Էդվարդ Միրզոյանի երաժշտական մոգությունը

Ինչպես աշխարհի ձայները վերածել տիեզերական բազմաձայնության

Դեռ շատ տարիներ առաջ Էդվարդ Միրզոյանը մայիսի 12-ն իր տանը բաց դռների օր էր հայտարարել: Նա բնակվում էր Հայաստանի կոմպոզիտորների միության շենքում՝ իր տարիների արվեստակից ընկերների ու բարեկամների հարևանությամբ: Եվ մայիսյան այդ օրն իսկական տոնի էր վերածում իրեն շրջապատող բոլորի համար՝ լինեին արվեստի մարդիկ, հարևաններ, թե նրա մեծ տաղանդի երկրպագուներ: Պարզապես անհնար էր կանխատեսել, թե քանի երաժիշտ, մտավորական կամ բարեկամ այդ օրը կբացի Միրզոյանների հյուրընկալ դուռը՝ մասնակից դառնալու ուրախության, հումորի և բարեկամության այն բացառիկ խրախճանքին, որն իր շուրջը ստեղծելու առանձնահատուկ տաղանդ ուներ կոմպոզիտորը: Նրան ուղղված ջերմ շնորհավորանքներն ու սիրո խոստովանություններն ամեն անգամ կարող էին ընդմիջվել դռան անսպասելի զանգով, ու Միրզոյանների մտերմիկ, ընտանեկան մթնոլորտում մեկտեղվում էին «անկոչ հյուրերի»՝ Միրզոյանի նախկին ուսանողների, բարձրաստիճան պաշտոնյաների ու ընտանիքի մտերիմների տպավորիչ անակնկալներով: նրա ուսանողները, որ իրենց ուսուցչից սովորել էին ոչ միայն կոմպոզիցիայի, շրջապատող աշխարհում հնչող ձայները, սովորական ու անսովոր հնչյունները զարմանալի բազմաձայնության վերածելու գաղտնիքները, արդեն իսկ իրենց ստեղծագործություններն էին նվիրում մեծ Վարպետին՝ փորձելով վերադարձնել ստեղծագործական տարերքի այն ահռելի պաշարը որ հետագա բոլոր տարիների համար ստացել էին Միրզոյանից: Իսկ միրզոյանական տարեդարձերի երեկոների  նրբակիրթ ու արվեստով լի մթնոլորտում կարելի էր լսել անհավանական, բայց միանգամայն ճշմարտացի պատմություններ դարի մեծագույն արվեստագետների, մտածողների ու պաշտոնյաների մասին, որոնց հետ հանդիպումներով ու  բարեկամությամբ հագեցած էր կոմպոզիտորի կյանքը: Միրզոյանի՝ հայտնի նուրբ հումորով ու ինտրիգներով լեցուն պատմություններում հաճախ կարելի էր լսել Խորհրդային Միության ամենահայտնի ու սկանդալային մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցևայի մասին անեկդոտները, որոնք, ինչպես պարզվում էր վերջում, բոլորն իրական հիմք ունեին: Տասնամյակներ առաջ`իր  ստեղծագործական ճանապարհի սկզբին, նա երախտապարտ էր ճակատագրին, որ երկար ու ոչ դյուրին ճանապարհը սկսեց հենց նրանց՝ իր սիրելի ուսուցիչների թեթև  ձեռքով ու անառարկելի արժեքներով: Սկզբում նրանք երկուսն էին՝ պրոֆեսոր Վարդգես Տալյանն ու Կոնստանդին Սարաջևը, հետո արդեն նաև մոսկովյան երաժշտական աշխարհի ամենահայտնի անունները`Լիտինսկի, Ցուկերման, Պեյկո, Ռակով: Բայց Միրզոյանի  ստեղծագործական սկիզբը կապվում էր նաև երևանյան կոմպոզիտորական հայտնի հնգյակի, իր 4 անդավաճան ընկերների`Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր  Հարությունյանի, Ղազարոս Սարյանի և Ադամ Խուդոյանի ստեղծած երաժշտական մեծ գեղագիտության հետ: Այդ բարեկամությունը շարունակվեց երկար տարիներ ու Հայաստանին պարգևեց հզորների երաժշտական դարաշրջանը: Իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում Միրզոյանը շռայլորեն մարդկանց բաժանեց մեծ երաժշտական շնորհի արդյունքը՝ իր ազնիվ, քնարական ու հզոր երաժշտությամբ հիացնելով աշխարհի մեծ համերգասրահներն ու խստապահանջ լսարանները՝ մշտապես արդիական պահելով Միրզոյանի երաժշտական ֆենոմենին առնչվող հարցը՝ ինչպես էր նրան հաջողվում ընդամենը 7 նոտաներում խտացնել անսահմանությունը: նրա երկարամյա մտերիմներն առ այսօր զարմանում են թե որքան բազմաշերտ ու տարբեր էին Միրզոյանի տաղանդները՝ նրա երաժշտական մոգությունը, անզուգական արտիստիզմը և կազմակերպական այն հմտությունները, որոնց շնորհիվ տաղանդավոր կոմպոզիտորը երկար տարիներ ոչ միայն ղեկավարեց Հայաստանի կոմպոզիտորների միությունն ու Հայաստանի խաղաղության ֆոնդը, այլև ամենատաղանդավոր շինարարի վարպետությամբ իրականացրեց Կոմպոզիտորների միության և հարևան շենքերի շինարարությունը: Նախորդ դարաշրջանից մինչև 21-րդ դար հասցրած իր պատմությունների մեջ Միրզոյանը  հատուկ կարոտ ուներ այդ շենքերի՝ Կոմպոզիտորների միության և հարևան շենքերի կառուցման ժամանակների հանդեպ ու հաճախ էր զարմանում՝ որտեղից երաժիշտ Միրզոյանի մեջ շինարարի շնորհքը: Եվ պատասխանը չէր ուշանում՝ ամեն ինչում հաջողելու գաղտնիքը մեկն էր` նվիրումը: Հիմա արդեն դժվար է պատկերացնել թե որքան երկար, պրպտուն ու ինքնամոռաց էր ստեղծագործում Միրզոյանը և յուրաքանչյուր ստեղծագործություն որքան երկար է հնչել նրա հանճարեղ մտքում, անվերջանալիորեն փոփոխվել և կատարելագործվել է՝ մինչև կհասներ տիեզերական բազմաձայնության: