Հայկ Մելիքյան. «Կարող ենք միայն ազնիվ ստեղծագործել. մեր ուժը սա է»

Երկու մասնագիտություն՝ մեկ ստեղծագործական ներուժ

Արդեն 20 տարի դաշնակահար և կոմպոզիտոր Հայկ Մելիքյանը ժամանակակից հայ երաժշտարվեստը ներկայացնում է միջազգային հեղինակավոր հարթակներում, տասնյակ միջազգային դաշնամուրային և կոմպոզիտորական  մրցույթների դափնեկիր է: Սկսած 2009-ից անցկացնում է «1900+» համերգային նախագիծը և ճանաչման ու գնահատման պակաս չունի: Բայց այս տարվա  ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  նրա կատարումներից հետո, մարդիկ նրան անսովոր և գուցե՝ ցեղասպանության նահատակների ոգեկոչման  արարողությանն անհարիր մի անուն տվեցին՝ երաժշտին անվանելով «Ծիծեռնակաբերդի աստղ»՝ այդ որակման մեջ, սակայն, մեծ սեր ու գնահատանք  խտացնելով: «ArtCollage»-ը Հայկ Մելիքյանի հետ զրուցել է այդ անմոռանալի համերգի և նրա արվեստի մասին:   

 

-2020-ի ապրիլի 24-ից հետո դեռ երկար ժամանակ մեր ժողովրդի հիշողության մեջ ապրիլի 24-ը զուգորդվելու է այն փայլուն, խիստ ազդեցիկ ու տպավորիչ դաշնամուրային երաժշտությամբ, որ Դուք կատարեցիք Ծիծեռնակաբերդի բարձունքում: Կարծում եմ, որ ցանկացած երաժշտի կյանքում նման անսովոր ելույթը բացառիկ հնարավորություն է: Ի՞նչ էիք զգում այդ պահին:   

-Շնորհակալ եմ գնահատականի համար։ Պետք է խոստովանեմ, որ Ծիծեռնակաբերդի ելույթս ընդհանրապես որևէ ձևաչափով համերգի կամ կատարման նման չէր։ Սրան հավելվել էր ֆիզիկական, և ամենածանրը՝ զգացմունքային բարդությունը: Ցրտից առաջացող ֆիզիկական անհարմարությունը հաղթահարում էի պատասխանատվության և կենտրոնացածության միջոցով, սակայն էմոցիոնալ մակարդակում՝  նույնիսկ բուն կատարման ժամանակ, ներսում խորը վիշտ էի զգում, ինչպես, կարծում եմ, ցանկացած հայ։ Ու հենց այդ ժամանակ փորձեցի չբռնանալ զգացողություններիս վրա և պարզապես նվագելու միջոցով փոխանցել այն, ինչ զգում էի։ Բայց հստակ հիշում եմ, որ նաև ընդվզում ունեի ու ցանկություն, որ նվագիս միջոցով աշխարհը հասկանա, որ մեզ կոտրելը հեշտ չէ, մենք աղերսող չենք, մենք պահանջատեր ենք, ու բարձրագույն արվեստի միջոցով և՛ սգում ենք, և՛ աշխարհին ասում, որ կանք. «Ես կա՛մ, հա՛յ եմ ու Հայաստանի քաղաքացի, ապրում ու ստեղծագործում եմ իմ երկրում, իմ երկրի մայրաքաղաքում՝ նաև՝ հանուն մեր անմեղ զոհերի հիշատակի, ու մեր ապագան անբեկելի է»։ Թո՛ղ որևէ կերպ պաթետիկ չհնչեն այս խոսքերը. այս միտքն ինձ համար, հուշահամալիրի հարևանությամբ նվագելիս, եղել է ավելի քան առարկայական։

-Բացի կատարողական վարպետությունից, նուրբ ճաշակով էին ընտրված կատարվող ստեղծագործությունները, ինչպե՞ս կազմեցիք նվագացանկը:

-Դեռ ելույթիս նախօրեին, երկար մտածում էի նվագացանկի մասին, օրվա խորհրդի, այն պաշտոնյաների մասին, ում այցելությանը պետք է իմ կատարումներն ուղեկցեին։ Այս հարցում, գաղափարական առումով, ինձ մեծ օժանդակություն ցուցաբերեց փոխնախարար Արա Խզմալյանը։ Պետք է շեշտեմ, որ ինձ՝ իբրև արվեստագետի, շատ հաճելի էր, որ ստեղծագործությունների ընտրության հարցում ցուցաբերվում էր թեմատիկ օժանդակություն, սակայն կար փոխվստահության մթնոլորտ, և ինքս ձևավորեցի օրվա խորհրդին համահունչ նվագացանկը։ Առաջին անգամ ցանկանում  եմ շեշտել, որ հատուկ ներառել էի նաև ծագումով հայ փիլիսոփա, միստիկ, կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևի ստեղծագործություններից՝ դրանք կատարելով Կոմիտասի, Բախի ստեղծագործությունների հետ միասին։ Կոմիտասյան մշակումներն ինքս էի արել՝ հաշվի առնելով ժամանակաչափի առանձնահատկությունները։

-Արդեն 11 տարի է, որ ձեր նախաձեռնությամբ իրականացվում է  «1900+»  նախագիծ-համերգաշարը, որն, ըստ էության, նաև 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության քարոզչական նախագիծ է: Եթե հետադարձ հայացքով գնահատեք այն, հաջողվա՞ծ քարոզչություն է:

-20-րդ դարի երաժշտությանը նվիրված դաշնամուրային մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր դառնալուց հետո իմ նվագացանկի գերակշիռ մասը գրավեց հենց այս ժամանակաշրջանը, ինչպես նաև մեր օրերի երաժշտությունը։ Սկսեցի առավել հաճախ անդրադառնալ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին ու, ի զարմանս ինձ, բացահայտեցի, որ Երևանում այդ տարիներին գրեթե չէր կատարվում ժամանակակից երաժշտություն։ Ես համոզված էի, որ երևանյան հանդիսատեսին միանշանակ կգրավեր դասականի՝ մեր օրերի արտացոլանքը, ի տարբերություն մասնագիտական շրջանակների, որոնցում հիմնականում դրսևորվում էր որոշակի սկեպտիցիզմ այն հարցի շուրջ, թե արդյոք  հայաստանյան ունկնդիրը պատրաստ է ընդունելու այդ երաժշտությունը։ Արդյունքում ծնվեց «1900+ » համերգաշարը՝ թիրախավորելով 1900թ-ից ի վեր գրված օպուսներ։ Ամբողջ կազմակերպչական բեռը ստանձնեց իմ մենեջերը՝ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը, որն այդ գործում ներգրավեց Հայաստանում դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին, որոնք ևս բռնկվեցին գաղափարով՝ Հայաստանում ներկայացնել իրենց երկրների երաժշտությունը։ Արդյունքում մենք անցյալ տարի տոնեցինք նախաձեռնության տասնամյա հոբելյանը՝ Եվրոպական միության պատվիրակության հետ միասին։ Հայաստանում «1900+ը» ներկայացրել է ավելի քան հարյուր պրեմիերաներ՝ 16 համերգների ընթացքում։ Այս համատեքստում կարող եմ ասել, որ քարոզչությունն ածանցյալ է, մեզ համար առաջնահերթ էր ճանաչողությունը։ Կարծում եմ՝ չհաջողելու դեպքում նախաձեռնությունն արդեն 11 տարի գոյություն չէր ունենա, ինչի համար առաջին հերթին շնորհակալ եմ մեր միշտ նորով հետաքրքրվող երևանյան հանդիսատեսին։

-Դուք Երևանի  կոնսերվատորիայի շրջանավարտ եք, որը դեռ խորհրդային շրջանից երաժշտական կրթության լավագույն ավանդույթների կրողն էր: Ինչպե՞ս եք այսօր գնահատում  դասավանդումը՝ հատկապես դաշնամուրային բաժնում:

-Խորհրդային ժամանակաշրջանից Հայաստանը, կարծում եմ, ժառանգեց մի շարք կայացած ինստիտուտներ, այդ թվում նաև մեր երկրի միակ կոնսերվատորիան։ Գիտեք, ժառանգել կարողանալն էլ է հմտություն. ինձ միշտ զարմացրել է գերմանացիների՝ իրենց «արևելյան» ժառանգությունը սերտելու ու ադապտացնելու կարողությունը։ Ցավոք, ես խիստ թերահավատ եմ այս հարցում, երբ այն վերաբերում է մեզ, ու կոնսերվատորիան բացառություն չէ։ Ես այնտեղ չեմ եղել արդեն մոտ 10 տարի և որևէ տեղեկություն չունեմ։ Կարծում եմ՝ արժե միայն մեկ բան հիշատակել՝ անկախ այս պարագայում իմ գործոնից, երևի ոչ հուսադրող ցուցանիշ է, երբ մեր երկրի շատ գործող ու ակտիվ երաժիշտներ ընդհանրապես առնչություն չունեն երկրի միակ երաժշտական բարձրագույն  ուսումնական հաստատության  հետ։ Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին։

-Դուք նախ ավարտեցիք կոնսերվատորիայի դուշնամուրային, ապա նաև կոմպոզիցիայի բաժինը՝ Վարդան Աճեմյանի դասարանը: Ձեր երկու մասնագիտությունները որքանով են փոխլրացնում միմյանց:  

-Ընդհանրապես հակված եմ մտածել, որ մարդու ստեղծագործական ներուժը բավականին քաոտիկ ու վերացական երևույթ է: Մենք այն փորձում ենք դրսևորել մասնագիտացման շնորհիվ, սակայն մի ոլորտը կարող է լիարժեք բավարարում չտալ անձին. այս պարագայում կոմպոզիցիան փոխլրացնում է իմ կատարողական արվեստը։ Ես մանկուց ստեղծագործել եմ և, ի վերջո, նախընտրեցի ստանալ նաև կոմպոզիցիայի պրոֆեսիոնալ ակադեմիական կրթություն՝ չնայած այն ժամանակ արդեն իսկ ակտիվ դաշնակահար էի։ Եթե փորձեմ կարճ պատասխանել հարցին, ապա պետք է ասեմ՝ ինչպես Դուք եք նշել Ձեր հարցում ՝«երկու մասնագիտություն՝ մեկ ստեղծագործական ներուժ»։ Ով գիտի, գուցե դեռ երրորդի ու չորրորդի ժամանակն էլ գա՝ ի լրացումն իմ կատարողական արվեստի։ Եթե վերջինս բնորոշեմ իբրև սիրելի կամ առաջնային, հավանաբար քիչ կլինի՝ այն իմ կյանքն է։

-Գիտեմ, որ շատ ժամանակակից կոմպոզիտորներ գործեր են գրում հենց Ձեզ համար: Կարծում եմ, որ նման դեպքերն առանձնահատուկ հոգևոր կապ ու հարազատություն են ենթադրում, այդպե՞ս է արդյոք:

-20-րդ դարի և ժամանակակից երաժշտության մեծագույն առավելություններից մեկը, իհարկե, այս հանգամանքն է. կոմպոզիտորը գրում է ստեղծագործություն՝ արդեն իսկ պատկերացնելով կատարողին, որը հնարավորություն է ունենում այն քննարկել ու կատարել հենց կոմպոզիտորի առջև. այստեղ իսկապես ստեղծվում են հետաքրքիր հոգևոր կապեր։ Երևի անգնահատելի ու աննկարագրելի է, երբ տեսնում ես կոմպոզիտորի արցունքոտ աչքերը, այն երջանկությունը, որը պատճառել ես ստեղծագործող մարդուն։ Իսկ ես, իհարկե, երախտապարտ եմ բոլոր այն կոմպոզիտորներին՝ անկախ այն բանից, թե աշխարհի որ անկյունում են բնակվում, որոնք ինձ համար հատուկ գործեր են գրում: Ես փորձում եմ դրանք երբեք չթողնել թղթի վրա, այլ, հնարավորության դեպքում, հնչեցնել հանդիսատեսի համար, ձայնագրել դրանք:

-Ի՞նչը կարող է Ձեզ ոգեշնչել:

-Ինձ ոգեշնչում են մարդիկ՝ ծանոթ ու անծանոթ, դարեր կտրած անմահ հեղինակները, հարազատ ընկերս, օդակայանում շփոթված տարեց կինը, որը  կարոտն աչքերին ու սպասումով լի, բոլորովին չգիտեր, թե որ ուղղությամբ գնա, բայց իր անկեղծ օրհնությամբ գրկեց ինձ՝ ի նշան երախտիքի, որ ուղեկցեցի մինչև իր մուտքը։ Հիմա պատասխանում եմ ու մտածում, որ ավելի դիպուկ կլինի եթե ասեմ, որ ինձ ոգեշնչում են մարդիկ ու նրանց վերաբերող մանրուքները։

-Եթե փորձենք բանաձևի վերածել Ձեր գլխավոր ստեղծագործական սկզբունքը, ապա ո՞րն է այդ բանաձևը:

-Խոստովանեմ, որ իմ կյանքի և ստեղծագործական սկզբունքները համընկնում են՝ երբեք որևէ բան հարկադրաբար առաջ չտանել, ես սիրում եմ ուղղակի աշխատել ու ստեղծագործել, մնացածը թողնում եմ՝ կյանքը որոշի։

-Երևանում համերգներով հանդես եկած հայտնի երաժիշտներն առաջինը որ նշում են՝ դա համերգասրահներում երիտասարդների  առատությունն է: Մյուս կողմից գիտենք, որ ցածրակարգ երաժշտությունը միշտ էլ ամենամեծ լսարանն ունի: Ինչպե՞ս պահել ճաշակի և  ճիշտ արժեհամակարգի նշաձողը: 

-Քիչ առաջ խոսեցինք «1900+»-ից , ու Ձեր հարցը հիշեցրեց իմ սիրելի երաժշտագետներից մեկին, իմ ավագ ընկերոջը՝ լուսահոգի Իրինա Տիգրանովա-Տերտերյանին. նա ասում էր. «Հայկ, գիտե՞ք ինչն եմ ամենաշատը սիրում «1900+»-ի համերգներին։ Այն որ հանդիսատեսի գերակշիռ մասը ոչ թե զուտ մասնագիտական լսարանն է, այլ մեր գունեղ ջահելությունը»։ Որպես արվեստագետ, ես կարծում եմ՝ մենք ոչինչ չենք կարող ստիպել նրանց, միայն կարող ենք ԱԶՆԻՎ ստեղծագործել, հանդիսատեսն այն շատ լավ է զգում, կարծում եմ մեր ուժը սա է։

-Այսօր հայտնի պատճառներով վերափոխվում է ամբողջ աշխարհը: Հասկանալի է, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ կկրի նաև մշակութային քաղաքականությունը և մանավանդ՝ համերգային գործունեությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր առաջիկա ստեղծագործական գործունեությունը:

-Երևի իմ կյանքի սկզբունքներից մյուսն ավելի դիպուկ կնկարագրի իմ վերաբերմունքն իրավիճակի ու դրանից բխող ստեղծագործական գործունեության նկատմամբ: Եթե հասկանում ես, որ որևէ իրավիճակ, խնդիր վերահսկողությունիցդ դուրս է, ուրեմն անհանգստությունը, փնթփնթալը դրան որևէ կերպ հաստատ չեն նպաստելու։ Իհարկե, էմոցիոնալ մակարդակում դժվար է սառնասրտորեն դատել, քանի որ ունեցա մի շարք համերգների չեղարկում ու անորոշ հետաձգում, սակայն իրավիճակի հետ՝ մենեջերիս օգնությամբ, արագ ադապտացվեցինք. արդեն ունեցել եմ վիրտուալ մենահամերգ՝ իհարկե, ինձ  համար շատ անսովոր էր առանց հանդիսատես ձևաչափը: Զարկ ենք տվել իմ նոր ձայնագրություններին, որոնք մինչև տարեվերջ պետք է թողարկի NAXOS Grand Piano համաշխարհային թողարկողը: Պլանավորում ենք մի քանի հետաքրքիր հեռավար նախագծեր, ու, կարծես թե, ինչ-որ չափով ադապտացվել եմ իրավիճակին։ Մեծագույն խնդիրն, այս պարագայում, երկարաժամկետ ծրագրեր մշակելու անհնարինությունն է: Բոլորս վերջնաժամկետներ ենք փնտրում, չենք կարողանում պլանավորել ոչ միայն գալիք տարիների նախագծերը, այլև՝ գալիք աշնանային շրջանի քայլերը։ Սակայն, այդ ամենը ևս խիստ անկարևոր է դառնում,  երբ հասկանում ես, որ բոլոր այս դժվարությունները նպատակ ունեն փրկել մարդկային կյանքեր, իսկ մարդկային կյանքը բացարձակ արժեք է ու անգին ։