Զեյնեփ Գյուզել. «Անձրև լինի թե արև» կամ հասարակ մարդկանց ոգեշնչող ճկունությունը

Երբ դու չես խոսում տեղի ունեցածի մասին, դա չի անհետանում, այլ փոխանցվում է նոր սերունդներին

Զեյնեփ Գյուզելն իր կինոյի և հեռուստատեսության վկայականը ստացել է Բիլգի համալսարանում, մագիստրոսի կոչումը՝ Ստամբուլի Բողազիչի (Բոսֆորի) համալսարանում։ Հիմնադրումից ի վեր ղեկավարել է «Ենի Ֆիլմ» ֆոնդը, որպես ֆիլմի հրահանգիչ, սցենարիստ, ռեժիսոր, արտադրողի օգնական և արտադրող աշխատել է բազմաթիվ նախագծերում։ Նրա առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Անձրև լինի թե արև», 2019-ի ապրիլին ցուցադրվել է Ստամբուլի կինոփառատոնում։

 

-Դուք նկարել եք մի ֆիլմ, որը հաճելի է դիտել։ Ես ակնկալում էի տեսնել ավելի խրատական կամ քաղաքականապես ճիշտ մի աշխատանք, բայց այն ընկալեցի ավելի պոետիկ և վավերական։ Կարծում եմ, այս կիսավավերագրական աշխատանքն իրականացել է ձեր մի ուղևորության արդյունքում, այո՞։

–Այս ֆիլմի պատմությունը սկսվեց 2008-ին, երբ ես առաջին անգամ ճանապարհորդեցի Հայաստան։ Ես մեծ հետաքրքրություն և շահագրգռվածություն ունեի Հայաստանի հանդեպ, որովհետև իմ տատի մայրը հայ է։ Ինձ մեծացրել է տատիկս, ուստի կապ կա անցյալի հետ, որն ընտանիքի կանայք փոխանցել են միմյանց։ Ես դեռ մանկուց  գիտեի, որ տատս Անկարայի հայ ընտանիքից է եղել։ Բայց ինձ համար բավարար չէր պարզապես իմանալը... 20 տարեկանում ընկերներիս հետ սկսեցի Թուրքիայի պատմության վերաբերյալ գրքեր կարդալ։ Գիտելիքներիս հետ հետաքրքրությունս ավելի էր մեծանում։ Իհարկե, Հրանտ Դինքը նույնպես սրանում բաժին ունի՝ նրա գիրքը, «Ակոսում» հրապարակված նրա հոդվածները...

2008 թվականն էր։ «Անադոլու քյուլթուր» (Անատոլիական մշակույթ) կազմակերպության «Հայաստան-Թուրքիա» կինոհարթակն առաջին անգամ համախմբման հրավեր արեց երկու երկրների կինոյի ոլորտի աշխատողներին՝ միացյալ արտադրության պայմաններ ստեղծել։ Այն բաց էր բոլորի համար՝ օպերատորից մինչև ռեժիսոր և սցենարիստ... Ես այդ հարթակի առաջին մասնակիցներից էի։ Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում հայ կինոգործիչները եկան Ստամբուլ, հետո մենք գնացինք Երևան` «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին։ Առաջին անգամն էր, որ տեսա Հայաստանը, և շատ տպավորված էի։ Մարդկանց ժեստերը, դեմքի արտահայտությունը, հագուստը, կեցվածքը շատ նման են այն տեղին, որտեղից ես էի եկել, ու չնայած խոսում էին ուրիշ լեզվով, բայց մենք իրար մոտ ենք։ Սա շատ մեծ ազդեցություն թողեց ինձ վրա։ Կարող եմ ասել նաև, որ երկիրը տեսողական առումով մեծ հետաքրքրություն առաջացրեց մեջս: Զգում ես, որ նախկին Խորհրդային Միության տարածքում ես, միանգամայն տարբեր է քաղաքային կարգը ու նրա թողած հետքերը, ավտոմեքենաները... Առաջին հերթին աչքս ընկան խողովակները, գետնի վրա կառուցված խողովակային համակարգը...

-Ամբողջ երկի՞րն է այդպիսին։ Երկիր՝ հյուսված գազի խողովակներով...

-Այո, դա տեսնում ենք թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում, տեսնում ենք մայրուղիներին՝ միշտ դրսում տեղադրված։ Խողովակները ողջունում և ուղեկցում են քեզ ամենուր։ Ես հասկացա, որ դրա պատճառը էներգիայի մատակարարման ժամանակավոր ընդհատումն էր։ Ղարաբաղյան պատերազմը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները փակ են... Այս ամենը նպաստեց տնտեսական խնդիրների առաջացմանը, որին 1988-ին գումարվեց Գյումրիի (Սպիտակի) երկրաշարժը: Այն ազդեց ամբողջ երկրի վրա, քանի որ ատոմակայանը փակվել էր, և երկրի տարածքը փոքր էր։ Փաստացի, ատոմակայանը ապահովում էր էլեկտրաէներգիայի մատակարարման մեծ մասը, բայց ստիպված էին ապահովության նկատառումներով կասեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ըստ էության, երկիրը չորս տարի թաղված էր մթության մեջ։ 1991-ին երկիրն իր անկախությունն էր հռչակել Խորհրդային Միության համակարգից, դա նոր երկիր էր, որը ստեղծվում էր այսպիսի մեծ խնդիրներով։ Այս հարցերը ծագեցին մարդկանց հետ մեր զրույցից, երբ խոսում էինք ամենուր երևացող խողովակների մասին։ Ես սկսեցի մեկ առ մեկ ճամփորդել հին արդյունաբերական քաղաքներով։ Խորհրդային Հայաստանում, ինչպես Խորհրդային Միության շատ մասերում, եղել է գործարան-քաղաք ձևաչափը, և այս կերպ շատ տարածված էր «ծրագրված քաղաք» հասկացությունը։

-Գործարանը հիմնվում էր ըստ հատուկ պահանջի, և բնակավայրը ձևավորվում էր դրա շու՞րջը։

-Այո, 50-ականներին այսպիսի ծրագրերը ստեղծվում էին ըստ հատուկ պահանջի։ Եթե մի քաղաք արտադրում է որոշակի ապրանք, այս արտադրանքի հարակից ապրանքն արտադրվում է այժմյան Հայաստանից դուրս այլ ծրագրային քաղաքում։ Հրազդանը և Վանաձորը, որտեղ նկարել եմ իմ ֆիլմը, այս օրինակով կառուցված քաղաքներ են։ Երբ Խորհրդային Միությունը քանդվեց, նրանք չէին կարող աշխատել նույն արտադրական մոդելով։ Մարդիկ մնացին օդից կախված, երբ այս գործարանները կրճատվեցին կամ ամբողջությամբ փակվեցին։ Տարածված է ապրուստ վաստակելու համար որպես աշխատավոր արտասահման մեկնելը։ Մինչև ես ճանապարհորդում էի քաղաքներով, սկսեցի հետաքրքրվել այդ կյանքի պատմություններով, և քննարկել այդ խնդիրները։ Հարցազրույցներ վարեցի տարբեր ոլորտներից, տարբեր քաղաքներից 10-15 մարդկանց հետ, լսեցի այս գործարանների աշխատողների պատմությունները։ Այնուհետև, հաշվի առնելով արտաքին տեսքը՝ ընտրեցի Հրազդանն ու Վանաձորը։ Ես որոշեցի ճանապարհին հանդիպած մարդկանց՝ Աշոտի և Կարինեի միջոցով այս քաղաքները դարձնել ֆիլմի առանցքը։ Ի վերջո, Թուրքիայից Հայաստան գնալը նույնպես որոշակի խորհուրդ ուներ։ Չնայած դրան, նրանք ինձ հետ խոսեցին առանց որևէ քաղաքական կողմնակալության, պատմեցին ինձ՝ ինչ է կատարվում։ Ես ինձ զգացի տանը։

-Ընտանիքի արմատները փնտրելը շատ տարածված է դարձել։ Հատկապես վերջին 10-15 տարում բոլորը սկսել են փնտրել իրենց ընտանիքի արմատները ։ Դա հավանաբար կապված է գլոբալիզացիայի հետ, մեծացել է ճանապարհորդելու հնարավորությունը և տեղեկատվության հասանելիությունը, կամ կապված է հայտնի ԴՆԹ թեստերի հետ։ Մենք հիբրիդ երկիր ենք, ուստիև այս փնտրտուքը տարածված միտում է Թուրքիայում։ Բայց Հայաստանը և հայկական խնդիրը քննարկման թեժ, լարված թեմա է տեղական, տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ։

-Այո, այդպես է։ Կարծում եմ իրավիճակն այսպիսին է. այն, ինչը մենք անվանում ենք «հիշողություն», մի բան է, որ փոխանցվում է այն մարդկանց գեների, հույզերի և կենսափորձի միջոցով, որոնք ստեղծել են մեզ։ Կա նոր սերունդների բերած պատմությունը։ Մենք մի երկրում ենք, որը ոչ վաղ անցյալում մեծ ողբերգությունների փորձառություն է ունեցել, որտեղից մարդիկ տարբեր երկրներ են արտագաղթել պատերազմի պատճառով։ Մենք մի ժողովուրդ ենք, որը մեծ տարհանում է տեսել։ Մենք խոսում ենք մի ժողովրդի մասին, որը թողել է իր կենցաղը և ստիպված է եղել գաղթել կամ գալ այս երկիր որպես գաղթական։ Այժմ ո՞ւր է մնացել նրանց ամբողջ հիշողությունը։ Երբ դու չես խոսում տեղի ունեցածի մասին, դա չի անհետանում, այլ փոխանցվում է նոր սերունդներին, նույնիսկ եթե նախընտրում ես չխոսել դրա մասին։

-Դրանք փոխանցվել են վարքով... Չօգտագործել որոշակի սնունդ, հացն ուտել մինչև վերջին փշուրը և այլն... Թոռները կրում են որոշակի կոդեր, բայց նրանք չգիտեն դրանց քաղաքական և պատմական համատեքստը։

-Ես փորձեցի ֆիլմս նկարահանել այս հիմքի վրա։ Ինձ հետաքրքրում են տրավմայի նշանները կամ արմատները, որոնք այժմ տեղ են գտել մեր առօրյայում։ Մեր անցյալն այստեղ մեզ հետ է։ Ես փորձեցի ֆիլմիս մեջ դա փոխանցել ձայների օգտագործմամբ։ Ձայներ հեռվից՝ զանգի ձայներ, արձագանքներ... Ես սրանք տեսնում եմ որպես ժամանակի հետքեր, որ ճանապարհորդում ու հասնում են մեզ։ Հացը մինչև վերջին փշուրն ուտելը կամ այս ձայները նույն բանն են։ Կա մի բան, որը մենք տեսնում ենք մեր աչքի առաջ, բայց այն պարզ չէ։

-Քանի որ ակնոցը մշուշոտ է... Դուք ֆիլմը նկարում եք անձրևից աղոտացած կամ մշուշոտ ակնոցի միջով...

-Ճիշտ այդպես։ Ես փորձեցի այս ֆիլմում փորձառություն փոխանցել, ուստի փորձեցի ամեն ինչից օգտվել։ Այն, ինչ մենք կոչում ենք փորձառություն, միայն բառերով չէ փորձված։ Դա ինչ-որ ավելի ուժեղ բան է։ Ձայներ, պատկերներ՝ բոլորը միահյուսված են։ «Կարո՞ղ եմ ես այդպիսի ֆիլմ նկարել»,– ասացի ինքս ինձ։ Կինոնկարս իմ առաջին փորձն էր այս ուղղությամբ։ Դրանից հետո ես կփորձեմ նման բաներն այլ կերպ անել։ Ինձ համար առաջնահերթ էր փորձառությունն ամենաազնիվ և խորը կերպով առաջ քաշելը։ Ես մարդկանց դժվար մի բան եմ առաջարկում։ Մի կողմ դնել ձեզ ուղեկցող խրատական պատմությունը և ինձ հետ գալ մի ուղևորության, ուր էլ որ կտանեն այս ենթատեքստերը։ Իհարկե, ես պարզապես չեմ ուզում անորոշություն ստեղծել, իհարկե՝ կա զգացողություն և միտք, որին ես ուզում եմ հասնել գործի ավարտին և հասնում եմ դրան։ Կարծում եմ՝ ես դա կարող եմ տալ իմ ֆիլմում։ Ես ուզում եմ, որ հանդիսատեսը կիոնկարը դիտելու ընթացքում ազատ զգա։ Այդժամ մենք կարող ենք բնութագրել որոշ փորձառություններ՝ առանց միայն նվազեցնելու ցավը, չլինելով միագիծ և հաշվի առնելով բոլոր հնարավոր զգացումներն ու իրավիճակները՝ տարօրինակից մինչև ողբերգականը։ Այս կերպ մենք կարող ենք նկարագրել ցավալի իրավիճակն ամբողջական տրամադրությամբ։

Հղում՝  observatoireturquie.fr

Անգլերենից թարգմանեց

Գևորգ Ասատրյանը