Լայզա Մինելլի. «Ջուդի Գարլենդի դուստր լինելը առանձնահատուկ ողբերգություն չէ»

կյանքի դասեր լեգենդար դերասանուհուց

Ամերիկյան կինոյի և մյուզիքլի անզուգական աստղը՝ չխամրող Լայզա Մինելլին այսօր դարձավ 75 տարեկան: Նրան զարմանալի ճակատագիր էր վիճակված, որը նա նույնքան զարմանալիորեն ապրեց էկրանին և բեմում: Հոբելյանի առիթով «ArtColage»-ը ներկայացնում է womanhit.ru և cult-and-art.net կայքերում տպագրված Մինելլիի հարցազրույցներից ամենահետաքրքիր դրվագները:

 

8 նոյեմբերի 1964 թ: Լոնդոնի «Պալադիումի» լեփ-լեցուն դահլիճը սառեց և բառացիորեն դադարեց շնչել: Այդ օրը ոչ ոք չէր սպասում, որ տասնութամյա Լայզա Մինելլին այդքան ակնհայտ, այնպես միանշանակ հետին պլան կմղեր մորը` հայտնի Ջուդի Գարլենդին, հանուն որի, ի դեպ, հավաքվել էր այդ դահլիճը:

 

Նա ծնվել է կինոյի և բեմի համար՝ ծնողներից, որոնք  մարմնավորում էին կինեմատոգրաֆը: Նա առաջին անգամ հայտնվեց կադրում, երբ ընդամենը երեք տարեկան էր, և սկսած այդ ժամանակից Լայզա Մինելլին շարունակում է իսկական  աստղ մնալ: Մյուզիքլների ​​լեգենդը հանդես էր գալիս մոր՝ Ջուդի Գարլենդի հետ, խաղում էր հոր՝ Վինսենթ Մինելլիի ֆիլմերում, նկարահանման հրապարակը կիսում էր Ինգրիդ Բերգմանի հետ, բայց միշտ հավատարիմ է մնացել իրեն:

 

Ընտանիքի մասին

Ես միշտ եմ սա ասել, բայց պատրաստ եմ կրկնել նորից. մայրս ինձ կիրք և խանդավառություն է պարգևել, բայց երազանքներս հայրս է նվիրել: Նրա շնորհիվ ես տեսա իմ ապագան:

Կարող եմ վստահեցնել ձեզ. ես երջանիկ մարդ եմ: Ամենը ընտանիքիս շնորհիվ: Ծնողներիցս ես հսկայական քանակությամբ սեր եմ ստացել: Նրանք ինձ նաև հումորի հիանալի զգացում են փոխանցել:

Ջուդի Գարլենդի դուստրը լինելն առանձնահատուկ ողբերգություն չէ, ինչ էլ որ խոսեն մեր մասին չարախոսները: Ես ունեցել եմ հետաքրքիր մանկության տարիներ, բացառությամբ այն բանի, որ նրանք քիչ կապ ունեին երեխա լինելու հետ:

Եթե ​դժվար ժամանակներ էին լինում, մայրս ինձ նստեցնում էր իր դիմաց, և մենք խոսում էինք այդ մասին, խոսում և խոսում էինք այնքան ժամանակ, մինչև երկուսս էլ սկսում էինք ծիծաղել:

Հոլիվուդում մեծանալը զվարճալի էր: Թվում է՝ յուրաքանչյուր երեխա, որին այնտեղ հանդիպում էի, ինչ-որ մի աստղի որդի կամ դուստր էր:

 

Երազանքների ու ադամանդների մասին

Երազեք: Թույլ տվեք ձեր բանականությանը ձեզ տանել այնտեղ, որտեղ կուզենայիք լինել, ծրագրեք ամեն ինչ և գնահատեք ձեր հնարավորությունները: Մի լսեք նրանց, ովքեր երազել չգիտեն: Նրանք միշտ ամեն ինչ փչացնում են:

Անցյալի ժխտումը և վախն ապագայի հանդեպ, ահա ինչն է սպանում մեզնից յուրաքանչյուրին:

Մենք մեծ շնորհ ունենք: Այն կոչվում է տեսակետ: Ցանկացած վատ հիշողության, ցանկացած բարդ իրավիճակի կամ նույնիսկ ողբերգության կարելի է պարզապես նայել այլ տեսանկյունից:

Երբեմն ինձ այնպես եմ զգում,nասես տասներկու տարեկան եմ: Երբեմն ինձ ութսուն տարեկան եմ զգում: Կարծում եմ՝ ճշմարտությունը ինչ-որ տեղ մեջտեղում է:

Բոլորն այժմ ինչ-որ բանի դեմ են հանդես գալիս: Ես որոշեցի, որ լրջորեն դեմ կլինեմ ադամանդե զարդերին: Ամենը, ինչ ես կրում եմ, կրկնօրինակ է: Մարդիկ միևնույն է մտածում են, որ դրանք իսկական են:

 

Առողջության մասին

Այո, ես ժառանգել եմ հակումը ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ: Այդ պատճառով մայրս ինձ շատ վաղ է սովորեցրել, թե որքան կարևոր է օգնություն խնդրելը: Ես միշտ կարողացել եմ դիմել նրանց, ովքեր ինձնից ուժեղ են ու խելացի:

Ես արագ եմ քայլում, արագ խոսում: Դա էներգիա է տալիս: Դու պետք է շարժվող թիրախի նման լինես որպեսզի չխփվես: Սա ինձ Մերիլին Մոնրոն է սովորեցրել:

Երբեք մի դադարիր շարժվել, այլապես ընդմիշտ կկանգնես: Ամեն առավոտ ես գնում եմ պարի դասի, դա օգնում է ինձ ուժեղ մնալ: Ինձ դուր է գալիս առողջ լինելը:

Ես հավատում եմ, որ բոլոր հարբեցողները մահից հետո դրախտ կընկնեն, որովհետև դժոխքի միջով նրանք արդեն անցել են իրենց կյանքի ընթացքում:

Միաժամանակ երգելն ու պարելը հեշտ չէ, այդ պատճառով ես այսքան լավ մարզավիճակում եմ:

 

Աշխատանքի մասին

Ես միշտ շատ եմ ջանացել իմ հանդիսատեսին տալ իմ իրականությունը, ցույց տալ նրան, թե ինչ աշխարհում եմ ապրում: Կարծում եմ, հենց այդ պատճառով էի ես ճանաչված: Ի վերջո, իմ իրականությունը շատ հետաքրքիր է, հավատացեք:

Ես այնքան էլ լավ երգչուհի չեմ: Բայց ես հաստատ գիտեմ, թե ինչպես լավ մատուցել ցանկացած երգ: Ես այնքան բանի միջով եմ անցել, որպեսզի հստակ իմանամ, թե ինչպես կարելի է երգը հիթ դարձնել:

Աստված օրհնել է ինձ: Միանգամայն լուրջ եմ ասում. իմ տաղանդը, իմ կյանքը, այդ ամենը նրա շնորհիվ է: Նա ինձ թույլ տվեց երգել, թույլ տվեց խաղալ, թույլ տվեց լինել:

Ես զգում եմ, որ իմ լավագույն աշխատանքը դեռ առջևում է: Ամբողջ աշխարհն իմ ձեռքերում է, և դա անսահման հնարավորությունների աշխարհ է:

 

Սիրո մասին

Իմ աշխարհում սերն ամեն ինչ է: Ըստ էության, սա է իմ երգելու պատճառը: Եվ ես ապրում եմ: Սերը տառապանք է, բայց միայն դրա շնորհիվ կարող ես լավ գրել սիրո մասին: Ես սիրո մասին երգեր չեմ գրում, ընդհանրապես երգեր չեմ գրում, ես միայն ինչ-որ մեկի զգացմունքների, այլ մարդկանց ձայների թարգմանիչն եմ: Դրանք շատ անձնական են, և ես փորձում եմ դրանք երգել մեկ ունկնդրի համար, յուրաքանչյուր ունկնդրի համար, ասես նա միակն է, ով ինձ հասկանում է:

 

Իմ մասին

Ինչպիսի՞ն եմ ես. շատ ամաչկոտ: Կարևոր չէ, որ արտաքնապես դա, հնարավոր է, շատ տեսանելի չէ: Բայց դա է գլխավորը: Ես նաև հիմարավուն եմ լինում: Եվ հաճախ կասկածում եմ. Ես չգիտեմ` ճիշտ եմ վարվում, թե սխալ: Եվ այդ ժամանակ  ես երկար խոսակցություն եմ ունենում ինքս ինձ հետ: Շուրջս ոչ ոք չկա, բայց ես դեռ խոսում եմ, խոսում... Ես հաճախ եմ աղոթում՝ ինձ համար, ընկերներիս համար: Աստված իմ հենարանն է կյանքում, ինչպես և իմ ընտանիքն ու ընկերները: Այսօր իմ վաղեմի ընկերոջ՝ Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է: Երեկոյան ես կաղոթեմ նրա համար: Եվ նաև... ես շատ ռոմանտիկ եմ: Այդ պատճառով էլ կյանքում ինձ խաբել են: Երբեմն: Բոլորի նման: Բայց վատ օրերն անցնում են, գալիս են նորերը ու բերում նորը: Ես հիշաչար չեմ: Ես մի բան եմ սովորել. կարող եմ կիսվել փորձով: Այն, ինչ տեղի է ունեցել երեկ, ոչինչ արդեն չես փոխի, և պետք էլ չէ: Դա ավարատվել է. վաղը դեռ չի եկել: Այդ պատճառով ապրիր մեջտեղում, այսօրվա մեջ: «Ես այնպիսին եմ ինչպիսն դուք եք, ինչպիսին բոլորն են», - սիրում է ասել Լայզան:

 

Աշախատանքի մասին

Ընդհանուր առմամբ, ես շատ հաջողակ եմ: Շատ մարդիկ են ինձ օգնում իմ ստեղծագործության մեջ: Ինձ համար հրաշալի երգեր են գրում: Ես սիրում եմ փորձարարությունը, ես դրանից չեմ վախենում: Գուցե դա է պատճառը, որ հաջողվեց Միխայիլ Բարիշնիկովի հետ շոուն ու «Pet Shop Boys»-ի հետ համատեղ ելույթը: Ես այս շոուների մի մասն եմ և երջանիկ եմ դրա համար: Եթե ​​կարծում եք, որ կյանքում ձախողումներ չեմ ունեցել, ապա սխալվում եք: Եղել են և՝ սարսափելի: Մի անգամ ինձ խնդրեցին փոխարինել հիվանդ երգչին: Ես համաձայնեցի և բեմ ելա: Երկու հարյուր երաժիշտ ձանձրալի դեմքով նստած են բեմում: Ինձ նվագակցում է միայն դաշնակահարը: Ամեն ինչ անում եմ, որ էներգիայով լի ու տպավորիչ լինեմ: Երաժիշտներն անթարթ հայացքով ինձ են նայում: Նրանց դեմքերից ձանձրույթը փոխանցվում է հասարակությանը: Ես ասացի. «Շնորհակալություն: Բայ-բայ»: -և գնացի լաց լինելու կուլիսներում:

 

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի