Կինոաշխարհը սգում է Միշել Պիկոլիի մահը

Ֆրանսիան որբացավ՝ կորցնելով իր որդուն

Տխուր նորություն կինոաշխարհի համար: Մայիսի 12-ին 94 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր դերասան Միշել Պիկոլին։ Մայիսի 18-ին ընտանիքը «Ֆրանսպրես» գործակալությանը փոխանցած հայտարարությամբ հայտնել է նրա մահվան լուրը: Դերասանի ընկեր և Կաննի կինոփառատոնի նախկին նախագահ Ժիլ Ժակոբի պաշտոնական հայտարարությունից տեղեկանում ենք, որ մահվան պատճառը կաթվածն է: Ավելի քան 200 կինոնկարներով և հեռուստաֆիլմերով հայտնի արտիստը ֆրանսիական կինոյի առաջատար դերասաններից  էր, որը շղթայում էր մեծ հաջողություն գրանցած ֆիլմերն ու ավանգարդիստական  ստեղծագործությունները:

Լրատվամիջոցները գրում են. «Միշել Պիկոլին մահացավ մայիսի 12-ին՝ կաթվածից, իր կնոջ՝ Լուդիվինի և իր երեխաների՝ Ինորդի ու Միսիայի ձեռքերում»: 1978-ից դերասանն իր կյանքը կապել էր Լյուդիվին Կլերի հետ: Դերասանի և սցենարիստի միջև սերը միաձուլեց նրանց: Նրանք որդեգրեցին  լեհական ծագմամբ երկու երեխայի՝ Ինորդ անունով տղային և փոքրիկ Միսիային։ Լյուդիվին Կլերից առաջ Միշել Պիկոլին 1954-ին ամուսնացել էր դերասանուհի Էլեոնոր Հերտի հետ: Նրանք ունեցան Աննա-Կորդելիա անունով մի դուստր, որից նա այլևս որևէ նորություն չստացավ: Նա նաև սիրավեպ է ունեցել Ժուլիետ Գրեկոյի հետ, որի հետ ամուսնացած էր  տասնմեկ տարի: Պիկոլին նաև  երջանիկ ու անխռով կյանքով ապրել է հանրահայտ Ռոմի Շնայդերի հետ, ում համար նա հետաքրքիր մականուն էր գտել:

2015 թվականին դերասանը պատմել է մահվան վախի մասին իր «Ես ապրեցի երազանքերիս մեջ» ինքնակենսագրական գրքում։ «Մենք ուզում ենք, որ կյանքը երբեք չավարտվի, իսկ դա կավարտվի»,- խոստովանել է դերասանը: Իր բազմաթիվ մրցանակներով հանդերձ, նա, այնուամենայնիվ, չարժանացավ  ոչ՛ «Սեզարի», ոչ՛  «Մոլիերի»: «տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում 4 անգամ նոմինացվել է «Սեզար» կինոմրցանակի՝ «Տարօրինակ գործ» (1982թ.), «Փղի անկյունագիծ» (1985թ.), «Միլուն մայիսին» (1991թ.), «Սքանչելի չարաճճին» (1992թ.) ֆիլմերում  դերակատարումների  համար և 2 անգամ էլ «Մոլիեր» թատերական մրցանակի՝ «Լիր արքայի» համար։ Սակայն, դա նրան չի խանգարում մնալ «սրբազան հրեշ»:  

Միշել Պիկոլին հայտնի է Ժան Լյուկ Գոդարի և Լուիս Բունյուելի ֆիլմերում խաղացած դերերով: Նա ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 27-ին՝ իտալացիների ընտանիքում։ Դրամատիկական արվեստի դպրոցն ավարտելուց հետո տեղի է ունենում նրա դեբյուտը կինոյում: Նրա առաջին դերը Քրիստիան-Ժակի «Կախարդանք» կինոնկարում  էր, որը նկարահանվել է 1945 թվականին։ Նրան առավել մեծ ճանաչում է բերել Ժան-Լյուկ Գոդարի 1963թ-ի «Արհամարհանք» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերուհին էր աշխարհահռչակ Բրիջիտ Բարդոն։ 1980-ին Պիկոլին Կաննի կինոփառատոնում «Լավագույն դերասան» անվանակարգում արժանացավ մրցանակի Մարկո Բելլոկկիոյի դերի համար «Ցատկ դեպի դատարկություն» ֆիլմում, 1982- ին արժանացել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջին»՝ «Տարօրինակ գործ» ֆիլմի համար ։

 

Իր մանկության մասին

«Իմ մանկության ամբողջ ընթացքում, լինելով ընտանիքի միակ որդին, ես ապրում էի ուրվականի ընկերակցությամբ»,- ասում է մոր կողմից շատ սիրված ավագ եղբոր մահից հետո ծնված դերասանը: Նրա հուշերում ծնողները մնացել են որպես «առանց կրքի» երաժիշտներ, որոնք «միշտ նրա համար բացասական օրինակ են ծառայել»։

 

Բրիջիտ Բարդոյի մասին

Ես երբեք չեմ հանդիպել Բարդոյին նախքան «Արհամարհանք» ֆիլմում նկարահանումները, և շլացել եմ նրա անմեղությունից և անմիջականությունից։ Տեսախցիկի առջև նա այնպիսին էր, ինչպես կյանքում՝ շատ հասարակ դերասանուհի, որը ամենևին էլ աստղ չէր ձևանում։ Աշխատանքում նա շատ կարգապահ էր։ Գալիս էր ժամանակին, գիտեր տեքստը: Նա բոլորովին էլ քմահաճ դիվա չէր, ինչը բոլորը կարող են ակնկալել նրանից:

Թեև նա երբեմն զարմանում էր, որ այդ ֆիլմում նկարահանվելու համաձայնություն է տվել, բայց զմայլված էր այդ հիասքանչ ստեղծագործությամբ և «սարսափելի» Գոդարով, որով նա հիանում էր։

 

Ջուլիետ Գրեկոյի մասին

Նրանք հանդիպել են երեկույթի ժամանակ, նա դարձավ նրա երկրորդ կինը՝ Էլեոնոր Հերտից հետո: Մի քանի «զուսպ արտահայտություններով» նա հիշում է իրենց սերն առաջին հայացքից. «Ես ասացի ինքս ինձ. ի՞նչ է կատարվում: Զարմանալի՜ է: Հրաշալի՜ է»:

«Մի օր նա ինձ ասաց. Ռադ եղիր: Գրեթե այս կերպ։ Դա ցավալի էր, գոնե ինձ համար»:

 

Ժերար Դեպարդիեի մասին 

«Ինչպիսի՜ հրաշալի դերասան է, այդ Դեպարդիեն։ Ինչպիսի՜ հանճար. Ինչպիսի՜ գյուտարար».

Նրանք միասին նկարահանվեցին «Վենանը, Ֆրանսուան, Պոլը և ուրիշները» ֆիլմում: Նա կոպեկ չուներ, խենթի նման խմում էր: Մյուս կողմից նա իսկական խենթ է: Անկասկած, դրանում է նրա ուժը»։

 

Մարչելո Մաստրոյանիի մասին 

Պիկոլիի համար, ով վախենում էր «հավակնոտ» լինել, իդեալական դերասանը Մաստրոյանին է: «Նա հաճախ ասում էր ինձ. «Լինել դերասա՞ն: Դրանով արբենալու կարիք չկա, պետք է միայն անել դա, այդքան մի բան» :

 

«Նրա կյանքը ողբերգություն էր»

 

Ռոմի Շնայդերն ու Միշել Պիկոլին եղել են զուգընկերներ, ինչպես կյանքում, այնպես էլ կինոյում: Իրար հետ նրանք խաղացել են մի շարք ֆիլմերում ՝ «Կյանքի մանրուքները», «Մադո», «Մաքսը և թիթեղագործները»: Մինչև դերասանուհու մահը նրանք կրքոտ հարաբերություններ էին պահպանում։ Երբեք Միշել Պիկոլին չի մոռանա այն կնոջն, ում նա հետաքրքիր մականուն է տվել. «Ես նրան անվանում էի «գերմանուհի»՝ իր գերմանական ծագման պատճառով»,- պատմում էր Պիկոլին «Էքսպրես» ամսագրին և հավելում. «Նա գիտեր, որ ես սիրում էի ծաղրել նրան, և դա իրեն դուր էր գալիս։ Ես նրան ասում էի՝ այսօր դու տգեղ ես, վատ շպարված: Նրան հանգստացնում էր, որ ես այդպես եմ խոսում իր հետ։ Մարդիկ այդ բացառիկ անձանց այդքա՜ն մեծ կասկածանքով են վերաբերվում. նրանց հսկում են, քննադատում, նախանձում»:

Ամեն անգամ, երբ հիշատակում էին դերասանուհուն, Միշել Պիկոլին, կիսվելով կարոտախտի և ափսոսանքի միջև, հայտարարում էր. «Սկսած այն պահից երբ ճանաչել է Ռոմիին, նրա կյանքը ողբերգություն էր»: Շփոթված լինելով «այդ սարսափելի ցավից, որ նա իր հետ էր տանում», Միշելը, ում հաջողվել էր ապահովել իր զուգընկերուհուն, զվարճացնել և սեփական անձի հանդեպ վստահություն ներշնչել, այնուամենայնիվ, չի կարողանա փրկել նրան: Անսահման տխուր, Միշել Պիկոլին իր ամբողջ կյանքի ընթացքում կփայփայի իր փոքրիկ «գերմանուհու» մասին հուշերը։

 

Ժիլ ժակոբի արձագանքը

Ժիլ Ժակոբը՝ Կաննի կինոփառատոնի նախկին նախագահը և Միշել Պիկոլիի հարցազրույցների գրքի հեղինակը այսպես է արձագանքել նրա մահվան լուրին. «Ֆրանսիան որբացավ՝ կորցնելով իր որդուն»:

Նա բարձր է գնահատել դերասանի «ոչկոնֆորմիստական կեցվածքը, բնորոշելով նրան որպես «հրապուրիչ, պայծառ, հմայիչ, չհարմարվող, հանկարծակի բռնկումներով:  Դա եղել է մի Ստրադիվարիուս՝ դերասան, որը զմայլում էր իր ձայնով, բարոյական բարձր մակարդակ ունեցող ու չափազանց բարդ մի անձնավորություն»:

Ժակոբը հիշում է, որ 2015 թվականին լույս տեսած «Ես ապրեցի երազանքներիս մեջ» ինքնակենսագրության մեջ Միշել Պիկոլին խոսել է մահվան հանդեպ ունեցած իր վախի և անողոք կերպով առաջ ընթացող ժամանակի մասին. «Ես ծակ հիշողություն ունեմ: Հիշողությունս վատանում է։ Կարծես մի գրիչ լինեմ, որում այլևս թանաք չկա: Ես դերասանի համար այդ աղետի զոհն եմ դառնում։ Որոշ ֆիլմեր, որոնցում ես նկարահանվել եմ, կմնան, բայց ես չեմ մնա։ Ես կուզենայի չմեռնել»։

«Ըստ էության, մենք ենք, որ պետք է ասենք, թե ինչ կմնա նրանից հետո, իսկ դրանք 150 կերպարներն են, բոլորն էլ տարբեր, որոնք կյանքի են կոչվել նրան բնորոշ յուրահատկությամբ»-, նշում է ժակոբը, ով Միշել Պիկոլիի մասնակցությամբ  իր ամենասիրած ֆիմը, նրա վերջին աշխատանքը՝«Habemus papamը» կպահի հիշողության մեջ («Habemus papamը» իտալացի կինոռեժիսոր Նաննի Մորետտիի 2011թ-ին նկրահանած գեղարվեստական ֆիլմն է, որում Միշել Պիկոլին փայլուն կերպով մարմնավորում  էր կարդինալ Մելվիլի դերը, ում Հռոմի պապ են ընտրում: Habemus Papam (բառացի՝ մենք պապ ունենք)՝ լատիներեն ձևակերպում է, որն ավետում է այն մասին, որ նոր Հռոմի պապն ընտրված է): 

 

Ֆրանսիական  մամուլի  հրապարակումներից  թարգմանեց Նունե Գալստյանը