արա Ասատուրյանը: Ներկայացման մեջ ներգրավված էին «Նարեկ» պարային համույթի ցածր դասարանի վեց աշակերտ...

Արդեն հետագա ներկայացումները ստեղծվել են ռեժիսոր Գ. Խաչատրյանի, բալետմայստերներ Ջուլհակյանի և Արա Ասատրյանի համագործակցությամբ:

Արդեն 2016 թ. Ֆրանսիական կինոյի մեծ վարպետ Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի նախաձեռնությամբ բեմադրվեց «Հավերժություն» բալետը, որի հիմքում հայ ժողովրդի պատմությունն է՝ հնագույն շրջանից մինչև մեր օրերը: Հիմնական շեշտը դրված է 1915 թ. Հայոց ցեղասպանության և տեղահանման թեմայի պարային մեկնաբանության վրա: Ներկայացումը ցուցադրվեց Մարսելի  «Կոնգրես» պալատում։

Հետագա տարիներին բեմադրված ևս չորս ներկայացումները, այն է՝ «Հոգիս»,  «Ամեն», «Մեր խոստումը», «Սասունցիների պարը» տարբեր տեսանկյուններով բացահայտում են Մեծ եղեռնի թեման, սակայն ոչ մեկը ըստ սցենարի և պարային լուծման չեն նմանվում իրար: Այսպես, 1916 թ. բեմադրված «Հոգիս» բալետի հիմքում մի սիրո պատմություն է: Տեղահանության զոհ երկու մանուկներ՝ աղջիկ ու տղա, որոնք շատ կապված են իրար՝ բաժանվում են: Աղջիկը մեկնում է Նյու Յորք, իսկ տղան՝ Հայաստան: Ամբողջ կյանքի ընթացքում նրանք հոգեպես կապված են մնում, և երազում են հանդիպման մասին, սակայն հանդիպում են իրար արդեն պատկառելի հասակում՝ Հայաստանում, մեր «մութ» 90-ականներին:   Բալետը ստեղծվել է Անի Մանուկյանի և Պատրիկ Մալաքյանի նախաձեռնությամբ և ներկայացվել Նյու-Յորքի «Սիթի սենթր» թատրոնում՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում։

2017 թ. երկու պրոդյուսերների և գաղափարի հեղինակ՝ կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանի և Հասմիկ Չաքմաքչյանի առաջարկով «Նարեկ» համույթը դարձավ «Ամեն» ներկայացման մասնակից և պարային տեսարանների հեղինակ: Ինչպես հայտնի է, մասնակցության համար հրավիրվեցին լավագույն երգիչներ աշխարհի տարբեր երկրներից՝ Հովհաննես Այվազյանը, Բարսեղ Թումանյանը, Ջուլիետ Գալստյանը, Հրաչուհի Բեսենցը... Ներկայացմանը մասնակցում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ ժողովրդական  գործիքների անսամբլի և  Ջազ բենդի հետ համատեղ: Անշուշտ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հիմնականում ամբողջ ներկայացումը պարային էր և  հանրահայտ երգիչներն էլ իրենց դրվագները կատարելիս նույնպես ներգրավված էին այդ տեսարաններում: 2017 թ. կրկին Պատրիկ Մալաքյանի պատվերով ստեղծվեց հայտնի «Խոստումը» ֆիլմի բեմական պարային մեկնաբանությունը՝ «Մեր խոստումը» խորագրով  կինոնկարում հնչող երաժշտության հիմքով: Երաժշտությունը հնչեց  ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի մեկնաբանությամբ: 2018 թ. կանադահայ կոմպոզիտոր Մաժակ Թուշիկյանի երաժշտությամբ բեմադրվեց «Սասունցիների պարը»՝ ըստ Գևորգ Էմինի համանուն պոեմի: Այստեղ առաջին պլանում են հայոց այբուբենը և գիրքը, որոնց միավորում և պահպանում է հայ ժողովրդի միասնականությունը և երկարակեցությունը: Ներկայացումը բեմադրվել է 2018 թվականին և 2019թ.-ին ներկայացվել Ստամբուլում:

Եղեռնի թեման առանձին դրվագներով խորեոգրաֆիկ մեկնաբանություն է ստացել նաև Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ արեգակներ», Արսեն Մեհրաբյանի «Արշիլ Գորկի» և մի շարք այլ բալետմայստերների ներկայացումներում:

Ամփոփելով նշենք, որ ցեղասպանությանը նվիրված ամբողջական ստեղծագործությունները եզակի են: Հիմնականում Եղեռնի տեսարանները հանդիպում են բալետային երկի երկու գործողություններից մեկում, կամ ավելի հաճախ՝ որպես դրվագ: Հատկանշական է, որ ոճրագործների կերպարը գրեթե երբեք չի ստանում բեմական տեսանելի մարմնավորում: Եղեռնի զոհի հիմնական խորհրդանիշը Կոմիտասի կերպարն է: Եղեռնին նվիրված պարային երկերի մեծ մասը հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող ավարտ է ունենում:  

 

Հեղինակ՝ Նազենիկ Սարգսյան

արվեստագիտության դոկտոր     

 

 

 

 

 

... ...