Էդուարդ Թադևոսյան. «Նրանց ժառանգությունն իրենց փառքն ու պատիվն է»
Խիզախին ու հպարտին միշտ հարգում են
Ջութակահար, Կոմիտասի անվան պետական լարային քառյակի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանի հետ «ArtCollage» զրուցել է մեր կյանքում և արժեհամակարգում պատերազմի թելադրած փոփոխությունների, որակապես նոր երկրի ու մտածողություն ունենալու անխուսափելիության մասին: Մի ամբողջ կյանք երաժշտությանը նվիրած ջութակահարն այսօր պնդում է՝ թշնամու հանդեպ ոչ մի գթասրտություն:
-Պրն. Թադևոսյան, ազգային բացառիկ միասնության ու համերաշխության այս օրերին մտավորականները, ստեղծագործող մարդիկ առանձնահատուկ առաքելություն ունեն հայրենակիցներին ոգեշնչելու առումով, ինչ եք կարծում ինչպե՞ս, ի՞նչ գործնական քայլերով:
-Իհարկե, գաղտնիք չէ, և մենք բոլորս հասկացել ենք, որ այս պատերազմը ոչ միայն Արցախի հողերի հարցն է, այլ հայությանը, հայ ազգին որպես էթնոս ոչնչացնելու Էնվերի, Թալեաթի, Ջեմալի, սուլթան Համիդի երազանքն իրականացնելու քաղաքականության շարունակությունն է էս պիտեկանտրոպի կողմից, որը կոչվում է Էրդողան: Պետք է ասեմ, որ իսկապես օրհասական պահ է և ինչպե՞ս կարող են մշակույթի ներկայացուցիչներն օգտակար լինել: Նախևառաջ՝ բարոյապես, մեր մշակույթով, Արցախի մեր հայրենակիցների համար համերգներ կազմակերպելով, որը մենք անում ենք, ու, բնականաբար` նյութապես: Քանի որ մենք տարիքի բերումով, նաև ռազմական գործին անպատրաստ լինելու իմաստով չենք կարող զենք վերցնել ու գնալ առաջնագիծ, ուրեմն գոնե պիտի անենք այն, ինչի կարիքն ունի մեր պանծալի բանակը, մեր հերոսական տղաները, որպեսզի նրանք որևէ բանից զրկված չլինեն և որևէ բանի կարիք չունենան: Գիտեք, երբ աչքերս բացել եմ, շատ փոքր հասակից, էրգրից եկած, երեխաներ կորցրած տատիկիցս լսել եմ՝ «Թալեաթի թևեր թափա», որը նշանակում է՝ Թալեաթի թևերը կտրվի, սա ոնց կարելի է մոռանալ, սա մեր արյան մեջ է: Հայ կանանց մեջ այնքան խորն է նստած մեր ազգի պատմության սև էջերը, որ անգամ էմբրիոնալ վիճակում մեր երեխաները ծնվում են ցասումի զգացումով, և հենց այդ զգացումն է, որ այսօր մեր 18,19,20 տարեկան պայծառ երիտասարդներին մղում է, որ իրենց գլուխը դնեն ու զոհվեն որպեսզի փրկեն հայոց հողը, և որպես ազգ փրկեն հայ ժողովրդին:
-Գուցե մարդիկ ազգային հեղինակությունների, հայտնի արվեստագետների խոսքի կարիքն ունեն, ի՞նչ կուզենայիք ասել այս պահին:
-Ես այնքան փոքր մարդ եմ, որ ինձ իրավունք չեմ վերապահի դիմել ժողովրդին, բայց պիտի մեր հայրենակիցներին խնդրեմ, հորդորեմ, որ յուրաքանչյուրն իր ունեցած հնարավորություններից ավելին ներդնի մեր ընդհանուր հաղթանակի համար, որին մի վայրկյան անգամ չեմ կասկածում: Պիտի հաղթենք, պիտի հարատևենք և սա պիտի լինի վերջնական հաղթանակ, որպեսզի մի քանի տարին մեկ էս ճիվաղները նորից չսկսեն իրենց ռազմարշավները՝ միմյանց օգնելով և’ զենքով, և’ զինամթերքով, և’ վարձականներով: Բայց մեր կռիվն արդար է, որովհետև մենք վարձկաններ չենք, մենք մեր հողի համար ենք պայքարում: Բագրատունիների ժամանակից են հայերն այնտեղ ապրել, և ինչ-որ մի քոչվոր ցեղ փորձում է իր պատմությունը համեմատել մեզ հետ: Ես մի անգամ ասել եմ, որ նույնիսկ մեր կոնյակն ավելի հինավուրց է, քան իրենց պատմությունը: Հիշեք՝ այստեղից անցել է թուրքը, որը կարող է միայն կոտորել, սպանել և չունի ոչինչ մարդկային: Գիտեք, ես ընդհանրապես բարի մարդ եմ, բայց այս դեպքում կոչ եմ անում գթասիրտ, մարդասեր չլինել, որովհետև մարդուն կարեի է սիրել, նրանց ինչպե՞ս սիրես:
-Այս պատերազմը նաև քաղաքակրթական արժեհամակարգերի բախում է:
-Գիտեք, պատահականորեն չասացի՝ ոչ մի գթասրտություն, ոչ մի մարդասիրություն: Ես իմ արցունքները հազիվ էի զսպում, երբ ցուցադրեցին Ղազանչեցոցի ռմբակոծված կադրերը: Դեռ 93-ին մենք նվագում էինք Ղազանչեցոցում, և հրթիռներն ընկնում էին հենց մեր նվագելու ընթացքում, նվագել ենք նաև դրամատակական թատրոնում: Տեսեք, մենք նրանց նախազգուշացնում ենք, հետո էլ մարդասիրական միջանցք ենք տալիս, որ դուրս գան շրջափակումից: Իսկ ինչ են անում նրանք: Ի?նչ կարելի է սպասել մի ազգից, որը պատմություն և մշակույթ չունի: Գիտեք, այն օրը, երբ Այա Սոֆիան Ստամբուլում Էրդողանի հրամանով դարձավ մզկիթ, ես համոզված էի, որ այդ երկրի հարցերը լուծվեցին, որովհետև դա պարզապես սրբապղծություն է: Սրբապղծություն է նաև խաչը եկեղեցուց պոկելը, եկեղեցին ռմբակոծելը: Եվ նրանց այդ վայրագությունները հատուկ նպատակաուղղված էին մշակութային օբյեկտների վրա: Սա նրանց վայրագության ևս մեկ ապացույցն է:
-Վերջին տարիներին մեզանում շատ էր խոսվում այն մասին, որ Թուրքիան նախկին բիրտ պետությունը չէ, որ այն քաղաքակրթվել է և այսօր գործ ունենք բոլորովին այլ որակի երկրի հետ:
-Պատմությունը վկայում է, որ Աթաթուրքը կրեդո ուներ. աշխատում էր թուրքերին վերադասավորել և մշակույթի միջոցով նրանց քաղաքակիրթ ժողովուրդ դարձնել, բայց ժամանակի ընթացքում եկավ էրդողանը և նորից իր երկիրը տարավ այդ վայրենի վիճակին: Եվ անգամ այսօր փորձում է իր պայմանները թելադրել Եվրոպային, ուզում է իրենց չադրաները պարտադրել Եվրոպայի քաղաքակրթական կենտրոննում: Այս պատերազմում, գուցե ուշացումով, բայց մենք մի բան էլ հասկացանք՝ թե ովքեր են մեզ բարեկամ երկրները, այլ ոչ թե թղթի վրա բարեմաղթանքներ և խաղաղության կոչեր անողները: Ես մի անգամ չլսեցի որ ասեն թե ով է ագրեսորը: Հիմա մարդկությունն այնպիսի հնարավորությններ ունի, որ տիեզերքից կարող ես լուցկու տուփը նկարել, միթե՞ չգիտեք ով է սա սկսել, այս վայրագությունը:
-Այսինքն, մեր հանրությունն արդարացի է, երբ նշում է, որ այսօր մենք ավելի շատ ենք պաշտպանում հումանիզմի և ժողովրդավարության արժեքները, քան իրենք՝ եվրոպական երկրները:
-Այո, ցանկացած երկիր այսօր զբաղված է իր շահերով: Մեկը չի ուզում իր հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ, որովհետև այնտեղ ռազմական բազաներ ունի: Մյուսը չի ուզում, որովհետև մուսուլմանական մեծ համայնքներ ունի և կարող են ներսում գժտություններ սկսվել, ինչպես, օրինակ, Գերմանիայում, որտեղ միլիոնավոր թուրքեր են ապրում: Եվ տարբեր-տարբեր այլ պատճառներով մենք էսօր մնացել ենք մեկուսացված մի անկլավի նման: Եվ այդ պատճառով, մեր հույսն առաջին հերթին պիտի լինենք մենք և դիվանագիտական խողովակներով պետք է տեղ հասցնենք, որ էս կտորը, որ իրենք ուզում են վերցնել, սա էն կույր աղիքն է, որը խանգարում է Թուրանը ստեղծելուն: Շատ խելոք պիտի գործենք, մեր դիվանագետները պիտի հասկացնեն աշխարհին, որ նրանց նպատակը միայն մենք չենք: Վաղը չէ մյուս օրը նրանք լինելու են Վիեննայի հրապարակում, հետո լինելու են Ֆրանսիայում, հետո էլ լինելու են Գերմանիայում, որտեղ թուրքերն արդեն ունեն իրենց հեռուստաալիքները, ռադիոալիքները, ֆուտբոլի թիմերը, դպրոցներ, համալսարաններ և իրենց երկրի նման ապրում են, իսկ Գերմանիան ձեռքերը ծալած նստել է և երկու կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը:
-Դուք շատ օտարազգի գործընկերներ և բարեկամներ ունեք՝ հայտնի և տաղանդավոր երաժիշտներ, ինչպե՞ս են նրանք արձագանքում այս ամենին:
-Այո, ինձ հիմա շատ են գրում, ես շատ հրեա բարեկամներ ունեմ, և ես նրանց հարցնում եմ՝ իսկ գիտե՞ք, որ Թուրքիային զինող պետություններից առաջնահերթն Իսրայելն է: Շատերը գրում են, որ ամեն ինչ պետք է անեն, որ Հոլոքոստ ապրած ժողովուրդն ընդունի նաև Հայոց Ցեղասպանությունը, բայց հասկանալի է, որ նրանք չեն, որ որոշումներ են կայացնում: Բոլորը շատ լավ գիտեն ովքեր են հայերը և ովքեր՝ ադրբեջանցիներն ու թուրքերը: Նրանք ասում են՝ մենք կարող ենք միայն ցավակցել և մեր երկրում դիմել տարբեր կազմակերպություններ: Կարծում եմ, որ Հայաստանի հրեաների միությունը, որի նախագահն իմ լավ բարեկամուհի Ռիմա Վարժապետյանն է, նույնպես պետք է դիմի Իսրայելին և իր ցասումն արտահայտի այս ամենի կապակցությամբ:
-Գուցե ժամանակն է, որ մենք էլ Իսրայելի օրինակով ազգովին մեր աշխատանքի մի պատկառելի մասը պարբերական փոխանցումների միջոցով հատկացնենք զինված ուժերին ու զինենք, հզորացնենք մեր բանակը:
-Անպայման, և դա էպիզոդիկ չպետք է լինի: Ձեզ մի իրական ու կոնկրետ պատմություն պատմեմ: Պետության համապատասխան ծառայության ներկայացուցիչները գալիս են մի խանութպան հրեայի մոտ և ասում՝ որքան գումար կարող ես տալ Իսրայելի բանակին: Սա ասում Է՝ ես գումար չունեմ: Հաջորդ օրվանից նրա խանութ որևէ մեկը չի մտնում առևտուր անելու: Մի ամիս անց նա քարտով գնում է նույն մարդկանց մոտ և ասում՝ պատրաստ եմ էսքան գումար տալ բանակին: Եվ ի՞նչ է լինում պատասխանը. նրան ասում են՝ դու այն ժամանակ կարող էիր ասել, թե ինչքան կարող ես տալ, հիմա մենք ենք որոշելու քո գումարի չափը:
-Չեմ կարող չհարցնել մեր լուսավոր տղաների, հայ զինվորի մասին: Այսօր ամբողջ հայությունը մեկ հերոս ունի՝ սահմանը պահող զինվորը:
-Ապշելու բան է այս մատղաշ տղաների սխրանքը: Եվ կրկնակի է ցավը, որ այս փառահեղ տղաները սերունդ և ժառանգություն չեն թողնում, Նրանց ժառանգությունն իրենց փառքն ու պատիվն է: Ինչ անհավատալի սերունդ է սա: Փառք ու պատիվ մեր զինվորներին, մեր բանակին, մեր գեներալներին, զինվորականներին, որոնք մի բուռ լինելով հանդերձ՝ ոչնչացնում են գերժամանակակից զենքով զինված ասկյարին: Եվ փառք մեր կամավորականներին, որոնք մասնակցել են երկու պատերազմների և հիմա էլ երրորդին են գնում: Գիտեք այն ազգը, որի պապը, որդին և թոռը նույն պատերազմում միաժամանակ մարտնչում են իրենց ժողովրդի և հողի համար, էդ ազգին հնարավոր չէ կոտորել: Պարզապես պիտի ամեն ինչ անենք, որ այսքան թանկ չվճարենք մեր ազատության համար: Մեր դիվանագիտական ճակատը պետք է շատ ամուր լինի: Եվ հաղթողի դիրքերից, շատ արժանապատիվ ու գլուխներս բարձր պիտի խոսենք բանակցություններում: Հավատացեք, խիզախին ու հպարտին միշտ հարգում են:
Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի