Թատրոնը փրկեց նրան

Հունիսի 2-ին Հայաստանի  ժողովրդական արտիստ, թատերական ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը կդառնար 83 տարեկան: Նա վախճանվեց 1 տարի առաջ՝ 2019-ի հուլիսի 30-ին: Ազգային թատերարվեստի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկը  մեծ բարեբախտություն էր ունեցել իր ստեղծագործական ճանապարհը սկսել  Վարդան Աճեմյանի, իսկ ավելի ուշ՝ ռուսական թատրոնի հայտնի վարպետի՝ Գեորգի Տովստոնոգովի կուրսերում: Հետո արդեն քայլ առ քայլ իր կենսագրությունն էր կերտել՝ թատրոնում ապրած մի ամբողջ կյանք՝ հրաշալի ներկայացումներ, Հայաստանի թատերական գործիչների միության հմուտ ղեկավարում, «Պարոնյան»  թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսոր: Եվ, վերջապես, անմոռանալի Գալյա Նովենցի հետ ստեղծել էր երկրի ամենահայտնի թատերական ընտանիքներից մեկը: Իր բազմաթիվ թատերական տաղանդներից բացի նա ուներ մի շատ ավելի կարևոր շնորհ՝ ամենատարբեր իրավիճակներում մարդ մնալու, նաև՝ մարդուն հարգելու տաղանդը: Շուտով «Պարոնյան» թատրոնի  փոքր ստուդիան կկոչվի «Երվանդ Ղազաչյան» թատերասրահ: Երվանդ Ղազանչյանի մասին «ArtColalge»-ը զրուցել է նրա որդու՝ բեմադրիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ:

   

-Հակոբ, չլիներ կորոնավիրուսի համավարակը, վստահ եմ, որ թատրոնն առանձնահատուկ կերպով կնշեր այս օրը: Բայց համավարակն իր պայմաններն է թելադրում: Ինչպե՞ս եք հիշատակելու Երվանդ Ղազանչյանին:

-Ես հատուկ խնդրել եմ թատրոնի տնօրենին ու զգուշացրել, որ այդ մասին որևէ հայտարարություն չարվի: Չեմ ուզում այս պայմաններում մարդկանց նեղություն պատճառել, կարիք չկա, մանավանդ՝ թատրոնն արձակուրդում է: Դե, հասկանալի է որ մենք ընտանիքով, հարազատներով կգնանք շիրիմին այցելության: Ընկերներից էլ ովքեր կհիշեն ու ցանկություն կունենան մեզ միանալու՝ կգան: Բայց մենք որևէ հատուկ բանի չենք սպասում:

-Իսկ ինչպե՞ս էր ինքը սիրում նշել տարեդարձի օրը, գիտեմ որ աղմկոտ ու շքեղ միջոցառումների սիրահար չէր:

-Վերջին տարիներին սիրում էր փախնել իր «հողամասը»: Մոտ 30-40 տարի առաջ սկսեց տուն կառուցել, իր, այսպես ասած, հողամասը, որն այդպես էլ կիսակառույց մնաց: Ինքը լուրջ չվերաբերվեց դրան, էն իմաստով, որ բոլորը հիմա էդպես լուրջ ամառանոց են կառուցում, իսկ ինքն էդ տան չորս պատերը կանգնեցրեց, բայց տունը վերանորոգված չի: Դա ավելի շատ Աղձքում՝ նախկին Ձորափում, ժամանակ անցկացնելու համար էր: Պարզապես, ժամանակ առ ժամանակ զբաղվում էր այնտեղ, սիրում էր ծառերը խնամել, ջրել, բայց ոչ մի հատ պտուղ այդ ծառերից չկերավ, պարզապես շատ սիրում էր այդ գործընթացը: Էնտեղ ապրել հնարավոր չէ, բայց ինքը սիրում էր փախնել Էնտեղ, ժամանակ անցկացնել: Մեկ-մեկ փախնում էր, մենք էլ՝ իր հետևից: Այնտեղ լինում էին նաև իր ընկերները, թատրոնի իր հարազատ, մտերիմ մարդիկ: Վերջին տարիներին էնտեղ էինք նշում ծննդյան օրը: Հիմա էլ ես եմ երբեմն գնում էնտեղ:

-Որպես կանոն, ստեղծագործական կոլեկտիվներում մասնագիտական խանդը երբեմն խանգարում է մարդկային հարաբերություններին: Եվ ես շատ քիչ եմ տեսել, որ թատրոնում այդպես անկեղծորեն, ինքնաբուխ կերպով սիրեն ղեկավարին, ինչպես սիրում էին Երվանդ Ղազանչյանին:

-Այո, էդպես էր: Խնդիրն այն է, որ բոլորը հասկանում էին թե ինչ ճիգերով էր նա այդ հսկայական օրգանիզմը պահում: Երաժշտական կոմեդիայի թատրոնն ասես օպերային թատրոնի ավելի փոքր մակետը լինի: Այստեղ լիքը խնդիրներ կան, և նաև մի կառույց, որն օպերայում չկա՝ դա դրամատիկական թատրոնի դերասաններն են: Այսինքն, կա նվագախումբ, բալետ ու երգչախումբ, նաև՝ հսկայական աշխատակազմ, և բոլորը տեսնում էին, թե ինչ պաթոլոգիկ նվիրումով էր նա  պահում թատրոնը: Հիմա եմ հասկանում, թե ինչ էր արժենում դա նրա  առողջությանը: Բայց նաև համոզված եմ՝ եթե չլիներ այդ ֆանատիկ նվիրումը թատրոնին, նա չէր ապրի մինչև 83-ը. այն ամենից հետո, ինչ նա տեսավ և ապրեց կյանքում պարզապես չէր դիմանա, բայց թատրոնը փրկեց նրան:

-Մեր վերջին հանդիպման ժամանակ շատ դառնացած էր, վիրավորված՝ թատրոնի հանդեպ վերաբերմունքից, մեր հանրության արժեհամակարգի անկումից:

-Ինքը միշտ է այդպիսին եղել՝ միշտ ընդվզող: Անկեղծ ասած, ես չգիտեմ մի ժամանակաշրջան, որ թատրոնի հանդեպ վերաբերմունքը նրան գոհացներ: Ասում էր՝ ես ամաչում եմ դերասանների աշխատավարձերից, պարզապես գետինն եմ մտնում: Ասում էր՝ չգիտեմ, թե ինչ բարոյական հատկանիշներ պետք է լինեն, որ այդ մարդկանց ամեն առավոտ բերեմ փորձի, երեկոյան էլ՝ ներկայացման: Եվ անկախացումից հետո ես չեմ հիշում որ գոնե մի անգամ ասեր՝ այ հիմա շատ լավ ժամանակ է թատրոնի համար: Հիշում եմ՝ դեռ Սոս Սարգսյանն էր թատերականի  ռեկտորը և մի անգամ այդ թեմայով նիստ էր հրավիրել: Պապան էլի ընդվզեց թե  շատ վատ է, աշխատավարձերը շատ ցածր են: Սոսն էլ ասաց՝ ոչ մի անգամ լավ չի եղել, ինչ ես թատրոնում եմ՝ սոցիալական առումով միշտ էլ վատ է եղել: Գիտեք,  տարբեր ժամանակներ են գալիս, կառավարիչները տարբեր են լինում: Կան կառավարիչներ, որոնք կարծում են, որ թատրոնները պետության վզին նստած  ձրիակերների կույտ են: Հաճախ առանց պատկերացնելու թատրոնի աշխատանքը, ասում են՝ մենք ձեզ շենք ենք տալիս, դուք գնացեք ձեր գլուխը պահեք: Դե, ամեն դեպքում, իր համար թատրոնի հանդեպ վերաբերմունքը երբեք բավականաչափ լավ չի եղել:

-Մարդկանց հետ նրա շփումներում ինձ միշտ զարմացրել է մարդու հանդեպ իր բացառիկ հարգանքը, որտեղի՞ց էր դա գալիս:

-Ըստ երևույթին, իր դառը մանկությունից, իր դպրոցական տարիներից, երբ ինքը կյանքից շատ կարևոր դասեր է ստացել: Գիտեք, Մետաքսը Երևանի ամենակրիմինալ թաղամասերից էր, խոսքս 40-ականների մասին է: Հենց այդ միջավայրում է ինքը  մեծացել: Ամբողջ կյանքում իր ընկերներին մեծ սիրով էր հիշում: Անգամ հիշում էր, որ թաղի տղաները եթե պետք է ինչ-որ «միջոցառման» գնային, իրեն երբեք չեն թողել, որ իրենց հետ գնա: Այսինքն, արդեն գիտեին, որ պիտի թատրոն գնա, պահպանել են, չեն թողել որ վտանգվի և չեն թողել, որ շեղվի իր ընտրած արվեստի ճանապարհից: Դրա համար էլ մինչև կյանքի վերջը իրենց թաղի բնակիչների հետ  հանդիպում էր մեծ ջերմությամբ, կապ էր պահում ու մեծ սիրով էր վերաբերվում  նրանց: Հիշում էր, որ երբ դասարանում ընդմիջումներին բուտերբրոդ էին բաժանում երեխաներին, իրեն և էլի մի տղայի որպես ժողովրդի թշնամու զավակ չեն տվել: Եվ պատմում էր, որ հենց դասամիջոցը սկսվում էր, բոլոր երեխաները իրենց էին մեկնում իրենց բաժինը: Երբեք չէր մոռանում դա: Դժվար է պատկերացնել, թե ինչ է զգացել 3 տարին չբոլորած երեխան, երբ աքսոր են տարել հորը և նրան տեսել է  արդեն թատերականի վերջին կուրսում:

-Շատ հուզիչ պատմություն եմ լսել, թե ինչպես է նա դիմավորել հորը աքսորից վերադառնալիս:

-Այո, Նորայր Ադալյանը պատմում էր, թե ինչպես են գնացել Հոկտեմբերյանի  կայարան, անգամ լուսանկար չեն ունեցել, բայց վագոնից վագոն անցնելով՝ արյան կանչով գտել են նրան: Կարծում եմ, որ նման ծանր մանկություն, պատանեկություն  ապրած մարդու համար արժեքները և մարդու հանդեպ հարգանքը շատ ավելի կարևոր են եղել:

-Ասում են, որ պատանեկան տարիքում նա շատ լավ ֆուտբոլ է խաղացել, և շատերն անգամ կանխատեսում էին, որ հայտնի ֆուտբոլիստ կդառնա:

-Այո, նա նույնիսկ երիտասարդական հավաքականում է խաղացել և այդ պատճառով գերազանց գնահատականներ է ստացել անգամ այն առարկաներից որոնք չի սիրել՝ ֆիզիկա, մաթեմատիկա: Բայց հետո, չգիտեմ թե ում թեթև ձեռքով հայտնվել է պիոներ պալատի թատերական խմբակում: Այնտեղից էլ արդեն տարել են Պատանի  հանդիսատեսի թատրոն՝ Տիգրան Շամիրխանյանի ներկայացումներում խաղալու: Տատս պատմում էր, ասում էր՝ մի անգամ փոստատարը աշխատավարձ բերեց, հետո էլի մի անգամ և այդպես շարունակ: Իսկ տատիկս երազել է, որ հայրս բժիշկ  դառնա: Ուրեմն, նա գաղտնի է արել այդ ամենը: Դե, թատրոնն էլ էնպիսի բան է, որ մի անգամ հայտնվեցիր կուլիսներում, էլ պրծում չունես: Դե, հետո էլ թատրոնից թատերական ինստիտուտ՝ Վարդան Աճեմյանի կուրս: 

-Կարծեմ շատ հայտնի կուրս էր՝ հնչեղ անուններով:

-Այո, այդ կուրսում երկու զուգահեռ խմբեր են եղել՝ Աճեմյանի և Գուլակյանի, բայց մեծ ընդհանուր կուրս է եղել, ընդունվել են միասին և հետո բաժանվել են խմբերի: Այդ կուրսում են սովորել Հենրիկ Հովհաննիսյանը, Ներսես Հովհաննիսյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Քոչարյանը, Գուժ Մանուկյանը և էլի շատ հայտնի անուններ: Իսկապես շատ լավ կուրս է եղել: Պապան Աճեմյանի խմբում էր, մաման՝ Գուլակյանի:

-Իր ղեկավարման երկար տարիների ընթացքում Երվանդ Ղազանչյանը թատրոնում իր աշխատաոճն ու ավանդույթներն է ստեղծել: Դրանք պահպանվո՞ւմ են այսօր:

-Թատրոնը շատ փխրուն երևույթ է և անգամ ամենապինդ ու ուժեղ օրգանիզմները լիդերի հեռանալուց հետո դժվարությամբ են գոյատևում: Այդ առումով կան դժվարություններ, բայց օրգանիզմն ամուր է և կա: Նրա լավագույն ներկայացումները թատրոնի խաղացանկում են: Ինչ վերաբերում է ավանդույթներին, ի՞նչ է նշանակում ավանդույթ: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում  թատրոնը պետք է զարգանա, առաջ գնա, նոր ձևեր ու բովանդակություն գտնի: Լավագույն օրինակը МХАТ-ն էր: Երբ Տաբակովը դարձավ МХАТ-ի գեղարվեստական ղեկավարը, ակադեմիական բառը թատրոնի անվանումից հանեց, նրան շատ քարկոծեցին, բայց թատրոնը պետք է առաջ գնար: Նախ պետք է ասեմ, որ թատրոնի փոքր դահլիճն արդեն պատրաստ է և կոչվելու է «Երվանդ Ղազաչյան»  թատերասրահ: Եվ ես շատ եմ ուզում, որ երիտասարդ, կենդանի շունչ մտնի այնտեղ, որ այդ թատերասրահն ապրի բոլորովին այլ կաննոներով, այլ գեղագիտությամբ, որ տաղանդավոր մարդիկ այնտեղ լավ ներկայացումներ անեն:

-Այսինքն, բաց ստեղծագործական հարթա՞կ լինի: 

-Ես չէի ասի բաց հարթակ, վերջին տարիներին մի քիչ շատ շահագործվեց այդ «բաց հարթակ» արտահայտությունը և դրա տակ շատ վատ բաներ ցանկացան անել: Ես կուզենայի, որ այնտեղ աշխատեին մարդիկ, որոնք գիտեն ինչ են անելու, ինչ են ուզում անել և կյանքի հանդեպ ձևավորել են իրենց դիրքորոշումը և ինչ-որ արժանի բաներ արդեն արել են: Խոսքն, այնուամենայնիվ, Պարոնյան թատրոնի մասին է, և չէի ուզենա, որ այնտեղ ինքնանպտակ էքսպերիմենտներ արվեն:

-Բոլոր այն տարիների ընթացքում, որ ես ճանաչել եմ Երվանդ Ղազանչյանին, երբևէ նրան ընկճված կամ կոտրված չեմ տեսել: Որտեղի՞ց նրա՝ կյանքի հարվածներին դիմակայելու այդ ահռելի ուժը:

-Կարծում եմ, որ նրա պատասխանատվության զգացումն էր: Որդու կորստից հետո ինձ թվում էր, որ ինքը չի հաղթահարի այդ ցավը: Ես տեսնում էի, որ ինքը կործանվում է: Բայց հետո նա իրեն հավաքեց, որովհետև Մարիամիկը կա, մենք  կանք, Ամերիկայի իր թոռները կան: Դա պատասխանատվություն էր ոչ միայն  իր, այլև բոլորիս հանդեպ: Ուժեղ մարդ էր, որովհետև ամբողջ կյանքում հարվածներ էր ստացել, մանկությունից սկսած դիմակայել էր էդ հարվածներին: Պարզապես այլ  տարբերակ չուներ՝ պետք է ուժեղ լիներ:   

-Ո՞րն է ամենակարևոր դասը, որ ստացել ես իրենից:

-Ես շնորհակալ եմ, որ սերը թատրոնի և մասնագիտության հանդեպ ստացա հենց իրենից: Դպրոցական տարիներին, հատկապես Լենինականում, երբ գնում էի փորձերին, ես տեսնում էի էդ աշխատանքը: Ես տեսնում էի այդ լարվածությունը, առողջության կորուստը, որ մարդը բառացիորեն կարող է ունենալ փորձերի ընթացքում: Բայց դրա հետ մեկտեղ ուրիշ մի կյանք էր սկսվում թատրոնի կուլիսներում, բուֆետում, գրիմանոցներում: Ինքն այն ծնողներից չէր, որ ասում են՝  ձեռքս կկտրեմ, բայց չեմ թողնի որ թատրոն գնա, դերասան, ռեժիսոր դառնա: Ճիշտ հակառակը՝ իմ կայացման հարցում նա առաջին, ամենամեծ և գլխավոր ուսուցիչն է, սա մասնագիտական հարթակում: Իսկ անձնական հարթակում գլխավոր դասը պատասխանատվությունն էր, պաթոլոգիայի հասնող պատասխանատվություն ընտանիքի՝ կնոջ, երեխաների, թոռների հանդեպ: