Էդիթ Պիաֆ՝ «Ոչ, ես ոչնչի համար չեմ զղջում»

Ինչպես է երգը վերածվում լեգենդի

Մեծ ֆրանսուհին՝ Էդիթ Պիաֆը ծնվել է 105 տարի առաջ՝ 1915-ի դեկեմբերի 19-ին: Տարին Պիաֆի համար նաև այլ խորհրդանշական տարելիցների շրջան է՝ նոյեմբերի 10-ին լրացավ նրա հռչակավոր «Ոչ, ես ոչնչի համար չեմ զղջում» երգի ստեղծման 6-րդ տասնամյակը, ինչի կապակցությամբ francetvinfo.fr -ն անդրադարձել էր այս երգի պատմությանը՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ին հրապարակելով նյութը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին:

 

Էդիթ Պիաֆի ամենահայտնի երգերից մեկը՝ «Ոչ, ես ոչնչի համար չեմ զղջումն» առաջին անգամ ձայնագրվել է 1960 թվականի նոյեմբերի 10-ին՝ ճիշտ 60 տարի առաջ։ Այս երգը նրա վերջին մեծ հաջողությունն էր:

Ֆրանսիացիներն առաջին անգամ «Ոչ, ես ոչնչի համար չեմ զղջում» երգը Պիաֆի կատարմամբ ունկնդրեցին ոչ թե համերգային դահլիճում, այլ՝ հեռուստացույցով: 1960 թվականի դեկտեմբերի 2-ին՝ կարճահասակ ու փխրուն, իր մշտական սև զգեստը հագած, նա հանդես էր գալիս Cinq colonnes à la une բացառիկ հաղորդաշարում: Հենց որ սկսում է երգել առաջին քառյակը, նա կերպարանափոխվում է՝ ասես բարձրանում է, վեհանում: Հետո նա պարզաբանում է. «Երբ ես երգում եմ, զգում եմ, որ այլևս ինքս ինձ չեմ պատկանում: Ես էլ այնտեղ չեմ։ Սա ինչ-որ տարօրինակ վիճակ է»։

 

Երաժշտական սեր առաջին հայացքից

Պիաֆն այս երգը ձայնագրել էր երեք շաբաթ առաջ՝ 1960 թվականի նոյեմբերի 10-ին: «Երբ Միշել Վոկերը (երգահանը) և Շառլ Դյումոնը (կոմպոզիտորը) առաջին անգամ ինձ բերեցին այս երգը, իմ ներսում հայտնության նման մի բան եղավ, այսինքն ես զգացի, որ պետք է ջնջեմ ամեն ինչ և վերսկսեմ նորից, լիովին վերակենդանանամ»,- խոստովանել է նա: Այդ ժամանակ Շառլ Դյումոնը 31 տարեկան էր և հազիվ թե հավատում էր իր հնարավորություններին. բազմաթիվ երգեր, որոնք նա էր հեղինակել, արդեն մերժել էր Էդիթ Պիաֆը։ «Ես լուրջ ֆինանսական դժվարություններ ունեի։ Այս երգը զայրույթով համակված էի գրել»,- պատմում էր նա 2013-ին։ Հենց խոսքերի հեղինակ Միշել Վոկերը, որը երգչուհի Կորա Վոկերի ամուսինն էր, կպնդի, որ տվյալ երգը ներկայացվի Էդիթ Պիաֆին:

 

Վերածննդի երգը

Հանդիպումը նշանակված է 1960 թվականի հոկտեմբերի 20-ին։ Պիաֆն իրեն լավ չէր զգում, զանգահարում է քարտուղարուհուն, որպեսզի չեղարկի այն, բայց այս երկու տղամարդիկ հաղորդագրությունը չեն ստանում և ժամը 17-ին ժամանում են Բուլվար Լան 67 հասցեում տեղակայված Պիաֆի փարիզյան բնակարան: Քարտուղարուհին արդեն պատրաստվում է նրանց հետ ուղարկել, երբ նրանք լսում են Պիաֆի ձայնը, որը բղավում էր. «Դե, քանի որ նրանք եկել են, հրավիրիր հյուրասենյակ»: Նա նրանց ընդունում է տնային խալաթը հագին, ոտքերին հողաթափեր հագած: Շառլ Դյումոնը նստում է դաշնամուրի մոտ ու նվագում։ Հետո Պիաֆը խնդրում է նրան կրկին նվագել՝ մեկ անգամ, երկու, երեք... Երաժիշտը հիշում է. «Երրորդ անգամից հետո նա ինձ ասաց. «Լսեք, երիտասարդ, ձեր գլուխը մի՛ցավեցրեք, այլևս մի՛ սրտնեղեք: Այս երգը կհետևի ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում, այն համաշխարհային ճանաչում կունենա և, սրա շնորհիվ, ես շուտով կվերադառնամ Օլիմպիա»: Նա բացատրում է նաև, որ Պիաֆը մի շատ յուրահատուկ մեթոդ ուներ. «Երբ ինչ-որ երգ նրան դուր էր գալիս, նա այն լսել էր տալիս իր բոլոր ընկերներին: Ես տեսա, թե ինչպես էին նրանք գալիս մեկը մյուսի հետևից։ Երեկոյան ժամը հինգից ես սկսեցի նվագել և այդպես շարունակեցի մինչև գիշերվա ժամը երկուսը: Տուն եմ վերադառնում քնելու, հեռախոսի զանգ, ու նա ինձ ասում է. «Դուք չե՞ք կարող վերադառնալ և ինձ համար նվագել երգը»: Ես վեր կացա և վերադարձա Լան Բուլվար»:  

 

Հաղթական վերադարձ բեմ

Լուրջ առողջական խնդիրների ու հակումների զոհը դարձած երգչուհին մեկ տարի առաջ լքել էր բեմը հյուծվածության պատճառով։ Նա մեծ շուքով վերադառնում է «Ոչ, ես ոչնչի համար չեմ զղջում» երգով և փրկում այն ժամանակ սնանկացման եզրին հայտնված Օլիմպիան։ 1960թ. դեկտեմբերի 29- ին ամբողջ Փարիզը, որը հիացած էր նրա վերադարձով, շտապում է այնտեղ։ Լրագրող և գրող Ժակ Պեսին պատմում է. «Նա բեմ է դուրս գալիս, առաջ է գնում դեպի միկրոֆոնը և այնտեղ նրան դիմավորում են 16 րոպե տևող հոտնկայս ծափահարություններով։ Մյուզիք հոլի պատմության մեջ երբեք նման բան չէր եղել»։ Էդիթ Պիաֆը երգում է այն նոր երգերը, որոնք Շառլ Դյումոնը գրել է իր համար, որոնց թվում է «Ոչ, ես ոչնչի համար չեմ զղջումը», ու տրիումֆ է արձանագրում: Ժակ Պեսիի համար ակնհայտ է, որ «Պիաֆը զգում էր այն երգերը, տեքստերը և երաժշտությունը, որոնք կարող են հուզել հանդիսատեսին, քանի որ նա ծնվել էր փողոցում, այնտեղ էր մեծացել։ Նա անմիջապես հասկացավ, որ այդ երգի մեջ ինչ-որ մի գաղափար կար, ինչ-որ մի մեղեդի, որը նա կարող էր երգել։ Հենց այդ պատճառով էլ նա այն ամբողջովին իրենով արեց»։ 48 շաբաթ անընդմեջ նա կգլխավորի այն ժամանակվա աստղերի հիթ շքերթը: «Կյանքը վարդագույն լույսի ներքո» երգի հետ, սա Էդիթ Պիաֆի երգացանկի աշխարհում ամենահայտնի երգերից մեկն է:

 

Լեգեոնի հիմնը

Երբեմն խոսում ու գրում են, որ «փոքրիկ Պիաֆը» «Ոչ, ես ոչնչի համար չեմ զղջումը» նվիրել է օտարերկրյա լեգեոնին: Լրագրող Ժակ Պեսին ճշտում է. «Հենց Լեգեոնն է վերցրել այս երգը, որպեսզի այն վերածի օրհներգի, որովհետև այն համապատասխանում է նրան, ինչ մտածում են զինվորները՝ նրանք երբեք մարտերում ոչնչի համար չեն զղջում»:

Արդեն չենք էլ կարող հաշվել, թե քանի արտիստներ են նորից բեմ դուրս եկել այս լեգենդար երգը կատարելու համար՝ Դալիդան, Ջոնի Հոլիդեյը, Միրեյ Մաթյեն, Նիկոլա Պեյրակը, Պատրիցիա Կաասը, Թինա Արենան... և, իհարկե, Շառլ Դյումոնը։ «Փոքրիկ Պիաֆն» այն կերգի մինչև կյանքի վերջը՝ մինչև 1963 թվականը։ Իսկ Ժակ Պեսին եզրափակում է. «Պիաֆը երբեք ոչնչի համար չի զղջացել, և հատկապես՝ 1960-ին բեմ վերադառնալու համար, երբ բոլորը մտածում էին, որ նա չի կարողանա վեր կենալ անկողնուց։ Դրա շնորհիվ հաջորդ  երեք տարիներին, որոնց ընթացքում Էդիթը ելույթ է ունենում բեմից, նա երկարացրեց իր կյանքը՝ նա ապրում էր միայն բեմի համար»:

Երգչուհին կյանքից հեռացել է 1963թ. հոկտեմբերի 10-ին՝ 47 տարեկան հասակում։

P.S. Կոմպոզիտոր Շառլ Դյումոնն այսօր 91 տարեկան է:  Էդիթ Պիաֆի հետ համագործակցությունը շատ խոր հետք է թողել նրա ամբողջ հետագա ստեղծագործության վրա. «Երբ դուք գործ եք ունենում լավագույնների հետ, ձեզ համար դժվար է ընտելանալ հասարակներին»: Նա հիմա էլ բազմաթիվ հարցազրույցներ է տալիս, հիշելով այս պատմությունն ու կարծում է, որ Պիաֆից սովորել է ոչ թե խոսքերով, այլ նրա օրինակով, հավելելով, որ Պիաֆը ոչ թե երգում էր երգերը, այլ ստեղծում էր դրանք: Իր մասին նա ասում է. «Ես ապրում եմ ոչ թե Պիաֆի ստվերում, այլ նրա լույսի ներքո: Սա կարևոր է»: Երգահանն իր երախտագիտությունը հայտնում է հետևյալ խոսքերով. «Ճշմարիտ է, որ Պիաֆն ինձ լուսավորել է լուսարձակի լույսով, և այդ լուսարձակը երբեք չի մարում: Ես արել եմ ամեն ինչ, որպեսզի այն չհանգչի, բայց հենց նա է ինձ այն շնորհել»: Նա համարում է, որ Պիաֆն իրեն երկրորդ ծնունդ է տվել ու նշում է. «Նա իմ սոցիալական և գեղարվեստական մայրն է»:

 

 

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը