Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսը 1905 թ. Բաքվի և շրջակայքի հայոց ջարդերի մասին

2015թ․ Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը, ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայ թեզերը հնչեցնելուն զուգահեռ, հիշեցնում է, որ ժամանակին Ադրբեջանում ապրել են հայտնի լատվիացիներ, այդ թվում նաև Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսը։ Հիշում է հարևանցիորեն. մանրամասներն ի նպաստ իրենց չեն։ Իսկապես, 1893-1921 թթ․ Կովկասում, նաև՝ Բաքվում բնակված լատվիացի դասական գրող Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսը իր հայտնի գործերից մեկում՝ «Այդ օրերին» (Viņās dienās) պատմվածքում, անդրադարձել է նախորդ դարասկզբին Բաքվում և նրա շրջակայքում դրսևորվող հայատյացությանը։

Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսը ծնվել է 1871 թ․, Տուկումսի գավառում։ Ընտանիքում ամենակրտսերն էր, վաղ տարիքում կորցրել է հորը։ Զբաղվել է բանահյուսության հավաքչությամբ։ Իր գործատուի ընտանիքի հետ տեղափոխվել է Կովկաս։ Աշխատել է որպես տնային ուսուցիչ, գրադարանավար, նավթային ընկերության ծառայող, օժանդակել է հայրենակից գրողներին։ Տիրապետել է մի քանի լեզուների։ Ճանաչում է ստացել 1900թ․ պատմվածքների առաջին ժողովածուի՝ «Ուպիտիսի պատմվածքների» լույս ընծայումից հետո։ Հիմնել է հրատարակչություն և «Վարդս» թերթը։ Հեղինակել է ակնարկներ, պատմվածքներ, հեքիաթներ, իր մանկությունն ու դպրոցական տարիները պատկերող եռապատում  է ստեղծել: Կատարել է թարգմանություններ, այդ թվում նաև հայ հեղինակներից:  Արժանացել է «Երեք աստղ» IV աստիճանի շքանշանի (1927 թ.) և Լատվիական ԽՍՀ ժողովրդական գրող կոչմանը։ Մահացել է 1960 թ.՝ Ռիգայում։ Նրա կողքին են թաղված կինը՝ Էմման և միակ դուստրը՝ Նինան։

Բիրզնիեկս-Ուպիտիսը «Այդ օրերին» պատմվածքը գրել է 1910թ․՝ Կոստանդնուպոլսում  և տպագրել «Իզգլիտիբա» լատվիական ամսագրի 1911թ․ 1-ին և 2-րդ համարներում։

1911թ․ հունվարի 21-ին լատվիացի բանաստեղծ Ռայնիսը, որ կնոջ հետ ապաստանել էր Կաստանյոլայում (Շվեյցարիա), նամակ է գրում Բիրզնիեկս-Ուպիտիսին․

«Մենք կրկնակի հետաքրքրությամբ ենք ընթերցում «Այդ օրերի» պատմությունը, քանի որ մի անգամ այն բանավոր լսել էինք․ որքան գեղեցիկ ու պարզ է այն, և հետևաբար, վառ ու զարմանալի, այս գրվածքում այն բոլորովին նորովի է բացահայտվում»։

1941թ․ հունիսին այն ռուսերեն թարգմանությամբ և որոշ կրճատումներով լույս է տեսնում «Խորհրդային Լատվիա» ամսագրում (№3-4), ինչն այսօր անհավանական կարող է թվալ։ Պատմվածքին նախորդում է «Հուշերից» վերնագրով ակնարկը, որում սոցիալիստական աշխարհայացք կրող Բիրզնիեկս-Ուպիտիսը նկարագրում է 1905 թվականի ռուսական հեղափոխության իրադարձությունները՝ հավելելով․

«Այդ ամենին գումարվեց իշխանավորների ևս մեկ ստոր մտահղացում: Կառավարությունը հրահրում էր ազգամիջյան թշնամանք, փորձում տարաձայնություններ սերմանել բանվորների առանձին խմբերի միջև: Այս քաղաքականության հետևանքներն իսկույն դրսևորվեցին: Ամռան սկզբին տեղի մեծահարուստ թաթարները կազմակերպեցին հայկական ջարդ»: Հեղինակը գրում է, որ հայերը ու վրացիները թիրախավորվել էին իրենց հեղափոխական հայացքների համար, և որ նախօրոք լուրեր էին տարածվում, որ նրանց դեմ վայրագություններին ոստիկանությունը չի միջամտի։ Եվ ահա մի օր հնչում են առաջին կրակոցները, բռնկվում են հրդեհները․ «Այդ ամենն արվում էր նախապես կազմված ծրագրով։ Այդ սարսափելի ժամանակը, որ պատկերել եմ «Այդ օրերին» պատմվածքում, երբեք չի ջնջվի իմ հիշողությունից»։

«Այդ օրերին» պատմվածքը շարադրված է հայազգի անանուն գործող անձի անունից, որն աշխատում է Բաքվի արվարձանի գործարաններից մեկում։ Սպասվող ջարդերի մասին լուրերին նրա հայ գործընկերները սկզբում չեն հավատում, չէին հասկանում, թե  ի՞նչ դրդապատճառ կարող է լինել, իսկ երբ հարցնում են իրենց հետ աշխատող թաթարներին (այսպես էին անվանվում ադրբեջանցիները), վերջիններս պատասխանում են, թե ոչինչ չգիտեն։ «Բոլոր դեպքերում կասկածներ մնացին։ Նրանց պատասխաններն անկեղծ չէին թվում»։ Ճաշից հետո թաթարներն աշխատանքի չեն վերադառնում, իսկ կրակոցները ուժեղանում են, երեկոյան սկսվում են հրդեհումները։ Եթե առավոտյան ոստիկանությունն ու զորքերը չէին միջամտում, քանի որ թերևս «ոչ մի լուրջ բան չկա», ապա երեկոյան ոստիկանությունն արդեն ոչինչ չի էլ կարող անել։ Հայ աշխատակիցներով որոշում են տեղափոխվել հարևանությամբ գտնվող հայրենակիցների մոտ, սակայն ուշ էր․ հարևանների վրա արդեն հարձակվել էին, կար զոհ և վիրավորներ, ուստի նրանք իրենց ընտանիքներով փախել էին հիվանդանոց, որտեղ հիմնականում պատսպարվել էին հայերը։ Դա գործարանի ութ հայերին ավելի է վախեցնում․ եթե հարևան երկու հարյուր հայերը հույս չունեին պաշտպանվել ու ամեն ինչ թողած գնացին, ի՞նչ կարող են անել իրենք՝ մի ժանգոտած ատրճանակով ու հինգ փամփուշտով։ «Պաշտպանվելու կամ գոնե հակառակորդին վախեցնելու մասին մտածել իսկ չարժեր։ Այժմ՝ երեկոյան, գնալ հիվանդանոց կնշանակեր հատուկ իրենց գցել որևէ թաթարական հրոսակախմբի ճիրանների մեջ․ չէ՞ որ նրանք շրջապատել էին հիվանդանոցը բոլոր կողմերից»։

«Որոշեցինք տանը չգիշերել, քանի որ մեր թաթարները գիտեին որտեղ ենք մենք ապրում, ու կարող էին, եթե ոչ իրենք հարձակվել, ապա մեզ մոտ ուղարկել ուրիշների։ Վտանգի հետ աճում էր և մեր անվստահությունը նրանց նկատմամբ՝ ինչո՞ւ նրանք դեռ ցերեկն ասում էին, որ ոչինչ չգիտեն, իսկ ճաշից հետո այլևս չերևացին, նույնիսկ չզգուշացրին մեզ, թեկուզ եթե միայն այդ ժամանակ իմացան՝ ինչ վտանգ է մեզ սպասվում»։

Երկար են վիճում, թե որտեղ գիշերել, բայց ամեն ինչ որոշում է ծեր Լուսնյակը․ միասին աշխատել ենք, միասին էլ, եթե Աստված կամենա, կմեռնենք։ Ադմինիստրատորը, որին Բեղավոր են կոչում, խոստանում է ութ հայերին դրսից կողպել արտադրամասում, պատմում է, որ ոստիկանապետը տանը չի եղել, բայց նրան գրություն են թողել, քաղաք էլ՝ այսինքն Բաքու, հեռագիր են ուղարկել։ Սակայն գիշերը հույսերը չքանում են․ եթե ոստիկանապետը քաղաքապահ ոստիկաններին ուզեր օգնության ուղարկել, դա կաներ միանգամից, չսպասելով՝ մինչև կկոտորեն բնակիչների կեսին, իսկ քաղաքը, եթե կարողանար օգնել, կօգներ տեղի բնակչությանը, չէր թողնի ամբողջ օրը մարդկանց գնդակոծեին` ասես պատերազմում։ Հայերը մի անկյունում խցկված, իրար կպած, լռում են․․․

Գիշերը վառ լուսավորվում են վերևի պատուհանները․ հայերը սկզբում կարծում են, թե իրենց են հրդեհել, բայց նրանցից մեկը՝ Հայրապետը, վերև է բարձրանում ու տեսնում, որ ամբողջ շրջապատն է այրվում, քանի որ մի քանի տեղից կրակի են տվել հայազգի Միրզոևի ֆիրման։ Ոմանք լալիս են, ոմանք հիշում են իրենց տները, այգիները, ոմանք փորձում են քնել։ Առավոտյան վերսկսվում են կրակոցները։ Շուրջն ամեն ինչ այրվում է, երկինքը մութ է՝ ծխով լի։ Գալիս է Բեղավորը, պարզվում է, որ ոչ ուտելիքի հույս կա,   ոչ՝ ծխախոտի։ Փոստից ու ոստիկանությունից լուր չկա, իսկ գնացքների շարժը դադարեցվել է։ Սակայն հայերը փորձում են հույսերը չկորցնել, որոնում են փրկության ուղիներ։

Հետներն աշխատող մի լեզգի իմանում է նրանց գտնվելու տեղը և ադմինիստրացիայի միջոցով առաջարկում տեղափոխել անվտանգ տեղ, եթե տան 150 ռուբլի և ատրճանակը։ Մի կողմից՝ մեծ է վտանգը, որ գործարանը հրդեհի բաժին կդառնա՝ իրենք էլ հետը, մյուս կողմից՝ հայերը նրան չեն վստահում․ «Լեզգիները հիմա միայն թալանով էլ զբաղված են, բոլոր հայկական տները թալանել, սրբել են»։ Որոշում են մնալ գործարանում, բայց թաքնվել տարբեր տեղերում։ Այնպես է ստացվում, որ մի պատանի թաթար անցորդ նրանց վախեցնում է․ գլխավոր գործող անձը թաքնվում է գետնին ընկած խողովակի մեջ, մինչդեռ մնացած հայերը մի կազանցու օգնությամբ փախչում են տափաստաններ, նրանցից մեկը ճանապարհին սպանվում է։ Միայնակ մնացած հայը թաքնվում է Բեղավորի նկուղ-փոսում՝ այնքան փոքր, որ նույնիսկ ուղիղ նստել  չէր կարելի։ Բեղավորը նրան տալիս է մի գրաֆին ջուր և ծխախոտի 12 գլանակ։ Փոսում գտնվող ոսկորներից պարզ է դառնում, որ այնտեղ շուն է ապրել։ Հայը մի կերպ անցկացնում է գիշերը (նրան լեղաճաք է անում մոտով անցնող առնետը)։ Առավոտյան դռնակը բացում է Բեղավորը և պատմում, որ թաթարները անցնում են փողոցներով ու վառում այն, ինչ դեռ չի այրվել։ Բեղավորը նրանց աղաչել է գործարանը չայրել․ «Գործարանը, պատասխանում են, չեն այրելու, միայն հայկական տները»։ Իսկ եթե կողքի տներից գործարանն էլ այրվի՞․ «ինչպես Ալլահը որոշի, այնպես էլ կլինի»։

Հայը վերադառնում է իր փոսը, որից տեսնում է, թե ինչպես են մի քանի զինված թաթարներ՝ նստած սայլին, ավարը բարձած գնում․ «Սրանք արդեն իսկական ավազակներ են, զավթիչների սերունդները»։ Երեկոյան հայի փոսն է մտնում քոսով հիվանդ մի շուն, որն այդ փոսի իսկական տերն է։ Շունը մի պահ գռմռում է, բայց հետզհետե նրանք իրար սովորում են, պառկում են տարբեր կողմերում։ Երեկոյան Բեղավորը մի քիչ ջուր ու չորացած հաց է բերում, պատմում, որ գործարանի մի մասնաշենքն արդեն այրվել է, իսկ փոխհրաձգությունը շարունակվում է։ Քաղաքից ոչ մի լուր։

Գիշերն արդեն ամեն ինչի սովորած հայն ավելի լավ է քնում։ Առավոտյան պարզվում է, որ գործարանի երկրորդ մասնաշենքն էլ է այրվել, հաջողվել է փրկել միայն ամբարները, իսկ ժողթատրոնից՝ մի քանի աթոռ։ Թիֆլիսից զինվորներ են եկել, ու Բաքվում վիճակը հանդարտվել է, սակայն իրենց մոտ դեռ թալանում ու կրակում են։ Հետո, երբ զինվորները մոտենում են իրենց արվարձանին, ռուս, պարսիկ խաղաղ բնակիչներին  հրաման է գալիս տեղափոխվել կայարանի հետևի դաշտը, հավանաբար, պիտի թաթարական ավանը ռմբակոծեն։ Վերջապես թաթարները լքում են շրջակայքը ու հայը, անցնելով ահասարսուռ տեսարանների միջով, հասնում է կայարան, որտեղ, տեսնելով զինվորներին՝ լցվում է երախտագիտության խորը զգացումով։ Նա նստում է գնացք, որը լի է գրեթե բացառապես միայն հայերով, կարմիր, արտասվալի աչքերով կանանցով ու երեխաներով։ Մի կին պատմում է, որ չի կարողանում գտնել «իր Գևորգին», եղել է եկեղեցում, ուր վիրավորներն ու սպանվածները դիզված են գետնին, սպանվածների կույտի մեջ միայն բազում ոտքեր են երևում, եկ ու ճանաչիր հարազատիդ․․․

«Ամեն մեկն իր վիշտն ունի, որևէ մեկի տաք սիրտն է դադարել բաբախել։ Բայց բոլորը լռում են, երբ վագոնով անցնում է գունատ, ալեհեր մի մարդ։ Նա վեց ընկերների հետ թաքնված է եղել մի բնակարանում։ Թաքնվել են՝ ով որտեղ կարողացել է։ Նա սողոսկել է գորգի ու հայելու հետևի խորշը։ Նրա բոլոր ընկերներին գտել ու աչքերի առջև սպանել են։ Հետո նա իր թաքստոցից դուրս է եկել բոլորովին սպիտակած մազերով ու ոչինչ չի խոսում»։

Պատմվածքը ևս մեկ անգամ փաստում է, թե մեր վերջին դարերի պատմության ընթացքում որքան շատ են զուգադիպումներն ու ցավալի կրկնությունները (հրահրված, վայրի բնազդով տարված եղեռնագործ խաժամուժ, չարաչար կորուստներ կրող, կոտորվող ու տեղահանվող հայ խաղաղ բնակչություն, ուշացումով վրա հասած ռուսական իրավապահներ)։

«Այդ օրերին» պատմվածքը մի քանի անգամ վերահրատարակվել է հեղինակի երկերի ժողովածուներում, դրան բազմիցս անդրադարձել են գրականագետները։ Մասնավորապես, Բ․ Տաբունսը նշում է, որ «Այդ օրերին» պատմվածքն իրական հենք ունի․ դեպքերը տեղի են ունեցել Բաքվի Բալախանի արվարձանում։

Այս տարի լրանում է Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսի 150-ամյակը․ այդ առիթով Լատվիայում դրոշմանիշ է թողարկվել, նրա ծննդավայրում գտնվող թանգարանում (Տուկումսի գավառի Բիսնիեկի դաստակերտ) նախապատրաստվում են հոբելյանական միջոցառումներ։ Գրողի երկերը թարգմանվել են աշխարհի մի քանի լեզուներով, առավելապես՝ ռուսերեն, հուսանք՝ նրա ընտրանին կտպագրվի նաև հայերեն՝ մեր ընթերցողին հասու դարձնելով նրա գործերը, որոնցում երբեմն նաև հայազգի կերպարներ են հանդիպում։

 

Աշոտ Գրիգորյան

 

Նկարը հեղինակի պատկերով դրոշմանիշ է, 2021թ.