Ծեր Քրիստոսը

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից ամենօրյա ռեժիմով Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը սոցիակալան ցանցերում և ֆրանսիական, բելգիական, շվեյցարական ու իտալական մամուլում հոդվածներ է հրապարակել՝ եվրոպական լսարանին ծանոթացնելով այս վայրագ պատերազմի ոճիրներին ու հայերի հանդեպ պատերազմական հանցանքներին: Միշել Պետրոսյանը Եղիսաբեթ թագուհու Մեծ մրցանակի դափնեկիր է: Ցեղասպանության հարուրամյակի կապակցությամբ «Շաթլե» համերգասրահում հնչել է հատուկ այդ տարելիցի առիթով գրված «Երկնքի եզրին» ստեղծագործությունը մենակատարների, երգչախմբի ու նվագախմբի համար: Միշել Պետրոսյանի երաժշտությունը կատարվում է թե’ Եվրոպայում, թե’ Ամերիկայի Միացալ Նահանգներում: Պետրոսյանը Տիգրան Համասյանի հետ համատեղ գրել է Լևոն Մինասյանի «Բրավո Վիրտուոզ» ֆիլմի երաժշտությունը, ինչպես նաև Ռոբեր Գեդիկյանի վերջին ՝«Գլորիա Մունդի» ֆիլմի երաժշտության հեղինակն է: Երաժիշտը սիրով «ArtCollage»-ին է տրամադրել իր «Ծեր Քրիստոսը» էսսեն, որը գրել է արցախցի Ջոնիկ Թևոսյանի դաժան սպանությունից հետո:

 

***

Նա, ով ինձ վերջնականապես հաշտեցրեց ծերության հետ՝ Ռեմբրանդտն է։

Թվում է, թե ծերությունն անողոք զառամություն է, երբ կենսական ֆունկցիաների աստիճանական թուլացումը հանգեցնում է հոգու վերջին կրակի մարմանը: Մեր աչքից հեռու:

«Եվ հիշիր քո ստեղծողին քո երիտասարդության օրերում»,- ասում է մեզ Ժողովողը, -«քանի որ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որ ասես թե՝ նրանց չեմ հավանում։»

Սակայն եթե երիտասարդ մարդը կրակ է, ապա ծերունին լույս է։ Հենց դա էր սովորեցրել ինձ Ռեմբրանդտը։  

Ծեր Քրիստոսը՝ նրան ոչ ոք չի տեսել, նրան ոչ ոք չի նկարել: Աստվածաբանական տեսանկյունից դա անհեթեթություն է։ Սակայն երևելի ծերունու կերպարանքում, ում մարմինը մաշվածության ոչ մի նշույլ չի թաքցնում, Ռեմբրանդտը թույլ է տալիս ենթադրել մեկ այլ արշալույս, որն արդեն բացվում է: 

Տարիների կուտակված բեռը հանգեցնում են ներսից ճառագող լույսին: Մաշկը դառնում է կիսաթափանցիկ և ի հայտ է բերում մի բան, որը մեզ գորովում ու հուզում է միաժամանակ, Ռեմբրանդտի մոտ։ Սովորական առօրյայի մեջ, խորը կնճիռների տակից, որոնք նույնքան լույսի ակոսներ են, ծեր Քրիստոսն է ճառագում կտավից՝ չորս դարի հեռավորությամբ։

Եվ հրաշքն այն է, որ այս պատկերը, որին երկրպագում են թանգարաններում, երբեմն վերակենդանացվում է կյանքում: Փողոցում, գյուղում, որոշ դեմքերի վրա նույն լույսն է շնչում:

Թեև նրանք հազվադեպ են, բազմաթիվ են ծեր Քրիստոսները: Նրանցից մեկն Արցախում է, այսինքն, էր… Ջոնիկը հայ ծերունի էր, մարդկանց այն արժեքավոր տեսակից, որոնց գտնելու համար Ռեմբրանդտը Ամստերդամի հին հրեական թաղամաս էր գնում, որպեսզի նկարելու ժամանակ օգտագործի նրանց որպես բնորդ։ 

Փախչելու համար չափազանց ծեր, չափազանց դանդաղկոտ լինելով, Ջոնիկը մնացել էր Ադրբեջանին չգիտեմ թե ինչ խորհրդավոր պատճառներով հանձնած Շուշիում:

Բուն ծեր Քրիստոս լինելով՝ նա մնում էր, ամենուայնիվ, հարգարժան ծերունի: Սովորական ծեր մարդ՝ ով վատ է լսում, ապրում է իր սեփական աշխարհում, և որին ուղեկցում է հուշերի մի ամբողջ շշուկապատ շարան, միանալով իր լռիկ-մնջիկ քայլերի շրշյունին, երբ նա իր փոքրիկ այգում դանդաղ կատարում է ամենօրյա զբոսանքը:

Մեն-մենության մեջ, հավերժության շեմին, որևէ փոփոխության համար չափից ավելի մեծ տարիքի լինելով, Ջոնիկը չէր ուզում, չէր կարող լքել իր տունը:

Բայց սա Ռեմբրանդտը չէր, ով բնորդ չունենալու պատճառով հանկարծակի նրան այցի եկավ։ Թերևս մի քանի սկսնակ Վան Գոգե՞րն էին: Ջոնիկի համար դա պարզ չէր:

Այն, ինչ չի ներվի նրա տուն ներթափանցած այս ադրբեջանցի զինվորներին, ինչը որ չի թողվի նրանց ոչ այս, ոչ էլ գալիք աշխարհում, դա նրանց ճաշակի ահավոր սխալմունքն է։ Նրանք, ովքեր բռնեցին և քարշ տվեցին փողոց այս ծեր հային, նրան ոտքերով ու հրացանի կոթերով հարվածներ հասցնելով, դրանով իսկ ցուցադրեցին ճիշտ ոճի լիակատար բացակայությունը, որը շատ լուրջ բացթողում է գեղագիտական տեսանկյունից: Ճաշակի սխալն ու ոճի բացակայությունը՝ մի բան, որը երբեք չի ջնջվելու: Սուրբ տեքստերը չիմանալու առումով, (օրինակ, այս մեկի.  «Մազը սպիտակածի առաջին վեր կաց, և ծերին պատվիր» (Ղևտացիս 19.32), նրանք ինչ- որ արդարացում ունեն, քանի որ որոշ կերպով արդեն իսկ դրա մեջ են գտնվում։ Առանց իմանալու, նրանք բնականորեն խաղում են Քրիստոսի չարչարանքներում, թեև հանդես գալով բավական վատ դերում:

Ո՞րն է ճաշակի այս սխալը: Ի՞նչն է ոճերի խառնաշփոթությունը:

Անշուշտ, Ռեմբրանդտն ու Վան Գոգը երկուսն էլ հոլանդացիներ են։ Բայց իրարից երե՜ք դար տարբերությամբ: Եվ ծերունու ականջը կտրողը Ռեմբրանդտը չէ՝ Վան Գոգն է: Ու նա ծերունի չէ, ու սա ուրիշի ականջը չէ՝ իր սեփականն է:

Ադրբեջանցի զինվորները գետնին տապալեցին ծեր Քրիստոսին, և արյունը ցայտեց՝ Վան Գոգի ոճով։

Ծերությունն անխոհեմ զառամություն է, բայց լույսը չճանաչող ադրբեջանցի զինվորները ցանկացան արագացնել մի ծերունու ճակատագիրը։ Միայնակ, անպաշտպան, անզեն՝ փոխարենը Ռեմբրանդտի մասին հիշեցնող դեմքով՝ հղումը տեղին չէ, այնուամենայնիվ, բովանդակալից է Արցախյան լեռներում։ Անհամբեր ադրբեջանցի զինվորները չցանկացան սպասել, որպեսզի նրա կյանքի ֆունկցիաները հանգչեն աստիճանաբար՝ նրանք արագացրին լսողության մարումը: Յուրաքանչյուրը պարծենում է նրանով, ինչով կարող է, ամեն մեկն իր ձևով է մեծահոգի՝ սրանք չցանկացան որ իրենց մեծությունը մեր հայացքներից հեռու հանդես գա։ Թքակոծում, խարազանում, նվաստացում - Չարչարանքնե՛րը, ասում եմ ձեզ, - թո՛ղ որ այսուհետև թերահավատ աստվածաբանները լռեն։ 

Այս անգամ  ոչ մի անհայտ գրագիրներ, անարժանահավատ ձեռագիր մատյաններ, իրար հետ չհամաձայնեցված վկայություններով չորս Ավետարաններ՝ ամեն ինչ նկարահանված, հրապարակված, հաստատված է: Նոր աստվածաբանություն՝ ակնհայտի հաղթանակը հավատքի հանդեպ:

Եվ թող մեզ չասեն, որ դրանք հնուց եկած պատմություններ են։ Գուցե և դա ծեր Քրիստոսի պատմություններ են, բայց սա կատարվում է հիմա, վերջապես ... սա կատարվում էր:

 

Ջոնիկ Թևոսյանը մահացել է երեկ, 80 տարեկան հասակում։

 

Հեղինակ՝ Միշել Պետրոսյան

Լուսանկարը՝ Ռեմի Սիրոպի

 

...