Հայկական որմնանկարչության ավանդույթը երկար պատմություն ունի
Հայ որմնանկարչությունը զարգացել է ազգային ճարտարապետության փուլերին համաքայլ
Հայկական որմնանկարչության մի քանի հարյուր արժեքավոր հուշարձանների գիտական ուսումնասիրության ու գնահատման արդյունքն ամբողջացրել է «Հայկական որմնանկարչություն» գիտական հոդվածների ժողովածուն, որը լույս է տեսել Մատենադարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ և «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Սա առաջին ծավալուն հրատարակությունն է ազգային մշակույթի հնագույն և սակավ ուսումնասիրված բնագավառի մասին: Ժողովածուն ներկայացնում է Հայաստանի հանրապետության և պատմական Հայաստանի տարածքում գտնվող միջնադարյան որմնանկարչության բացառիկ հուշարձանները սկսած 7-րդ դարից: Նոր հրատարակությունը փշրում է հայկական որմնանկարչությանն առնչվող և տասնամյակներ շարունակ հայկական գիտական միջավայրում գերիշխող հիմնական կարծրատիպերից մեկն այն մասին, որ հայ եկեղեցին դավանաբանական նկատառումներով մերժել է որմնանկարչությունը, և որ մեր եկեղեցիների պատկերազարդումները հիմնականում քաղկեդոնական են ու ներկայացնում են բյուզանդական կամ վրացական եկեղեցուն բնորոշ նկարազարդումները: Այս տեսակետը տարածված էր հատկապես խորհրդային շրջանում, երբ հայկական որմնանկարչության մասին ընդհանրապես շատ քիչ էր խոսվում և անդրադարձներն էլ այս թեմային խիստ հպանցիկ էին, քանի որ ընդունված էր համարել, որ մեր մշակույթում որմնանկարչության ավանդույթը զարգացած չէր, և ըստ այդմ էլ այն երկրորդական էր համարվում: Այս մոտեցումը գիտականորեն հերքվել է միայն 20-րդ դարի կեսերին, երբ Սիրարփի Տեր-Ներսեսյանն ու Լիդիա Դուրնովոն իրենց ուսումնասիրություններով՝ աղբյուրագիտական վկայակոչումներով և որմնանկարչական հուշարձանների ուսումնասիրությամբ ապացուցեցին, որ դեռ 5-7-րդ դարերում հայկական բազմաթիվ եկեղեցիներ ունեցել են որմնանկարներ: Ժողովածուն նաև մերժում է տարածված տեսակետը հայկական որմնանկարչության հուշարձանների սակավաթիվ լինելու մասին: Գրքում տեղ են գտել ինչպես նախկինում ուսումնասիրված, այնպես էլ նորահայտ կամ քիչ հետազոտված որմնանկարների մասին գիտական հոդվածներ՝ ամբողջացնելով այս ոլորտի համապատկերը: Ժողովածուն ընդգրկում է հայ որմնանկարչության մասին 19 հեղինակի՝ երկու տասնյակից ավելի գիտական հոդված և շուրջ 200 լուսանկար։ Պատկերագրքի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը ժողովածուի վրա աշխատել է մոտ 3 տարի: Գիտնականը չափազանց կարևոր է համարում նման ժողովածուի հրատարակությունը, քանի որ նրա գնահատմամբ վաղուց ժամանակն է, որ ի մի բերվեն հայ որմնանկարչության մասին հավաքագրված տեղեկությունները, հուշարձանները, այն ամբողջ գիտական-հետազոտական նյութը, որ տարիների ընթացքում հավաքվել է որմնանկարչության արվեստի տարբեր շրջանների մասին: Կարեն Մաթևոսյանը ափսոսանքով է արձանագրում, որ չնայած մեր պատմական հուշարձանների տարածքում հայկական որմնանկարչության մեծարժեք նմուշների գոյությանը այս ոլորտն ամենաքիչն է ուսումնասիրված: Գրքի խմբագրի կարծիքով պատկերագրքում տեղ գտած ուսումնասիրությունները կարևոր գիտական եզրահանգումների հիմք են տալիս. « Պետք է արձանագրենք, որ հայկական որմնանկարչության ավանդույթը շատ երկար պատմություն ունի, սակայն նրա զարգացումը սկսվում է միջնադարից և սերտորեն առնչվում է քրիստոնեական մշակույթին: Օրինակ, հոդվածներից մեկում ներկայացված է 17-19-րդ դարերի հուշարձանների ցանկը, որում 110 հուշարձան է գրանցված, իսկ դրանից առաջ եղածներն էլ կարող են լինել մոտ ութ տասնյակ, իսկ դա արդեն պատկառելի ծավալ է և ընդգրկում է մեր ճարտարապետության զարգացման հիմնական փուլերը: Ըստ էության, այս ժողովածուի հիման վրա մենք կարող ենք նշել, որ հայ որմնանկարչությունը զարգացել է ազգային ճարտարապետության փուլերին համաքայլ, սա մեր ամենակարևոր արձանագրումներից մեկն է»,- ասում է Կարեն Մաթևոսյանը: Գրքում ընդգրկվել են Կարեն Մաթևոսյանի, Հրավարդ Հակոբյանի, Սեյրանուշ Մանուկյանի, Ավետիս Ավետիսյանի, Տաթևիկ Սարգսյանի, Անի Բաբայանի, Անի Ենոքյանի, Սեդա Մանուկյանի և այլ հետազոտողների ուսումնասիրությունները: Նոր հրատարակությունը նպատակ ունի ճանապարհ հարթել ոլորտում նոր հետազոտությունների համար և հավաքել, կուտակել և ամբողջացնել այն տեղեկությունները, որոնք վերհանում են հայկական որմնանկարչության առանձնահատկություններն ու կարող են որպես արժանահավատ ու գիտական հենք ծառայել հայկական որմնագիտության պատմությունն ու մշակույթը ուսումնասիրողների համար: