Իգդիրցի Խորենը՝ Աբրոյենց տոհմից

Նա կոսմիկական մեծություն էր

Դեռ կենդանության օրոք Խորեն Աբրահամյանի կերպարը նրա հարազատ քաղաքում մարդիկ պարուրել էին արտիստի մասին թափառող լեգենդներով: Նրա ապրած կյանքը՝ մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում մեծացած տղայից մինչև Խորհրդային միության մեծ բեմերում ընդունված և հանրաճանաչ դերասանը, Աբրահամյանի արվեստի սիրահարների համար ծանոթ ու սիրելի արտիստի բարդ ու հակասական կերպարի տարբեր շերտերի ամբողջությունն էր: Իսկական երևանցի արտիստն իր մասին հաճախ էր ասում՝ իգդիրցի Խորենը՝ Աբրոյենց տոհմից: Եվ հենց այդպիսին՝ տոհմիկ, ազնվազարմ, հակասական և  անկանխատեսելի, նրան սիրեց հանդիսատեսը: Խորեն Աբրահամյանի   ստեղծագործական ճանապարհը սկսվեց 1951-ին, երբ Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտը, որը հայ թատրոնի մեծ Վարպետի՝ Արմեն Գուլակյանի սանն էր, հայտնվեց Մայր թատրոնի  բեմում: Աբրահամյանի շեքսպիրյան փորձառությունը սկսվել էր դեռ ինստիտուտում, որտեղ Արմեն Գուլակյանի հմուտ ղեկավարությամբ նա արդեն կերտել էր իր առաջին թատերական հերոսներին: Մայր թատրոնում, որտեղ դեռ կենդանի էր հիշողությունը հայ բեմի տիտանների՝Վահրամ  Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի և մյուսների մասին, նա շարունակեց մեծերի  թատերական ավանդույթը: Խորեն Աբրահամյանն այն քչերից էր, որ Սունդուկյանի մեծ բեմում խաղաց Շեքսպիրի ամենահայտնի հինգ գործերի հերոսներին՝ թատերական ռեժիսուրայի դեմքերի ղեկավարությամբ, ինչպիսիք են Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը և Հրաչյա Ղափլանյանը: Բայց Աբրահամյանի շեքսպիրիանայի բարձրակետն, իհարկե, անմոռանալի «Կորիոլանն» էր, որն իսկական հայտնություն էր ոչ միայն հայ, այլև մոսկովյան դժվարահաճ  հանդիսատեսի համար: Հենց նա էր, որ հաղթահարեց շեքսպիրյան գլուխգործոցներ ստեղծելու ռուսական մենաշնորհը և խորհրդային կայսրությունում գործող չգրված օրենքը, համաձայն որի խորհրդային հանրապետությունները շեքսպիրյան ներկայացումների համար չէին կարող պետական մրցանակ ստանալ: Խորեն Աբրահամյանի «Կորիոլանն» այնքան հզոր էր ու անկասելի, որ ցնցեց թատերական աշխարհն ու պետական մրցանակ ստացավ: Ռուս հանդիսատեսը Խորեն Աբրահամյանին արդեն ծանոթ էր «Մոսֆիլմում» նրա խաղացած մի քանի դրվագային, բայց տպավորիչ դերերով: Մինչև ազգային կինոյում նկարահանվելը դերասանն արդեն նկարահանվել էր «Մոսֆիլմի» երեք՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք» և «Նրա կյանքի նպատակը»  ֆիլմերում: Խորհրդային շրջանում հայ ճանաչված և տաղանդավոր դերասանների՝ Հայաստանից դուրս նկարահանման հնարավորություններն, ըստ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի,  հաճախ սահմանփակվում էր լեզվական խոչընդոտներով. «Մեր պարագայում լեզվին տիրապետելու կամ չտիրապետելու հանգամանքը շատ-շատ է խոչընդոտել մեծ դերասաններին: Եվ երկիրն էլ ուրիշ էր՝ փոքր և փակ երկիր էր. չէր խրախուսվում հատկապես Արևմուտքի հետ համագործակցելը, և մեր տաղանդները մնում էին միայն ազգային արվեստի շրջանակում»: Բայց Խորեն Աբրահամյանի հաղթող տեսակի համար խոչընդոտ չէր կարող լինել ո՛չ լեզվական պատնեշը ,ո՛չ էլ Խորհրդային միության ստեղծած որևէ այլ  գաղափարական կարծրատիպ: Ռուս գործընկերների հետ ստեղծագործական կապերն ավելի ուշ վերածվում էին մեծ բարեկամության: Աբրահամյանի երևանյան բնակարանում հաճախ հյուրընկալվում էին ժամանակի ռուսական և  միութենական թատրոնի ամենամեծ ու հռչակավոր գործիչները՝ Միխայիլ Ուլյանովը,Կիրիլ Լավրովը, Ռեզո Չխեիձեն և ուրիշներ: Ընդհանրապես այդ տարիներին Աբրահամյանի և նրա տիկնոջ՝ Հայաստանի ժողովրդական արտիստուհի Լյուսյա Հովհաննիսյանի տունը համարվում էր Երևանի  ամենահյուրընկալ հարկերից մեկը՝ փաստում է Հակոբ Ղազանչյանը. «Մեր սերունդը երջանիկ սերունդ էր, որովհետև մենք ոչ միայն կարողացանք շփվել, ականատես և ծանոթ լինել Սունդուկյան թատրոնի վաթսուն, յոթանասուն, ութսուն և իննսունականների աստղաբույլի հետ, այլև կարողացանք նրանց կրտսեր ընկերը լինել և տեսնել նրանց հրաշալի դերակատարումները: Այդ աստղաբույլի մեջ Խորեն Աբրահամյանի անունն ինձ համար առանձնահատուկ  թանկ է, որովհետև ես, կարելի է ասել, որ նրանց տանն եմ մեծացել: Խորեն Աբրահամյանի կինը՝ լուսահոգի Լուսյա Հովհաննիսյանը մայրիկիս՝ Գալյա Նովենցի, հարազատ մորաքույրն էր: Մենք բարեկամներ էինք, և հայրս ու Նա  մտերիմներ էին: Ես հիշում եմ այն գիշերները, որ նրանք անցկացնում էին պոկերի սեղանի շուրջ, հիմա արդեն հանգիստ կարելի է այդ մասին ասել, հիշում եմ՝ ինչպես էի այդ սիգարետի ծխի տակ անկախ ինձանից քնում և հետո արթնանում էի նրանց բարձր ծիծաղից ու խոսակցություններից: Խորեն Աբրահամյանն ինձ համար այն եզակի դերասաններից է, այն մեծություններից, որոնք իրենց ստեղծագործությամբ և՛ ազգային էին, և՛ համաշխարհային: Նա իսկապես կոսմիկական մեծություն էր, որովհետև պահանջված էր ցանկացած բեմում, ցանկացած թատրոնում: Նրա ազնվական տեսակն այսօր շատ է պակասում և, ցավոք, նման հզոր էներգետիկայի տիրապետող արատիստներ հիմա շատ քիչ կան»:

Ազգային կինոյում Աբրահամյանի ստեղծած կինոհերոսները նրա արտիստական խառնվածքին բնորոշ և խիստ տպավորիչ կերպարներ էին՝ Արմենը «Մոր սրտում», Արսեն Վարունցը՝ «Առաջին սիրո երգում», Ռուբենն՝ «Իմ ընկերոջ մասին»: Հայտնի «Սարոյան եղբայրներում» Աբրահամյանը բացի Գևորգ Սարոյանի դերակատարումից նաև ռեժիսորական իր դեբյուտն ունեցավ: Գևորգ Սարոյանի  հզոր, հաղթանդամ, գունեղ ու տիրական կերպարում խտացած մեծ դրաման ու  տագնապները էկրանին կերտեցին ժամանակի բախտորոշ սահամանգծում հայտնված ճշմարիտ հայի մեծ ողբերգությունը, որը մեծ արտիստի շռայլ տաղանդի ևս մեկ վկայությունն էր: