Լիլի Էլբակյան. ««Սեր, խրախճանք, ժանտախտ»՝ մտորումներ աշխարհի ախտի և մաքրագործման մասին»

Մի ասք է, որը կարող էր լինել և’ երեկ, և’ այսօր, և’ վաղը
Մինչև սունդուկյանցիները կվերադառնան Մայր թատրոնի մեծ բեմ, թատրոնը նոր տարածքներ է գրավում և նոր՝ բացօթյա թատերական հարթակ է ստեղծել Սև տուփ-Փոքր բեմի հարակից տարածքում: 99-րդ թատերաշրջանը Մայր թատրոնը սկսեց «Սեր, խրախճանք, ժանտախտ» ներկայացումով՝ Լիլի Էլբակյանի բեմադրությամբ: Լիլին վերադարձել է իր ուսանողական բեմադրությանը, երբ տարիներ առաջ որպես դիպլոմային աշխատանք բեմադրել էր Ջովանի Բոկաչչոյի «Դեկամերոնը»: Ներկայացման ընտրությունը թելադրել է կորոնավիրուսի համավարակը: Ինչ զուգահեռներ է տեսել ռեժիսորը 1348 թվականի Ֆլորենցիայի և 21-րդ դարի աշխարհի միջև, ինչ լուծումներ է գտել Բոկաչչոյի հայտնի պատմությունները ներկայացնելու համար՝ կարդացեք Լիլի Էլբակյանի հետ զրույցում:
-Անգամ ավելորդ է հարցնել թե ինչո՞ւ Բոկաչչո և «Դեկամերոն»: Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ:
-Հա, իսկապես, ինչո՞ւ հենց այսօր բեմադրել Բոկաչչոյի «Դեկամերոնը», որում կարմիր գծով անցնում է ժանտախտի թեման, անընդհատ հիշատակվում է համաճարակը, և վիճակն, իհարկե, շատ նման է մեր օրերին: Եվ ներկայացման հերոսուհիների՝ աղջիկների հոգեվիճակը շատ համահունչ է մեր օրերին: Հենց այդ պատճառով էլ որոշեցի անել այս ներկայացումը: Երբ մտածում էինք թատերաշրջանի բացման ներկայացման մասին, միանգամից միտքս եկավ «Դեկամերոնը», ու ծնվեց այդ բացօթյա ներկայացման գաղափարը: Ասեմ որ շատ դժվար էր. արև էր, շոգ էր, քամի էր, և ամեն ինչ դրսում էր: Ճիշտ է թատրոնը փոխել է իր ձևաչափը, ֆորմաները, բայց բեմադրական առումով շատ բարդ էր և հսկայական աշխատանք էր պահանջում: Կարծում եմ, որ լուծումները շատ նոր և անսովոր են՝ սկսած լույսերից մինչև թատերական տարածք: Մենք մեզ համար անսովոր մի վիճակում ենք: Եթե թատրոնի ավանդական բեմը մթնոլորտ Է ստեղծում, ապա դրսում ամեն ինչ խանգարում է այդ մթնոլորտին: Բայց արել ենք ամեն ինչ, որ մեր ուզած թատերական մթնոլորտը փոխանցենք հանդիսատեսին:
-Հասկանալի է, որ ժանտախտի ճիրաններում հայտնված միջնադարյան Ֆլորենցիայի և այսօր քովիդով ախտահարված մեգապոլիսների միջև զուգահեռները սոսկ արտաքին շերտի տակ թաքնված խորքային խնդիրների, կարևոր բարոյական արժեքների մասին խոսելու առիթ է: Ի՞նչ էիք փնտրում և ի՞նչ գտաք այս ներկայացումը բեմադրելիս:
-Սա ժամանակից դուրս մի ներկայացում է. օր չկա, ժամ չկա, ժամանակ չկա: Մի ասք է, մի պատմություն, որը կարող էր լինել և՛ երեկ, և՛ այսօր, և՛ վաղը և դեռ հետապնդելու է սերունդներին: Հենց դրա համար էլ ասոցացվում է համավարակի հետ: Թատրոն Է՝ թատրոնի մեջ, փորձել ենք հնարավոր ընդգծել, որ քննադատվում է մեղքը: Ներկայացման վերջում մենք ունենք ինքնամաքրման մի տեսարան, երբ հերոսուհին ասում է. «Չէ, որ արհավիրքներն ու մահը մաքրում են սերունդների մեղքերը»: Մենք գիտենք Նոյի պատմությունը, Էդպես մեծ եղավ ջրհեղեղը: Էստեղ էլ ասես մի ջրհեղեղի կարիք կա, քանի որ այդ ամբողջ կեղտը բարձրացել է ջրի երես: Մեր հերոսուհիները, թվում է, թե զվարճալի պատմություններ են պատմում և ուրախանում դրանցից: Եվ հանկարծ հասկանում են, որ հենց այդ բոլոր պատմությունների պատճառով է, որ նրանց պատուհասել է ժանտախտը: Աղջիկը, որին ես խաղում եմ՝ Պամպինեան, ամբողջ ընթացքում օրագիր է լրացնում: Եվ այդ օրագրի փոքր տեսարանները մտորումներ են աշխարհի ախտի և դրանից մաքրագործման մասին:
-Տարիներ առաջ Բոկաչչոյի «Դեկամերոնը» ձեր դիպլոմային աշխատանքն էր, ի՞նչ է փոխվել ձեր մոտեցումներում և մեկնաբանություններում նոր բեմադրական աշխատանքում:
-Դա միայն իմ դիպլոմայինը չէր, դա տասը ռեժիսոր աղջիկների փոքրիկ փորձարարություն էր: Գիտեք, երբ ուսանողական աշխատանք է, միշտ ինչ-որ մի բան կիսատ է, անավարտ է, որովհետև դու փոքրիկ կտավի վրա անում ես ինչ-որ փորձարկումներ: Ուսանողները շատ անկեղծ են և ակնթարթորեն արձագանքող: իհարկե, մեր դերասաններն էլ շատ լավն են, հրաշալի պրոֆեսիոնալներ են, բայց նրանց բերել բառի լավագույն իմաստով ստուդիական վիճակի, շատ դժվար էր: Նրանք վաղուց անցել են այդ փուլը, և դա իրենց համար արդեն անցյալ է, մանավանդ, որ դու էլ արդեն դուրս ես եկել այդ անցյալից: Հիմնական բարդությունը դա էր: Իսկ սա լրիվ ուրիշ մթնոլորտ է, սա մեծ կտավ է, և, ըստ էության, բոլորովին այլ ներկայացում է՝ ամբողջությամբ նոր մոտեցումներով: Մոտեցումը, բանալին գուցե նույնն է, բայց ներկայացումը բևեռորեն տարբեր է: Եվ սա իմ առաջին փորձն է, որ և՛ խաղում եմ, և՛ բեմադրում: Ասեմ, որ շատ դժվար էր, քանի որ ընդհանուր պատկերը կողքից տեսնելու հնարավորություն չունես: Ես ընթացքում եմ որոշել խաղալ: Ըստ նախնական մտահղացման երաժշտությունը պետք է կենդանի լիներ, ես պիտի նվագեի, բայց հետո պարզվեց, որ երաժշտությունը դրսում չի լսվում, և շատ բան փոխվեց: Այս պահին ներկայացումը բեմադրված է հատկապես այս բացօթյա տարածքի համար: Ավելի ուշ ներկայացումը ներս՝ բեմ տանելու համար, պիտի մթնոլորտը մի քիչ փոխվ, և լուծումների մեջ ևս փոփոխություններ պիտի լինեն: Այսինքն այս լուծումներով ներս չի մտնելու, բայց կարծում եմ, որ այս դեկորացիաները հենց ներս մտնեն, թատերական և բեմի մթնոլորտը կհուշի իր լուծումները և որոշակի փոփոխությունների դեպքում կդառնա նույն ներկայացումը:
-Դուք զուտ կանացի ներկայացում եք ստեղծել, անգամ տղամարդկանց դերերը կանայք են խաղում, ինչո՞ւ:
-Այո, այստեղ տղամարդկանց էլ կանայք են խաղում, և փորձել ենք խուսափել հայտնի պատմությունների գռեհկացումից: Այո, կանացի ներկայացում է ստացվել, շատ ուժեղ թիմ է՝ ութ հրաշալի դերասանուհիներ, շատ գոհ եմ աղջիկներից: Իրենք բոլորովին այլ ամպլուայի մեջ են աշխատում՝ ոչ սունդուկյանական, ոչ շատ լուրջ և ակադեմիական: Փորձել ենք էս ամբողջ պատմությունը բերել մի ընդհանուր սահմանագծի և ինչքան հնարավոր է մեր մեջ կոտրել ակադեմիզմը և ավելի շատ աշխատել ենք կատակի ժանրում: Ես հիմա էլ անընդհատ կրկնում եմ՝ փորձել խաղալ ավելի թեթև, թեթև և էլի թեթև:
-Դուք, ըստ էության, նաև ներառական ներկայացում եք արել: Նման մոտեցում, ես անկեղծ ասած, մեր թատրոնում դեռ չեմ տեսել:
-Սա զուտ հեղինակային ներկայացում է, և ամեն ինչ ծնվել է հենց տեղում՝ աշխատանքի ընթացքում: Փորձերի ժամանակ են ծնվել շատ գաղափարներ, իմպրովիզացիաներ: Այո, մեր հերոսուհիներից մեկը խուլ ու համր է: Եվ մենք որոշեցինք, որ այս դեպքում ամբողջ տեքստը պետք է հնչի ժեստերի լեզվով: Մենք մասնագետ հրավիրեցինք, որն ամբողջ այս ընթացքում աշխատել է դերասանուհու հետ: Մարիամ Դավթյանն ամբողջ տեքստն անգիր է սովորել և առանց որևէ սխալի ամբողջ ներկայացումը խաղում է այդ տեքստով, ժեստերի լեզվով պատմում է իր պատմությունը:
-Ներկայացման ընթացքում բավականին շեղվել եք բնագրից:
-Այո, շեղվել ենք: Գիտեք, բեմականացումն ասոցիատիվ է. կա էսպիսի մի ակնարկ, որ տասը երիտասարդ հեռանում են քաղաքից և գտնում մի ամառանոց, որտեղ էլ պատսպարվում են ժանտախտից, այսքանը: Ես վերցրել եմ այդ ռեմարկը և դարձրել պիես: Բայց աշխատել ենք, որ Բոկաչչոյի պատմության սյուժեն մնա նույնը, օրինակ, ամբողջությամբ կա Բազեի պատմությունը: Եվ էստեղ էլի շատ է էտյուդը, շատ է գործողությունը, սա ամբողջությամբ էտյուդային ներկայացում է:
-Ներկայացման համար հատուկ ֆոն է ստեղծում երաժշտական ձևավորումը:
-Սա երաժշտական ներկայացում է, թեև երգերը շատ չեն՝ ընդամենը 5-6 երգ է, բայց երաժշտությունն այստեղ վերածվում է գործող անձի, որն ամբողջ ընթացքում մթնոլորտ է ստեղծում: Ես գիտեմ, որ այսօր միտում կա ներկայացումներում երաժշտություն քիչ օգտագործել, ինքս էլ կողմ եմ դրան, սակայն այս ներկայացման անմիջական գործող անձը երաժշտությունն է: Քանի որ էտյուդային ներկայացում է, ապա գործող անձ են դառնում նաև երաժշտությունը և լույսը: Մե նք փորձել ենք լույսով շեշտել տեսարանները, բայց դրսում շատ բարդ էր դա անելը, որովհետև լույսն անընդհատ ցրվում է և քիչ են լուսարձակները:
-Ի՞նչ երաժշտություն եք օգտագործել և ո՞ւմ հետ եք համագործակցել:
-Ներկայացման երաժշտական ձևավորմանն ակտիվ մասնակցել է դերասանուհի Մարիամ Շահինյանը, որը և՛ խաղում է, և՛ գրել է երգերի տեքստերը: Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ Հայաստանում գործիքավորման լուրջ խնդիր կա: Ինձ դուր չեն գալիս, մանավանդ, թատրոնի համար արվող գործիքավորումները: Կարծում եմ դրանք ցածր որակի են, այդ պատճառով որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ուրիշ լուծում գտնել: Այսինքն գրել բալլադներ և դրանք հարմարեցնել հայտնի երաժշտություններին: Էստեղ գերակշռող մասը իտալական տարանտելաններն են, որոնք շատ լավ տրամադրություն և մթնոլորտ են փոխանցում, բայց նաև օգտագործել ենք ֆրանսիացի երկու հրաշալի կոմպոզիտորների՝ Ռենե Օբրիի և Օլիվյե Մանուրիի ստեղծագործությունները: Մարիամը գրել է երգերի հայերեն տեքստերը, և մենք համաձայնության ենք եկել երաժշտության հեղինակների հետ, և ստացել նրանց թույլտվությունը, որ իրենց երաժշտությունն օգտագործենք մեր ներկայացման մեջ: Իրենք էլ մեծ սիրով համաձայնել են, շատ ոգևորված են և սպասում են պրեմիերային: Սա Մարիամի հետ մեր առաջին համագործակցությունը չէ, գործակցել ենք նաև «Կարմիր լապտերներ» ներկայացման երաժշտական ձևավորման ընթացքում:
-Մոտ կես տարի տևեց հարկադիր պարապուրդը, ինչպե՞ս հաղթահարեցիք այդ շրջանը և մեկուսացումը:
-Շատ տարբեր բաներով սկսեցի զբաղվել՝ նույնիսկ մասնագիտությունից դուրս, որովհետև մարդու համար շատ մեծ սթրես է, երբ նրան հանում ես իր բնականոն ռեժիմից ու հանկարծ դնում մի կոմբայնի մեջ և ասում՝ չպիտի շարժվես: Բայց ես շատ-շատ սկսեցի կարդալ, և դա ինձ շատ լցրեց: Մի քանի գործեր կարդացի, որոնք նախկինում չէի հասցնում կարդալ: Դրանք գրքեր են, որոնք պարտադիր ընթերցանության չեն, այսինքն մասնագիտական չեն, որը, օրինակ, ռեժիսորը պետք է պարտադիր կարդա, պիես չի, որը պիտի պարտադիր կարդաս: Էլիֆ Շաֆաքից մի քանի գործ կարդացի, բայց ամենաշատը տպավորեց «Ստամբուլի բիճը»՝ գուցե իր սկանդալայնությամբ:
Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի
