Կարևորը սերն է

Ազատությունն անփոխարինելի արժեք է

Նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանն իր նոր ֆիլմի, առաջին քննադատների, զարմանքների, ափսոսանքների ու հիացմունքների մասին պատմել է   «ArtCollage»-ին:

 

Իմ Ֆիրդուսը

«Ֆիրդուսն» է վերջին ֆիլմս՝ Ֆիրդուսի փողոցի մասին: Դա իմ մանկության փողոցն է: Կյանքիս առաջին հինգ տարին այդ փողոցում է անցել: Ճիշտ է, թվում է շատ բան պետք է որ չհիշեմ, բայց հիշում եմ, որոշ բաներ հատկապես լավ եմ հիշում: Եվ քանի որ այդ փողոցը հիմա քանդվում է, որոշեցի այս ֆիլմով պահել և՛ իմ հիշողությունը, և՛ ընդհանրապես՝  հիշողությունը Ֆիրդուսի փողոցի մասին: Գործող կերպարը՝ փոքր մարդուկը, որի միջոցով ներկայանում է իմ մանկության Ֆիրդուսը, հենց ես եմ:

 

Ֆիլմն է սցենարի մայրը

Սովորաբար սցենարը նախապես չեմ գրում: Այդպես ինձ անազատ կզգամ: Ես թողնում եմ, որ ֆիլմն ու հերոսներն իրենք իրենց հասունանան, խոսեն, արտահայտվեն, հետո նոր միայն լսելով իրենց՝ կազմում եմ սցենարը: Իհարկե, դա չի նշանակում, որ սկզբում չեմ պատկերացնում ՝ ինչ եմ ուզում անել և ինչպիսի ավարտի բերել միտքս, բայց ընթացքում թելադրողը ֆիլմն է լինում: Տեսեք, Ֆիրդուսիի դեպքում էլ սկզբում չէի մտածում, որ վերջում տեքստ կգրեմ, բայց ֆիլմը թելադրեց այդ քայլը, գրեցի, ու հենց ինքս էլ կարդացի:

 

Կարևոր կանգառ՝ երաժշտություն

Երաժշտական ձևավորման հարցում, որքան էլ ունենամ իմ նախընտրած տարբերակները, սիրում եմ լսել պրոֆեսիոնալներին: Ֆիրդուսիի համար հրաշալի մի երիտասարդի հետ եմ աշխատել՝ Հայկ Կարոյի Կարապետյան, իսկ վերջում հնչող քաղաքային ֆոլկլյորի կտորն էլ իմ անձնական սիրողական ձայնագրությունից եմ ստացել՝ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի կատարմամբ: 

 

Ճանապարհ՝ յուղաներկով

Ֆիլմն արդեն ամբողջությամբ  ավարտել եմ, այն փառատոնային է, արդեն դիմել եմ մասնակցության համար, սպասում եմ պատասխանների: 4,5 ամսում եմ նկարել՝ 6 րոպեանոց յուղաներկ անիմացիայով ֆիլմը: Սա իմ առաջին անիմացիոն ֆիլմն էր յուղաներկով, բայց, կարծում եմ, էլ չեմ կարող հրաժարվել աշխատանքի այս մեթոդից ու վերադառնալ պլանշետով նկարելուն: Սա բոլորովին այլ զգացողություն է՝ ավելի կենդանի, ավելի իրական:

 

Առաջին քննադատներս

Իմ գործերն առաջինը իմ երեխաներին եմ ցույց տալիս, նրանք են իմ ամենադիպուկ, անկեղծ ու «չխնայող» քննադատները: Նրանք այնպիսի բաներ կարող են նկատել, որ և՛ զարմացնում է ինձ, և՛ ուրախացնում, որ հենց իրենք դա նկատել են: Հետո, իհարկե, արդեն ցույց եմ տալիս նաև որոշ այլ մարդկանց, ում կարծիքը շատ կարևորում եմ: Ես զգում եմ, որ պետք է լսել կարծիքների երկու տարբերակն էլ՝ և՛ քննադատականն ու թերություններ գտնողը, և՛, իհարկե,  «Օհո, ինչ հրաշալի է» շարքի կարծիքները: 

 

Ֆեյսբուքը

Ֆիլմը նկարելու գրեթե ամբողջ ընթացքը, այո, ներկայացրել եմ ֆեյսբուքով՝ ֆոտոներ ու փոքր վիդեոկտորներ տեղադրելով անմիջապես արվեստանոցից: Դա մեծ հնարավորություն է՝ դիտողների անմիջական ռեակցիան տեսնելու, գնահատելու, նրանց կարծիքը հաշվի առնելու: Նաև հնարավորություն է՝ մնալով ընդհանուր պրոցեսի մեջ՝ մի պահ, կարծես, կտրվել, հանգստանալ: Չնայած՝ ստեղծագործելիս հանգստանալը հարաբերական հասկացություն է. դու քո հերոսի, քո գործի հետ ես ամեն վայրկյան:

Ֆեյսբուքը նաև հնարավորություն է՝ մնալով արվեստանոցում՝ չկտրվել մյուսներից, տեղի ունեցող իրադարձություններից, արտահայտել քո կարծիքն ու լսել ուրիշներինը: Հատկապես հեղափոխությունից հետո այն բավական ակտիվ գործիք է դարձել: Այո, մինչև այդ էլ կար, բայց, մի տեսակ, խոսելու իմաստ չէիր գտնում այն ժամանակ: Հիմա էլ այնպես չէ, որ ամեն ինչ անթերի է, բայց հիմա կա կամք և հնարավորություն՝ դեպի անթերին գնալու:

 

Կյանքն առաջ և հիմա

Երբ ասում են՝ ինչպիսին էր ձեր և ձեր ընկերների կյանքն առաջ և հիմա, ես միանգամից խորհրդային շրջանի կինոստուդիան եմ հիշում, այն իրարանցումը  որ կար ստեղծագործական և աշխատանքային մակարդակում, այն գերհագեցած մթնոլորտը, որ հարստացնում էր բոլոր ներկաներին: Հետո՝ անկախության շրջանում, այն կտրուկ կորցրեցինք և սկսեցինք քայլ առ քայլ վերականգնել՝ ստանալով նոր պատկեր:

 

Հեղափոխության բերած ազատությունը

2018-ի հեղափոխությունից հետո արվեստի մարդկանց կյանքն էլ է փոխվել, իհարկե: Թեկուզ հենց կինոկենտրոնի օրինակով: Ես առաջ էլ ստանում էի պատվերներ կինոկենտրոնից: Բայց ինչպե՞ս էր դա լինում: Ես գիտեի, որ գրվելու է մի գումար՝ ստանալու եմ մեկ այլը: Եվ հասկանում էի, որ դա սխալ է, այդպես պիտի չլինի: Եվ սխալ էի, որ չէի բարձրաձայնում: Բայց մտածում էի՝ դե ինչ ասեմ... Հասկանու՞մ եք, դա նվաստացնող վիճակ էր: Ստեղծագործող մարդու համար նման խոսակցություններն էժանագին են ու ... հիմա այնքան լավ է, որ ստանում ենք այն, ինչ գրվում է, և դու չունես սեփական խղճի ու մտքի առջև այն տհաճ զգացողությունը, որ լռում ես անարդարության դեմ: Եվ հիմա լսելի է դժգոհների ձայնը: Ես հիմա ինձ լավ եմ զգում: Ազատ: Իսկ Ազատությունը անփոխարինելի արժեք է:

 

Անավարտ ափսոսանք

Հենց այդ ժամանակներից կիսատ մնաց իմ և գործընկերներիցս մեկի՝ Սոֆյա Հովհաննիսյանի գաղափարը՝ Դանթեն, որի 4 րոպեն արդեն նկարել, պատրաստել էինք: Ու դա այդպես էլ մնաց՝ ֆինանսավորում չլինելու պատճառով: Սա միակ գաղափարն է, որ, վստահ եմ եղել՝ հրաշալի էր և չիրականացավ: Իսկ ընդհանուր առմամբ հիմա իմ հույսերը մեծ են, լավատես եմ ու զգում եմ, որ լավ է լինելու: Արդեն սկսել եմ նաև հաջորդ աշխատանքս՝ յուղաներկ անիմացիայի մեթոդով: Մտածում եմ այն կոչել պարզապես՝ «Այն, ինչ սիրում եմ»:

 

Իմ մենությունը, ազատությունը, զարմանքն ու հիացմունքը

Գուցե տարօրինակ է, բայց դժվար պահերին ինձ կարող է օգնել մենությունը: Երբեմն, հատկապես ստեղծագործելու պահերին, իմ ազատությունը կարող է սահմանափակել անգամ անմեղ մեկի անմեղ ոտնաձայնը: Ես հաճախ եմ զարմանում: Ինձ շատ բան է զարմացնում: Օրինակ, սեփական կատուս: Զարմանում եմ, որ նրա հետ խոսելով կարող եմ մարդկայինին մոտ պատասխան ստանալ: Իսկ հիանում եմ ամեն նոր լուսաբացով, օրինակ: Ամբողջ կյանքում հիացել և հիմա էլ անդադար հիանում եմ Ֆրեդի Մերկուրիով. ինչպես է նա կարողացել այդքան մոտ լինել կատարյալին, ինչպես է մտածել իրենից հետոյի մասին, իր ընկերների և իրեն սիրողների մասին, ինչպես է նրա մտքում ծագել այդ գաղափարը՝ ստեղծագործել հետոյի համար: Ես հիանում եմ՝ չկարողանալով դա անել առանց հուզվելու:   

 

Սերն է կարևորը

Նոր ֆիլմ ստեղծելիս և այն ներկայացնելիս միայն մի բանի մասին եմ մտածում՝ սիրո: Ուզում եմ, որ նայողը սիրի, սիրի ֆիլմը, սիրի հերոսներին, սիրի ինքն իրեն ու շրջապատին: Սերն է կարևորը:

 

 

 

... ...