Հայաստանի պատմական օրրան՝ Ստեփանակերտ, ցպահանջ

Նամակ Էրդողանին

Ֆրանսահայ  ջազային երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող, «Horn Stuff» ջազ  բենդի հիմնադիր Անդրե Մանուկյանն իր թվիթերյան և ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահին, որին կցել է հայ երգահան, երաժշտագետ Համբարձում Լիմոնջյանի նկարը: Այս նամակը շատ արագ տարածվել է սոցիալական ցանցերում և նույնքան արագ արժանացել Ֆրանսիական մամուլի արձագանքին: Մասնավորապես «Le Progrès», արձանագրել է, որ լիոնաբնակ երաժիշտն իր նամակում վերադարձել է 1915 թվականի դեպքերին, երբ նրա տատն ու պապը Հայոց Ցեղասպանության ժամանակ ստիպված էին լքել իրենց երկիրը: «Franceinfo» էլ Անդրե Մանուկյանի հետ տեսահարցազրույց է տեղադրել, որում երաժիշտը մեկնաբանում է իր այս քայլը, նշելով, որ սեպտեմբերի վերջին  վերսկսված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «մղձավանջ է, որը նորից է սկսվում»: -Երբ դուք հայ եք, դուք ամբողջովին տրավմայի եք ենթարկված: Պատկերացրեք, որ ձեր ընտանիքը՝ ձեր տատիկը ձեզ սարսափելի պատմություններ է պատմել։ Պատմություններ, որոնք ժխտվում են ավելի քան 100 տարի առաջ այդ ջարդերն իրականացնողների կողմից,- ասել է Մանուկյանը ֆրանսիական լրատվամիջոցին:

Մոտ տասը տարի առաջ, նախքան սիրիական հակամարտությունը սկսված «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած գործընթացը նրան հույս  և լավատեսություն էր ներշնչել, բայց հետո ի հայտ եկան գերտերությունների շահերն ու աշխարհաքաղաքականությունը։

«Ես պարզապես կարող եմ  փոխանցել այն ինչ զգում եմ որպես երաժիշտ. իմ ամենահիանալի համերգը, որը ես երբևէ ունեցել եմ, եղել է Ստամբուլում։ Ես ասացի՝ հպարտ եմ, որ գտնվում եմ իմ նախնիների հողում: Մարդիկ բեմ բարձրացան և ծափահարեցին՝ հպարտանալով, որ ես պահանջում եմ իմ իրավունքները՝ այս երկիրն իմը համարելով»,- ասել է երաժշտին ու հավելել,- Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Մակրոնին, որն, ամեն դեպքում, առաջնագծում է: «Ես ատում եմ ազգայնականներին, ինձ համար ազգայնականությունը պատերազմ է»։ Սա Ֆրանսուա Միտերանի արտահայտությունն է։ Իմ կոչի իմաստը հենց դա էր:

Լրագրողի հարցին, թե ինչ կարելի է անել կրակի դադարեցման կոչեր հնչեցնելուց բացի, նա պատասխանել է, որ իր նամակը Էրդողանին սկսել է հեգնելով, որ իբր կցանկանար հետ վերադարձնել դաշնամուրը, որը 1915 թվականին, իր տատիկն ու պապիկը թողել էին, երբ ստիպված էին փախչել: Բազմաթիվ հայեր էլ արձագանքել են. «Իմ տատիկն էլ մի տուփ լոխում է մոռացել, կարելի է այն էլ վերադարձնել»:

                          

Նամակ  Էրդողանին  

 

Հարգելի պարոն,

Տատիկս և պապիկս, 1915 թվականի ապրիլին ստիպված լինելով շտապ հեռանալ Ամասիայից, չկարողացան իրենց հետ վերցնել ընտանեկան դաշնամուրը:

Խնդրում եմ, կարո՞ղ եք այն հասցնել հետևյալ հասցեով. Հայաստանի պատմական օրրան, Արցախի մայրաքաղաք՝ Ստեփանակերտ, ցպահանջ:  

Թվում է, թե պարոն Ալիևի համար էլ ավելի դժվար կլինի ազատվել մի բուռ հայերից, քան ձեր փառահեղ նախնիների, որոնց դիմաց՝ ճիշտ է, կանգնած էին միայն կանայք, երեխաներ ու զինաթափված տղամարդիկ։

Աh, տատիկս ինձ ուղերձ է ուղարկում հանդերձյալ աշխարհից.... Նա ինձ ասում է, որ 30 հատ կարի մեքենա էլ մնացել է Իզմիրում՝ 1922 թվականին տեղի ունեցած Մեծ հրդեհի (Զմյուռնիայի կոտորած) ժամանակ: Ինչպիսի հիմար գաղափար՝ գնալ այնտեղ բնակվելու Մեծ եղեռնից մազապուրծ լինելուց հետո, երբ նրանց քշեցին անապատները: Խնդրում եմ, կարո՞ղ եք դրանք էլ ինձ հասցնել դաշնամուրի հետ միասին:  

Եթե նկատեցիք ես ձեզնից հետ չեմ պահանջում տունը, հողը, խանութը... Հաշվի առնելով որ միայն Ֆրանսիայում մենք՝ այն մարդկանց ժառանգները, որոնց  ունեցվածքն առանց հատուցման բռնագրավվել է, 500 000 հոգի ենք, ապա եթե մենք բոլորս միանանք այդ պահանջին, սա կվտանգի ձեր ՀՆԱ-ն : Ոչ, պարզապես այս իրերը զգացմունքային արժեք ունեն։

Ահա, ես հույս ունեմ, որ շուտով մենք միասին լավ սուրճ կխմենք՝ թուրքական, հունական, հայկական, կամ որն էլ որ լինի, մի լավ սուրճ, որով միասին կնշենք մեր ժողովուրդների միջև վերականգնված խաղաղությունը…

Այո, ես ձախակողմյանների սիրելին եմ՝ «թավշե արջուկ», ինչպես ասում են այստեղ, ես հավատում եմ խաղաղությանը, ինձ համար ազգայնականությունը ժանտախտ է, ինչպես ասում էր Ֆրանսուա Մ-ն (Միտերանը):

Ես նաև հիշում եմ հայ-թուրքական արձանագրությունները, 2008-ի այն ֆուտբոլային ընկերական հանդիպումը Թուրքիայի և Հայաստանի միջև, որին ներկա էր ձեր նախորդը՝ պարոն Գյուլը, հիշում եմ ձեր ցավակցությունները Հայաստանի ժողովրդին, որոնք մեզնից ոմանց կողմից ընդունվել են հուզմունքով և թեթևությամբ:

Ի՞նչ պատահեց այդ ժամանակից ի վեր...

Հիշում եմ նաև  որպես երաժիշտ, նույնիսկ հակամարտության ժամանակ ես ամեն ինչին նայում եմ երաժշտության տեսանկյունից, որ 1815 թվականին ոմն Համբարձում Լիմոնջյանն ընտրվել է Սուլթան Մահմուդի կողմից երաժշտական նոտագրության համակարգ ստեղծելու համար, որպեսզի փրկի օսմանյան երաժշտությունը, որը, հակառակ դեպքում, մոռացության կմատնվեր։

Այսպիսով, քանի որ դուք, պարոն Էրդողան, կարծես թե, սիրում եք Աֆրիկան, ես ձեզ կհիշեցնեմ այս մալիական ասացվածքը. «Եթե չլինեն գրիոտները,* թագավորների անունները մոռացության կմատնվեն»: Այսպիսով, գրիոտը թագավորներից բարձր է:

Սա բառացիորեն չընկալելով, ես, այնուամենայնիվ, կօգտվեմ դրանից, որպեսզի համարձակվեմ դիմել ձեզ խնդրանքով. ասացե՛ք, դուք չե՞ք ուզում իմ ժողովրդին մեկընդմիշտ հանգիստ թողնել… հարգելի պարոն Էրդողան:

Կանխավ շնորհակալ եմ ՝

Անդրե Անդրանիկ Մանուկյան

* (Գրիոտ (ֆր. griot), Արևմտյան Աֆրիկայի ժողովուրդների մոտ, պրոֆեսիոնալ, հաճախ թափառող երգիչների, երաժիշտների և հեքիաթասացների  ներկայացուցիչ):

 

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը