Ժակլին Սարխոշյան՝ փխրուն ուժ բալետում

Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանը վաղ է սկսել բալետի իր կարիերան: 1993 թ․ ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, որտեղ դասական պարի հմտությունները Նրան են փոխանցել  գերազանց դասավանդողներ Ժասմինա Բաբախանյանը և Հայաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սեմանովան: Դեռ ուսումնարանի վերջին դասարաններում ընդունվել է երևանյան օպերայի բալետային թատերախումբ։ Նրա ստեղծագործական ճանապարհի սկիզբը համընկավ անկախության շրջանում հանրապետության կյանքի բարդագույն ժամանակահատվածի հետ: Մութ, անլույս տարիներ, չկարգավորված կյանք, ցուրտ փորձասենյակներ: Շատերը չդիմացան և ավելի լավ պայմանների փնտրտուքի մեջ հեռացան Հայաստանից: Ժակլին Սարխոշյանի բնածին տվյալները և մասնագիտական պատրաստվածությունը թույլ էին տալիս նրան փնտրել բոլոր իմաստներով ավելի «տաք» աշխատավայր։

Սակայն նա, ինչպես և մեր թատրոնի 90-ականների շատ առաջատար և սկսնակ պարուհիներ, նախընտրեց մնալ իր հայրենի հողում: Բալետում ստեղծագործական ակտիվ գործունեությունը սկսել է 90-ականներին, երբ Նա ստանձնեց թատրոնի առաջատար մենապարուհու պատասխանատվությունը: Դեռ պարարվեստի ուսումնարանում սովորելու տարիներին՝ Ժակլինը մասնակցում էր Մանկական երաժշտական թատրոնի բեմադրություններին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրած «Ճպուռն ու մրջյունը», «Պախիտա», «Շտրաուսիանա», «Տարվա եղանակներ», «Վալս կապրիս», որն, ի դեպ, ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում: Արդեն որպես թատրոնի առաջատար մենապարուհի Ժակլինը կատարեց Նինայի («Դիմակահանդես»), Դեզդեմոնայի («Մավրի Պավանան»), Մաշայի («Մարդուկ-Ջարդուկը»), Ժիզելի («Ժիզել») դերերը, 7-րդ և 11-րդ վալսերը՝ «Շոպինիանայում»: Նա մեր պարուհիներից միակն է, որը բալետմայստեր, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի բեմադրությամբ «Գայանե» բալետում կատարել է երկու գլխավոր դեր՝ Գայանե և Նունե: Լեգենդար Յուրի Գրիգորովիչի բեմադրած «Սպարտակ»-ում Նա կերտել է նաև  Ֆրիգիայի կերպարը, որի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Ժակլինի պարացանկում է նաև  Ջուլիետը՝ «Ռոմեո և Ջուլիետ» բալետում՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությամբ:

Բեմական տվյալները, մեծ ջանասիրությունը, յուրաքանչյուր շարժման մանրակրկիտ հղկումը թույլ էին տալիս Ժակլինին կատարել ժամանակակից դասական պարի բաղկացուցիչ մաս կազմող շատ բարդ տարրեր: Պարուհու կազմվածքի թվացյալ փխրունությունը, մեծ արտահայտիչ աչքերը նրա կերպարներին հուզիչ անպաշտպանության և խոր ողբերգական երանգ էին հաղորդում: 2009 թ. Կարինե Իոնեսյանը Ժակլին Սարխոշյանի մասին նկարահանել է «Ես կարող եմ» ֆիլմը, իսկ պարուհին նկարահանվել է երկու՝ «Սպարտակ» և «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմ-բալետներում:

2010 թ. հուլիսին Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի բեմում Ժակլինն առաջին անգամ հանդես եկավ որպես բալետմայստեր՝ ներկայացնելով հատվածներ Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» օրատորիայից և Էդուարդ Համբարձումյանի «Երազ» բալետից:

2013 թ. Ազգային օպերայի և բալետի թատրոնում ցուցադրվեց Ժակլին Սարխոշյանի առաջին մեծ բեմադրությունը՝ Է․ Համբարձումյանի «Երազ» մեկ գործողությամբ բալետը: Սա բավականին երկար, մեկ գործողությամբ և բարդ խորեոգրաֆիկ կոմպոզիցիա է, որը բեմում հիմնական կատարողի մշտական ներկայություն է պահանջում: Բեմադրությունը հագեցած է տեխնիկական տարրերով, հատկապես ակրոբատիկ զուգապարային հնարքներով, որոնք մեծ ճկունություն և ուժ են պահանջում: Այն նաև շատ արդիական է բովանդակության, խորեոգրաֆիկ լեզվի և, ինչը շատ կարևոր է, բեմահարդարման շնորհիվ: Սա բալետ է ժամանակակից կնոջ մասին՝ արվեստագետ և գործարար, կյանքի իմաստը որոնող և վերջապես այն գտնող անհատի մասին: Մայրությունը կնոջ հիմնական, իրական նպատակն է, որն ազատելու է նրան միայնությունից և գոյության անորոշությունից: «Երազի» առավելություններից մեկը բալետի հիմնական բաղադրիչների` երաժշտության, խորեոգրաֆիայի և բեմահարդարման ներդաշնակ միասնությունն է: Հատկապես բեմահարդարման հնարքները և, մասնավորապես, ավազային անիմացիայի օգտագործումը, նպաստում են հերոսուհու մտորումների, հիշողությունների և երազանքների բացահայտմանը։ Բալետը ներկայացվեց մի քանի անգամ։ Եվ ամեն նոր ցուցադրությունը  Ժակլինի նախաձեռնությամբ համալրվում էր երկրորդ՝ համերգային բաժնով, որում մեր թատրոնի գրեթե բոլոր առաջատար պարուհիներն ու պարողները, ինչպես նաև Երևանի պարարվեստի քոլեջի սաները հանդես էին գալիս դասական բալետների՝ հայ բալետմայստերների բեմադրած հատվածներով և առանձին պարային համարներով։

«2014 թվականին,- պատմում է Ժակլինը,- Բեյրութում աշխատելու հրավեր ստացա, բայց միաժամանակ շարունակում էի պարել մեր թատրոնում: 2016-ին տեղի ունեցավ իմ ստեղծագործական երեկոն, որը նաև իմ հրաժեշտի ելույթն էր: Որոշեցի «գեղեցիկ» հեռանալ, քանի որ պարուհին պետք է անպայման զգա այն պահը, երբ նա պետք է հեռանա՝ հանդիսատեսի հիշողության մեջ թողնելով միայն պայծառ հիշողություններ։ 2014-ին ես արդեն վեց ամիս աշխատել էի Բեյրութում: Ես և ամուսինս հրավեր ստացանք աշխատելու Համազգայինի գեղարվեստի դպրոցում: Բեյրութում վեցամյա աշխատանքի ընթացքում ես այնտեղ հիմնեցի բալետի դպրոց, որովհետև մինչև այդ այնտեղ կային միայն հայ ազգային պարի դպրոցներ: Այդ ժամանակահատվածում մենք ունեցանք 450 աշակերտ երկու դպրոցում՝ մեկը քաղաքի կենտրոնում, մյուսը՝ ծայրամասերից մեկում: Կենտրոնի դպրոցում դասավանդում էի ես, մյուսում ամուսինս՝ «Բարեկամություն» անսամբլի նախկին մենապարող Կարեն Մակինյանը:

Այդ տարիներին բեմադրեցի մի քանի ներկայացումներ՝ Պրոկոֆևի «Մոխրոտը», «Սարդարապատի ճակատամարտը», «Սինդբադի ճանապարհորդությունը», «Ալի Բաբան և 40 ավազակները», «Ալադինի կախարդական լապտերը», այնուհետև «Մաուգլին» և Թումանյանի 100-ամյակի կապակցությամբ՝ «Մի կաթիլ մեղրը»:

2019-ին միայն բալետային դպրոցի համար բեմադրեցի նաև Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը»: Ցուցադրեցի այդ բալետի միայն մեկ գործողությունը, որովհետև այդ ժամանակից ի վեր սկսեցի պարապել միայն երեխաների հետ, քանի որ, ըստ էության, նրանք ավելի ազնիվ ու մաքուր են և սպունգի նման կլանում են ամեն ինչ:

Ընդհանուր առմամբ, մենք աշխատեցինք Համազգայինի արվեստի և «Գայանե» պարի դպրոցներում, « Քնար» պարախումբում և Համազգայինի «Գայանե» պարարվեստի դպրոցին կից բալետի դասարաններում: 2016-ից մենք արդեն ղեկավարում էինք «Քնար» մեծահասակների խումբը, ուր հաճախում էին 18-35 տարեկան մարդիկ: Աշխատանքային օրվա ավարտից հետո նրանք գալիս և սովորում էին պարել, բայց ո՞րն էր մեր ռեֆորմը: Մեզնից առաջ նրանք հանդես էին գալիս համերգներում, սակայն երբեք չէին մասնակցում ներկայացումներին:

Մենք առաջինն էինք, որ բեմ բարձրացրեցինք 450 հոգի, այդ թվում նաև  մեծահասակների խումբը հանդես եկավ «Մի կաթիլ մեղր», «Սինդբադի ճանապարհորդությունը» և «Մոխրոտ» բալետներում:

Մենք Հայաստան վերադարձանք համաճարակի պատճառով։ Այժմ ես Երևանում աշխատում եմ նոր նախագծի վրա, սակայն այդ մասին կպատմեմ հետագայում»։

 

Նազենիկ Սարգսյան

արվեստագիտության դոկտոր

... ... ...