Էնիո Մորիկոնե. Երաժշտություն, որ փոխարինում է բառերին

Սերջիո Լեոնե՝ կարելի է ասել, որ Մորիկոնեն իմ լավագույն սցենարիստներից մեկն է

 

91 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի հռչակավոր կոմպոզիտոր և դիրիժոր Էնիո Մորիկոնեն։

Ֆրանսիական «Ֆիգարոն» այդ առիթով գրում է. «Մահացել է Սերջիո Լոեոնեի հավատարիմ համահեղինակ, կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն»: Նրանց բեղմնավոր համագործակցության արդյունքում ստեղծվել է կինոարվեստի վեց գլուխգործոց. «Մի բուռ դոլարների համար» (1964), «Մի քանի դոլարով ավելի» (1965), «Լավը, վատը, չարը» (1966)  եռագրության ֆիլմերը, ինչպես նաև «Մի անգամ Վայրի Արևմուտքում» (1968), «Դինամիտը բռի մեջ» (1971), «Մի անգամ Ամերիկայում» (1984) ֆիլմերը:  

Կինեռեժիսորը և կոմպոզիտորը միշտ գործում էին նույն հաճախականության ալիքի վրա՝ նրանք երաժշտության և պատկերների ավելի մեծ փոխգործակցության  կողմնակից էին: Սերջիո Լեոնեն հեղափոխություն է արել վեսթերնում և առհասարակ կինոյում։ Իտալացի կինոռեժիսորը չէր կարողանա դա անել առանց Էնիո Մորիկոնեի։ Նա գիտեր, թե ինչով է պարտական  կոմպոզիտորին, որը իր նման ծնվել էր 1920–ականների վերջին, Հռոմի Տրաստեվերե  թաղամասում՝ Էնիո Մորիկոնեն և Սերջիո Լեոնեն դպրոցում միասին են սովորել, հետո քսանհինգ տարի չեն տեսնվել:

«Կարող եմ ասել, որ եթե ես ստեղծել եմ վեսթերնի մի նոր տեսակ՝  սպագետտի-վեսթերն, երևակայելով էպիկական իրավիճակներում հայտնվող խաբեբաների կերպարներ, ապա հենց Էնիո Մորիկոնեի երաժշտությունն է, որ ստիպեց նրանց խոսել:»

Իրենց համագործակցության մասին Սերջիո Լեոնեն նաև կասի, որ դա «ամուսնություն էր, որով կաթոլիկներն ամուսնանում էին նախքան ամուսնալուծության մասին օրենքի ընդունումը՝ բուռն, բայց՝ հավատարիմ:» Նույն կարծիքին էր նաև Մորիկոնեն. «Սերջիոն գրեթե խուլ էր, բայց մեր հարաբերություններն ինտենսիվ էին և շատ ստեղծարար, ու ես մեծ քնքշություն էի զգում նրա հանդեպ։ Երբ նա ուզում էր որևէ թեմայի  հղում անել, Սերջիոն խոսում էր ոչ պարզ՝ ոչ հասկանալի կերպով. «Գիտեք, սա նա է, ով անում է այսպես՝ դա-դա-դա…»

Ինքը՝ Էնիո Մորիկոնեն սիրում էր, որ նրան «Մաեստրո » անվանեն, երբ դիմում են իրեն:

Կինոռեժիսորը շատ լավ հասկանում էր, որ իր ֆիլմերը մեծամասամբ պարտական են Էնիո Մորիկոնեի՝«Մաեստրոյի » երաժշտությանը, ով իր 59-ամյա կարիերայի ընթացքում երաժշտություն է գրել ավելի քան 500 կինոնկարների համար: Մահվանից երկու ամիս առաջ նա իրենց զույգի վերաբերյալ խոստովանել է. «Սա զույգից շատ ավելին է՝ ակամա ամուսնություն է»:

«Մենք վաղուց արդեն ծանոթ ենք իրար: Ես ընդհանրապես չեմ սիրում կրկնել և մի քանի անգամ նույն բանը բացատրել, իսկ Էնիոյի հետ շատ հեշտ է, մի հայացքով մենք անմիջապես հասկանում ենք իրար: Մեր ընդհանուր հաջողության համար մենք պարտական ենք միմյանց հանդեպ մեր ունեցած հարգանքին... Նա կարող է նույն երաժշտական հատվածը վերաշարադրել չորս կամ հինգ անգամ, եթե այն ինձ բոլորովին դուր չի գալիս։ Նա ինձ համար ավելին է, քան կոմպոզիտոր: Ընդհանրապես, ես չեմ սիրում բառերը ֆիլմերում, ես դեռ համր ֆիլմ նկարահանելու հույս ունեմ, իսկ երաժշտությունը փոխարինում է բառերին, ուստի կարելի է ասել, որ Մորիկոնեն իմ լավագույն սցենարիստներից մեկն է»,-ասել է նա :

Սերջիո Լեոնեն նշում էր, որ նրանց ընկերությունը հիսուն տարվա վաղեմություն ունի: «Տարրական դպրոցում մենք միասին սովորում էինք 4-րդ դասարանում՝ ես 9 տարեկան էի, իսկ նա՝ 10»: Թեև Մորիկոնեն խոստովանել է, որ չի հիշում այդ շրջանը… Դա իրենց առաջին  համագործակցության  ժամանակ էր՝ «Մի բուռ դոլարների համար» (1964) ֆիլմի վրա, երբ Մորիկոնեն դեռ իր երաժշտությունը ստորագրում էր «Դոն Սավիո» կեղծանվամբ։

Ահա, թե ինչ է պատմում Սերջիո Լեոնեն իր ընկերոջ՝ Էնիո Մորիկոնեի հետ ունեցած գեղարվեստական համագործակցության մասին, երբ 1989թ-ին մասնակցում է Ֆրանսիական «France Culture» ռադիոկայանի «Բարեհնչություն»  հաղորդմանը :

Այս հաղորդման մեջ Լեոնեն հատկապես բարձր էր գնահատել կոմպոզիտորի ճկունությունն  ու լսելու ունակությունը. «Օրինակ, երբ ստեղծում էի «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմը, ես ստիպեցի նրան այնտեղ օգտագործել մի հին ամերիկյան երգ՝ «Ամապոլան»։ Նա հանդուրժեց այդ: Նույնը «Լենինգրադի» դեպքում էր, քանի որ Շոստակովիչը շատ կարևոր դեր է խաղալու: Բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ Էնիոն աշխատում է ինձ հետ բոլորովին հատուկ կերպով: Ես երաժշտությունը գրել եմ տալիս ֆիլմը նկարահանելուց առաջ: Ես աշխատում եմ երաժշտության հետ։ Սա մասնակցություն է ոչ թե պատմությանը, այլ՝ գաղափարին»:

Սերջիո Լեոնեն նաև հաճույքով հիշատակում  է երկու արվեստագետների փոխկապակցվածության մասին վկայող այս հայտնի պատմությունը .«Երբ Կուբրիկը խնդրեց ինձ հրավիրել Էնիոյին «Լարովի նարինջի» ֆիլմի համար, նա  մի ուշագրավ հայտարարություն արեց, որը շատ հուզեց ինձ: Նա ինձ ասաց. «Իմ առջև դրել եմ Էնիո Մորիկոնեի գրած ամբողջ երաժշտությունը... Ինչու՞ եմ սիրում միայն բոլոր այն մասերը, որոնք նա արել է ձեզ հետ»: Ես պատասխանում եմ նրան.  «Ինչ վերաբերվում է ինձ, ես ատում եմ Շտրաուսին, այդ դեպքում ինչու՞ ես նրան շատ եմ սիրում «2001 »-ում (Սթենլի Կուբրիկի  «2001 թվականի տիեզերական ոդիսականը»  գիտաֆանտաստիկ ֆիլմը)՝ որովհետև նա կապված է այնքան ճշգրիտ տեսողական պատկերի հետ… Սա կատարյալ զուգակցում է երաժշտության հետ՝ գործիքավորման որակն ինձ չի հուզում: Էնիոյի հետ այդպես է պետք աշխատել: Եթե դուք ժամանակ, համբերություն ունեք՝  բացատրելու նրան ֆիլմը, շատ զրուցելու նրա հետ, ապա նա, անկասկած, ձեզ ցնցող կտորներ կտա:»

Վերջում նա վկայում է, թե «Մի անգամ Վայրի Արևմուտքում» ֆիլմում ինչ ձևով է ստեղծվել Շեյենի կերպարի երաժշտական թեման: Նրա դերը խաղում էր Ջեյսոն Ռոբարդսը: 

«Ես ունեի ընդհանուր թեման. Ջիլլի՝ շրթհարմոնով մարդու և Ֆրենկի, որի կերպարը մարմնավորում էր Հենրի Ֆոնդան: Պակասում էր ամենաբարդ թեման, որովհետև այդ պերսոնաժը երկիմաստ էր՝ նա անբարեխիղճ, անսկզբունքային ավազակ էր, բայց և շատ ռոմանտիկա կար նրա մեջ... Ավազակ Շեյենի կերպարի համար նա վեց թեմա էր ստեղծել: Ոչ մեկն իմ հավանությանը չարժանացավ: Էնիոն հարցրեց  ինձ . «Ասա՛ ինձ, բացատրի՛ր, թե ի՞նչ է իրենից ներկայացնում քո պերսոնաժը:» Էնիոյի հետ պետք է խոսել ածականներով և համեմատություններով ։ Ես հարցնում եմ նրան. «Դու դիտե՞լ ես Ուոլթ Դիսնեյի  «Լեդին և Թափառականը» մուլտֆիլմը։ Եղավ, ինձ համար Շեյենը թափառաշրջիկն է: Նա գող է, ռոմանտիկ, ճարպիկ, անհուսալի մարդ, բայց միևնույն ժամանակ նա գիտի թե ինչ է սերը:» Եվ մինչև ես այդպես կարտահայտվեի, նա հիշում էր փոքրիկ շանը, ում մասին պատմող մուլտֆիլմը ժամանակին տեսել էր, և սկսեց երգել այդ թեման...»

 

Հղումներ՝ 

 Լefigaro.fr 

 Լefigaro.fr 

 Franceculture.fr

 

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը