Ծմակուտի որդին ու տերը

Պատասխաններ աշխարհի ամենացավոտ հարցերին՝ Ծմակուտից

Հրանտ Մաթևոսյանի հոբելյանն է՝ Ահնիձորի մեծ ասպետը կդառնար 85 տարեկան: Գրողի կրտսեր եղբայրը`գրականագետ Համո Մաթևոսյանն արդեն տևական ժամանակ է, որ վերծանում է Մաթևոսյանի ձեռագրերը և զբաղվում նրա գրական ժառանգության ուսումնասիրությամբ: Հոբելյանի առիթով Համո Մաթևոսյանի անդրադարձը Մաթևոսյանի ծմակուտյան ասքին:  

 

Շատ տարիներ առաջ է խոստովանել՝ «Ես իմ ժամանակի վավերագրողն եմ, իմ հերոսների կենսագիրը», մինչև լուռ կմտմտայինք գոնե կիսաձայն չհամաձայնել՝ էդ ո՞նց, ուր մնաց գրողի կարևոր ներկայությունը, տասը տարի անց նորեն ինքը խոստովանեց՝ «Ցավալիորոն ուշ հասկացա, որ չի կարելի այդքան վավերագրող լինել»: Ինքը և՛ վավերագրող է, և՛ կենսագիր, և՛ ժողովրդի անխաբ մարգարե, և՛ ոչ ու նորեն ո՛չ «սև տարեգիր», որովհետև թեկուզ ժամանակը շառաչով մեկեն առաջ է անցել իրենից էլ ու իր տեսակ բոլորիցս էլ՝ մեզ մի քիչ շփոթված թողնելով մեր տեղում, մեղքը ոչ էլ իրենն է, մնում է նորեն մտմտալ՝ մե՞նք ենք անկար ետևընկած, թե՞ ժամանակն է խելակորույս թափ առել:

Իսկ ո՛վ է ասել, թե կյանքը մեր ուզածով էր լինելու. Սա էլ մեկ ուրիշի տված խելոք հարց է, բայց սա էլ ունի համարյա նույնանման իր պատասխանը՝ գրողի ջանադիր  պատվախնդրությունն է՝ խաթարված աշխարհը ըղձալի տեսքի բերել: Ասել է թե արդեն ասված խոսքով՝ գրականությունը դավանանք է՝ հազար տարվա անվերջ ջանք անվերջ խաթարվող մարդուն ադամորդու իր տեսքին բերել, սոսկական տեղանքը հայրենիք անել…       

Վավերագրողի համար սկիզբն «Ահնիձոր» ակնարկն էր. Աննշան փոքր գյուղի մասին մի քանի էջը վավերագիր մատյան չէր դառնալու, վերևների հարայ-հրոցն ու աղմուկն էլ վախեցածի՞ էր, թե վախեցնողի. տհաճ ու ծանր էր՝ անցավ: Դրա հետ ակնարկն էլ կանցներ, աղմուկն էլ, եթե հենց այդտե՛ղ, հենց ա՛յդ գործի մեջ ակնարկագրից ավելի չլիներ գրողն ինքը. ամբողջ ակնարկն այսօր գրականության լուրջ էջ է, և սկիզբ է և՛ «Մենք ենք՝ մեր սարեր» -ին ու Ծմակուտյան ողջ ասքին:

... Այնտեղ Ֆոլկների ու Վուլֆի փոքր հայրենիքն է, այնտեղ՝ Բակունցի գավառական փոքր գյուղաքաղաքը, Մահարունը, Թոթովենցինը, Համաստեղինը, Մնձուրունն ու կապույտ մշուշների մեջ հառնող Վահագն Դավթյանի Արաբկիրը, Համո Սահյանինը... Այստեղ Հրանտ Մաթևոսյանինը՝ Անտառամեջ կամ Ծմակուտ անուն՝ «Ծմակուտը իրական Ահնիձորի և այդ Ահնիձորի իմ սիրո միությունն է... Ծմակուտը ես եմ», որի որդին ու տերն է ինքը, որը աշխարհի մի մասն է, որտեղից հնարավոր է վստահորեն պատասխանել աշխարհի ամենացավոտ հարցերին:

Մի պահ, ընդամենը մի պահ չի հասկացել Սարոյանի  «աշխարհը շրջել» խոսքի իմաստը՝ շրջագայե՞լ, թե՞ շուռ-տալ: Շուռ-տալ, իհարկե, շուռ-տալ, բայց ոչ թե քանդուքարափ անել ու թողնել, այլ իր ուզած տեսքին բերել՝ բարեշրջել, այլապես...

Այլապես այդտեղը անդեմ զանգվածի բնակատեղի է, ինքն էլ ուրեմն գրող չէ, որովհետև գրողի անելիքը հենց դիմակայելն է, հենց բարեշրջելը, ոչ թե փեշը բռնած համրընթաց գնալը: Ի վերջո ճշմարտությունը եղած իրականությունն է, ճշմարիտը՝ գրողի հայտաբերածը, որը մենք մինչև այդ այդպես էլ երևի թե չէինք տեսնելու:

Ինքը ասես ոչինչ էլ չի արել, առանց իրեն՝ մի փոքր գյուղ, մի երկու բնակիչ՝ իրենց հոգսուբեռին ու բանուգործին, բայց արել է ա՛յն անհրաժեշտը, պարտադիրը, կարևորը, ինչ որ ինքն է ասել Թումանյանի մասին՝ Թումանյանից առաջ ամեն ինչ կար, բայց ամեն ինչ շնչի ու կատարյալ տեսքի եկավ Թումանյանի լույսից, ու ասես հենց ի՛ր մասին է՝ իր սիրո, լույսի, նվիրումի՝ սիրո իր ջերմության ներքո մեծուփոքր, այրուկին բոլորը այն տեսքին եկան, որը ինքը ձևակերպում է այսպես. «Յուրաքանչյուր մարդու մեջ Աստված կա»: Բայց, այնուամենայնիվ, կիցընթաց գալիս է տագնապը՝ հեղաբեկվող, տարուբեր ժամանակներ ենք մտնում՝ պրագմատիզմի՝ նյութականի շրջան, և հազարամյա Բանի աշխարհը մերժվածի խեղճությամբ հո չի մնալու դռան տակ:

Չի մնալու, որովհետև այն աղջիկը գիրքը մի կողմ չի դրել ու իրեն գցել Բանի աշխարհից այնկողմ: Չի մնալու, որովհետև այդ աշխարհի բնակիչները՝ ասուն ու անասուն, Բեռնակիրներ են՝ Սիմոնը, Աղունը, Անդրանիկը, Հակոբն ու Ռոստոմը, Ալխո ձին ու համարյա բոլորը. ովքեր ստոիկյան հավատավոր համառությամբ ապրում են մարդկային մաքուր փոխկանչերի, առաքինության, վեճերի ու հանդուրժումի, չուրացումի, խղճի ու սիրո իրոնց կյանքը: Եվ հրաժարումն նրանցից, ում մեջ որ Աստծու համար տեղ չկա:

ՉԻ մնալու, որովհետև Հրանտ Մաթևոսյանի մեծագիր Բանի աշխարհի չլինելը՝ չլինելն է բոլորիս:

 

                                                                                                     Համո Մաթևոսյան

                                                                                                      Ահնիձոր