Թե ինչպես ծնվեց «Նռան գույնը» կամ ինչպես Փարաջանովն ընդունեց տիկին Դը Գոլին

«Մի հրաշագործ, որ ոչնչից կարող է կերտել ամեն ինչ, մի խենթ, որ վարդերի ճամփան մի կողմ թողած, բոբիկ ոտքերով քայլում է, քայլում է կրակների, փշերի վրայով», -Հենրիկ Մալյանի բնորոշումն է Սերգեյ Փարաջանովին։

Խոսել և արժևորել ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանով մեծ հանճարին, թերևս, բարդագույն խնդիրներից է։ Փարաջանովի ամբողջ արվեստը՝ առաջին ֆիլմից մինչև նրա վերջին գլուխգործոցը Աստծո հետ երկխոսություն է․ գեղեցիկի ու ճշմարտության հավերժական  փնտրտուք է, մաքառումը և, ի վերջո, բոլոր անպատասխան հարցերի որոնումն ու բացահայտումը Սկզբի ու Վերջի։ Նա իր գերբնական ստեղծագործ ուժով տալիս է անմահության ու հավերժի բանաձևումը․․․ Ու միայն կաղապարահեն ու կաղապարախեղդ ժամանակաշրջանի զոհը դարձած հանճարը պիտի կարողանար ճեղքել բոլոր պատնեշները՝ արվեստի զարմանահրաշ հրավառությամբ ձեռքը երկարեր կատարյալին՝ աստվածայինին։  

Տարին հոբելյանական է կինոյի հանճար Սերգեյ Փարաջանովի համար․ կինոյի հարյուրամյա մոգին նվիրված հոբելյանական միջոցառումներ են նախատեսվում ամբողջ տարվա ընթացքում։ Այդ համատեքստում մեր ընթերցողներին ենք ներկայացնում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող Ստեփան Անդրանիկյանի հուշը՝ Սերգեյ Փարաջանովի մասին։

«Սերգեյ Փարաջանովի հետ ես շատ առիթներ եմ ունեցել շփվելու՝ սկսած Մոսկվայում ուսանելու տարիներից։ Նրա հետ հաճախ հանդիպել եմ Կիևում, աշխատել եմ «Նռան գույնը» ֆիլմում՝ որպես բեմադրող նկարիչ։ Հուշերը, որ ցանկանում եմ ներկայացնել, գրի եմ առել մեր հանդիպումների անմիջական տպավորությունների տակ, օրագրիս էջերում։

 

Թե ինչպես սկսեց նկարահանվել «Սայաթ-Նովա»-«Նռան գույնը» ֆիլմը

«Տերյան փողոցում, «Հայֆիլմ» կինոստուդիայի հատվածում, որտեղ միշտ կհանդիպեիր ուզածդ կինոմասնագիտության տեր անձնավորության, այսօր արտակարգ աշխուժություն էր տիրում։ Զարմանքով իմացա, որ Կիևից եկել է Սերգեյ Փարաջանովը ու արդեն մեկ ժամից ավելի է ստուդիայի տնօրենի մոտ է։ Վերջին անգամ նրան տեսել էի 1964 թվին, երբ Կիևում նկարահանում էինք «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը, իսկ նա աշխատում էր «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարի վրա։ Փարաջանովը հաճախ կիսվում էր մեզ հետ՝ ցանկություն հայտնելով «Հայֆիլմ» ստուդիայում նկարահանել Սայաթ-Նովային նվիրված ֆիլմ։ Չափազանց պատկերավոր, ինչպես միայն կարող էր Սերգեյը, նա տարբեր դրվագներ էր պատմում ապագա ֆիլմից։ Եվ ամեն անգամ մեզ՝ երևանցիներիս ասում էր․ «Գնացեք հայտնեք Հայաստանի ղեկավարությանը, որ Կիևում հայտնվել է մի խելառ, «շուռ տված» հանճարեղ հայ, որը ցանկություն ունի ստեղծելու իսկական ազգային կինոնկար»։

Եվ ահա այդ «շուռ տված հայը» արդեն Երևանում է և բանակցություններ է վարում բարձր ու ցածր ոլորտներում, որ իրեն թույլ տան անել այն, ինչի մասին վաղուց էր երազում։ Մեր հանդիպումը Սերգեյի հետ ջերմ էր։ Թևիցս քաշելով՝ ինձ առաջարկեց անցնել Ա․ Թոփչյանի մոտ`(սցենարական բաժնի ղեկավարն էր) լուրջ խոսակցության։ Պարզվեց, որ հարցը լուծված է, արտադրություն է իջնում «Սայաթ-Նովա» ֆիլմը, երկու օրից Կիևից ժամանելու է Սուրեն Շահբազյանը, որպես ֆիլմի օպերատոր։ Խոսակցության ընթացքում ինձ համար անսպասելիորեն ասաց․ «Դեմ չե՞ս լինի ինձ հետ աշխատել ֆիլմում՝ որպես նկարիչ։ Ինչո՞վ ես զբաղված։ Թող ամեն բան։ Հարկավոր է գործի լծվել, պետք է օգնեք ինձ։ Ես այստեղ ոչ ոքի չեմ ճանաչում, ինձ պետք են մարդիկ, որոնք ոչինչ չեն խնայի։ Գլուխ պահողներ պետք չեն»։

Երկու օր անց օպերատոր Սուրեն Շահբազյանը Երևանում էր։ Կազմվեց նախնական աշխատանքների ծրագիր՝ փորձնական նկարահանումների և պատմական հուշարձաններով հարուստ շրջաններում բնապայման նկարահանումներին հարմար տեղանք ընտրելու համար։ Սկզբնական շրջանում խումբը բաղկացած էր 4-5 հոգուց։ Երկու թե երեք շաբաթում մենք եղանք Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում։ Տեղանքը ընտրելու հետ մեկտեղ մենք փնտրում, գտնում էինք ֆիլմի համար անհրաժեշտ հին արծաթյա զարդեղեն, տնային կահ-կարասի։ Հիշում եմ, թե ինչպիսի զարմանքով, հետաքրքրությամբ ու սիրով էր ձեռքն առնում Փարաջանովը ամեն մի իրը, աղմուկով արտահայտում իր հիացմունքը, ի զարմանս տեղի բնակիչների և շատ դեպքերում ի վնաս մեր առևտրական գործարքների։ Ինչպիսի հիացմունքով էր դիտում ամեն մի եկեղեցի, խաչքարը։ Ձեռքով երկար շոյում էր հնամենի մամռակալած քարերն ու համբուրում։ Եվ ամեն անգամ բացականչում էր․ «Ինչ ավանակն եմ եղել, որ մինչև հիմա չեմ տեսել այս գլուխգործոցները, այս բիբլիական մարգարիտները։ Ես անսահման երջանիկ եմ, որ վերջապես առնչվում եմ իմ ժողովրդի, իմ նախնիների հանճարին։ Ես ապշած եմ»։

Մի օր էլ սցենարի վրա աշխատելիս, որ բավականին դժվար էր ընթանում, Փարաջանովը զայրացած բացականչեց․ «Բավական է, գրողի ծոցը թող կորչի այս ամենը։ Այն, ինչ տեսա Հայաստանում, տակնուվրա արեց ինձ։ Մենք կնկարենք մի ֆիլմ, որը դեռ աշխարհը չի տեսել․․․ Մարդկությունը կշտացած է սոցռեալիզմից»։

 

Թե ինչպես ընդունեց տիկին Դը Գոլին

Ավարտվել էին «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումները։ Պատրաստ էր առաջին օրինակը, որը ներկայացված էր ԽՍՀՄ պետկինո։

Մոսկվայում լռում էին․ տիրում էր լիակատար անորոշություն։ Կընդունվի՞ արդյոք կինոնկարը միութենական էկրան, թե՞ կարժանանա Տարկովսկու, Շուկշինի չընդունված ֆիլմերի ճակատագրին։

Ահա այս անորոշ սպասողական պայմաններում, երբ Փարաջանովը գտնվում էր բավականին ծանր նյութական և հոգեկան կացության մեջ, Կիևի իր բնակարանում, մի օր հեռախոսային զանգ հնչեց։ Խոսափողում լսվեց մեկի չոր հրամայական ձայնը, որը տեղեկացնում էր այն մասին, որ երեք օրից, երեկոյան ժամը 7-ին Փարաջանովին կայցելի Ֆրանսիայի պրեզիդենտ Դը Գոլի կինը՝ մադամ Դը Գոլը։ «Այդ նպատակով Ձեզ հատկացվում է վեց հարյուր ռուբլի գումար։ Տեսեք, որ ամեն ինչ լինի բարձր, համապատասխան մակարդակով»։

Փարաջանովն այդ անսպասելի լուրից դեռ ուշքի չէր եկել, երբ նորից նույն չոր ձայնը սթափեցրեց նրան․ «Հասկացա՞ք»։ Փարաջանովը զայրացած տոնով պատասխանում է․« Ես չգիտեմ ում հետ եմ խոսում։ Չբարեհաճեցիք մինչև իսկ ներկայանալ․․․ վեց հարյուր ռուբլին ձեզ պահեք, իսկ մադամ Դը Գոլին կընդունեմ ինչպես հարկն է»։

Եվ կատարվում է գրեթե անհավատալին։ Փարաջանովը, գործի դնելով իր ողջ հնարամտությունը, ծանոթությունները և, իհարկե, մեծ ծախսեր անելով, կարճ ժամանակում ձևափոխում և վերանորոգում է իր երկսենյականոց բնակարանը։ Ճաշասենյակը կահավորում և ձևավորում է ուկրաինական ոճով, իսկ մյուս սենյակը՝ հայկական և վրացական ազգային կարպետներով, հնաոճ իրերով, սրբապատկերներով, բրոնզե և արծաթե մոմակալներով։ Այս ամենը արված էր այնպիսի նրբին ճաշակով, որին կնախանձեր ուզածդ թանգարանը։ Երեք օրից, ըստ պայմանավորվածության, ժամը 7-ին մոտոցիկլավորների ուղեկցությամբ Փարաջանովի տան շքամուտքին է մոտենում մեքենաների շարասյունը։

Մադամ Դը Գոլին ջերմորեն դիմավորում է Փարաջանովը, ողջունելով՝ համբուրում ձեռքը։ Շքամուտքի վերելակի մոտ, կարծես արդարանալով, Սերգեյը բացատրում էր հյուրին, որ հոսանք չլինելու պատճառով վերելակը չի աշխատում։ Դժվար կլինի յոթերորդ հարկ բարձրանալը․ «Թույլ տվեք այս գեղեցիկ երիտասարդներին օգնել Ձեզ»։

Մինչ մադամ Դը Գոլի թարգմանչուհին կբացատրեր եղելությունը, նրան են մոտենում երկու բարձրահասակ, սև զգեստ հագած մորուքավոր հայ և վրացի երիտասարդներ։ Նրանք խաչաձև միացնելով ձեռքերը, կռանում են այնպես, որ մադամ Դը Գոլին մնում էր միայն նստել մատուցված «պատգարակին»։ Կռահելով իրավիճակը, պրեզիդենտի տիկինը «Օ՜, լյա-լյա» գոչելով, անմիջական ծիծաղով, նստում է կենդանի «պատգարակին», երկու ձեռքերով ամուր գրկելով տղաների ուսերը։ Եվ անսովոր այս շքախումբը սկսում է բարձրանալ հարկից հարկ։

Յոթ սանդղահարթակներում արձանացած, կանգնած էին երիտասարդներ՝ վառած մոմերը ձեռքներին։ Բնակարանի մուտքի մոտ հարգարժան տիկնոջը երեք գեղեցիկ աղջիկներ՝ ուկրաինական, վրացական և հայկական տարազներով, ծաղիկներ են մատուցում։

Բնակարանում գեղեցիկ մոմակալներում բազմաթիվ մոմեր էին վառվում՝ շուրջը տարածելով խորհրդավոր հանդիսավորություն։

Երկար, սպիտակ ժանեկավոր սփռոցով ծածկված սեղանին տեղ էին գտել ընտիր կերակրատեսակներ և ըմպելիքներ՝ թանգարանային սպասքեղենով։ Հյուրերին ամենայն հոգատարությամբ սպասարկում էին չորս տղամարդ մատուցողներ՝ հրավիրված Կիևի լավագույն ռեստորաններից։ Ընթրիքին մասնակցում էին տիկին Դը Գոլին ուղեկցող պաշտոնյա անձինք, դիվանագետներ, արվեստագետներ, քաղաքացիական զգեստներով զինվորականներ։

Բարձրացնելով շամպայնով լի գավաթը՝ Փարաջանովը դիմում է ներկաներին․

-Ես անչափ շնորհակալ եմ ճակատագրին, որ արժանացել եմ նման պատվի։ Ես երջանիկ եմ։ Իմ հյուրն է Ֆրանսիայի առաջին տիկինը։   

 

Պատրաստեց Նառա Դանիելյանը